«Դարավոր բարեկամության» տեսության աղավաղումը – Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով – Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, ի վնաս մեզ համագործակցել մեր հակառակորդների հետ…

Օրեր առաջ Հայաստանի նախագահը Սոչիում հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ եւ վստահաբար քննարկումների գլխավոր թեման եղել է ՀՀ-ԵՄ ասոցացման պայանագրի ստորագրման հարցը: Վստահաբար Մոսկվան պնդել է, որ Երեւանն այս անգամ էլ չեղարկի պայմանագիրը, ինչպես նախորդ անգամ եղավ: Սակայն, Սերժ Սարգսյանը իր գործընկեր Վլադիմիր Պուտինին հավանաբար հայտնել է, որ այլեւս հնարավոր չէ չեղարկել, քանի որ Հայաստանի բնակչությունն այլեւս իրեն պաշտպանված եւ ապահով չի զգում միայն բարեկամ Ռուսաստանի հետ տարաբնույթ դաշինքներ կնքելով: Հատկապես Ադրբեջանի հետ ռուսաստանյան մերձեցումները, շարունակաբար զանգվածային ոչնչացման եւ այլ զենքերի վաճառքը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից չի բավարարում հայ ժողովրդին:

Ի դեպ, Թուրքիայի հետ մերձեցումները եւս Հայաստանում վտանգավոր են համարում, քանի որ դրանք ռազմական ու տնտեսական ոլորտում են հիմնականում ծավալվում, ինչը կհզորացնի մեր մեկ այլ թշնամուն՝ Թուրքիային: Մոսկվան նաեւ ատոմակայանի կառուցման հարց է նախաձեռնել եւ, փաստորեն, մեր հակառակորդ երկիրը կարող է նաեւ էներգետիկ առավելություններ ստանալ տարածաշրջանում:

Եթե ռուսական կողմը շարունակում է պնդել, որ այս ամենն ընդամենը բիզնես է, ապա ինչու՞ է ընդդիմանում, երբ Հայաստանն էլ իր բիզնես ծրագիրն է առաջ քաշում՝ տնտեսական համագործակցություն ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ, այլեւ՝ ԵՄ-ի:  

Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով: Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, համագործակցել մեր հակառակորդների հետ եւ մեր տարածքները կիսել նրանց հետ՝ իհարկե սեփական բաժինը չմոռանալով վերցնել…

Երեւանի վճռականությունը ավելի է անհանգստացրել Մոսկվային եւ այնտեղից փորձեր են արվում հակահայկական հիստերիա բարձրացնել գաղափարա-քաղաքական մի շարք թեմաներով: Բայց մոռանում են, որ Հայաստանում այլեւս այն մթնոլորտը չէ վաղուց, երբ Ռուսաստանի ամեն մի խոսք Հայաստանում զանգվածներ էր ոտքի հանում ի պաշտպանություն Ռուսաստանի:

Ընդհակառակը՝ հիմա բոլորովին այլ արձագանքներ են լինում եւ հիմնականում հակառուսական…

Ռուսաստանում այդպես էլ չհասկացան, որ դարեր շարունակ շահարկելով հայկական գործոնը մի օր կկանգնեն Հայաստանը կորցնելու փաստի առաջ: Հայն ի բնե համբերատար է, եթե խոսքը հարեւանին, բարեկամին կամ ընկերոջն է վերաբերում, բայց երբ լցվում եւ թափվում է համբերության բաժակը, այն կրկին լցնելու համար եւս դարերի վստահություն է պահանջվելու:

Շուտով Մոսկվան կհամոզվի, որ երբեք չի կարող հույս դնել Վրաստանի կամ Ադրբեջանի վրա, առավել եւս Թուրքիայի, որի հետ տասնյակ պատերազմներ է մղել, վերքեր կան չբուժված, եւ բացի այդ՝ տարածաշրջանային հակառակորդներ են շատ վաղուց ու նաեւ այսօր: «Մեծ Թուրան»-ի նպատակներն այնպիսին են, որ հակառուսական են նաեւ, երազախաբությամբ տեսնված այդ երկիրն իր մեջ մտցնում է Ռուսաստանի զգալի մասը՝ Կովկասից Սմինչեւ Սախա-Յակուտիա, անգամ Հեռավոր Արեւելք, ապա ուղղահայաց դեպի Թաթարստան, Բաշկորտոստան եւ այլն: Նաեւ դեպի Ղրիմ:

Եվ ռուսական կողմն իր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին է գործուղում Հայաստան՝ շարունակելու ճնշումները: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անցնում են նոր բանակցությունների: Եվ նույն օրը  Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների եւ փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

Բայց «դարերով ստուգված բարեկամությունը» իրականում մեծ սրբագրումների կարիք ունի, եւ միայն Ռուսաստանի կողմից, այլապես այս բարեկամության հեքիաթը մոտենում է ավարտին:

Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել… Սպասենք՝ կտեսնենք:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 42 (475), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։