Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բագրատունիների հրեական ծագման առասպելը (1-ին մաս) – Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր…

Հայտնի է, որ Մովսես Խորենացուն են վերագրում հետեւյալ տողերը. «Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի եւ ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արեւմտյան մասի կուսակալ եւ տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի»:

Մինչեւ 18-րդ դարի սկիզբը Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ ոչ մի քննադատական դիտողություն չի եղել, բայց հանկարծ այդ ժամանակից ի վեր «Հայոց պատմության» շուրջ ծավալվեցին բուռն վիճաբանություններ եւ քննադատություններ, ինչը մեր օրերում եւս շարունակվում է:

Հայ եւ օտար հեղինակները Պատմահոր մահից հետո վերահրատարակված «Հայոց պատմության» օրինակների մեջ, որոնք մի քանի տասնյակի էին հասնում, հայտնաբերեցին անճշտություններ, հակասություններ, անաքրոնիզմ եւ այլն…

Սկսեցին հնչել անարդար մեղադրանքներ Խորենացու հասցեին, նրան նույնիսկ կեղծարար եւ գրագող անվանեցին՝ կասկածելով նաեւ նրա՝ 5-րդ դարի պատմիչ լինելու փաստը, չնայած այն բանի, որ դարեր շարունակ Խորենացին հայոց մեջ ճանաչված է եղել որպես բացառիկ հեղինակություն եւ ճշմարիտ պատմագիր:

Ցավալի է, բայց ամենազայրագին քննադատների թվում էին նաեւ որոշ հայ հեղինակներ, որոնց անունները նույնիսկ չարժե հիշատակել:

Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ նախորդ դարերի պատմիչները չեն նկատել «Հայոց պատմության» մեջ անճշտություններ եւ աղավաղումներ ու միայն հետագա դարերի «խելացիները» այդ ամենը բացահայտեցին, «չհավատացին», որ հանճարեղ Խորենացին չէր կարող կեղծ տեղեկությունների հեղինակը լինել:  

Զարմանք է առաջացնում այն փաստը, որ բոլոր քննադատները ոչ թե Խորենացու ձեռքով գրված բնագրում գտած սխալներն են համեմատում այլ աղբյուրների հետ, այլ՝ նրա մահից 13 դար անց հիշատակված եւ բազմաթիվ հավելումներով լի «Հայոց պատմության» հետ:

Մինչդեռ բնագրի մասին ոչ մեկը չի խոսում: Կան ենթադրություններ, որ այն պահվել է Սահակ Բագրատունու գրադարանում, իսկ նրա մահից հետո անհետացել է:

«Հայոց պատմության» բնագրի բացակայության դեպքում բոլոր քննադատների մեղադրանքները Խորենացու հասցեին կարելի է համարել անհեթեթություն եւ հերյուրանք:

Երկու դար է անցել այն ժամանակից, երբ սկսեցին քրքրել Խորենացու «Հայոց պատմությունը», ու այժմ էլ այն հանգիստ չի տալիս շատերին:

Օրինակ, Դաղստանի պատմության, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը մի գիրք է հրատարակել՝ «Կեղծ Բարդածան Եդեսացու տեղեկությունները Կովկասի մասին, Մախաչկալա, 2011», որում քննարկվում են Խորենացու «Հայոց պատմությունը», Բագրատունիների ծագումնաբանությունը եւ այլ հարցեր:

Այս գրքի վերլուծությունը թողնենք մեր պատմաբաններին, իսկ մենք երկու մեջբերում կանենք այնտեղից:

Ի. Սեմյոնովը գրում է. «Բագրատունիների տոհմին Մովսես Խորենացին վերագրում է շատ հին ժամանակներին, հատկապես հրեաների բաբելոնյան գերության շրջանին» (մ.թ.ա. 6-րդ դար): Մի այլ ծանուցումում նա, վկայակոչելով Մար Աբաս Կատինային, ցույց է տալիս, որ Շամբատը եղել է Հայաստանի առաջին Արշակունյաց Վաղարշակ թագավորի ժամանակակիցը, ինչը անաքրոնիզմ է (ժամանակավրիպում)»:

Նախ նշենք, որ Խորենացին վկայակոչում է տարբեր հեղինակների աշխատություններից վերցրած տեղեկությունները Բագրատունիների մասին, այլ ոչ թե ինքն է հեղինակը այդ ժամանակագրական վրիպումների: Մյուս կողմից՝ հենց անաքրոնիզմն է վկայում այն մասին, որ Խորենացու «Հայոց պատմության» մեջ դիտավորությամբ կեղծ տեղեկություններ են մտցվել:

Ի. Սեմյոնովը լավ ծանոթ է Գ. Ղափանցյանի, ինչպես ինքն է արտահայտվում, «հիանալի փաստարկին», որ Բագրատունի ազգանունը կարող էր ծագած լինել Մանա երկրի թագավոր Բագադատիի անունից: Ծանոթ է նաեւ Ռաֆայել Մաթեւոսյանի վարկածի հետ, այն է՝ Բագրատունի ազգանունը առաջացել է ուրարտական դիցուհի Բագբարտուի անունից (Խալդի աստծո կնոջ անունից), բայց անտեսելով նրանց փաստարկները, ջանում է ամեն գնով Բագրատունիներին վերագրել հրեական ծագում, եւ գալիս է հետեւյալ եզրակացության. «Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ Մար Աբասի եւ Մովսեսի ժամանակ (4-5-րդ դարեր) Բագրատունիների տոհմի ներկայացուցիչների մեջ դեռ ապրում էր հիշողությունը հրեական ծագման մասին եւ, ըստ երեւույթին, դրա մասին երկու հեղինակներն էլ գիտեին, ու եթե առաջինը արհեստականորեն փորձում էր Բագարատին կապել բիբլիական Պակարատի հետ, ապա երկրորդը Բագարատ անունը ծագեցնում է իր հորինած «Բագադիայից», իսկ Բագրատունիների ավանդական Սմբաթ անունը ներկայացրել է որպես հրեական «Շամբատ»: Սակայն այդպիսի հրեական անուն  նույնպես չկա, այսինքն՝ տվյալ դեպքում սա կարելի է համարել երեւակայության արդյունք: Անշուշտ, վերափոխելով Սմբատը Շամբատի, Մովսեսը ենթադրում էր, որ իր հորինած տարբերակը համահունչ է հրեական շաբբատի (շաբաթ) հետ, եւ որպեսզի Սմբատ-Շամբատ կապը ավելի ակնհայտ լինի, նա ձեւափոխել է Սմբատ Բագարատին Շամբա-ի, չէ՞ որ «շամբա»-ն նույնն է, ինչ-որ շաբբատը, բայց պարսկերեն: Եվ այս բոլոր անհիմն ենթադրությունները միայն այն բանի համար, որպեսզի Բագրատունիների հրեական ծագման վերսիան ավելի ակնառու երեւա»:

Այս վստահ խոսող դիլետանտը եզրակացության է հանգում ոչ թե գիտական փաստերի հիման վրա, այլ՝ հենվելով միայն Խորենացու եւ Մար Աբասի մտքերի յուրահնար գուշակումներին: Ինչպես երեւում է՝ նա չի տիրապետում հայերենին եւ անլուրջ ենթադրություններ է անում՝ նմանեցնելով եբրայերեն շաբբատ եւ պարսկերեն շամբա բառերը Շամբատ անվան հետ:

Հայերենը անտեսված է, չնայած, որ քննարկման թեման «Հայոց պատմությունն» է:

Եթե Շամբատ հրեական անուն գոյություն չունի, ապա ինչու Խորենացին պետք է այն հորիներ եւ հետո էլ այն վերափոխեր Շամբայի: Ուրեմն՝ «շամբատն» ու «շամբան» հայերեն բառեր են, որոնց իմաստը տգետ կեղծարարները չեն իմացել: Եվ հետո, այս նշված բառերը ավելի համահունչ են հայերեն «շամբուտ» եւ «շամբ» բառերի հետ, քան եբրայերեն «շաբբատի» հետ:

Մինչ Բագրատունիների հայկական ծագման մեր տեսակետը ներկայացնելը, համառոտ ծանոթանանք մի քանի հայ հեղինակների աշխատություններին՝ նվիրված Բագրատունիներին:

Խորենացիագիտության 21-րդ դարի սենսացիա կարելի է համարել Զոյա Գալուստ Սոլականի «հայտնագործությունը», որի համաձայն, Օրիոն համաստեղությունը սխալմամբ է անվանվել Հայկ եւ որ այն պետք է կոչվեր Սմբատ-Շամբատ Բագրատունու անունով, իսկ Հայկ Հաբեթոսթէին է համապատասխանում Հրվ. Եռանկյունին (Triangulum Australe):

Ահա թե ինչ անհեթեթություններ է գրում Սոլականը իր «Դիեզերագիտությունը եւ դիեզերաբանությունը Հայկական ժայռապատկերներում, 2010» գրքում (մեջբերումները բառացի են, ոչ մի ուղղում չի արվում,-խմբ.). «Ըստ Խորենացու «Պատմության հայոց» գրքի՝ Հայկը համարվում է հայերիս Նախարար-Նախահայրը:

Սակայն իրապես ո՞վ է եղել Հայկը: Ինչու՞ է նա զատվել ու դուրս եկել Բելի իշխանության տակից: Եւ ամենակարեւորը, ինչու՞ է բարձրացել դեպի հյուսիս, ինչպե՞ս է կարողացել վերագրավել կամ նվաճել իր մեծ ու անընդհատ ծավալվող «հայրենիքը»:

Խորենացին փորձելով նմանատիպ հարցերի համար գտնել իրական պատասխանները. Հայկին հիմնավորապես դիեզերքի անհուններից վար է բերում ու մարդեղինացնելով՝ նրան հաղորդում ազգի հիմնարար-հիմնադրի «պաշտոնը»:

Սակայն մարդեղինացած Հայկ Նահապետի իրական սերման արմատները միայն ու միայն պահպանված են դիեզերականությամբ ու դիեզերագիտությամբ, որտեղ էլ այն, ի ցույց բերեցին հայկական ժայռապատկերները:

Խորենացու պատմական վկայությունները վերառված այլազգի գրավոր աղբյուրներից  ու համեմված տեղային ասացողների, վիպասանների թատերգություններով, ենթադրել է տալիս, որ նա եղել է ոչ արքա, ոչ էլ թագադիր ասպետ, նա չի ունեցել երկրորդություն անգամ՝ իշխանություն, այլ եղել է միայն Նախարար: Այս բառը նույնիսկ այսօրվա բաղդատմամբ նշանակում է Նախ-Նահ-Հան եւ Արար՝ Նահարար-Հանարար, արարից հանված, դուրս, նախա:

Ըստ Աճառյանի նախարար բառը ներկայացված է որպես պարսկական արմատ (՞,-Գ.Պ.) ունեցող վերառում. Նախարարի-նախա-նահա արմատընշանակել է պորտ, ցեղ:

Այժմյան դիեզերական քարտեսներում (՞,-Գ.Պ.) Շանբատ Սմբատ Բագրատունի Քաջ Որսորդ Օրիոնը ներկայացված է որպես Հայկ:

Երբ, ըստ հինավուրց դիեզերաբանական ժայռագրություննեի, ես վերականգնում էի «պատմական ճշմարտությունը», ինքնաբերաբար, Օրիոն-Հայկը դուրս մնաց այդ համաստեղության տիրակալությունից: Եւ ես մի տեսակ մեղավորության զգացումով էի համակվել մեր «Նախահոր» նկատմամբ: Չե որ երկար տարիներ (՞,-Գ.Պ.) այդ համաստեղությունը կոչվել է Հայկ: Դրանից հետո աշխատում էի ամեն կերպ խուսափել մեր ազգային ավանդադիրի սրբազան կերպարին անդրադառնալուց, պահպանելով հայերիս համար սրբացված նրա անձեռնմխելիության իրավունքը: Սակայն դա ինձ բոլորովին չեր հաջողվում, քանզի ժայռագրությունները աղաղակում էին: Խորենացու օգնությամբ Հայոց ժայռագրություններն անվերջ ու անդադար խոսում էին ու փաստաբանում»:

Ելնելով Խորենացու «Հայոց պատմությունից»՝ Զ. Սոլականը Հայկի մասին հետեւյալ միտքն է արտահայտում. «Հետաքրքրիր դիցաբանական համադրությամբ, ներկայիս «Հնդկացի» (ոչ թե Հնդկացի, այլ՝ հնդիկ (indus),- Գ.Պ.) hամաստեղության նախկին տիրակալը երկուական հյուսիսային եւ հարավային սերմամբ, կրել է Պարույր Սկայորդի անվանումը՝ որպես Հյուսիսային Ութնադիցարանի Վահագնի ուղիղ ժառանգող եւ հարավում հարություն ու կյանքի փրկագործ Քսիսոտիի որդիներից Հաբեթ-Հաբեթոսթէ:

Առաջին առումով սկայորդի է Հայկը, երկրորդ առումով առավել տարածական Ք՛ Սիս8երորդի:

Նա ժառանգությամբ երկու Հրե կամարների, երկու դիեզերական կիսագնդերի սերունդ է»:

Ահա այս Հրէ բառը կեղծարարները դարձրել են հրեա, իսկ Բագրատունիներին վերագրել հրեական ծագում:

Հեղինակը Հրէ բառը գրել է ե-ով երեւի, որ ավելի նմանվի հրեա բառին:

Շարունակելի

Գոհար Պալյան

Հ.Գ. - Բագրատունիների թեմային մենք «Լուսանցք»-ում մեկ անգամ չէ որ անդրադարձել ենք:

Այս տոհմի իրական ծագման հետ կապված տվել ենք նաեւ մեր մյուս մշտական հեղինակներից մեկի՝ Արամ Մկրտչյանի (Գերմանիա) քննախույզը: Այլ տեսակետներ եւս պատրաստ ենք տպագրել, այդ թվում՝ սույն նյութում մեջբերված հեղինակներից մեկի՝ Զ. Սոլականի:

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։