Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան

EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտության սրացման մասին փաստող վերջին դեպքերը, որոնք, ցավոք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հավատում ենք խաղաղության եւ փոխըմբռնման արժեքներին: Այդ առիթով, մենք մեր ցավակցությունն ու զորակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ ընկերներին:

Զահրա Գուլիեւան եւ նրա տատիկը՝ Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գրանցված վերջին լարվածության հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապես քննադատվում է Ժնեւի Կոնվենցիայով, եւ ինքնին համարվում է պատերազմական հանցանք)՝ վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:

Այս երկու անունները ավելանում են հայ եւ ադրբեջանցի բոլոր այն զոհված քաղաքացիական եւ զինվորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրության անտարբերության եւ ձախողման հետեւանքով, քանի որ չեն կանխվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:

Անցյալ տարվա «քառօրյա պատերազմին» հաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց համաձայնություն տալ ԵԱՀԿ ՄԽ մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման առաջարկին, ինչի հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչությունը եւ մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիվությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, այլեւ ակտիվացրեց սադրիչ գործողությունները:

Սա Բաքվի պատասխանն է երկրի ներսում մարդու իրավունքների խախտումների եւ մամուլի ազատության սահմանափակման վերաբերյալ արտաքին քննադատություններին եւ ճնշումներին, ինչպես նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպություններին զենք վաճառելու վերաբերյալ տեղեկությունների տարածմանը:

Մենք կոչ ենք անում անմիջապես սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, եւ վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա՝ տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա միակ ուղին է՝ դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական եւ զինվորական անձանց հետագա հնարավոր մահվան դեպքերը:

Մենք նաեւ կոչ ենք անում Եվրոպական Միությանը ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ առկախելով քաղաքական համագործակցությունը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ ոտնահարել մարդու իրավունքները:  

Եվրոպայի խորհրդարանի անդամներ՝

Ֆրանկ Էնգել – ԵԺԿ, Ջոսու Խուարիստի - Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցություն, Պետեր Նիեդերմյուլլեր - Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Յարոմիր Շտետինա – ԵԺԿ, Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրաս – Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք, Դիոգո Պինտո - EuFoA-ի տնօրեն»,- նշված է EuFoA-ի տարածած հայտարարությունում:

Սեփ. լրատվություն

Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ.- ասել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը. «Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ եւ ինչպես բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»: Սրա կարծիքով, նախ պիտի կարգավորվի երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը նա իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում. «Կարեւոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը եւ միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլեւս չի խոչընդոտի մեր հարաբերությունները»…

Ինչպես ասում են՝ հին երգն են երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել…

Ավելի զգուշորեն է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը Թուրքիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին. «Հարաբերությունները սառույցի հաստ շերտի տակ են, քանի որ Թուրքիան, որը բարդ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների եւ իրանցիների դաշնակից»:

«Վաշինգտոնը կարող է դրական դեր խաղալ, բայց Սպիտակ տունն այժմ զբաղված է ավելի հրատապ հարցերով. Երբ դեսպան էի Թուրքիայում, ԱՄՆ-ն ներգրավված էր այս հարցում՝ փորձելով ԼՂ-ում կարգավորման հասնել եւ միաժամանակ բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»: Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Անկարան Վաշինգտոնին կասկածանքով է վերաբերում:

Արման Դավթյան

Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում

Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության Ռեգիոնալ լիգայի նորեկներից մեկը, պարզվում է, կրում է «Ղարաբաղ» անվանումը:

Դա Վիեննան ներկայացնող ակումբն է: Ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչպե՞ս է եվրոպական երկրում նման անվանումով թիմ հայտնվել:

Շատ պարզ՝ 2014թ. ադրբեջանցի գործարարները ձեռք են բերել ավստրիական ՍՎ «Օտակրինգ» ֆուտբոլային ակումբը եւ անմիջապես վերանվանել «Ղարաբաղ»: Նրանք մեծ գումարներ են ներդրել թիմի վրա եւ 3 մրցաշրջանի ընթացքում Վիեննայի առաջնությունից հասցրել են Ավստրիայի Ռեգիոնալ լիգա, որն իր նշանակությամբ 3-րդ խումբն է: Եվ նրանց նպատակը Բունդեսլիգա մտնելն է:

Վիեննայի «Ղարաբաղ»-ում հիմնականում հանդես են գալիս ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ: Վերջին խաղացողը, ում ձեռք է բերել ակումբը, Ադրբեջանի քաղաքացի է: Նշենք նաեւ, որ ավստրիական ակումբը սերտորեն համագործակցում է թուրքական «Տրաբզոնսպորտ» ակումբի հետ: Վերջինիս տարբերանշանը անգամ պատկերված է վիեննական ակումբի պաշտոնական կայքէջում:

Այն, որ սույն նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած չի հարուցում: Որոշ երկրներում ֆուտբոլը վերածվել է քաղաքական ուժերի գործիքի: Մասնավորապես՝ մեր հարեւան երկրում տարիներ շարունակ օգնում են Աղդամի «Ղարաբաղ» ակումբին, որպեսզի այն միշտ մրցանակային տեղեր զբաղեցնի եւ եվրոպական մրցաշարերում ներկայանա Ադրբեջան անվան տակ: Հենց սա է հեռուն տանող, այսպես ասած, թուրքական դիվանագիտությունը, ինչը սակայն դեռ պտուղներ չի տալիս այս առումով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։