Հարեւան ու բարեկամ ենք, էլի՛

Ջավախքը գազաֆիկացվում է…

Մի քանի ամիս է, որ Ախալքալաքում գազատարերի տեղադրման աշխատանքներ են ընթանում: Շրջանի գազաֆիկացումն իրականացնում է «Էս Ջի Գազ» ընկերությունը, որը պարտավորվել է Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանները բնական գազով ապահովել 3 տարվա ընթացքում: Մինչեւ տարեվերջ կգազաֆիկացվի միայն Ախալքալաքը, որտեղ արդեն ավարտվում են միջին ճնշման խողովակների տեղադրման աշխատանքները: Իսկ քաղաքի որոշ ծայրամասային հատվածներում ու գյուղերում աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Գազի 1 խմ-ն կարժենա 50 թեթրի, որը գազաբալոնների համեմատությամբ քառակի էժան է:

Հուսանք, որ գազաֆիկացումը կնպաստի ջավախքահայության կենսամակարդակի բարելավմանը, քանի որ գազը էլէներգիայից անհամեմատ էժան է, եւ ինչ-որ չափով կդադարի Ջավախքի հայ բնակչության արտահոսքը իր պատմական հայրենիքից:

Բայբուրդը «յուղ է վառում»…

Հերթական անգամ իր անձնական կարծիքը որպես համահայկական տեսակետ է ներկայացնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրդը: Նախկինում նա համայն հայության անունից հավաստիացումներ էր տալիս վրացական իշխանություններին, թե վրացա-օսա-ռուսական պատերազմում հայերը Վրաստանի կողքին են, հիմա էլ այս անձը հայտարարել է, թե Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում Հայաստանի կողմից՝ նկատի ունենալով այդ երկրի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իրավունքը: Այս անկանոն ազգանունով հայը պնդում է, թե Ջավախքի անկախական շարժումները հրահրվում են ՌԴ հատուկ ծառայությունների կողմից, եւ հայերը ոչ մի կապ չունեն դրա հետ: Այսինքն՝ եթե նույնիսկ ջավախքահայերը «տրվելով» այս կամ այն «սադրանքներին», հանկարծ ցանկանան անկախանալ, ապա դրանք հայեր չեն եւ Վրաստանի միակ ու անկրկնելի (թե ինչ իմաստով՝ հասկանալի է) հայը կըմնա ինքը՝ ոմն Բայբուրդը:

Վրացիները «ջրում են»…

«Հուլիսի 17-ի գործով» կալանավորված Վահագն եւ Արմեն Չախալյանների փաստաբան վրացի Յասոն Բեսելիան հրաժարվել է այլեւս պաշտպանել հայ-վրացական համատեղ սադրանքի հետեւանքով կալանավորված հայերին՝ պատճառաբանելով, թե նրանք վճարունակ չեն: Երբ Չախալյան եղբայրները ժամանակին դիմել էին Հայաստանից փաստաբաններ բերելու խնդրանքով, բարեկամ վրացական իշխանությունները մերժել էին, եւ նրանք ստիպված այս վրացի փաստաբանին էին դիմել, իսկ վանբայբուրդների նման խլուրդները կույր են նման հարցերի նկատմամբ: Շուտով երեք ամիսը կլրանա, բայց այս գործի դատական նիստի մասին ոչ մի տեղեկություն չկա: Վրացիները կամ «ջրում» են այս գործը կամ «ջուր են ծեծում»…

Ի դեպ, շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավորվել է եւս մեկ հայրենասեր ջավախքցի՝ Արթուր Պողոսյանը: Եթե Չախալյաններին ձերբակալել էին Ախալքալաքի ոստիկանապետի (նրա որդու) սադրանքի պատճառով, ապա Պողոսյանի ձերբակալությունը կապված է Ախալքալաքի դատախազի (նրա որդու) հետ: Ա՛յ այսպես էլ ապրում ենք հայերով…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։