Մտորումներ արտագաղթի վերաբերյալ

Երբ վերլուծվում են արտագաղթը եւ դրա հետ կապված հիմնախնդիրները, հիմնականում նշվում են հետեւյալ ներքին ու արտաքին պատճառները՝

1. Սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:

2. Սոցիալական անարդարությունը, անպաշտպանվածությունը:

3. Պատերազմական (ժամանակավոր զինադադարի) կարգավիճակը:

4. Ներքաղաքական անկայուն իրավիճակը:

5. Արեւմուտքում ընձեռնվող «փայլուն» հեռանկարը:

6. Աշխարհը տեսնելու եւ վայելելու ցանկությունը:

7. Հայրենասիրության եւ ազգասիրության պակասը:

8. Մեր ապատեղեկացված մտածողությունը:

9. Սփյուռքի գոյությունը (որն առաջացել է ցեղասպանության ու գաղթի հետեւանքով, բայց «քաշում տանում է» նաեւ ՀՀ ներկայիս հայերին):

Համակողմանի մոտեցում ունենալու համար նախ անդրադառնալ է պետք մեր պատմությանը՝ թե անցյալի, թե ներկայի: Արտագաղթի երեւույթը պետք է դիտարկել այլ երկրների օրինակով նույնպես, անհրաժեշտ է գտնել համապատասխան դեղատոմսեր: Չներկայացնելով հայոց հնագույն եւ դեռեւս չվերագրված պատմությունը, երբ տեղի է ունեցել հայկական-արիական տեսակի արտագաղթը կամ ծավալումը այլ երկրներ, անդրադառնանք հայոց գրառված պատմությանը: Մեր կարծիքով, արտագաղթի հիմնական դրդապատճառը մարդկանց նվաստացուցիչ վիճակն է, ինչը ժամանակին ստրուկի կարգավիճակով էր արտահայտվում, հիմա՝ ծառայի կամ աշխատողի…

Այդ պատմությունից մեզ հայտնի է, որ Հայաստանում դասական իմաստով ստրկատիրական կարգեր գրեթե չեն եղել: Բայց դրա փոխարեն ճորտատիրությունը մեզանում որոշակի արմատներ է ձգել (այսօրվա հաստավիզ ճորտատերերն էլ նրանց ժառանգական հիվանդության կրողներն են), ինչը ենթադրում է ազգաբնակչության օտարվածություն իր հողից, ազգից ու ազգային ամեն բանից, ինչն էլ նպաստում է իբր գործարար ճորտատերերի կողմից սեփական ճորտերի (ժողովուրդ հորջորջվող) լուռ շահագործմանը: Նույնն արվել է նաեւ հոգեւոր ոլորտում՝ մեր եկեղեցու կողմից, որը նույնպես ճորտատիրական յուրովի կառույց էր եւ է: Նախկինում վանքապատկան հողեր էին ձեռք բերվում, հողերին ամրակցված գյուղացիությունն էր շահագործվում, իսկ այսօր՝ ինչպես եկեղեցապատկան, այնպես էլ անձնական հողերի ու շինությունների ձեռքբերում է կատարվում բացահայտորեն (էլ չենք խոսում բիզնեսմեն հոգեւորականների մասին), որի հետեւանքով հոգեւորականն առավելապես աշխարհիկ կյանքով է ապրում, քան՝ հոգեւոր, ճորտերի փոխարեն էլ պահում են աշխատողներ: Ճորտատիրական նման հարաբերությունները հաստատել են ճորտային հոգեվիճակ, որը տարածվել է ոչ միայն ճորտերի, այլեւ նրանց տերերի՝ ճորտատերերի վրա, որոնք դարձել են մեկ այլ, ավելի բարձր կարգավիճակում գտնվողի ճորտ, օտարի դրամա-տնտեսական «նվիրատվություններից» կախված ճորտ… Այսպիսով՝ բոլորս էլ հայտնվել ենք այդ ճորտային իրավիճակում:

Այս եւ այլ ներազգային վատ հարաբերությունների պատճառով, հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում Հայաստանում, թեեւ քիչ չեն եղել ազատ մարդիկ, չի ստեղծվել հայ ազատ մարդու գիտակցությունն ունեցող ըմբոստ սերունդ: Վերջինիս բացակայությունն, ի դեպ, խիստ բացասական (ճորտային հոգեբանության) ազդեցություն է ունեցել նաեւ հայոց հզոր պետությունների դեպքում, չնայած եղել են տնտեսական եւ պաշտպանական հզոր եւ կազմակերպված պետական կառույցներ: Ինչպես նշեցինք, մեզանում չեն եղել դասական իմաստով ստրուկների ու ստրկատերերի դասակարգեր, ինչպես ասենք՝ հին Հունաստանում, Հռոմում, Պարսկաստանում կամ Հնդկաստանում (որտեղ կային մարդկային տարանջատման մի քանի «կաստաներ», ընդհուպ ստրուկների՝ իրենց ցածրակարգ տարբերակումներով, եւ հիմա էլ որոշ երկրներում կան…), բայց միեւնույնն է, ճորտային որոշակի տարրեր մեզ փոխանցվել են ու առկա են նաեւ հիմա:

Ճորտային հոգեբանությամբ մարդկանց մոտ խիստ ցածր է սեփական հողի, սեփական երկրի հանդեպ ունեցած պատասխանատվության եւ տեր լինելու զգացողությունը: Եթե թերթենք հայոց պատմության փառավոր էջերը, ապա կկարդանք իրենց հայրենիքին տեր, հոգեբանորեն ազատ եւ հայրենասեր սերունդների կերտած հերոսական պատմությունը, որոնց, թերեւս, պարտական ենք եւ այսօր: Ծանոթանալով այդ պատմությանը՝ համոզվում ենք, որ պատմության այդ հատվածներում չկար ստրուկի եւ ստրկատերի հոգեբանություն, ճորտի եւ ճորտատերի՝ նույնպես, ուստի չէր կարող նաեւ զանգվածային արտագաղթ լինել: Երբ 1720-1722թթ. Զանգեզուրը եւ Արցախը Դավիթ-Բեկի գլխավորությամբ մի քանի ճակատով հաղթական ճակատամարտեր էր մղում, հենց Զանգեզուր եւ Արցախ էին ներգաղթում Հայաստանի բազմաթիվ գավառներից: Սա հիրավի հայրենասիրության հրաշալի դրսեւորում էր:

Մի փոքր շեղվելով նշենք, որ հին հույները իրենցից բացի բոլոր ազգերին համարում էին ստրուկ, այն հիմնավորումով, որ նրանց մոտ աղքատից մինչեւ հարուստը ունեն իրենց տերերը: Իսկ հույների մոտ իրենք են իրենց տերը եւ տերն իրենց հայրենիքի: Այստեղ կգտնվեն ընդդիմախոսներ, ովքեր կասեն, թե հին դեմոկրատական Հունաստանում էլ կային ստրուկներ: Սակայն, պատմիչներին հայտնի է դրա վերաբերյալ հին հույների կարգախոսը՝ ստրուկները ծնվել են որպես ստրուկ, ովքեր կամ օտարների ռազմագերիներն են կամ իրենց հայրենիքում էլ են եղել ինչ-որ մեկի ստրուկը՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, եւ հազվադեպ է ստրուկ դարձել այն անարժան հույնը, ով իր անբարոյական բարքի հետեւանքով (խաղամոլություն, խաբեբայություն, ընչաքաղցություն) ստիպված է եղել վաճառել սեփական ազատությունը: Այստեղ պետք չէ բացատրել, որ սեփական բարձրագույն արժեքներ վաճառողները արժանի են միայն ստրկության:

Հիմնականում անարդար երեւույթներն են եղել գլխավոր պատճառները, ինչի հետեւանքով Հայաստանում առաջացել են տարբեր բողոքական շարժումներ: Բավական է հիշել Թոնդրակյան եւ Պավլիկյան շարժումները, որոնք իրենց խորքում չունենալով զուտ ազգային դրսեւորումներ, այնուամենայնիվ, ժողովրդական յուրատեսակ ընդվզումներ էին, յուրովի բողոքի ու անհնազանդության երեւույթներ՝ ուղղված տիրող բարքերի եւ կրոնագաղափարական պարտադրված օրենքների դեմ: Հիշյալ շարժումները տեղում ճնշվելով, բայց արդեն ծավալվելով այլ երկրներում, առաջ բերեցին հսկայածավալ արտագաղթեր:

Մտովի պատկերացնենք այդ երեւույթը, թե ինչպես են գաղթել ընտանիքներով, տոհմերով, գյուղերով: Հիմնավորվելով տարբեր երկրներում՝ իրենց ետեւից քաշել են նոր ընտանիքներ, նոր տոհմեր… Հիշենք մեկ այլ երեւույթ: 11-րդ դարում, երբ եկեղեցական սուրբ հռչակված Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Անին մի քանի արծաթով վաճառեց Բյուզանդիային, վերջիններիս կողմից, որպես սեփականություն, կայսրության խորքերում ստացավ հսկայական հողեր, կազմակերպեց մի այլ բնույթի արտագաղթ: Դատարկվեցին նոր գյուղեր, նույնիսկ քաղաքներ: Գոնե բերված այս երկու օրինակներում բացակայում են օտարի կողմից ցեղասպանություն իրականացնելու հետեւանքով առաջացած արտագաղթի երեւույթները:

Ցեղասպանության հետ կապված արտագաղթի երեւույթի չենք հանդիպում նաեւ 10-14-րդ դդ. տեղի ունեցած արտագաղթի դեպքում՝ դեպի Կիլիկիա: Այստեղ էին գաղթում արդեն Հայաստանի բոլոր կողմերից, այդ թվում՝ Արցախից: Դժվար չէ պատկերացնել նաեւ, որ գաղթականության ճամփան բռնած մարդիկ ամենեւին էլ ծանր սոցիալական իրավիճակում չեն գտնվել, որովհետեւ այդպիսի երկար ճանապարհ կտրելու համար անհրաժեշտ էր մեծ քանակությամբ պարեն եւ փոխադրամիջոցներ: Գաղթականության ճամփան բռնած Մեծ Հայքի հայությունը գիտեր, որ Կիլիկիայում նորաստեղծ պետությանը ծառայելու են ոչ որպես ճորտ, այլ՝ որպես լիիրավ քաղաքացի, քաղաքացի մի պետության, որտեղ գործում էին այն ժամանակների համար առաջադեմ, համեմատաբար արդար օրենքներ:

Ավելացնենք նաեւ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում իշխում էին սելջուկները, որոնց կողմից գոնե այդ պահին տարհանման ցեղասպանական երեւույթներ չեն եղել: 1780-ական թթ. սուլթան Սելիմ 3-րդի, ով պատմությանը հայտնի է որպես համեմատաբար հայասեր կեցվածք ունեցող սուլթան, եւ ցարական Ռուսաստանում Եկատերինա 2-րդ կայսրուհու կառավարման ժամանակաշրջաններում, Ղրիմի հայ բնակչությունն այնքան շատացավ, որ Ղրիմն Արմենիա էին անվանում: Եվ հակառակը, մենք տեսնում ենք հայրենադարձության մի հպարտալի երեւույթ՝ Մեծ եղեռնի ջարդերից անմիջապես հետո, հիմնականում այն վայրերը, որտեղ հզոր ինքնապաշտպանական մարտեր են տեղի ունեցել, օրինակ՝ Վան, Մուսալեռ, Զեյթուն, Սասուն եւ այլն:

Դժվար չէ պատկերացնել, որ պատերազմող եւ կազմակերպված ինքնապաշտպանական մարտեր մղող մարդկանց մեջ չկար տեր եւ ծառա: Այլ կար իրենց հողին եւ հայրենիքին տեր լինելու, այն պաշտպանելու ազատ մարդու հոգեբանությամբ հայրենասերների բանակ:

Այժմ արտագաղթի երեւույթը դիտարկենք համեմատաբար մեծ սփյուռք ունեցող ժողովուրդների պարագայում: Չանդրադառնալով հրեականին, որովհետեւ այն այլ պատճառներ եւ հոգեբանություն ունի ու առանձին թեմա է… Դիտարկենք, օրինակ, ռուսական սփյուռքի երեւույթը: Առաջ անցնելով նշենք, որ գրեթե բոլոր ազգերի պարագայում էլ, որոնց մոտ առկա է արտագաղթի երեւույթը, կան նմանատիպ յուրահատկություններ, բայց կա մեկ ընդհանուր եւ էական պատճառ, այն է՝ ճորտատիրությունը: Ռուսաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ճորտատիրությունը վերացվել է 19-րդ դարի վերջում՝ Ալեքսանդր 2-րդ ցարի հայտնի դեկրետով: Մինչեւ 1917թ. հեղաշրջումը Ռուսաստանից դուրս արդեն գոյություն ուներ ձեւավորված ռուսական սփյուռք, որն առաջացել էր հիմնականում իրենց տերերից փախածների կողմից՝ ճորտատիրական կարգերը վաղուց թոթափած այլ երկրներում ռուսական համայնքներ ձեւավորվելու հետեւանքով: Արտագաղթել են ոչ միայն աղքատ ճորտերը, այլ նաեւ հարուստներն ու ազնվականները: Ռուսական պատմության մեջ կա մի զավեշտալի դրվագ՝ արձանագրված 18-րդ դարի վերջում. այն կապված է Աննա Իվանովնա կայսրուհու եւ ժամանակի ամենազարգացած, Սորբոնի համալսարանում ուսում ստացած իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչ Գոլիցինի հետ: Վերջինս, ի դեպ, նույնպես գաղթել էր իր հայրենիքից, բայց նրան գնահատում եւ նրա հետ հաշվի էին նստում Նեապոլի թագավորը, Ֆլորենցիայի դուքսը, նրան ընդունում էին նաեւ ֆրանսիական արքունիքում: Պատմությանը հայտնի իր կրթությամբ անգրագետ Աննան կանչում է իշխանին Ֆլորենցիայից եւ անմիջապես նրան նշանակում է ծաղրածու՝ լրացնելով իր ծաղրածուների մեծ բանակը, եւ դա միայն այն բանի համար, որ Գոլիցինն իր կրթությամբ եւ մտավոր կարողություններով զարմացնում էր բոլորին, այդ թվում՝ թագուհուն: Նման երեւույթների ականատեսն ենք նաեւ մեզանում, երբ մեր ունեցած մտավոր ուժը փոշիացվում է, երբ լավ կրթություն ստացած, գիտության, մշակույթի եւ սպորտի ասպարեզներում բարձր նվաճումների հասած անհատները, դրսեւորման ոլորտ չգտնելով հայրենիքում, չուզենալով դառնալ որեւէ մի կիսագրագետ հաստավիզ ճորտատերի ծաղրածուն, լքում են հայրենիքը: Իսկ նրանց՝ արդեն դրսում ունեցած հաջողությունները մենք արձանագրում ենք հպարտորեն, նույնիսկ միջոցառում-երեկոներ ենք կազմակերպում, ինչն արդեն ծիծաղելի է…

Վերոհիշյալ հեղաշրջումից հետո Ռուսաստանում սկսվում է արտագաղթի մի նոր շրջան, ինչը հետեւանք է արդարության, հավասարության եւ եղբայրության կարգախոսներով իշխանության եկած, իրականում նոր ճորտատիրական հարաբերություններ հաստատող բոլշեւիկյան ռեժիմի: Մի ռեժիմի, երբ որդին դավում էր հորը, եղբայրը՝ եղբորը, երբ հայի տականքը, որն էլ անմրցելի է բոլոր ազգերի տականքների մեջ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելով, իր խրախճանքի մեջ էր հայտնվել… Երբ Գարեգին Նժդեհին Ռուսաստանի Վլադիմիրի բանտից տեղափոխում են Երեւան՝ ՊԱԿ-ի մեկուսարանում հարցաքննում նրան, նա պահանջում է, որ իրեն նորից հետ տանեն, որպեսզի չտեսնի իր ազգակցի նվաստությունը եւ դավադրությունները, ինչին նա անտեղյակ չէր Ռուսաստանի բանտերում: Որպեսզի հետո հայերը չամաչեն, որ իրեն հայի ձեռքով են տանջել կամ սպանել… Այս երեւույթը շարունակվում է նաեւ այսօր: Այսօր էլ նույն երեւույթի ականատեսն ենք ցարական կայսրության ժառանգորդ՝ խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջացած պետությունների պարագայում (իհարկե կան որոշ բացառություններ), այդ թվում՝ նաեւ ՀՀ-ում…

1988թ. եւ հաջորդած 2-3 տարիներին, երբ հայի մոտ զարթնեց իր բռնազավթված հողին, իր երկրին տեր լինելու զգացողությունն ու կամքը, երբ գործարարն ու սովորական բանվորը, երբ մտավորականն ու պաշտոնյան, նույնիսկ խարդախն ու հանցագործը տոգորված էին սեփական հայրենիքին տեր լինելու վճռականությամբ ու հավատով, երբ յուրաքանչյուրն իր եւ էլի մեկի գործն էր անում այդ նպատակին հասնելու համար, համոզվածությամբ կարող ենք ասել, որ արտագաղթողների եւ արտագաղթել ցանկացողների քանակը շատ ու շատ անգամներ քիչ էր, աննշան: Բայց, երբ նոր զիմզիմովների եւ նրանց կամակատար ճորտերի կողմից իրականացվեց սեփական երկրի համատարած թալանը, սեփական ժողովրդի ճորտացման գործընթացը, երբ դրանց պատճառով, ցանկությամբ եւ որոշումով սկսվեց արհեստական խավերի (հիշենք՝ օտարի «կաստաները») ձեւավորումը, երբ «իրենց» ճորտային հոգեբանությունը վերագտած ժողովրդի մեջ մտցվեց «իրենցից ոչինչ կախված չլինելու» գաղափարը, երբ մեզանում սկսեցին խոսել ու երկրպագել նոր «թագավորներին» եւ «ցարերին», եղավ այն, ինչ պիտի լիներ նման դեպքում… Այստեղ տեղին է հիշել Ջոն Ստյուարտի հետեւյալ խոսքերը. «Այն պետությունը, որը մարդկանց վեր է ածում թզուկների, որպեսզի նրանք լինեն հնազանդ զենք իր ձեռքում, անգամ եթե այն արվում է վսեմ նպատակով, իր համար կհայտնաբերի, որ մեծ գործերը չեն իրականացվում մանր մարդկանցով: Եվ այն կատարյալ մեքենան, որի համար զոհաբերվել է ամեն ինչ, վերջնականապես ոչինչ է, որովհետեւ կյանքի ուժը, որը ոչնչացվել է, բավարար չէ, որ այդ մեքենան աշխատի»:

Այսպես, հենց սկզբում մեր նշած պատճառները միայն հետեւանքն են այն պատճառների, որի մասին խոսվեց վերոգրյալում: Եվ արդեն որպես մահացու քաղցկեղ, մեր առջեւ ծառացած արտագաղթը կանխելու համար, նախ՝ ինչպես փիլիսոփան կասեր՝ սպանել է պետք մեր մեջ ստրուկին եւ ստրուկին մեր մեջ: Ստրուկը կամ ճորտը չի կարող եւ իրավունք չունի պետություն ունենալու: Պետք չէ հայրենասիրական կարգախոսներով եւ կոչերով ձեւ անել, թե պայքարում են այդ չարիքի դեմ: Պիտի կերտել հզոր հայրենիք, ուր միակ օրենքը պիտի լինի ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ: Ինչպես Գ. Նժդեհն է գրում՝ «Հայրենիք եւ Արդարություն. ահա իմ երկու աստվածությունները: Ծառայել մեկին, անհնար է առանց մյուսի»:

Իսկ միակ պայմանը ազատ մարդու հոգեբանությամբ, հզոր եւ հայրենապաշտ սերունդ ձեւավորելն է: Այդպիսի սերունդ դաստիարակելու խնդրում խիստ անհրաժեշտ է ունենալ այդ գործին նախանձախնդիր, հոգեբանությամբ հայրենապաշտ նվիրյալների հզոր բանակ, որոնց օգնությամբ, նաեւ ղեկավարությամբ, ամեն օր, ամեն ժամ պիտի արձանագրվեն էական ու շոշափելի հաղթանակներ բոլոր ոլորտներում, նախ եւ առաջ՝ բարոյահոգեբանական ոլորտում: Այլապես՝ մենք ստիպված կլինենք լավագույն դեպքում շարունակելու մեր անկախ պետությունների կործանման ու վերականգնման շարքի թվարկումը եւ հայի «գաղթական լինելու» սին հիմարաբանությունը……

«Հայերի անկախության չորս անգամ կորչելու պատճառները մի եւ նոյնն էին. նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 3-400 մեծամեծների (նախարարների) եւ ոչ թե իւր միլիոնաւոր ժողովրդին, եւ երկրորդ՝ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրենքներ յօրինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեպհական հող եւ ոչ օրենք: Նորա դրացի տէրութիւններին շատ դիւրին էր ընկճել մի ազգ, որ զրկուած էր եւ իրավունքէ, եւ սեպհականութիւնէ. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչինչով աւելի ծանր ու դառն չէր, քան թէ համազգի նախարարների լուծը»: Մեջբերումն արված է Ռափայել Պատկանյանի հանրահայտ Վարդապետարան Հայոց»-ից:

Գեւորգ Հովսեփյան

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ

Հ.Գ.-1 – Վերջերս լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել այն բանի համար, որ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում միամտաբար փողոցն անցել է ոչ անցումով, ինչը լուսաբանվել է իրենց լրատվամիջոցներում: Այս փոքրիկ միջադեպը խոսում է ոչ միայն այդ պաշտոնյայի սեփական երկրի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության, սեփական ժողովրդի նկատմամբ տածած հարգանքի, սեփական անձի եւ իր գրաված պաշտոնի նկատմամբ ունեցած հարգանքի, այլ նաեւ այդ երկրում տիրող, իրենց ազգային ինքնությանը հարիր արժեհամակարգի մասին, ինչի շնորհիվ այս երկիրը այսօրվա ամենազարգացած պետությունների շարքում է:

Հ.Գ.-2 – Հրանտ Դինքի սպանությունն ասկյարի ձեռքով ցնցեց ամբողջ հայությանը: Այն «ցնցեց» նաեւ թրքությանը: Թրքական իշխանությունների կողմից կազմակերպված բազմահազարանոց ցույցերից պարզվեց, որ թուրքն էլ է հայ (՞՞՞): Սակայն, դա չէ կարեւորը: Տածելով խորը հարգանք հայ մտավորականի հիշատակին՝ ստիպված ենք խոստովանել, որ մեզանում ամեն տարի, ամեն ամիս եւ ամեն օր «սպանվում են» նոր հրանտդինքեր, նոր վիկտորհամբարձումյաններ, նոր յուրիվարդանյաններ, նոր պարույրսեւակներ կամ գարեգիննժդեհներ… բայց ինչը, կարծում ենք, չի ցնցում մեզ ամենեւին…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։