Երեւանը պիտի ճիշտ կողմնորոշվի…

Օրերս Երեւան ժամանեց ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը: Այցը, վստահաբար, հիմնականում վերաբերում էր թուրքական «Կովկասյան պլատֆորմ»-ի քննարկմանը: Իսկ այդ հարթությունում չէին կարող չքննարկվել Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի եւ ազատագրված տարածքների հարցերը:

Ադրբեջանում էլ ավարտվեց երկրի նախագահի ընտրությունը, եւ Ի. Ալիեւը ավելի մեծ հաջողությամբ, քան Ս. Սարգսյանը Հայաստանում, վերընտրվեց իր երկրի նախագահ: Ու հիմա, Հայաստանի եւ Ադրբեջանի նորընտիր նախագահները «պարտավոր» են կողմնորոշվել՝ ի մի գալ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի եւ «Կովկասյան պլատֆորմ»-ի հիմնախնդիրների շուրջ:

Ցավալի է հենց միայն այն գիտակցումը, որ մեծ բարեկամի համբավ ունեցող երկրի նորընտիր նախագահը երկու երկրների նորընտիրներին փորձում է «շշի մեջ» պահել եւ այսպիսով՝ իր ռազմավարական գործընկեր ՀՀ-ին նույնացնում է առավելապես Արեւմուտքի շահերը տարածաշրջանում պահպանող Ադրբեջանի հետ: Դե իհարկե, ըստ ՌԴ իշխանավորների, նրանք հավասարապես են վերաբերում տարածաշրջանի երկրներին: Սակայն, Վրաստանը կորցնելու մտքից ավելի վրդովված ու զգաստությունը կորցրած ՌԴ-ն պատրաստվում է եւս մեկ սխալ թույլ տալ՝ վանել իրենից ՀՀ-ին:

Եթե Մոսկվան կարող է բարիդրացիական ու հավասար մոտեցումներ ցուցաբերել հայկական եւ թուրք-ադրբեջանական կողմերին, ապա ըստ այդ տրամաբանության, Երեւանն էլ իրավունք ունի բարիդրացիական ու բարեկամական կապեր հաստատել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ եվրոպական համագործակցության ու ԱՄՆ-ի հետ:

Սակայն այս տրամաբանությունը ռուսաստանյան կողմի մոտ ինչ-որ լավ չի գործում: Բայց, երբ մնա դեմ հանդիման թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, գուցե սկսի լավ գործել…

Այս առումով Արեւմուտքը ավելի ճկուն է գործում (ինչպես միշտ՝ հակառակ ՌԴ-ի գործելաոճի): Եվ ահա, նախագահ Մեդվեդեւից ավելի առաջ Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դ. Ֆրիդը ՀՀ իշխանությունների հետ պաշտոնապես նույնպես քննարկեց վերոնշյալ հարցերը: Նա հաստատեց, որ ՀՀ իր այցի գլխավոր նպատակներից մեկը Ացախ-ԼՂՀ-ի հիմնախնդիրն է եւ հույս հայտնեց, որ Հարավային Կովկասում, վրաց -աբխազական հակամարտության կարգավորումից հետո, կկարգավորվի նաեւ այս հիմնախնդիրը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի իրարամերժ տեսակետների փորձնականորեն ասպարեզ նետելու հանգամանքին (մեկ Երեւանի, մեկ Բաքվի շահերն իբր պաշտպանելով), ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ավելի «բարիդրացիական» պահեց իրեն: Նա նաեւ անդրադարձավ նախագահ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարություններին, ով ասել էր, թե պատերազմը անխուսափելի է, եւ հավաստեց, որ դա չի կարող տեղի ունենալ, եւ հարցը կըկարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ինչպես տեսնում ենք, Մոսկվան փորձում է Անկարայի հետ ուս ուսի լուծել տարածաշրջանային խնդիրները, իսկ Արեւմուտքը պաշտպանելով նախկին ձեւաչափը, Թուրքիային չի տեսնում այդ ձեւաչափում: Եթե այս ընթացքով էլ շարունակվեն գործընթացները, ապա Երեւանը լուրջ մտորելու եւ կողմնորոշվելու խնդիրներ ունի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։