Եթե Հայաստանն ունի վերամիավորվելու հարցեր, ապա Վրաստանը՝ միայն անջատողական… Պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը… Լինելով ՎՈւԱՄ միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես գործում է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ… Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն միայն առանց երրորդ կողմի ներկայության…

Վրաստանը ոչ միայն դեմ է Արցախի անկախությանը, էլ չասենք՝ Հայաստանի հետ վերամիավորվելուն, այլեւ դեմ է արտահայտվում Արցախում տեղի ունեցող ցանկացած միջոցառման, որը պետական եւ ազգային նշանակություն ունի: Ինչպես՝ հանրաքվեները, սահմանադրական բարեփոխումները, նախագահի, խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրությունները եւ այլն:

Այս հարցերը նույնպես խոչընդոտում են հայ-վրացական հարաբերությունների իրապես կայացմանը, քանի որ Վրաստանը արդեն ի դեմս Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի երկու «Արցախ» է կորցրել, ունի նաեւ այլ կորստի իրական օջախներ… Այսպիսով, պաշտոնական Թբիլիսին միջազգային տարբեր կառույցներում, նաեւ ՄԱԿ-ում՝ դեմ է քվեարկում հայանպաստ շատ հարցերի, եւ կողմ՝ ադրբեջանանպաստ որոշումների կայացմանը:

Հայաստանը ՄԱԿ-ում շատ քիչ հարցերում է դեմ քվեարկել Վրաստանի առաջարկներին, որից մեկում Վրաստանի հեղինակած այն բանաձեւ էր, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց եւ 80 կողմ, 14 դեմ եւ 61 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այնուամենայնիվ ընդունեց: Դա «Աբխազիայի, Վրաստանի ու Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի ներքին տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւն էր։  

Սույնով Գլխավոր ասամբլեան ճանաչում է փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը Վրաստան՝ անկախ նրանց ազգությունից։ Ի դեպ, նման բովանդակությամբ բանաձեւ Վրաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ն ընդունում է արդեն 10-րդ անգամ։ Բանաձեւին դեմ քվեարկածների շարքում էին Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Կուբան, Սիրիան, Զիմբաբվեն եւ այլն։ Ակնհայտ էր, որ բանաձեւի ընդունումն ու Հայաստանի քվեարկությունը չէին կարող վրիպել նաեւ մեր լրատվական-փորձագիտական հանրության աչքից, հետեւաբար այն տարատեսակ մեկնաբանությունների, հետեւությունների ու վերլուծությունների տեղիք տվեց, ինչպես Վրաստանում։

Բայց բանաձեւին «դեմ» քվեարկելը մեր կողմից հիմնավորված էր։ Այն նախատեսում է փախստականների վերադարձ՝ առանց բուն հակամարտության կարգավորման։ Ակնհայտ է, որ առանց հակամարտության համապարփակ կարգավորման նման բան հնարավոր չէ, եթե խնդրի մնացած բաղադրիչները, օրինակ՝ մարդկանց անվտանգությունն ապահովված չէ։ Ինչպես կարելի է պատկերացնել, որ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական կարգավորման՝ փախստականների վերադարձ լինի իրենց բնակավայրեր, ինչքան էլ մեզ համար գուցե ցանկալի է, որ կես միլիոնից ավելի հայեր վերադառնան մեր պապական հողերը, Գարդմանի կամ ինչպես այսօր կիրառվում է Դաշտային Արցախի եւ այլն…

Իհարկե, վրացիները առաջին հայացքից կարող են ասել, թե դա ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հետ, եթե բանաձեւը ուրիշ տարածքների մասին է, բայց քանի որ այդ բանաձեւի աջակիցները հիմնականում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրներն էին, որոնք մշտապես հանդես են գալիս միասնական ճակատով, ապա հասկանալի է, թե ինչ կհետեւեր դրան, եթե Հայաստանը «այո» քվեարկեր: Օրեր անց նույն խնդիրը Ադրբեջանն ու Թուրքիան պիտի բարձրացնեին… Իսկ որ ՎՈւԱՄ-ը մշտապես հակընդդեմ ԱՊՀ-ի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Տաջիկստան) է հանդես եկել, դա անհերքելի է:

Ի վերջո Թբիլիսիում պիտի հասկանան, որ իրենք էլ Արցախին են դեմ՝ հաշվի առնելով ներվրացական խնդիրները, ինչի մասին Հայաստանը համբերատար լռում է: Թբիլիսին եւ Բաքուն իրականում հասկանում են, որ այսպես կոչված Հարավային Կովկասում իրականում 6 պետություն կա, 3-ը՝ ճանաչված, 3-ը՝ չճանաչված: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական իրադարձությունների մասնակից են նաեւ Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Ու սա է, որ փորձում են անտեսել վրացիներն ու ադրբեջանցիները, ինչից էլ հակահայկական միացյալ հիստերիան է ծնվում-վերածնվում…

Իսկ որ ավելի պարզ ասենք, Ադրբեջանն ու Վրաստանը հասկանում են, որ այսօր ու վաղը, ինչպես երեկ, դեռ միասնաբար պիտի ընդդիմանան հետզհետե վերակազմավորվող Միացյալ Հայաստանի վերաստեղծմանը… Իսկ Ադրբեջանը բացի հայկական հողերից, «տալիք ունի» նաեւ լեզգիներին, թալիշներին եւ այլոց, ինչպես Վրաստանը՝ բացի հայերից, սվաններին, մեգրելներին եւ այլերի:

Հավելենք նաեւ, որ Հայաստանի դեմ քվեարկելը վերոնշյալ վրացական բանաձեւին նաեւ այն հիմքն ուներ, որ օրակարգ մտնելուց առաջ բանաձեւը կոչվել է «Ձգձգված հակամարտությունները ՎՈւԱՄ-ի տարածքում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա»։ Այս նախադասությունն արդեն ամեն ինչ ասում է բանաձեւի բուն էության մասին։ Ադրբեջանը, որպես ՎՈւԱՄ անդամ, կձգտի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ, որտեղ մենք կպարտվենք ընդհանուր քվեարկության ժամանակ, ինչպես դա եղավ վրացական բանաձեւի դեպքում:

Իսկ որքան Լեռնային Ղարաբաղը քիչ հիշատակվի ՄԱԿ-ի կամ այլ կառույցների պաշտոնական փաստաթղթերում, այնքան ավելի հեշտ կլինի խուսափել հակահայկական տարաբնույթ բանաձեւերից ու միտումնավոր, շահախնդիր ձեւակերպումներից։ Ի վերջո ՄԱԿ-ում կա ուժեղ թուրքական ազդեցություն, ինչպեսեւ՝ իսլամական գործոն, որի ժամանակ  քվեարկում են ըստ հավատակիցների ցանկության: Դրա ականատեսը եղել ենք «Իսլամական համաժողով»-ի քննարկումների ընթացքում, երբ շուրջ 80 իսլամական պետություններ մշտապես Ադրբեջանի թիկունքին են կանգնում, մի անգամ Պակիստանի (երկիր, որ մեր պետությանն ագրեսոր է կոչել եւ հանուն Ադրբեջանի չի ճանաչել Հայաստանի անկախությունը) միջնորդությամբ անգամ Արցախի նկատմամբ «ջիհադ» է հայտարարվել… Մինչդեռ մի օր համաքրիստոնեական աջակցության չարժանացավ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած Հայաստանը:

Լինելով ՎՈւԱՄ միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես ՄԱԿ-ում կողմ է քվեարկում ադրբեջանամետ՝ հետեւաբար հակահայկական բանաձեւերին, բանակցությունների ժամանակ ակնհայտ սատարում է իր գործընկերոջ՝ Ադրբեջանի, անգամ Թուրքիայի դիրքորոշումը եւ այլն։ Օրինակ՝ 2008-ին կողմ է քվեարկել եւ օրակարգ ներառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ բերված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» վերնագրով բանաձեւին:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։