Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

Ըստ Հայաստանում գրանտակերության առաջատար ուժերից մեկի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի, ընտանեկան համերաշխությունը իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ: Նրանք նաեւ պնդում են, թե անհատի իրավունքները վեր են ընտանիքից, այն ընտանիքից, որ հենց այդ անհատներն են կազմել սիրով կամ փոխադարձ համաձայնությամբ… Ինչպե՞ս կարող է մի անհատի իրավունքը վեր դասվել մի շարք անհատների (ընտանիքի անդամների) իրավունքներից, երբ յուրաքանչյուրն իր իրավունքն ունի՝ մեծից փոքր:

Եթե սա է եվրոպական ընտանեկան իմաստասիրության պաշտպանության ու աջակցության շեշտադրումը, որի առաջ ստորացվում է ընտանիքի համերաշխության վերականգնումը, ապա այս մակարդակը շատ վտանգավոր է եւ արագ պիտի օրինագիծ առաջադրվի՝ հայ երեխաներին եվրոպական ընտանիքների չհանձնելու (որդեգրության, թե այլ իրավական տարբերակներով) եւ առհասարակ եվրոպական ընտանիք ձեւակերպումը Հայաստանում արգելելու համար…

Իսկ եթե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շահարկում է միջազգային իրավական ձեւակերպումները, ապա հայությունը պիտի դրա ականատեսը լինի, երբ եվրոպական կողմը հրապարակավ պատասխան կտա նշյալ կանանց խմբին:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հուժկու հակազդեցության արժանացավ հայ հանրության կողմից եւ այն բազմաշերտ էր, քանի որ վտանգը այս կամ այն հանրային շերտին չէր միայն վերաբերում, այլ ազգի եւ ազգայինի դեմ էր առհասարակ:  

Եվ ընդդեմ հանդես եկան ոչ միայն արմատական, ավանդական կեցակարգի կողմնակից տարեցները, այլեւ ժամանակակից կեցակարգով ապրող երիտասարդները, որ իրենց հիմքը, ընտանիքի հիմնասյունը եւս տեսնում են ազգայինի զարգացմամբ ու նորացմամբ, բայց միայն արմատական արժեհամակարգի մեջ, ոչ՝ միջազգային խառնակչությունների: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին դեմ էին ինչպես քրիստոնյաները, այնպես էլ հեթանոսները, անգամ աթեիստները: Դեմ էին ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական ուժերի ճնշող մեծամասնությունը: Դեմ էր նաեւ Հայաստանի (Արցախը եւս) եւ Սփյուռքի հայության մեծամասնությունը:

Սա լուրջ ազդակ էր եվրոպական այն ուղղությանը, որը հերթական անգամ հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել: Եվ հերթական անգամ այդ վտանգավոր ու վնասատու գործին խառնվել էին հայկական գրանտակեր կազմակերպությունները, որոնք դրամաշնորհների (այսպես կոչված՝ օտարի կողմից տրվող դրամական վարձատրության (որպեսզի կաշառք չդիտարկվի)) համար կարող են դեմ դուրս գալ ոչ միայն հայ ընտանիքին, այլեւ հայոց պետությանը, հայ ազգին եւ ամեն հայկական երեւույթի:

Այդ կազմակերպությունները նախորդ անգամ այդպես էլ չկարողացան արդարացնել իրենց դրսի տերերի պատվերը եւ անգամ օրինակներ բերելու համար չկարողացան համապատասխան քանակ ապահովել: Մի շարք գրանտակեր հասարակական կազմակերպություններից եւ ընտանեկան բռնություններից տուժած մի շարք կանանցից բացի, այլ բողոքավորներ «չհայտնաբերեցին» եւ հանրային մեծ պահանջի ալիք չբարձրացրեցին… Իսկ այն թվերը, որոնք ներկայացվում էին, ազգային չափանիշ ու նկարագիր չէին կարող ծառայել, հետեւաբար, չհիմնավորվեց, որ առանձին օրենքի կարիքը կա:

Իսկ հակընդդեմ կողմը հստակ հիմնավորեց, որ այս օրինագիծը պարտադրվում է հայ ընտանիքների կազմաքանդման պատվերի ու ապազգային հարձակումների համար:

Անգամ իշխող կուսակցության խորհրդի նիստերից մեկում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչեցին այնպիսի բուռն ու «տղայական» տեսակետներ, որ պարզ էր, թե ինչ է սպասվում այս հերթական հակազգային օրինագծին, որի նախաձեռնողները նախկին եւ ներկա արդարադատության նախարարներ Արփինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Հարությունյանը նույն ՀՀԿ-ի կազմում դավադիրների կերպար էին ստացել…

Ինչեւէ, օրինագիծը հետ կանչվեց, եւ Դավիթ Հարությունյանը պարտավորություն ստանձնեց ընտանեկան բռնության դեմ օրենքը հիմնովին փոփոխել, լրամշակել ըստ հնչած բազմաթիվ առաջարկների: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հնդկաստան մեկնելուց առաջ, դարձյալ բուռն խոսակցություն է ծավալվել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի շուրջ եւ ՀՀԿ-ականների ավանդապաշտ թեւը ՀՀԿ առաջնորդին ներկայացրել է ընդվզման պատճառները եւ հնարավոր հետեւանքները… Նշվել է, որ շտապելու որեւէ պատճառ չկա, պիտի ձեւափոխել ամբողջը:

Այս բուռն մտահոգությունները դուր չեն եկել եվրոպական ինչ-որ մի հատվածի, որի գոյությունն ապազգային, հակամարդկային ու անբարո տեսակետների համաշխարհային արմատավորման մեջ է, սակայն անգամ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման նախաշեմին միտումնավոր նախաձեռնած այս օրինագծի հաստատման փորձերը ձախողվեցին, ինչը սրանց եւ նմանների համար պետք է եւս մեկ դաս լինի, որ Հայաստանը (հայությունը) որ ուղղության մեջ էլ հայտնվի, ԵԱՏՄ, թե ԵՄ կամ այլ, չի ենթարկվելու հայի նկարագրին եւ էությանը, կեցակարգին ու ինքնությանը ոչ հարիր պայմաններին:

Բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն ամբողջությամբ «մեկնեց» լրամշակման: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ հստակեցվում են ձեւակերպումները, որ երկիմաստ կամ անբացատրելի չմնան: Նա նաեւ նեղսրտեց, թե «յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ եւ, բնականաբար այս օրենքը, քանի որ արժանացավ բավականին բուռն արձագանքի նաեւ հանրության կողմից, ապա յուրաքանչյուր բառ եւ յուրաքանչյուր տառ փորձվեց մեկնաբանվել, ու այդ ժամանակ երբեմն ոչ ողջամիտ բացատրություններ եղան նաեւ»… Այնուամենայնիվ, նախարարը վստահեցրեց, որ օրենքի դրույթներն էապես չեն փոխվելու, պարզապես հստակեցվելու են: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ում բազմաթիվ օրենքների դատական, ընտրական եւ այլ քննարկումները բավականին բուռն են եղել եւ դա խոսում է առողջ մթնոլորտի մասին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրինագծի հետեւում երեւում էին ոչ միայն օտար ականջներ, այլ հստակ սորոսական ականջներ: Բազմաթիվ քաղաքական ու հասարակական ուժեր դիմեցին Հայաստանի պատկան մարմիններին, որպեսզի այդ ականջները «կտրվեն» մեր երկրից, իսկ գրանտակեր կազմակերպություններն ու անհատները կերկոխի հատկանիշներով կանչվեն համապատասխան կառույցներ, սակայն ցայսօր նման բան չի նկատվում: Ավելին՝ կերխողի մասնակիցները արդեն դժգոհել են լրամշակված նախագծից, որը կներկայացնենք ստորեւ, եւ պահանջում են հին օրինագիծը ներկայացնել…

Ի դեմս այս մեկ բաց կոչի, կրկին դիմում ենք պատկան մարմիններին, հիշեցնելով, որ այսպիսի կոչեր ու բողոքներ հնչել են բազում անգամ, բազմաթիվ կազմակերպությունների կողմից: Այս կոչը (Արման Ղուկասյան, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ) եւս հղված է պատկան մարմիններին՝ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության մասին:

«Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող  «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ն արդեն երկար տարիներ գործում է մեր երկրում եւ ապակառուցողական գործունեություն է ծավալում: Պաշտոնապես հայտարարում ենք, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսը 5 մլն. դոլար է տրամադրել Հայաստանի  տասնյակ ՀԿ-ներին, որոնք ուղղված են եղել գենդերային հավասարության, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության եւ զանազան հակահայկական օրինագծերի լոբբինգին: Արդյունքում մենք այժմ հենց այս հիմնադրամի ջանքերի պատճառով քննարկում ենք ընտանեկան բռնության կանխարգելման եւ խտրականության մասին օրենքները: Վերջերս հաքերների կողմից հրապարակվեց գաղտնի փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ Եվրախորհրդարանի 226 պատգամավորներ ֆինանսավորվում են Սորոսի կողմից՝ իր շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս (https://vz.ru/world/2017/11/3/893647.print.html: Կարելի է ենթադրել, որ հայկական քաղաքական էլիտայում նույնպես կան նման չինովնիկներ, որոնք կազմում են վեցերորդ շարասյունը եւ արտաքին պատվեր են կատարում:

«Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան» պաշտոնական կայքէջից հայտնի դարձավ, որ 2 հայկական ՀԿ (Հանրային օրակարգ, Ռեգիոն) «Ազգ-բանակ» հայեցակարգը ուսումնասիրելու նպատակով ստացել են 20.000 եւ 19.730 դոլարի չափով դրամաշնորհներ: ՀԿ-ներից մեկը քննադատաբար մոտենալով հայեցակարգին՝ պետք է ստեղծեր ֆոկուս խմբեր ուսանողների շրջանում եւ արդյունքում հիմնավորեր այն փաստը, որ Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունն առանց հետագա ռազմականացման, իսկ մյուսը պետք է անցկացներ հայկական մամուլի մոնիտորինգ եւ պարզեր, թե ինչպես է լուսաբանվում վերը նշված հայեցակարգը: Հարց է առաջանում, թե ինչ գործ ունի ամերիկացի միլիարդատեր Սորոսը մեր երկրի անվտանգության եւ բանակի հետ: Չգիտենք, թե որքանով են վերոնշյալ դրամաշնորհները խթանել ուսանողության մեջ տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց այն, որ օտարերկրյա հիմնադրամները ընդհանրապես իրավունք ունեն նման հարցերվ զբաղվել մեր երկրում, անընդունելի է: Կոչ ենք անում պատկան մարմիններին՝ զբաղվել այս 2 դրամաշնորհների հարցով եւ ընդհանրապես Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությամբ: Ակնհայտ է, որ խոսքը գնում է երկրի ներքին գործերին խառնվելուն եւ այս անգամ ՀՀ անվտանգության տեսանկյունից»:

Պատկան մարմինների լռությունն է, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նույն ոճով շարունակում է դեմ խոսել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  օրենքի նախագծի անվան փոփոխությանը: Սրանց ահաբեկել է, որ հայ ընտանիքիների կազմաքանդման փոխարեն օրենքը սկսելու է զբաղվել հայ ընտանիքների համերաշխության վերականգնմամբ (ըստ փոփոխված օրինագծի անվան)… Իսկ սա գրանտակերների համար անեծքի պես մի բան է, երբ այլեւս չի լինելու տնաքանդության բաղձալի դրամաշնորհ:

Երբ կառավարության որոշմամբ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը փոխարինվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» նախագծով, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ժամանակ չկորցնելով ահազանգեց, թե կառավարության նիստի օրակարգից տեղեկացել են, որ իրենց պաշտպանած օրենքի նախագծի անվանումը փոխվել է:

«Դեռ վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է հայեցակարգային փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ… «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով մենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ»։

Իսկ մինչ այդ, իրենց բնորոշմամբ՝ որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, կառավարությունից եւ արդարադատության նախարարությունից պահանջում են.

– Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից եւ համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձեւակերպմանը։

– Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին եւ միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց։

Բայց սրանց հիշեցնենք, որ հենց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծն են ընտանիքի նկատմամբ բռնություն համարում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժեր Հայաստանում, ինչը հիմնավորվում է ոչ միայն հայ ավանդական մտածելակերպով, այլեւ՝ ազգային ու պետական օրենքներով, անվտանգության հայեցակարգի պահանջներով: Սահմանադրությունում ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմքը, իսկ նախկին օրենքի նախագիծն ուզում էր ընտանեկան հարաբերությունների մեջ քիթը մտցնելու սողանցքներ ստեղծել: Անգամ հարցադրում եղավ, թե լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, բայց եթե չկա… Դրա համար կա ամուսնալուծություն, իսկ ընտանեկան բռնության հեղինակի համար՝ տղամարդ է, թե կին, կան հստակ սահմանված պատիժներ, եւ դրանք վաղուց կիրառվում են…

Հետո մի բան անընդհատ մոռացության են տալիս, թե որն է ընտանիքը: Եվ այն, որպես բնականի ամրագրում, պետք է ամրագրվի նաեւ համապատասխան օրենքներում: Ընտանիքը կնոջ ու տղամարդու միությունն է. սա հստակ է, ինչը սեռա-գենդերային ակտիվիստները այդպես էլ չեն ուզում հասկանալ: Այստեղ է, որ նրանք անհատի իրավունքը փորձում են վեր դասել ընտանիքի իրավունքից, ընտանեկան համերաշխությունից: Այսպես են վարվում նաեւ այսօրվա մարդու իրավունքներով եւ պաշտպանությամբ զբաղվող գրանտակերները՝ մարդու իրավունքները վեր դասելով ազգայինից: Մինչդեռ դրանք փոխլրացնող են միայն: Այսպես նաեւ ազգային իրավունքներն են ստորադասվում ապազգայինի առաջ, իսկ մեր պետության իրավունքներն էլ միջազգային օրենքների առաջ… Եվ սա գրանտակերության հիմնարար սկզբունքն է, ցանկանու՞մ ես փող աշխատել համաշխարհային պարկերի պարունակությունից՝ դավաճանի՛ր երկրիդ, դավադրություննե՛ր արա ազգիդ նկատմամբ…

Ինչեւէ, վերջերս կառավարության նիստում, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ դա պայմանավորված է Սահմանդարությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ»,- ասել արդարադատության նախարարը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոսել էր այս մասին, նշել, որ յուրաքանչյուր ընտանիքի ստեղծում պահանջում է տղամարդու եւ կնոջ՝ երկուսի համատեղ եւ ազատ կամքով համաձայնություն: Նախարարը ներկայացրել է նաեւ քննադատությունների արժանացած «Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ» օրինագծի փոփոխված տարբերակը, որ կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:

Իմիջիայլոց, Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարդու այլ իրավունքների հետ միասին խոսել է նաեւ բռնությունների կանխարգելման եւ մարդկանց պաշտպանության մասին: Իսկ Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում եւս կան գործիքներ, կոմիտեներ, որոնք կարող են քննել երկրների դեմ ներկայացված բողոքները, երբ երկիրը չի կատարում իր պարտականությունները: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը մշակել է նախադեպային իրավունք, որի համաձան՝ երկրները պատասխանատու են՝ անկախ նրանից կընդունեն նման օրենք, թե չընդունեն, ստորագրեն Ստամբուլյան կոնվենցիան, թե չստորագրեն: Նախարարը նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերում, երբ երկիրը չի կատարել զոհին պաշտպանելու իր պարտականությունը, այդ երկրները պատասխանատու են: «Նախադեպային իրավունքը զարգացված է, մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, եւ մենք պարտավոր ենք կատարել դատարանի որոշումները: Այնպես որ, խնդիրը ԵՄ հետ հարաբերությունների հենք պետք չէ դարձնել: Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն եւ մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր այդ մասին ստորագրել ենք՝ սկսած 1993թ.»,- ասել արդարադատության նախարարը՝ սակայն չբացատրելով, թե այդքան պարտավորություններ ու պարտականություններ ստանձնելուց հետո ինչ կարիք կա մի նոր օրենք էլ ավելացնելու…

«Լուսանցք»-ը ուսումնասիրել է նախագիծը՝ հասկանալու համար, սա նախորդ՝ քննադատված տարբերակից իրապե՞ս տարբեր է, թե՞ ըստ էության նույնն է եւ վերոնշյալ կանանց կոալիցիան բողոքում է՝ «կուտ տալու համար»:

Պիտի նշենք, որ այն իրականում տարբերվում է նախորդ նախագծից եւ ակնհայտ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն գրանտակերների, այլեւ գրանտատուների շրջանում: Իհարկե, դեռ կարելի է բանավիճել՝ մեզ պե՞տք է նման օրենք, թե ոչ, քանի որ քրեական, վարչական եւ այլ օրենքներով բոլոր բռնությունների մասով խնդիրները իրավական լուծումներ ունեն, սակայն, դա չի խանգարում ասել, որ հին եւ նոր օրինագծերը տարբերություններ ունեն:

Եվ հետաքրքիր է, եթե կարելի էր գոնե այսպիսի նախագիծ ներկայացնել, ինչու՞ էր նախորդը շրջանառվել, որ ակնհայտ վտանգներ ուներ ընդգծված… Չէ՜, մեր զգոնությունը միշտ են փորձելու, բոլոր հարցերում:

Հայ Արիական Միաբանությունը դեմ էր նախորդ նախագծին, նոր նախագծի առումով դեռ հայտարարություն չի արել: Հայ արիները, որոնք պայքարել ու պայքարում են հայի ազգային արժեհամակարգը պահպանելու համար, ինչպես ընտանեկան՝ կեցակարգային, բարոյա-հոգեբանական կամ այլ, այնպես էլ անհատական՝ ինքնաճանաչման, լեզվա-մշակութային, իրավունքների ու պարտականությունների, ազատությունների եւ արդարության ընկալման եւ այլ առումներով, կարծում ենք դեռ կխոսեն, եթե վտանգներ նկատեն:

Ըստ Արմեն Ավետիսյանի, իրենք միշտ էլ պայքարելու են ոչ միայն կացութաձեւային այլանդակությունների, որ պարտադրվում են անբարոյական հավելումներով, ներմուծման դեմ, այլեւ անհատական տվյալների (ընդհանրական առումով՝ ազգային տվյալների, ինչպես նաեւ կենսաչափական պարամետրերի ու մարդկանց չիպավորման) հավաքագրման եւ օտարներին հանձնելու դեմ կամ հայ անհատի իրական ազատության՝ ոչ սանձարձակության, ինչպես նաեւ այլ բնատուր իրավունքների պաշտպանության համար:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում մի նոր շարժում է սկսվել՝ ընդդեմ աշխատավայրերում սեռական ոտնձգությունների։ Ընդ որում, դա վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց շահագործմանը՝ վերադասի կամ աշխատակիցների կողմից։ Բազմաթիվ հայտնիներ հանդես են գալիս իրենց կյանքի պատմություններով ու խոստովանություններով։

Արդյո՞ք Հայաստանում կա նման խնդիր՝ փորձել է պարզել փոքրիկ հարցմամբ նաեւ A1plus-ը։ «Հայաստանում կա՞ սեռական ոտնձգություն աշխատավայրերում» հարցադրմանը այսպիսի պատասխաններ պիտի տրվեր՝ – Լսել եմ նման դեպքի մասին: – Անձամբ առնչվել եմ նման դեպքի: – Ոչ, չկա: Հարցմանը մասնակցած 435 քվեարկողների մեծ մասը՝ 61%-ը, լսել է աշխատավայրերում սեռական ոտնձգությունների մասին, բայց, փաստորեն հանրության մեջ հիմնավորումները շարունակում են տարածվել լսելու մակարդակով, ինչը հաստատ խնդրին լուծում չի տա, եթե իրականում այն մեծ ծավալների է հասնում: Եվ առհասարակ ոչ մի խնդիր չի լուծվի «լսել եմ» տարբերակով, առավելեւս՝ միայն օտարներին լսելու կամակատարությամբ:

Արամ Ավետյան

http://www.hayary.org/wph/?p=6620Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը

«Հայաստանը մշտապես կարեւորել է երկխոսության եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Կանայք, անվտանգությունը եւ խաղաղությունը» խորագրով քննարկմանը ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման գործընթացի համապատկերում: Ապա նշել է. «Բայց երկխոսությունը խրախուսելուն ուղղված ջանքերը դժբախտաբար խաթարվում են հարեւան երկրի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ շարունակաբար տարվող ատելության, ազգային պատկանելության հիման վրա անհանդուրժողականության քաղաքականության խրախուսմամբ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնությունների ու բանտարկություների պատճառով»։

Հանդիպումը նվիրված էր խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց ներգրավվածությանը, ինչպես նաեւ գենդերային ու սեռական բռնությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի օրակարգին։ Դեսպանը կարեւորել է խաղաղության եւ կայուն զարգացման գործընթացներում կանանց դերակատարության ամրապնդումը՝ միջազգային, տարածաշրջանային եւ ազգային հարթություններում։

Անդրադառնալով ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումներին՝ դեսպանը հիշատակել է կանանց հավասարության եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության ընդունած մի շարք ծրագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ։ Մեր երկրի դեսպանը ՄԱԿ-ում նշել է նաեւ, որ Մարդու իրավունքների խրախուսման եւ պաշտպանության ազգային ռազմավարությունում եւ գործողությունների ծրագրում զգալիորեն արտացոլված են կանանց հավասարության ու նրանց դերի բարձրացմանն ուղղված դրույթներ:

Մեր երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկվում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության բարելավման ուղղությամբ, ինչպեսեւ մշակում է Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի (խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանաց դերակատարության վերաբերյալ) իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիր՝ 2018թ. ընդունելու նպատակով։

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ պաշտոնական Երեւանը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության՝ մասնավորապես կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների դերակատարությունը՝ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման համար բարենպաստ մթնոլորտի ապահովման եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդման գործում։ Անվտանգության խորհրդի քննարկմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մի շարք երկրների արտաքին գործերի ու կանանց հարցերով պատասխանատու նախարարներ։

Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը

«ՍԴ որոշմամբ լուծվել է պետական մարմինների ու պաշտոնատար անձանց (հանրային իշխանության մարմինների) կողմից մարդու իրավունքները խախտելու դեպքում բարոյական վնասի հատուցման եւ դրա չափի հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ որոշմանը, իրավական հիմնահարցի լուծմանը, որ կայացվել է 07.11.2017թ, ձգտել եմ 2004թ-ից, ծրագրել եմ 2006թ-ին, սկսել եմ 2011թ-ին. … կարող է երկար թվալ, սակայն, երբ ծրագրավորումդ տասնյակ այդպիսի հիմնահարցեր են ու տարիներ առաջ դրանց իրագործումը սկսել ես՝ պարբերաբար ստացվող արդյունքները տարիների վրա բաշխելու դեպքում՝ նոսր չի ստացվում:

Այս գրառմամբ Արտակ Զեյնալյանը ցանկացել է բոլորին փոխանցել այդ բանաձեւը, համբերատարությունն ու նպատակին հասնելու կամքը, նպատակասլացությունը:

«Մենք կարող ենք մեր առջեւ անհավանական, ֆանտաստիկ նպատակներ դնել ու իրագործել, հասնել դրանց: Այս որոշման արդյունքը բոլորինս է, վերցրեք բանաձեւը եւ ստեղծեք արդյունք՝ ձեր եւ մեր բոլորի համար»,- գրել է պատգամավորը:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։