Սիրիայի խնդիրը՝ հայի եւ թուրքի հայացքներով – Մերձավորարեւելյան ցանկացած ընդհարում, լինի դա քաղաքական կամ տնտեսական, թե ռազմական ոլորտներում, առնչվում է նաեւ հարակից տարածաշրջաններին… Հայաստանը խորապես մտահոգված է բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով… Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում…

Մերձավորարեւելյան ցանկացած ընդհարում, լինի դա քաղաքական կամ տնտեսական, թե ռազմական ոլորտներում, առնչվում է նաեւ հարակից տարածաշրջաններին: « Լուսանցք»-ը հստակեցրել է, որ բնականորեն Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կա եւս մեկ տարածաշրջան, որը Հայկական Լեռնաշխարհն է, ինչքան էլ այսօր «հայ», «հայկական» «Հայաստան» եւ այլ հայարմատ երեւույթներն ու հասկացողությունները, պատմական եւ աշխարհագրական տեղանունները դուրս են շպրտվել քաղաքական ու դիվանագիտական միջազգային օրակարգերից: Սակայն, ժամանակները փոխվում են, եւ ամեն բան դառնում է ի շրջանս յուր:

Եթե Թուրքիան մերժում է Հայկական Լեռնաշխարհի գործածումը, ապա քրդերը փորձում են այն անտեսել՝ հույս ունենալով, թե Քուրդիստան կստեղծեն նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Դե միջազգային ասպարեզում էլ, ըստ թուրքական կամ քրդական շահերի, «փակվել» է Հայկական Լեռնաշխարհի անունը: Բայց, կրկնենք, ամեն բան փոխվում է, եւ շուտով, երբ կգա աշխարհի վերաբաժանման նոր փուլը, հայերն ու Հայաստանը դեռ կհավաքվեն ու կամբողջանան Հայկական Լեռնաշխարհում…  

Սիրիայի նկատմամբ խառնակչությունները դեռ չեն դադարում, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորումն էլ դեռ ամբողջովին չի ջախջախվել եւ Հայաստանն ինչպես եղել, այդպես էլ մնում է Սիրիայի ու այդ երկրի ժողովրդի կողքին: Սիրիան այն արաբական երկրներից է, որը Հայաստանի ու հայության հանդեպ գրեթե միշտ բարեկամական ու աջակից դիրք է գրավել Մերձավոր Արեւելքում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ մենք այսօր էլ շահագրգռված ենք, որ Սիրիայում խաղաղություն ու կայունություն հաստատվի: Նա Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ զրույց է ունեցել այս մասին, երբ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում: Հանդիպմանը քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին: Մտքեր են փոխանակել Սիրիայում եւ ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

«Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետեւել իրադարձություններին եւ հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ամբողջ ժողովրդին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է եւ երկար տարիներ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել ու շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում, որպեսզի իր վերջո կարողանա իրականացնել իր նորօսմանական ծրագրերը, ինչը ենթադրում է Սիրիայից եւ Իրաքից զավթել նավթաշատ ու գազաշատ այն տարածքները, որոնք մոտ են ներկայիս Թուրքիայի սահմաններին:

Ռուսաստանյան «Ռազմավարական մշակույթի հիմնադրամը» զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում եւ հնարավոր ռազմական գործողությունը կապված է լինելու սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցի՝ նշյալ գործողությանը մասնակցելու են նաեւ Ռուսաստանն ու Իրանը, որոնք աջակցելու են Թուրքիային: Սպասվում է, որ թուրքական զորքը Իդլիբ կմտնի հյուսիսից, իսկ ռուսական ու իրանական զորքերը՝ հարավային հատվածից:

Նախատեսվում է, որ գործողությունը կսկսվի սեպտեմբերի 13-15 ժամանակահատվածում: Ռազմագործողությանը կմասնակցի Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը եւս: Գործողությունը կիրականացվի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկի՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի դեմ, որը մի քանի շաբաթ առաջ գրոհել էր Իդլիբը եւ քաղաքի մեծ մասի վրա վերահսկողություն սահմանել:

Իդլիբը գտնվում է թուրք-սիրիական սահմանի վրա:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի օդուժը օպերացիայի ժամանակ ռմբակոծելու է Իդլիբը: Այնուհետեւ, երբ թուրքական ուժերը ներխուժեն քաղաք, վերջինս կհայտարարվի որպես անվտանգության գոտի:

Իհարկե այս ամենը կարող էր անխախտ իրականանալ, սակայն ԱՄՆ-ն ու եվրոպական համագործակցությունը չեն կարող հենց այնպես հետեւել: Անգամ Սիրիան եթե համաձայնի ռուսական ու իրանական գործողություններին, ապա թուրքականին հաստատ դեմ կլինի: Չեն համաձայնի նաեւ մի շարք արաբական երկրներ եւ Իսրայելը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 31 (464), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։