Կրկին մեկաշխարհական երազանքների մասին

Ինչու՞ են լվանում մարդկային ուղեղները ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհուրդը

(գաղտնի նախագիծ)

Շատերն են հավատում, թե ԱՄՆ-ում ղեկավարելու համար Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձեւավորում է ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ուղղությունը եւ ճակատագիրը: Դա մոտավորապես 3 հզ. անդամ ունեցող կազմակերպություն է, որ հայտնի է «Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ» (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: ԱՀԽ-ն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին, մի խումբ «մտավորականների» կողմից, ովքեր կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք:

Ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ի մուտքը 1-ին Համաշխարհային պատերազմ (1917թ. ապրիլ), ամերիկյան ժողովուրդը հետեւում էր նախագահ Ջորջ Վաշինգթոնի իմաստուն խորհրդին, որը վերջինս տվել էր իր հրաժեշտի խոսքի ժամանակ՝ դիմելով ժողովրդին 1796թ. սեպտեմբերին: Նախագահ Վաշինգթոնը նշում էր. «Սա է մեր ճշմարիտ ռազմավարությունը՝ հեռու մնալ արտաքին աշխարհի ցանկացած մասի հետ մշտական դաշինքից… ինչո՞ւ պետք է խառնենք մեր ճակատագիրը Եվրոպայի ցանկացած մասի ճակատագրի հետ, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը նետենք եվրոպական փառամոլության, թշնամանքի, շահերի, հումորի եւ քմահաճույքների ցանցի մեջ»: Նախագահը հասկանում էր, որ այլ ազգերի ու պետությունների ներքին գործերին միջամտելը կստեղծի թշնամիներ ու ատելություն ԱՄՆ-ի հանդեպ:

Որպես Ջ. Վաշինգթոնի նախազգուշացման դեմ ուղիղ հակասություն, պետքարտուղար Վիլլիամ Ջեննինգս Բրայանը եւ այլոք Վուդրո Վիլսոնի (1917թ.) նախագահության օրոք նպաստեցին ԱՄՆ-ի՝ 1-ին Համաշխարհային պատերազմ ներքաշվելուն, որպես ամերիկյան հանրության առջեւ արտաքին հարձակումները հիմնավորող մի նախերգանք: 1-ին աշխարհամարտը նորաստեղծ ԱՀԽ-ի համար ստեղծեց «համաշխարհային կառավարության» գաղափարը, որպես աշխարհի «խնդիրների» լուծման ցանկալի միջոց ներկայացնելու հիանալի հնարավորություն: ԱՀԽ-ի բրիտանական օրինակը՝ Միջազգային Հարաբերությունների Արքունական Ինստիտուտը (ՄՀԱԻ, The Royal Institute for International Affairs) ստեղծվեց Անգլիայում 1920թ.:

ԱՀԽ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը եւս մի հանգամանք է, որի պատճառով եւ որի արդյունքում այս կազմակերպության գործունեությունն այնքան էլ հայտնի չէ ամերիկյան ժողովրդին: Վերոնշյալ հոդվածը պահանջում է, որպեսզի անդամների հանդիպումները մնան գաղտնի, եւ յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի այս հանդիպումների մանրամասները, անմիջապես կհեռացվի: ԱՀԽ-ի պաշտոնական պարբերականը կոչվում է «Արտաքին Հարաբերություններ» (Foreign Affairs): Այն չի հրատարակվում համընդհանուր հասանելիության նպատակով, այլ՝ ընդամենը իրենց կիսագաղտնի անդամների, ինչպես նաեւ ակադեմիական շրջանակների եւ գիտական կենտրոնների համար:

Գաղտնի գործողությունները

Խորհուրդը մշտապես հերքում է այն, որ ինքն է այս պետության ռազմավարության մշակողը: Այնուամենայնիվ, երբ քննարկվում էր ԱՄՆ-ի փոփոխվող արտաքին ռազմավարությունը, ԱՀԽ-ի նախագահ Փիթեր Փիթերսոնը նշեց կազմակերպության 1989թ. ամենամյա զեկույցում. «Նախագահների խորհուրդը եւ կազմակերպության անդամները որոշել են, որ այս հաստատությունը պետք է առաջնային դեր խաղա այս նոր, արտաքին հարաբերություններին վերաբերող ծրագրերի մշակման հարցում»:

Հարցը պարզ է. ինչպե՞ս կարող է մի կազմակերպություն մի պետության համար ծրագիր մշակել առանց հստակ նպատակներ պաշտպանելու եւ հատուկ ռազմավարության աջակցելու:

Պատասխանն է. չի կարող: Յուրաքանչյուր հայտարարություն առ այն, թե ԱՀԽ-ն ընդամենը բանավեճերի մի ֆորում է, որը բաց է բոլոր գաղափարների համար, պարզապես անհեթեթություն է: Ռիչարդ Հարվուդը, «Վաշինգթոն Փոսթ» թերթի մշտական թղթակիցը, գրել էր մի հոդվածում, որ ԱՀԽ-ի լրագրողները, որոնց ինքը թվարկել է, «ոչ թե ընդամենը վերլուծում եւ մեկնաբանում են արտաքին քաղաքականության ռազմավարությունը, այլեւ օգնում են դրա ստեղծմանը»:

ԱՀԽ-ի ոչ մի անդամի երբեք ուղղակիորեն չեն թելադրում որեւիցե հատուկ տեսակետ: Փոխարենը պետական պաշտոնյաներն ու լրատվամիջոցները ապահովում են հարմար դիրքերի համար պատշաճ հեղինակություն եւ, միաժամանակ, տարբեր աստիճանի եւ քանակի հեգնանքի ու արհամարհանքի են արժանացնում հակառակ տեսակետները: Հավակնոտ քաղաքական գործիչները, լրագրողները, ղեկավար մարմինները, պրոֆեսորներն ու այլոք պարտաճանաչ հետեւում են իրենց համար նախանշված ցուցումներին՝ հաճախ նույնիսկ չիմանալով, թե ում տեսակետն են մեքենայաբար կրկնում: Այսպես են իրականում գործի դրվում ծրագրերը եւ հիմնվում ռազմավարությունները:

Ռադիո Ազատ Եվրոպա (RFE, «Ազատություն» ռադիոկայան)

Ռադիո Ազատ Եվրոպան 2001թ. դեկտեմբերին ազատություն էր հաղորդում ՀՀ-ին ինչ-որ Մաքս Լիբերթիի (Max Liberty) միջոցով, որը գովազդում էր բիսեքսուալիզմը, պոռնոաստղերին, կրոնական կուռքերին, ինչպես նաեւ խորհուրդ էր տալիս հայ երիտասարդությանը զբաղվել ազատ սեքսով («Ազգ», դեկտեմբեր 10, 2001թ.): Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնց օգնությամբ ապակայունացնում են մի մշակույթ, որը դրա կարիքը չունի: ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորում է «Ազատություն» ռադիոկայանը, սակայն անհատներն են ղեկավարում այն իրենց ծրագրերին համաձայն: Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն նկատել հայ մշակույթը պղտորող այս հանգամանքը: Ի՞նչ էր անում Հայաստանի կառավարությունը ի պաշտպանություն իր ազգային բնութագրի ու պատկերի: Ինչու՞ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական բողոք չներկայացրեց ԱՄՆ Պետքարտուղարություն: 2007թ. հուլիսի 2-ին նա ընդամենը ասաց. «Հուսով եմ՝ կգտնվի մի լուծում, որի արդյունքում «Ազատություն» ռադիոկայանը կշարունակի հեռարձակվել Հայաստանում»:

Եվրոպայի Խորհուրդ

Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը մեծ ոգեւորությամբ դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը Հայաստանը դասակարգեց որպես «պատերազմող պետություն» եւ սպառնաց համաձայնության գալ Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցի շուրջ (Արմինֆո, Երեւան, 2002թ. հունիս): Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել պատերազմի մեջ, եթե շուրջ 7 տարի տեղի չէին ունեցել ռազմական բախումներ: Մի՞թե ՀՀ առաջնորդները չէին հասկանում, որ դառնալով գլոբալիստ կառույցի անդամ, նրանք կորցնելու էին իշխանությունն իրենց հսկողության ոլորտից: Վ. Շվիմմերը նաեւ ասել է. «Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, եւ սահմանների փակումը բոլորիս համար աղետ է» (Արմինֆո, Երեւան, 2002թ. հուլիս 2):

Հարց է առաջանում. ինչու՞ է ԵԽ-ի Գլխավոր քարտուղարն այդքան անհանգստանում ՀՀ սահմանների մասին: Խոսելով սահմանների մասին՝ նշենք, որ Հայաստանի սահմանները միշտ ուրիշներն են որոշել: Եթե պարոն Շվիմմերին անհանգստացնում էր Հայաստանի ապագան, ապա նա չէր որակի երկիրը որպես «աշակերտ» եւ «ճիշտ ուղղությամբ շարժվող»: Քանի որ Վ. Շվիմմերը 1976-1999թթ. եղել է ավստրիական խորհրդարանում միջխորհրդարանական ավստրո-իսրայելյան բարեկամության եւ միության խմբի ղեկավարը, մի՞թե նա չէր կարող համոզել Իսրայելի իշխանություններին՝ դադարեցնելու ադրբեջանական բանակին վերապատրաստելու եւ դասավանդելու գործընթացը (Israel in high level bid for Azerbaijan projects, Jane՛s Defence Weekly 12-22-99 («Իսրայելի բարձրաստիճան խաղադրույքները ադրբեջանական նախագծերում»): Արդյո՞ք պարոն Շվիմմերն է ղեկավարելու Հայաստանը, թե՞ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն առաջնորդի:

ՀՀ-ն կարող է եւ պետք է որոշակի վերաբերմունք ցույց տա Եվրոպային, սակայն նվիրված չլինի վերջինիս՝ ԵԽ միջոցով:

«Մեդիամաքս»-ի հաղորդմամբ (2003թ. հոկտեմբերի 21-ին) Վ. Օսկանյանը հայտնել էր. «Առաջին հերթին հարկ է, որպեսզի հասարակությունը գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, եւ ինտեգրումը չունի այլընտրանք»: Դա ընդամենը Օսկանյանի անձնական կարծիքն է:

Վ. Օսկանյանը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում գտնվող Թաֆթս համալսարանի միջազգային հարաբերությունների Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է: Ֆլեթչերը մեկաշխարհական ուղեղների լվացման դպրոց է, որի վեբ-կայքը նշում է. «Ֆլեթչեր դպրոցը մի հաստատություն է, որի միասնական մոտեցումը պատրաստում է իր ուսանողներին դառնալու գլոբալ առաջնորդներ»:

Պարոն Օսկանյանը ներկայացնում է ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը, որպես այն լավագույն օրինակը, որին պետք է հետեւի Հայաստանը: Նա իրավացի է: Դա 100 տարի առաջ էր, երբ ԱՄՆ-ն դեռ անեղծ էր, սիրված ու հարգված ամբողջ աշխարհում: Սակայն նա չգիտի եւ չի էլ ցանկանում իմանալ, որ այսօրվա ԱՄՆ-ն վերածվել է մի մշակութային կոյուղու: Այստեղ զլմ-ները գրավվել եւ ղեկավարվում են մեկ մարմնի կողմից: Աշխարհի 150 երկրներում գոյություն ունեն ռազմակայաններ: Այս երկիրն անընդհատ ստեղծում է օտար երկրներում ավերիչ եւ գերիշխանություն ապահովող պատերազմներ, այն նաեւ ֆինանսապես սնանկացման եզրին է:

Մինչ ՀՀ առաջնորդները հաջողությամբ ենթարկեցնում եւ ղեկավարում էին երկիրը, որն աշխարհի 158 առավել կոռումպացված պետությունների շարքում գրավել է 88-րդ տեղը (Իսլանդիա՝ 9.7, լավագույնը, Հայաստան՝ 2.9, Չադ՝ 1.7, վատագույնը), նրանք դարձան միլիոնատերեր՝ միաժամանակ բանտարկելով Արցախում մարտնչած հայրենասերներին:

Ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է լքել երկիրը: Այս ամենն այն ժամանակ, երբ Վ. Օսկանյանը դեռեւս արտգործնախարար էր եւ ժայթքում էր իր ավերիչ «մեկաշխարհական» երազանքներով ու ծրագրերով ամբողջ աշխարհով մեկ:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Վ. Օսկանյանը յուրաքանչյուր տարի 12 հայ երիտասարդ էր ուղարկում Թաֆթս Համալսարան: Դրա նպատակն էր Հայաստանում իր մեկաշխարհական գաղափարներին շարունակելիություն հաղորդելը: Հայրենասիրության եւ ոչ մի նշույլ չէր խրախուսվում: Օսկանյանն ինքը չի հավատում հայրենասիրությանը, եւ երբեք էլ չի հավատացել:

Հենց այսպիսի Օսկանյաններն էին այն հիմնական պատճառը, որոնց գործունեության արդյունքում Հայաստանի հզորությունն ու կարողությունը թուլացել եւ նվազել է պատմության ընթացքում:

Վ. Օսկանյանը պետք է վերադառնա դեպի իր (առաջադեմ ազգի ու պետության օրինակ) ԱՄՆ եւ իր հետ վերցնի իր «Սիվիլիտաս» հիմնադրամը (Civilitas Foundation), որպեսզի Հայաստանը պակաս աղտոտված լինի ու վտանգներից հեռու:

Արտավազդ Ավագյան

Բոքա Ռեյթըն, Ֆլորիդա, ԱՄՆ

2008թ. 2 հոկտեմբերի

«Լուսանցք» թիվ 38, 39 (77, 78), 2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։