ՏԻՄ ընտրությունները

ՀՀ կառավարության «հավակնոտ» ծրագրերի ինքնարժեքն են

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները քաղաքամայր Երեւանի թաղերում եւ հանրապետության մարզերում եկան հավաստելու, որ տեղական ինքնակառավարում ասածը Հայաստանում ոմանք հասկացել ու հասկանում են իրենք իրենց համար տարածքներ ստեղծելն ու ինքնակառավարելը: Իսկ ավելի պարզ՝ ամեն մի մականունավոր կամ դեռեւս անմականուն գործարար կամ պետական պաշտոնյա, տեղական ինքնակառավարում ասելով հասկանում է, որ անհրաժեշտ է ունենալ (իմա՝ սեփականացնել) մի որեւիցե մարզ, քաղաք կամ գյուղ (դե գոնե թաղամասիկ), որը հենարան կդառնա իր տնտեսական շահերը քաղաքական հարթությունում պաշտպանելու համար:

Եթե կուսակցությունների պատասխանատուները կամ էլ «համեստ» անդամները նախարարական կամ պատգամավորական լծակներով են իրենց գռփածն օրինականացնում ու «ազգային» կամ «համամարդկային» խնդիրներով զբաղվում, ապա «բիրդան աղա» դարձած գործարարները դա անում են մարզային եւ քաղաքային իշ-Խանություններ ստեղծելով… «բդեշխ», «ցարիբոգ», «թագավոր» կամ մեկ այլ բան աշխատելով, շատ ներողություն՝ ինքնակառավարելով:

Տակավին վերջերս, Երեւանի մի շարք թաղապետերի եւ ավագանու անդամների ընտրությունները, ինչպեսեւ՝ Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի եւ այլ մարզերի ՏԻՄ ընտրությունները, եւս մեկ անգամ հավաստեցին, որ ընտրություններից առաջ տարածքային թագավորիկների կողմից ցուցակները նախօրոք կազմվում ու «դաբրո»-ավորվում են, իսկ ընտրական հանձնաժողովների գործը լինում է պարզապես դրանք թվանկարչությամբ հաստատելը… Իսկ լա՜վ վարձատրությունը հանձնաժողովների անդամներից շատերին (հատկապես՝ նախագահներին) նկարչական մե՜ծ ձիրք է շնորհում:

«Լուսանցք»-ը, եթե նկատել է մեր ընթերցողը, գրեթե չի անդրադառնում այդ մակարդակի (ՏԻՄ ընտրություններ հորջորջվող) միջոցառումներին, քանզի դա թերթի էջերը ապականելու, ստի ու կեղծիքի գովաբանությամբ անվճար կամ վճարովի զբաղվելու լավագույն (ոչ միայն շահութաբեր) ներքաղաքական թեման է:

Ի՞նչ իմաստ ունի անդրադառնալ, թե ովքեր առաջադրվեցին եւ ովքեր ընտրվեցին սրտաճմլիկ թեմաներին, եթե ինչպես ժողովուրդն է ասում՝ «ամեն ինչ պարզ է»: Կարող են եւ հակաճառել, թե տեսե՜ք, այսինչ կամ այնինչ ընդդիմադիր կամ չեզոք թեկնածուն հաղթեց ու որեւէ ավագանու անդամ դարձավ: Բայց, սառը գլխով դատելուց հետո, հաստատ մի նոր համոզմունք կծնվի, որ ա՜խր ոչ մի գյուղապետ կամ քաղաքապետ չընտրվեց այսինչ կամ այնինչ ընդդիմադիր կամ չեզոք թեկնածուներից, բա՜ գոնե մի քանի ավագանու անդամ էլ «չընտրվե՞ր» այդ բազմազան թեկնածուներից, որ ժողովրդավարության նոր առաջընթացն ակնհայտորեն երեւար…

Իսկ այդ հատուկենտ ընտրված ավագանու անդամներն էլ հետո անիմաստ գլխացավանքի մեջ են ընկնելու ՏԻՄ ներկայացուցչական մարմինների քվեարկությունների ստեղծած «անճար» վիճակից, ու կամ չեն հաճախելու նիստերին կամ էլ… լա՜վ առաջարկների գայթակղությանը չեն դիմանալու: Եվ ահա, հետո էլ իշխանություններն ասելու են, թե՝ տեսե՜ք, ընդդիմության ներկայացուցիչները ծախվող են, իսկ էն ծախված ու նաեւ իսկապես ջանք ու եռանդ դրած ժողովուրդն էլ ինչպես միշտ ասելու է՝ «ըսենց էլ պիտի լիներ»… Ու սա ավելի վատ է, քան հատուկենտ հաղթելը:

Հատկապես քաղաքապետերի եւ գյուղապետերի միակ թեկնածուների ժողովրդավարական հին համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել… Եթե նախկինում այս ընտրովի պաշտոնների հարցերը կարգավորվում էր քավոր-սանիկության եւ ախպեր-ընգերության համակարգով, ապա՝ հիմա այն առավել «ազգային» բնույթ է ստացել՝ աներ-փեսա կամ հայր-որդի (կամ՝ եղբորորդի) ազգային-ժողովրդավարական համակարգն է կիրառվում: Եվ սա չնկատել ու չգնահատել հնարավոր չէ, եւ եթե այսուհետ էլ ընտրող «հարգելի հայրենակիցները» չգնահատեն այս առաջընթացը, ապա եվրոպաների՞ց ինչ սպասենք… Ահա այսպես էլ «տան կեղտոտ սպիտակեղենը» դուրս է հանվում եւ աներ-փեսա, հայր-որդի «ազգային» տղերքը «գողականն են խոդի տալիս»… Բա՜ ինչ, էլ մեր թասիբ-նամուսն ու՞ր մնաց: Եվ ազգին հարստահարողներն ու նվաստացողները ազգայինի շղարշ են հագնում, բարեգործ ձեւանում, բայց միեւնույնն է՝ տեսանելի են…

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ նման ընտրություններին մասնակցում են ընտրողների շուրջ 25-30%-ը (լինում է նաեւ՝ 15-20%-ը) միայն, սակայն մարդկանց 60-70% «ակտիվությունը» շռնդալից գալիս է փշրելու մեր սին պատկերացումները ՀՀ ընտրողների թվի ու մասնակցության մասին: Եթե հանրապետական կարգի ընտրություններում զարմանում ենք մեր երկրում գտնվող մարդկանց քանակից, ընտրաձայների առատությունից, ապա ՏԻՄ ընտրություններում այն հասնում է առավելագույնի… եւ եթե բոլոր մարզերի քաղաքների ու գյուղերի ընտրություններին մասնակցած ձայները գումարենք, ապա հանրապետական բա՜րձր կարգի ընտրությունները մեր աչքին սակավամա
րդ կթվան:

Ուրեմն՝ հանգում ենք մի շատ անհարմար մտքի. մեր կառավարության եւ ավելի բարձրագույն իշխանության «հավակնոտ» ծրագրերը նախընտրական խոստումների հերթական փուչիկներն են, որոնք գմփ-գմփում են հաջորդիվ, մեկը մեկից ուժգին: Իսկ իշխանությունների «հայկական աշխարհ» ստեղծելու մարմաջը պարզապես մի քանի հայերի (եթե հայը ընդամենը «յան» վերջածանցով ազգանունով է որոշվում) համար, այսպես կոչված, հայկական աշխարհ կառուցելն է: Դե, իրենց օտար տերերից ի՜նչ պիտի սովորեն: Նրանք աշխարհի «301-ի կոմիտե» են ստեղծել, իրենք էլ երեւի՝ «31-ի կոմիտե» կստեղծեն…

Եթե օտարները որոշել են աշխարհում «ոսկե միլիարդ»-ի գաղափարն իրականացնել (Երկիր մոլորակում թողնելով 1 մլրդ. բնակչություն՝ սպասարկող անձնակազմ), ապա մերոնք էլ որոշել են ՀՀ-ում «ոսկե միլիոն»-ի գաղափարն իրականացնել (ՀՀ-ում թողնելով 1 մլն. բնակչություն՝ սպասարկող անձնակազմ): Իսկ ՀՀ-ում գոնե 5-6 մլն. մարդ պիտի բնակվի, որ եւ՛ ազգի եւ՛ երկրի զարգացումը համաչափ ու ռիթմիկ ընթանա: Այլապես՝ հետաճն անխուսափելի է:

Խորհրդային «մամլիչ-կլանիչ» տարիներին ՀԽՍՀ բնակչությունն անցել էր 4 մլն.-ի սահմանագիծը: Հիմա, ՀՀ-ի պարագայում 3,5 մլն. թիվ են ներկայացնում մեր իշխանությունները, որից, բազմաթիվ աղբյուրների պնդումների համաձայն, 1,5-2 մլն.-ը վաղուց գաղթել է երկրից:

Դե՜ ինչ, մերոնք «ոսկե միլիոն»-ի հարցում շատ ավելի մոտ են հաջողությանը, քան աշխարհի հզորները՝ իրենց վաղեմի «ոսկե միլիարդ»-ի…

Ա՜յ այստեղ օտար տերերը սովորելու բան ունեն մեր «հավակնոտ» ոսկեմիլիոնականներից:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։