Հայ-վրացական սուր ծայրերը պատմություն ունեն – Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել, որի հիմնական մեղավորը վրացական կողմն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով… Չնայած այս եւ այլ խնդիրների առկայությանը, պետք է զարգացնել պետական, հանրային, տնտեսական, մշակութային ու այլ հարաբերությունները Վրաստանի հետ…

Ինչո՞ւ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները չեն կարգավորվում այնպես, որ հարեւան երկրի կարգավիճակից վերաճեն դաշնակից երկրների երկկողմ հարաբերությունների:

Այս խնդիրը դարերի փորձություն ունի եւ այդ ընթացքում առավելապես բացասական արդյունքներ են գրանցել: Եվ բացասական արդյունքների հիմնական մեղավորը Վրաստանն է, որ միշտ օգտվել է մեր թիկունքում պատսպարվելով՝ գրեթե չաջակցելով, երբեմն նաեւ մեր հակառակորդներին օժանդակելով… Նաեւ մերթ ընդ մերթ մեր թշնամիների հետ պատերազմներից թուլացած Հայաստանից տարածքներ յուրացնելով… Հայաստանը կարծես բնական պատ-պարիսպ է եղել Վրաստանի անվտանգության համար, քանի որ Վրաստանին հասնելու համար պիտի Հայաստանին ծնկի բերեր ընդհանուր թշնամին, ինչը նախկինում այդքան էլ հեշտ գործ չէր… Հետո հեշտացավ, երբ հայերը կորցրեցին պետականությունը:

Սա բարդ խնդիր է այսօր եւս, եւ վերեւում հնչած հարցը գրեթե չունի դրական պատասխան: Միայն փոխադարձ միջազգային շահերը կարող են որոշակիորեն դրականորեն կարգավորել հայ-վրացական հարաբերությունների ընթացքը:  

Վրաստանը այնքան ժամանակ չի լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (բացի մասնակի դեպքերից, հատկապես միջազգային նշանակության, որ կուղեկցվի պարտադրանքներով), մինչեւ չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) ցավոտ հարցերից, որը տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում: Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի անկախության եւ հետագայում Ռուսաստանին միանալու ապագան անելանելի վիճակի մեջ է գցել վրացական իշխանություններին ու հանրությանը, ինչը պաշտոնական Թբիլիսիին նաեւ Արցախյան խնդրի դեմ է հանել… Բայց ամենավատն այն է, որ Միխեյիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք թմբկահարվող ուժեղ Վրաստանի ուժեղ բանակը, որ դեռ հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի կարեւոր հենարաններից մեկը՝ ընդամենը 2-օրյա պատերազմի դիմացավ, երբ ռուսական զինուժը սատարեց Աբխազիային եւ Հյուսիսային Օսիային: Եվ եթե միջազգային միջամտությունն ուշանար, ապա ռուսական զորքերը կմտնեին Թբիլիսի…

Համեմատության համար հիշեցնենք, որ հայկական զինուժը 1990-1994թթ. պատերազմի ժամանակ ոչ միայն ջախջախեց նույնքան պարծենկոտ ադրբեջանական բանակին, այլեւ այդ բանակին աջակցող թուրք գորշգայլականներին, աֆղան մոջահեդներին, չեչեն գրոհայիններին, արաբ վահաբականներին, ռուս վարձկաններին, ուկրաինացի օդաչուներին, մերձբալթյան հրաձիգներին…, որ իրենց մահկանացուն կնքեցին Արցախի սահմանների մոտ կամ փախուստի դիմեցին… 2016-ի ապրիլի 4-օրյա պատերազմում նույնպես հաստատվեց հայկական զինուժի անկոտրում կամքն ու ոգին: Իզուր չէ, որ հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ եւ կազմակերպված զինուժը եւ ՆԱՏՕ-ական եւ ՀԱՊԿ-ական մասնագետների հավաստմամբ:

Սա է նաեւ պատճառը, որ Վրաստանը խուսափում է Հայաստանի հետ մնայուն հարաբերություններից, քանզի համոզված չէ, որ Ջավախքը մի օր չի բռնի աբխազահարավօսական ուղին եւ չի անջատվի Վրաստանից… Փաստորեն, նման խնդիր կա նաեւ Աջարիայի հետ կապված, դեռ նորանկախ Վրաստանի ժամանակ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեն եւ Մոսկվայի կառավարության ղեկավար Յուրի Լուժկովը պայմանավորվում էին շրջանի անկախության հռչակման շուրջ, որն առաջին կորուստը կարող էր լինել, միայն տարածաշրջանային ծավալումները հարմար չեղան այդ պահին դա իրագործելու… Բայց ոչինչ չի բացառվում հետագայում:

Վրացական ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաեւ՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի եւ Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական քայլերից, այլեւ՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ եւ այլք, որ իրենց երբեք վրացիներ չեն համարում) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անկախացման պարագայում կարող է լրջորեն քննարկվել ոչ միայն Հայաստանին միավորվելու, այլեւ՝ Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը, ինչը ժամանակին Մոսկվան առաջարկում էր Երեւանին եւ Ախալքալաքին…

Այս ամենը Թբիլիսիին մղել է հակաարցախյան ճակատ, քանի որ Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության պաշտպանությամբ վրացական կողմը փորձում է իր սահմանների անձեռնմխելիության հարցը լուծել: Նաեւ Արցախի անկախության հանրաքվեին հայտարարությամբ դեմ եղավ պաշտոնական Թբիլիսին, ինչը կրկնեց վերջերս Արցախի սահմանադրական փոփոխությունների ժամանակ… Եթե սա կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, ապա անհասկանալի է այն փաստը, որ Անիի հազար ու մի եկեղեցիների համալիրում վրացիները Թուրքիայի թողտվությամբ «վրացական եկեղեցիներ» են «գտնում» եւ վրացականացման քայլեր ձեռնարկում, ինչպես դա անում են Ջավախքում, Թբիլիսիում եւ այլուր…

Չմոռանանք, որ «Մեծ Թուրանի» եւ «Մեծ Ադրբեջանի» կողքին նաեւ «Մեծ Վրաստան» կա երեւակայական, որի կազմում ներգրավված են ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը եւ այլ տարածքներ, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի Կարսի եւ Էրզրումի շրջաններն ու հարակից տարածքները……

Ուստի, Վրաստանը նաեւ կայուն ու վստահելի հեռանկարով հարեւան չէ, ինչը ոչ միայն ներքին վախով է պատում վրացական արտաքին քաղաքականությունը, այլեւ նշյալ բոլոր գործոնները Վրաստանին մղում են այն ռազմաքաղաքական թեւը, որտեղ մեր հակառակորդներն են:

Չնայած այս ամենին, պետք է նպատակայնորեն զարգացնել պետական, հանրային, տնտեսական, մշակութային ու այլ հարաբերությունները Վրաստանի հետ, եւ նույնիսկ փորձել կայուն տեղ ու ազդեցություն ունենալ վրացական բազմաշերտ իրականության մեջ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։