Տարածաշրջանային նոր եռյակը՝ հայկական գերնպատակ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա (հորիզոնական) եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռյակների (ուղղահայաց) փոխարեն մեկ եռյակ տարածաշրջանում՝ Իրան-Հայաստան-Վրաստան՝ բոլոր ուղղությունների համար… Հայաստանն իր ներկայիս փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել միջազգային կարեւորագույն խաչմերուկներում…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է տարածաշրջանային այն քաղաքական կամ տնտեսական ծրագրերին, որոնք ռազմավարական մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի համար, այլեւ միջազգային ասպարեզում դառնում են օրակարգային հարցեր: Հատկապես տնտեսական այն ծրագրերը, որ շոշափում են նաեւ գերտերությունների շահերը, դառնում են անչափ կարեւոր, քանի որ քաղաքա-տնտեսական ոլորտից բացի շոշափում են նաեւ ռազմա-քաղաքական ոլորտը, ինչը նշանակում է՝ այդ ծրագրից դուրս գտնվելով մեկուսանալու վտանգ է ծագում, իսկ հակառակ դեպքում՝ ազգային նպատակների առաջադրման հնարավորություն է բացվում:

Հայաստանն իր ներկա փոքր տարածքով եւս կարող է ռազմա-տնտեսական եւ ռազմա-քաղաքական առումներով հայտնվել տարածաշրջանային կարեւորագույն խաչմերուկներում, եթե հետեւողական եւ ճիշտ դիտարկումներով առաջնորդվի: Երկբեւեռ աշխարհը դրա հնարավորությունը տալիս է, եւ Հայաստանը այսօր գործում է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսաստանյան բեւեռներում, իսկ Չինաստան-Եվրոպա կապը՝ որպես հավելում, ավելի է մեծացնում տարածաշրջանային խաղացող դառնալու հեռանկարը:

«Լուսանցք»-ը բազմիցս գրել է, որ մեր տարածաշրւանում, որ Կովկասյան է կոչվում, Հայաստանն ամեն բան պիտի անի, որպեսզի տարածաշրջանային եռյակը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, փախվի Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, ինչը թույլ կտա նաեւ համատեղել Մերձավորարեւելյան ուղիները՝ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան: 

Օրերս Բաքվում կատարվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությունը: Սա այն քաղաքական նախագծերից է, որ փորձելու է մեկուսացնել Հայաստանը: Սակայն, բացի Վրաստանից, արարողության մնացյալ մասնակից երկրները թուրքական դաշինքի անդամներ են, ինչը կարող է այլ քաղաքական բնույթ ստանալ, եթե Երեւանի ու Թեհրանի քաղաքականությունը հստակ եւ միասնական գործի: Թուրքական ճամբարից բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից ներկա էին նաեւ Ղազախստանն ու Ուզբեկստանը: Սա հավաստում է, որ թուրքական ծրագիրը ոչ միայն դեպի Եվրոպա, այլեւ Կենտրոնական Ասիայով դեպի Չինաստան գնալն է:

Իսկ սա նշանակում է Եվրոպա-Ասիա կապը հանձնել թուրքական երկրներին, ինչը «Մեծ Թուրանի» ստեղծման հիմք կծառայի… Եվ այստեղ է, որ Հայաստանն ու Իրանը պիտի բանակցեն Վրաստանի, եվրոպական համագործակցության, ամերիկյան եւ ռուսաստանյան ուղղությունների հետ՝ համաթուրքական վտանգի դեմն առնելու համար: Այս վտանգը արդեն զգացել են Չինաստանում, քանի որ թյուրք-ույղուրների խնդիրն ունեն, եւ այդ երկիրն իր «Մետաքսի ճանապարհ» գերծրագրում՝ Չինաստան-Եվրոպա, դուրս է թողել Թուրքիային ու Ադրբեջանին: Եվ ներառել է Հայաստանին ու Իրանին, առաջինը եվրոպական ուղղության համար կդառնա Վրաստանով եւ Սեւ ծովով Եվրոպա գնացող ուղին, երկրորդը՝ Իրաքով-Սիրիայով-Լիբանանով եւ Միջերկրական ծովով դեպի Եվրոպա գնացող մյուս ուղին:

Այնպես որ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կարելի է երկրորդական ուղու վերածել, հատկապես որ այն առաջին հերթին քաղաքական նախագիծ է, որի հիմնական նպատակը շատ պարզ է՝ Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային տնտեսական զարգացումներից եւ հնարավորինս մեկուսացնել նաեւ ռազմա-քաղաքական տեսանկյունից։

Ցավոք, պաշտոնական Թեհրանը փորձում է մի քանի խաղի մեջ մնալ եւ տուրք տալով ռուս-ադրբեջանական քայլերին՝ Հայաստանի հետ նախատեսված քայլերը չի շտապեցնում…

Վերջերս կայացած Պուտին-Ռոհանի-Ալիեւ եռակողմ հանդիպմանը եւս քննարկվում էր այս հյուսիսային ուղին, որից նույնպես դուրս է մնում Հայաստանը: Իհարկե, սա գուցե հատուկ հակահայկական ուղղվածություն չունի, բայց ի վերջո այդպիսի ընթացքի է հանգելու: Այսինքն՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների հորիզոնական ուղղությունը կդառնա Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, իսկ ուղղահայաց ուղղությունը կդառնա՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան… Բայց այստեղ եւս խնդիրներ կան քաղաքական, ինչպես նախորդ դեպքում, ինչը թույլ չի տալիս այս ուղղությունը գործարկել:

Այլապես Հայաստանի դիրքերը բոլոր ուղղություններով կթուլանան եւ լուրջ ազդեցություն կունենան մեր տնտեսության, ուրեմնեւ՝ պետության զարգացման վրա:

Իրանը եւ Ադրբեջանը տարածքային խնդիրների լուրջ վեճ ունեն, ինչը մեծապես սառեցնում է ուղղահայաց այս ուղին: Իմիջիայլոց, տարածքային վեճեր ունեն նաեւ թուրքական դաշինքի մի քանի երկրներ, ինչպես՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի նավթաշատ կղզիների հարցում, Ուզբեկստանն ու Ղրղզստանը՝ սահմանային հստակեցումների կարիք ունեն դեռ եւ երբեմն դա հանգեցնում է բախումների: Այսինքն՝ Կենտրոնական Ասիայի միասնականության հարցը եւս կասկածի տակ է: Սա լավ հասկացել են Չինաստանում, եւ այդ երկիրը երկար ժամանակ է տնտեսական եւ դրամական լուրջ ներդրումներ է կատարում նախկին խորհրդային Միջինասիական թուրքական երկրներում, ինչն արդեն անհանգստացնում է Անկարային, քանի որ տնտեսական կապերը Չինաստանի հետ՝ արդեն որոշակիորեն հեռացրել են համաթուրքական դաշինքի մի շարք երկրների Թուրքիայից:

Վերջերս աշխուժացել են հայ-չինական կապերը, եւ այս երկիրը Հայաստանում սկսել է կառուցել տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը, ինչ արդեն իսկ նշանակում է, որ Պեկինը լուրջ է տրամադրված տարածաշրջանում հաստատվելու առումով: Փոխադարձ այցերը ոչ միայն քաղաքական ու տնտեսական բնույթի են, այլեւ՝ ռազմա-պաշտպանական:

Հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի ու Հայաստանի միջեւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ինչն արդեն շարունակական բնույթ է կրում երկկողմանի: Ինչպես ՏՏ, գիտության, մշակույթի եւ արվեստի, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ է ստորագրվել: Վարչապետին ուղեկցում էին ՊԵԿ նախագահը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, գյուղատնտեսության ու մշակույթի նախարարները, ինչը ցույց է տալիս հայ-իրանական կապի մեծ նշանակությունը: Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Բայց «Հյուրսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, որը պետք է վերածվի ոչ միայն Իրան-Հայաստան կապի, այլեւ Վրաստանով դեպի Եվրոպա գնացող ուղղության, շարունակաբար ձգձգվում է, այս կամ այն դժվարությունը պատրվակելով: Իսկ արդյո՞ք ամեն բան հեշտ է եղել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ընթացքում…

Պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ պարզապես կաղում է…

Իսկ հիմա էլ տեղեկատվություն է դուրս սպրդել, թե «Հյուրսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է ավարտին չհասցվի։ Իբր իշխանություններն արդեն հասկացրել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, եւ հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին։ Իսկ գուցե մեր վերոնշյալ հարցադրու՞մն է պատճառը, որ վարկեր չեն տալիս, քանի որ դրանք ուղղակի մսխվում են: Եվ ոչ միայն մսխվում են, այլեւ մեր երկիրը, ապագա սերունդներին դնում են դրամա-տնտեսական կախման մեջ…

Կապի, տրանսպորտի եւ տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության համար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեեւ նշել է, որ ներդրողներ կան, եւ նրանց հետ բանակցություններ են ընթանում, սակայն եթե մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ…

Ոմանց կարծիքով, ստեղծվող անկախ Քրդստանի խնդիրը եւս կարող է ազդել Իրանի քաղաքականության վրա, սակայն Քրդստանի ստեղծումը գոնե այժմ հնարավոր չէ, իսկ քրդական գործոնն իր ազդեցությունը տարածաշրջանում պահելով՝ չի կարող շեղել Իրան-Հայաստան կապը եւ զարգացումները: Եվ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման հակաքայլ առաջադրողները Հայաստանն ու Իրանը պիտի լինեն:

Տեսակետ կա նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի այլընտրանքային ճանապարհ Հայաստանի համար կարող է ծառայել աբխազական երկաթգիծը։ Սրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ինչպես հակահայկական, այնպես էլ հակառուսական նախագիծ է եւ աբխազական երկաթուղու գործարկման մեջ շահագրգռված պիտի լինի նաեւ Ռուսաստանը: Պարզապես Մոսկվան պիտի հստակեցնի իր վերաբերմունքը դաշնակից Հայաստանի նկատմամբ եւ ինչպես եղել է Պուտին-Ռոհանի-Ալիեւ եռակողմ հանդիպմանը, այլեւս ուղղակի կամ աննուղղակի անդրադարձ չանի Արցախյան խնդրին։ Այս առումով Թեհրանն ավելի հավասարակշիռ մոտեցում ունի, քան Մոսկվան: Մինչդեռ ռուսական կողմը պիտի հայամետ լիներ, ոչ թե հավասարակշիռ կողմ…

Չնայած, ինչպես վերը նշվեց, Թեհրանը եւս տարածաշրջանային որոշակի խաղերի մեջ է: Նոյեմբերի 1-ին Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Սա նման ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումն է՝ առաջինը եղել է 2016թ. օգոստոսին: Հանդիպումներում քննարկվող հիմնական թեման, իհարկե, նավթն ու գազն էին, որոնք գտնվում են Կասպից ծովի տակ, եւ պետք է որոշեն, թե ոնց են բաժանելու իրար մեջ:

Բայց կա մի այլ թեմա եւս, որը շատ ավելի կարեւոր ու մտահոգիչ է Հայաստանի համար: Խոսքը «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» մասին է, որը Իրանը կապում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով: Այդ միջանցքի հիմնական բաղկացուցիչը երկաթուղին է:  Ներկայումս Իրանի ու Ադրբեջանի երկաթուղիները միացած չեն: Պակասում է մի հատված, որն ընկած է իրանական Աստարա եւ Ռեշտ քաղաքների միջեւ: Այդ հատվածը ներկայումս կառուցվում է եւ տեսակետ կա, թե արդեն 90%-ով պատրաստ է:

Հայաստանի հետ առնչությունն ուղղակի է՝ սա մեր երկիրը շրջանցող հերթական տրանսպորտային ուղին է: Եվ այդ հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ էլ պաշտոնապես գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Իրան-Ադրբեջան երկաթուղու գործարկմամբ տարածաշրջանի բոլոր երկրները կունենան միմյանց հետ երկաթուղային հաղորդակցություն այն դեպքում, երբ ընդամենը տարիներ առաջ այդպիսի հաղորդակցության հնարավոր էր միայն ու բացառապես Հայաստանի տարածքով…

Այսպիսով, Հայաստանի հարեւան երկրները Հայաստանի շուրջ կառուցել են երկաթուղային օղակ, որով կարող են հաղորդակցվել ոչ միայն միմյանց հետ, այլեւ լինեն շատ ավելի լայնածավալ փոխադրումների բաղկացուցիչ մաս: Եվ կարեւոր հարցերից է նաեւ 3 երկրի միջեւ փոխադրումներ իրականցնելը եւ փոխադրումներ կազմակերպելը Ասիայի ու Եվրոպայի միջեւ:

«Հյուսիս-հարավ միջանցքը» կարող է միացնել երկու աշխարհամասերը եւ մենք վերստին կուշանանք մեր «Հյուսիս-հարավով»…

Չի բացառվում, որ Բաքուն հենց ինքը փորձի գործարկել Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը՝ քաղաքական նպատակներ հետապնդելով՝ Հայաստանի ու Արցախի դեմ գործելով:

Սակայն, այնուամենայնիվ պիտի շեշտել, որ այս ձեւաչափի մյուս երկու երկրները՝ Ռուսաստանն ու Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ եւ գուցե չգնան այդ կտրուկ քայլին… Նման կարծիք են հայտնում ոչ միայն հայկական, այլեւ ռուսաստանյան եւ իրանական լրատվամիջոցները: Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն նաեւ նշել է, որ այդ համագործակցությունն ուղղված կլինի ԱՄՆ-ի դեմ, քանի որ այդ երկրները խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, ինչը եւս հայաստանանպաստ կարգավիճակ կստեղծի:

Բայց պիտի միշտ հիշել, որ ներկայիս քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ (հայ-թուրքական խնդիրը այս ուղեծրից դուրս է…), ուստի՝ քաղաքական համագործակցության հարցերը կարող են նաեւ փոփոխությունների ենթարկվել ըստ իրավիճակային հանգամանքների…

Ուստի, նախ եւ առաջ Հայաստանի ու հայության շահերն են եւ հետո՝ իրավիճակային որեւէ հանգրվանում նաեւ այս կամ այն գերուժի, ռազմա-քաղաքական բեւեռի…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։