Հայաստանը՝ համադրող քաղաքականության կրող – Պաշտոնական Երեւանը միշտ նշել է, որ Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ… Հայաստանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, ավելին՝ մեր պետությունը կամուրջ է դարձել նաեւ ԵԱՏՄ-ի ընդարձակման համար…

http://www.hayary.org/wph/?p=6509Չկա նման հարց՝ ՀԱՊԿ, թե՞ ՆԱՏՕ.- Սադրանք Հայաստանի նկատմամբ. ո՞վ փորձեց համատեղել անհամատեղելին… Արդյո՞ք ժամանակը չէ ցույց տալ աշխարհին, որ մենք պահանջում ենք զատել մեզ մեր թշնամիների հետ բարեկամություն կամ գործընկերություն խաղալուց… Ավելի պարզ՝ երբ Ադրբեջանին եւս հրավիրում են, Հայաստանը հրաժարվում է մասնակցել: Սա է մեր տեսակետը… Իսկ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը՝ ստորագրման շեմին…

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը նշել է. «Նույնիսկ փոփոխված, համեմատաբար սահամանփակ դրույթներ պարունակող համաձայնագրի ստորագրումը կարելի է միայն դրական քայլ համարել։ Դա կապահովի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ինստիտուցիոնալ շարունակությունը, որն ամեն դեպքում ի նպաստ կլինի մեր երկրին, հիմք կհանդիսանա Հայաստանում ԵՄ-ի ներկայության եւ ակտիվ գործունեության շարունակության համար»։ Նա եւս Ենթադրում է, որ այս համաձայնագրում  ներառված դրույթները համաձայնեցված են Ռուսաստանի հետ, եւ եթե Մոսկվան վերջին պահին հերթական անգամ խոչընդոտի դրա ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի վարքագիծը, չի կարելի բացառել, ապա դա պայմանավորված կլինի նախեւառաջ որեւէ երրորդ կողմի հետ Ռուսաստանի հարաբերություններով։

Սակայն, արդեն տարիներ շարունակ, Հայաստանը կարողանում է համադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը՝ կապված Հայաստանի հետ, ինչը ցայսօր միայն դրական ազդեցություն է թողել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Եվ դժվար թե Հայաստանը մեկ անգամ եւս նահանջի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելուց: Առավել եւս, որ այս անգամ այն հաստատ չի ընկալվի եվրոպական համագործակցության կողմից, ինչը գուցե ցանկալի է Մոսկվայի համար, սակայն ոչ երբեք՝ Երեւանի:  

Պաշտոնական Երեւանը միշտ նշել է, որ Հայաստանը ձգտում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Հայաստանը չի պատրաստվում ԵԱՏՄ-ն փոխել ԵՄ-ով, ավելին՝ մեր պետությունը կամուրջ է դարձել նաեւ ԵԱՏՄ-ի ընդարձակման համար: ԵԱՏՄ-ի հետ առնչվելու կապ են դիտարկում Հայաստանին Իրանը եւ Չինաստանը, չի բացառվում, որ Սիրիան եւ արաբական այլ երկրներ եւս օգտվեն «հայկական կամուրջից»: Այնպես որ, մեզ համար ԵԱՏՄ եւ ԵՄ ընտրության հարց չկա, իսկ մրցակցությունը միայն երկու կողմերի զարգացմանը կնպաստի, ինչը միայն ողջունելի կլինի:

Հայաստանի վարչապետը եւս կարեւորել է այն իրողությունը, որ Հայաստանը 2015թ. անդամակցեց ԵԱՏՄ-ին: «Անդամակցելով ԵԱՏՄ-ին, մենք՝ 3 միլիոնանոց ազգաբնակչությամբ, դաձանք մոտ 183 միլիոն բնակչությամբ շուկա ունեցող «ակումբի» անդամ, որը մենք ընկալում ենք եւ որին ընկալելի ենք մենք: ԵԱՏՄ-ի տրամաբանությունը մեր համար պրագմատիկ է, մենք դառնում ենք հնգյակ, որոնք միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները հաջողակ լինել նրանում եւ ես չեմ տեսնում այդպիսին չլինելու ոչ մի պատճառ»: Ըստ Կարեն Կարապետյանի՝ ԵԱՏՄ-ի ունեցած ներուժը առավել շատ է, քան մենք պատկերացնում ենք: Անդամակցությունը միությանը Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում եւ մեր արտադրանքի մեծ մասը արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, որի կապակցությամբ արժե նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է:

Վարչապետը նույնպես նշել է, որ ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ԵՄ-ում մեր երկիրը պիտի դիտարկեն որպես կամուրջ երկու միությունների միջեւ, ինչը Հայաստանը սիրով կստանձնի եւ պատասխանատվությամբ կկատարի այդ պարտականությունները:

Ռուսաստանը եւս մտահոգություն պիտի չունենա, քանի որ 2016թ. դրությամբ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 6%-ով: Ռուս-հայկական համագործակցությունն ընդգրկում է առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտները, ինչպես նաեւ համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը: Հայաստանը նաեւ ունի առաջարկ տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչական եւ այլ ոլորտներում:

Հայ-ռուսական հարաբերությունների ապագան եւս տեսանելի է, քանի որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարեւորագույն գործընկերն ու ամենախոշոր ներդրող երկիրը: «Այս տարի լրացավ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Չնայած մեր հարաբերությունների մակարդակը բավականաչափ բարձր է, այնուամենայնիվ համատեղ հնարավորությունները շատ ավելի մեծ են, եւ նախատեսվում են մի շարք ուղղություններ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել եւ ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Առհասարակ Հայաստանը բաց է ներդրումների համար: Իշխանությունները վստահեցրել են բոլոր կողմերին, որ ներդրողներին առաջարկվելու շատ բան ունեն, եւ կստեղծվեն բոլոր պայմանները, որ նրանք կարողանան զբաղվել արդյունավետ բիզնեսով, գումար վաստակեն, ստեղծեն նոր աշխատատեղեր եւ մուծեն հարկերը:

Մեր կառավարությունը համագործակցության կոչ է անում՝ նշելով, որ ձգտում են վերականգնել իշխանությունների նկատմամբ վստահությունը, գտնել տնտեսական ու սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացում սկսած այսօրվանից եւ տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: «Շատ բան պետք է փոխել, քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարեւոր է»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ կրկին հավաստելով, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն ընտրության աղբյուրներ չեն, այլ ընդհակառակը՝ փոխլրացնող համագործակցության:

Շատ վառ օրինակ է, թե ինչպես է Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, առանց վնասելու այս կամ այն կողմի շահերը: ԱՊՀ անդամ Հայաստանը նաեւ ԵԽ կազմում է իրեն դրսեւորում որպես համադրող քաղաքականության կրող երկիր: Այս ամենը հավաստում է, որ մեր երկիրն իսկապես հետեւողական քաղաքականություն է վարում ոչ թե հակադրություններ առաջացնելու, այլ համադրություններով առաջ գնալու համար:

Իսկ սա չի կարող ձեռնտու չլինել ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին, որոնք առանց այդ էլ բավականաչափ հակադրություններ ունեն արդեն:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր քայլերն արեց, որպեսզի մեր երկիրն ի վերջո պայմանագիր ստորագրի ԵՄ-ի հետ: Եվ հենց նա էլ վերջերս հայտարարեց, թե ԵԱՏՄ-ին չանդամակցելու պարագայում բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին, քան դրականները, իսկ ոմանք փորձում են հակառակը ներկայացնել: Այսպես կրկին ամենաբարձր մակարդակով հնչեց, որ Հայաստանը կառուցողական քաղաքականության կողմնակից է եւ այդպիսին էլ փորձում է լինել միջազգային ասպարեզում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։