Էրեբունին այլեւս չկա՞

Վերջերս հերթական անգամ նշվեց «Երեւանի օրեր» տոնակատարությունը: Լավ, թե վատ՝ նշվեց, հոբելյանն էլ պատկառելի էր՝ մեր մայրաքաղաքի 2790 ամյակն էր: Հիշեցնենք, որ սա նախկինում «Էրեբունի-Երեւան» տոնն էր, որի «Էրեբունի» մասը տարիներ առաջ «պատմական» որոշումով հանվեց: Ըստ երեւույթին, հին պատմության հետ այլեւս չառնչվելու խնդիր ունեին Երեւանի քաղաքապետարանում (եւ ոչ միայն այդտեղ):

Դե՜, ոնց կարելի է, հիմա, եթե Հյուսիսային պողոտայի «էլիտար» շենքերին նայենք, կամ՝ այլ եվրաչափանիշներին համապատասխան ճարտարապետական շինություններին ու Երեւանի հետ միասին ասե՛նք Էրեբունի, բա կնայվի՞… Բա էլ ու՞ր մնաց առաջընթացը: Հո հեթանոսական կամ արեւելյան երկի՞ր չենք, հինն այլեւս տեղ պիտի չունենա մեզանում: Արդեն քրիստոնյա ու ժողովրդավարական եվրոպական պետություն ունենք եւ «Երեւանի օրեր» տոնը դրա հավաստիացումն է: Ուրեմն՝ ոչ մի խոսք այլեւս հին հայերի մասին, մեր նախնյաց հզոր հավատքի ու նրանց ստեղծած երկրի, Էրեբունի քաղաքի մասին: Դե, եթե տոնը երկրի աշխարհիկ ու հոգեւոր ղեկավարներն են սեփականացրել ու, առավելապես, իրենք են տոնում (ցուցադրական համերգները համաժողովրդական տոն չեն կարող համարվել), ապա Երեւանն էլ պիտի «նորովի» փառաբանվի:

Լավ է 2790 տարին չեն ձեւախեղել, չնայած շատ չկա՝ մեկ էլ տեսար Երեւանի տարիքը 1700 դարձրին կամ էլ մայրաքաղաքի տարիքը կսկսեն հաշվել մեր Եվրախորհուրդ մտնելու օրվանից…

Չե՞ որ մենք, ոմանց կարծիքով, ազգ ենք դարձել 1700 տարի առաջ՝ քրիստոնեությունն «ընդունելով», եւ մարդ ենք դարձել՝ եվրաչափանիշներով «ապրելուց» հետո միայն…

Իսկ 2790 թիվը կարող է եւ խանգարել հետագայում… Հոգեւոր եւ աշխարհիկ համաշխարհայնացումները (էկումենիզմ եւ գլոբալիզացիա) դա էլ չեն հանդուրժելու…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։