Հետեւողակա՛ն, բայց նպատակայի՞ն – Հայ-իրսայելական հարաբերությունները կարծես զարգացման միտում ունեն… Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի եւ Յադ Վաշեմի Հոլոքոստի զոհերի հուշահամալիրները նույնականացրեցի՞ն հրեաները… Եթե հետեւողական հանդիպումները չնդգրկեն աշխարհաքաղաքական հարցեր, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն…

Հայ-իրսայելական հարաբերություններն իրապես հետեւողական բնույթ են կրում եւ նոյեմբերի 6-7-ը մեր երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով եղավ այդ երկրում։ Հայ նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ Իսրայելի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այն, որ հայ-հրեական հարաբերություններն առաջ են գնում, հավաստել է նաեւ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին՝ նշելով, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:

Էդվարդ Նալբանդյանը նախապես հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Կնեսեթի փոխխոսնակը ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունների ընթացքում մեր նախարարի հետ ունեցած բովանդակալից հանդիպումները: Վերջինս արձագանքելով ընդգծեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համապատկերում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի:  

Մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ, որ երկկողմանի հետաքրքրությունների շրջանակներում են: Ինչպեսեւ անդրադարձ կատարվեց հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի ու Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։ Ի դեպ, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է իր այցի նպատակները, հանդիպումների արդյունքները, անդրադարձ է արվել Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության, համահայկական օրակարգի մի շարք հարցերի:

Ապա հանդիպում եղավ Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ իրենք պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը կարեւոր համարեց փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը եւ Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահի բարեմաղթանքները, ինչպես նաեւ Երեւան այցելելու հրավերը։

Զրուցակիցները բարձր գնահատեցին խոհրդարանների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը եւ բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը: Անդրադարձան հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ, որոնք առաջնային են նաեւ միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Յուլի Էդելշտեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարեւորության վերաբերյալ հայտնի է ու ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։

Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ եւ ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարեւորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ եւ Երեւանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները եւ մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ եւ հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստան այցելած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունն էլ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ գրառում անելով հուշամատյանում:

Մեր երկրի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երուսաղեմի եւ ժառանգության հարցերով նախարար Զեեւ Էլիկինի հետ: Վերջինս նշել է, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցերից եւ ուրախ է Երուսաղեմում ընդունել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին: Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապն ու փոխադարձ համակրանքը միջպետական կապերի ամրապնդման նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել: Նախարարներն անդրադարձել են Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, ՀՀ-ում հրեական համայնքի գործունեությանն առնչվող հարցերին։

Էդվարդ Նալբանդյանն ու Ցախի Հանեգբին քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները: Հրեա նախարարը ջերմությամբ վերհիշել է հուլիսին Երեւանում իր հանդիպումը հայ գործընկերոջ հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր ու դրական լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:

Կողմերը համաձայել են, որ վերջին շրջանում շփումների աշխուժացումն ու առավել հաճախակի փոխայցերը վկայում են հայ-իսրայելական հարաբերություններն առավել խորացնլու երկկողմ հետաքրքրվածության մասին:

«Լուսանցք»-ը նախկին թողարկումներում նշել է, որ հայ-հրեական հարաբերությունները պատմաքաղաքական անցյալ ունեն եւ զուտ երկկողմանի փոխհարաբերությունների վերականգնման խնդիր չէ, որ այսօր լուծվում է, եւ հետեւողական հանդիպումները եթե ռազմավարական ու ռազմաքաղաքական նշանակություն չունեցան, որ կհանգեցնեն աշխարհաքաղաքականի, ապա հայ-հրեական հարաբերությունները անապագա կլինեն:

Վահագն Նանյան

* * *

2 տարվա շրջափակումից հետո

Դեր Զորում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր-եկեղեցին 2 տարվա շրջափակումից հետո ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ճիրաններից:

Ինչպես գրում է Prensa Centro Armenio կայքը, սիրիական պարբերականի հրապարակած լուսանկարները պատկերում են, թե որքան վնաս է հասցվել եկեղեցուն իսլամիստների գործողությունների հետեւանքով:

Սիրիայի կառավարությունը դեռեւս հուշարձանի վերականգնման նախագիծ չի ներկայացրել: Հավանաբար, այն կվերականգնվի Դեր Զորի վերականգնման աշխատանքների շրջանակներում:

Հիշեցնենք, որ Դեր Զորն իսլամիստների վերահսկողությունից ազատագրվել է նոյեմբերի 3-ին, որից հետո ռուս մասնագետներն սկսել են ականազերծման աշխատանքներ իրականացնել քաղաքում:

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

http://www.hayary.org/wph/?p=2799 Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք – Այս ծրագրով նոսրացավ տարածաշրջանի հզոր հայկական համայնքը… Վտանգավոր գործընկերության դասերը…

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։