Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…

Ինչպես եւ սպասվում էր, ԱԺ-ում տեղի ունեցան «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Հարցը ներկայացնում էր Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով հավաստիացրեց, թե այս քննարկումն ինքնանպատակ չէ, քանի որ հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է: Ապա հորդորեց վերացական հարցադրումների փոխարեն ներկայացնել կառուցողական առաջարկներ:

«Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական եւ ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունների կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է: Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական 2 անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Սպանությունների 17%-ը հետեւանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47%-ի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներ ներկայացրեց այս պաշտոնյան:

Սակայն, Վիգեն Քոչարյանը մի շարք գրանտակեր հասարակական կազմակերպություններից եւ իրոք ընտանեկան բռնություններից տուժած մի շարք կանանցից բացի, չի կարող ներկայացնել հանրային այնպիսի մեծ պահանջ, որի մասին ճոռոմաբանելով խոսում են այս օրինագծի «հետեւորդները»… Անգամ այն թվերը, որոնք ներկայացվում են, ազգային չափանիշ ու նկարագիր չէ եւ, հետեւաբար, առանձին օրենքի կարիքը չկա: Ուրեմն՝ այս օրինագիծը պարտադրվում է հայ ընտանիքների կազմաքանդման պատվերի ու ապազգային հարձակումների համար:  

Փորձ է արվում ցույց տալ, թե այսօրինակ օրենքի նախագծերի հետեւում եվրոպական ականջներ չկան, սակայն դա ավելի է մեծացնում հակառակ ճամբարի այն համոզմունքը, որ սա իրենից ազգային ու պետական մեծ վտանգ է ներկայացնում: Քանի որ եվրոպական ականջները ակնհայտորեն են երեւում այս եւ նախկինում առաջադրված բոլոր օրինագծերի հետեւից:

Ինչեւէ, փոխնախարարը հիշեցրեց անգամ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որում հստակ նշված է՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դիմելու իրավուք ունի: Նույնը նախատեսում է նաեւ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը:

Այստեղ Վիգեն Քոչարյանը երեւի թե ամբողջապես չի կարդացել «Դատաստանագիրքը», քանի որ Մխիթար Գոշն ասել է, որ եթե անկախ երկիր ունեք եւ այդ երկրում իրավապահ մարմիններ կան, ապա «եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դիմելու իրավուք ունի», նաեւ ոստիկանություն կամ դատախազություն, բայց ոչ մի բան ասված չէ Եվրոպայի կողմից «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի պարտադրման մասին…

Մխիթար Գոշը նաեւ դեմ էր ապաստարանների եւ նման այլ կառույցների ստեղծմանը, որտեղ պիտի հավաքվեն հայ կանայք ու երեխաներ, հետո ոչ միայն իրենց ընտանիքներից (ավելի պարզ՝ ամուսիններից ու հայր-մայրերից), այլեւ Հայաստանից օտարվելու եւ օտարների համար ծնող-մարմին ու պատրաստի երեխա դառնալու համար…

Իսկ ի՞նչ է լինելու այն տղամարդկանց հետ, որոնց նկատմամբ կանայք են բռնություն դրսեւորել՝ ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների:

Նշենք, որ այս օրենքի նախագիծը շատ շրջանակների կողմից է քննադատությունների ենթարկվել, քանզի նրանք կարծում են, որ այս օրենքով պետությունը (իսկ օրենքի տողատակերով՝ օտար երկրները) ներխուժում է ընտանիք, ավելին՝ սկսում է կառավարել այդ ընտանիքը իր ցանկություններով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է… Մինչդեռ օրինագծի կողմնակիցները փորձում են իրենց հանուն ստացած դրամաշնորհների (պետական եւ հասարակական շատ կառույցներ) ապացուցել, որ ընտանեկան բռնության դեմ օրենքն անհրաժեշտություն է:

Ընտանեկան բռնության կանխարգելմամբ զբաղվող կառույցները պետք է ֆինանսավորվեն, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից, հենց ԱԺ-ում՝ «Ընտանեկան բռնության» մասին օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարարը, ով հավաստում էր, թե եվրոպական ականջներ չեն երեւում այս օրինագծի հետեւում:

Նշյալ օրենքի անհրաժեշտությունը նախագծի հեղինակ արդարադատության նախարարությունը հիմնավորում է նրանով, որ գործող ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ քրեական օրենսգրքերով չեն ապահովվում բռնությունները կանխելու միջոցները, իրավապահներն ընտանիքում կատարվողը որպես հանցանք են դիտարկում միայն այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունեցել անուղղելին։

Իսկ ո՞վ է խանգարում արդարադատության նախարարությանը դատական գործեր բացել այն իրավապահների ու այլ պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խուսափում կամ ուշացնում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ այս չարագուշակ օրինագծի օրենք դառնալուց հետո նույն ուշացումները կամ անտեսումները չեն կրկնվելու… Ի վերջո նույն ոստիկանական, դատախազական ու դատական համակարգն է որոշումներ կայացնելու: Ավելի քան վստահ ենք, որ ոստիկանները շատ ուրախ են այս օրինագծի համար, քանի որ մի նոր «աշխատատեղ» է բացվում, հսկայական հնարավորություններով, որտեղ կարելի է «լուրջ աշխատավարձ» ակնկալել: Ի վերջո, հայ ոստիկանը եւս չի ցանկական, որ հայ երեխային կամ կնոջը «արտահանեն» օրենքով, բայց դրա դիմաց նաեւ կարող է փող աշխատել: Եվ արդյո՞ք սա մի նոր կաշառքի տեղի չի վերածվելու:

Ի՞նչ տունտունիկ են խաղում այս պետական մարմնում, որը կոչված է արդարադատությունը պաշտպանել մեր երկրի բնակչության: Այլ ոչ թե օտարիների ցանկությունները կատարել Հայաստանում:

Համուզմունքը, որ օրենքի ընդունումը Հայաստանին պարտադրվել է ԵՄ-ի կողմից, արդեն անկասկած է, կարծիք կա նաեւ, որ իշխանությունները այստեղ ունեն առայժմ չբացահայտված նյութական շահ։ Ի դեպ, նշվում է, որ այս պահանջը Հայաստանի դիմաց եվրոպական կառույցների կողմից դրվել է դեռ 10 տարի առաջ։ 2009թ. մեր երկրում նույնիսկ օրենքի անգամ օրենքի նախագիծ էր մշակվել։ Բայց օրենքի ընդունման համար սահմանված ժամկետը 2014թ. ավարտվել էր, նախագիծն էլ՝ մոռացվել կամ ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ սառեցվել։

Նոր օրինագիծը մշակվել ու շրջանառության մեջ է դրվել դարձյալ արտաքին պարտադրանքի հետեւանքով, ինչը պետական կառույցները հերքում են, որը հասկանալի է: Այս օրինագծին դեմ խոսողները հիշեցնում են, որ տարիներ առաջ նույն բարեփոխումների դիմաց Եվրամիությունը Հայաստանին կլորիկ գումար էր խոստանում։ Իհարկե, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նման պնդումներն անհիմն է համարում, բայց եւ չի ժխտում, ինչպես վերեւում նշվեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում աշխատող կառույցները պետք է ֆինանսավորում ստանան, այդ թվում նաեւ՝ արտաքին աղբյուրներից։ «Եթե պետությունն այս կամ այն քայլերը ձեռնարկում է, դա նախատեսում է նաեւ որոշակի ծախսեր, եւ այս հարցում համապատասխան աջակցություն էր նախատեսվում ԵՄ–ի կողմից։ Բայց մենք այդ ժամկետը բաց թողեցինք եւ հիմա այդ դրույթը չի գործում»,– ասել է փոխնախարարը։

«Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք»,– անդրադառնալով նույն հարցին՝ ասել է «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է օրինագծի անհրաժեշտության մասին պնդումներին, Արման Ղուկասյանը դրանց հակադարձում է պաշտոնական վիճակագրության թվերով։ Ըստ նրա, 2012թ. Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որը հանցագործությունների ընդհանուր թվի ընդամենը 0,025%-ն է։

Պաշտոնական վիճակագրություն ներկայացրեց նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։ 2016թ. գրանցված ընտանեկան բռնության դեպքերից 481–ում ամուսինն է բռնություն կիրառել կնոջ նկատմամբ, 20 դեպքում՝ կինն՝ ամուսնու, 66 դեպքում էլ ծնողները բռնացել են զավակների նկատմամբ։

Արման Դավթյան

Հ.Գ. - ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել էր ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների ԱԳ գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Եվրոպական միությունը նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:

Այլ հարցերի թվում քննարկվել է, թե «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ինչ ընթացքի մեջ է… Այսինքն՝ ընթացք են ցանկացել տեսնել: Իմիջիայլոց, դեռ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի օրոք է այս նախածագիծը առաջ քաշվել, իսկ Դավիթ Հարությունյանը այն շարունակում է…

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

http://www.hayary.org/wph/?p=65773-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։