Հիմա էլ՝ ընդդիմության արմատականությա՞ն ավարտը

 Իշխանությունը՝ նաեւ ընդդիմություն, կամ՝ ֆուտբոլային դիվանագիտությունը շարունակվում է

Ընդդիմության սեպտեմբերյան վերջին հանրահավաքից հետո բացահայտորեն խոսվում էր հանրահավաքային առկա ճգնաժամի մասին եւ ինչպես «Լուսանցք»-ի թիվ 33 (72) թողարկման «Հանրահավաք՝ ընդդիմության մահախոսականո՞վ…» հոդվածում (19-25. 10. 2008թ., հեղ.՝ Նարե Մշեցյան) նշվել էր, սեպտեմբերի 15-ի հանրահավաքին մասնակցած բազմաթիվ մարդիկ հիասթափված հեռացել էին՝ չսպասելով նույնիսկ հանրահավաքի ավարտին՝ հասկանալով, որ «արագ իշխանափոխության» հարցն այլեւս հետին պլան է մղվում: Այն ժամանակ դեռ «շատերն էին զարմացել «արմատական» ընդդիմադիրների հանդուրժող կեցվածքից: Նրանց զարմացնում էր նաեւ ներհանրահավաքային այն մեկնաբանությունը, թե սեպտեմբերի 5-ին եւ 12-ին չարտոնված հանրահավաքները չկայացան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը չվտանգվի, նույնիսկ տեսակետ կար, որ այս կեցվածքի շնորհիվ է, որ Աբդուլլահ Գյուլը եկավ Հայաստան»:

Սա Հայ ազգային կոնգրեսի առաջին մեծ պարտությունն էր, երբ ՀԱԿ-ի պատասխանատուները հասկանալով, որ այլեւս անիմաստ է լինելու հետզհետե նոսրացող բազմությամբ հանրահավաքներ շարունակելը, փորձեցին «հայրենասիրական» դրսեւորման լուրջ նախաձեռնությամբ հանդես գալ, ինչի արդյունքում, ըստ հանրահավաքային տրամաբանության, Թուրքիայի նախագահը եկավ Երեւան:

Իհարկե, այսպիսի ձեւակերպումը զավեշտ է, սակայն նման մի բան կա իրականում: Արեւմտյան, հատկապես ամերիկյան ուղղության աջակցությանն ապավինող ՀԱԿ-ը (Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ) արտաքին քաղաքական հարցերում «սպառման» շեմին է հայտնվել եւ անհրաժեշտ է կազմակերպել «նահանջ՝ երգով»… Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ի համար պիտի աներ ՀԱԿ-ը, արդեն իսկ անում են ՀՀ ներկայիս իշխանությունները (Ս. Սարգսյանի գլխավորությամբ):

Իրականում վերոնշյալ հանրահավաքները չկայացան, քանզի դեռ սպասում կար Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների հանդիպման առումով: Եթե հանդիպումը չկայանար, հաջորդ հանրահավաքը մի տրամաբանությամբ կընթանար, իսկ եթե կայանար, կամ ճշտվեր, որ կայանալու է՝ մեկ այլ տրամաբանությամբ: Եվ այս իմաստով ոչ թե ընդդիմության «այս կեցվածքի շնորհիվ է, որ Աբդուլլահ Գյուլը եկավ Հայաստան», այլ՝ Թուրքիայի նախագահի այցով էր պայմանավորված ՀԱԿ-ի հանրահավաքի հնարավոր կայացումն ու գործողությունների հետագա զարգացումը:

Ինչեւէ, այս մի լուրջ խնդիրը ԱՄՆ-ի պատասխանատուների զգաստ հայացքների ներքո «արմատական» ընդդիմությունը լուծեց: Այս հանգամանքը, իհարկե, բացասաբար ազդեց ՀԱԿ-ի շարքերի համալրման եւ պայքարի հետագա թեժացման գործին: Սա նկատելի էր բոլորին, ուստի՝ ընդդիմադիրները որոշեցին եւս մեկ «գերհանրահավաք» անցկացնել հոկտեմբերի 16-ին, որում, ըստ հայտարարությունների, նոր իրողություններ պիտի բացահայտվեին, եւ ՀԱԿ-ը իր նոր ծրագրերը պիտի ներկայացներ: Նման խոսքեր, իհարկե, լսվում էին ամեն հերթական հանրահավաքից առաջ եւ շատ մարդիկ, չնայած թերահավատորեն, բայց գնացին մասնակցելու այս «գերհանրահավաքին» եւս…

Եվ նրանք, ովքեր սեպտեմբերյան վերջին հանրահավաքում իրենց համար արձանագրել էին «ընդդիմության մահը» կամ «ընդդիմության թաղման օրը», մի նոր, կարծես վերջին հուսախաբությամբ հեռացան հանրահավաքից:

Հոկտեմբերյան հանրահավաքում «արմատական» ընդդիմությունն ավելի առաջ գնաց «հայրենասիրական» դրսեւորման հարցում: Համաժողովրդական շարժումը երկամսյա «թայմ աուտ» վերցրեց: Լ. Տեր-Պետրոսյանն այս որոշումը հրապարակելուց հետո, այնուամենայնիվ, իշխանություններին կոչ արեց չոգեւորվել եւ այդ ժամանակավոր դադարը չհամարել շարժման կասեցում. «Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատումը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը»£ Ավելին՝ ՀԱԿ առաջնորդը կարծում է, որ՝ «ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը»:

Թե դա ինչպես է արվելու առանց միջոցառումների, սպասենք՝ կտեսնենք: Կամ ոչինչ էլ չի արվելու, կամ էլ՝ ՀՀ եւ ԱՄՆ իշխանությունները պայմանավորվել են որոշ ժամանակ անց ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դրանով «աջակցել» ընդդիմությանը՝ ապացուցելով շարժման առաջնորդի խոսքերի ճշմարտացիությունը: Դրա փոխարեն հայրենի իշխանությունները կշարունակեն վարել այն արտաքին քաղաքական գիծը, ինչի համար Արեւմուտքը նախապատրաստում էր «արմատական» ընդդիմության կողմից իշխանափոխությունը՝ գունավոր կամ անգույն:

Եվ ահա, ՀՀ պատասխանատուները՝ ի դեմս ՀՀ նախագահի, արդեն հաջողություններ են արձանագրում թուրքական ճակատում, եւ հիմա հերթը ադրբեջանական ճակատում հաջողություններ արձանագրելունն է: Այսինքն՝ սահմանների բացումը, համագործակցությունը Թուրքիայի հետ առանց մեր կողմից առաջ քաշվող նախապայմանների, այլեւս իրականություն է: Սա արդեն 1:0 է՝ հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի ու ԱՄՆ-ի: Նաեւ 1:0 է՝ հօգուտ Ս. Սարգսյանի՝ իշխանության բուրգում մնալու եւ ղեկավարելու առումով: Իսկ ահա, այս իրավիճակում Հայաստանը պարտվում է ինչպես մեր ֆուտբոլի ազգային հավաքականը՝ 0:2 հաշվով:

Հիմա, եթե հաջողվի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելով ՀՀ նախագահը լուծի նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու (իհարկե՝ դա կլինի ի վնաս Արցախի, նաեւ ազատագրված տարածքները զիջելու գնով) հարցը, ապա հաշիվը կդառնա 2:0՝ հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ-ի, նաեւ 2:0՝ հօգուտ Ս. Սարգսյանի նախագահական դիրքերի ամրապնդման, եւ իհարկե՝ 0:4՝ ի վնաս Հայաստանի ու հայության շահերի:

Ուրեմն՝ ՀԱԿ առաջնորդը վատ հաշվարկել չգիտի: Եթե Ս. Սարգսյանն էլ է նման կերպ հաշվարկում, ապա տրամաբանորոն հանրահավաքները պիտի դադարեին, ինչն էլ կատարվեց:

Ուրեմն՝ մենք իրական վտանգի առջեւ ենք կանգնած, ինչը կրկնապատկվում է մեր իշխանությունների եւ ընդդիմության՝ միջազգային ուժերի հետ ի վնաս մեր շահերի համագործակցությամբ պայմանավորված:

Սա հաշվի առնելով՝ հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանն իհարկե շեշտեց՝ «Ուզում եմ հուսախաբ անել չարախնդացողներին եւ հանգստացնել տարակուսողներին, մեր հանձնառության մեջ գործարքի կամ՝ նահանջի տարր փնտրելն անլուրջ է£ Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը»£

Ահա, հիմա էլ ստացվեց, թե քանի որ արտաքին վտանգ կա Արցախ-ԼՂՀ հարցում եւ ընդդիմությունն իր կամքից անկախ կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին, ապա ընդդիմությունը գնում է նոր «զոհողությունների»£

Ինչպես ասում են՝ արված է դասական ձեւակերպում: Բայց ոչ-ոք դեռ չի մոռացել, որ նախկին նախագահը ասպարեզից հեռացավ, քանզի պատրաստվում էր այս հարցում զիջումներ անել, էլ ինչ «գործիքի» մասին է խոսքը: Թե՞ ավելի ցանկալի է, որ այդ ամենը հակառակորդ կողմն անի եւ ազատի իրեն այդ գլխացավանքից… Իսկ ինչ է, այս նույն վտանգները չկայի՞ն մարտի 1-2-ից առաջ, որ սպանվեցին անմեղ մարդիկ, իսկ երկիրն էլ տխուր փաստի առաջ է կանգնել…

Ինչեւ, հիմա Հայաստանը պարտվում է 0:2 հաշվով, հավանականություն կա, որ այն կդառնա 0:4, իսկ ահա, Լ. Տեր-Պետրոսյան-Ս. Սարգսյան հաշիվը՝ 2:2 է: Եթե գործող նախագահին հաջողվի «խաղեր տալով» դուրս պրծնել առկա որոգայթներից (ինչը քիչ հավանական է, եթե զիջումներ չարվեն Անկարային եւ Բաքվին), ապա 3:2 հաշվով Ս. Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել ու դեռ «արմատական» ընդդիմությանն էլ կզրկի արտաքին ուժերի աջակցությունից, որից հետո նրանք կանցնեն արդեն մի քանի անգամ «փոշիացած» ընդդիմադիրների շարքերը: Իսկ եթե Ս. Սարգսյանը գնա արտաքին զիջումների, ապա համաժողովրդական շարժումը կդառնա համազգային-համահայկական շարժում եւ կսրբի նախագահական աթոռը գործող նախագահի հետ միասին, եւ 3:2 հաշվով արդեն Լ. Տեր-Պետրոսյանը կհաղթի՝ վերստին հավակնելով նախագահական աթոռին:

Առհասարակ մեկ չէ, թե այս դեպքում ով կհաղթի, եթե իհարկե ներկայիս նախագահը կարողանա զիջումներից խույս տալով «խաղեր տալ», այլապես մեկ կլինի, թե երկու խաղացողներից ով կլինի իշխանության բուրգին բազմած:

Բայց ամեն դեպքում այսպիսի զարգացումներով Հայաստանը կպարտվի ԱՄՆ-ին (Արեւմուտքին) կամ՝ 0:2, կամ՝ 0:4 հաշվով: Սա նկատելով, մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, համագործակցելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, փորձում է խլել ԱՄՆ-ի հաղթանակը… Այս դեպքում մեզ համար մեկ է, թե դրանցից ով կհաղթի:

Այլ բան է, եթե փոխվեն «խաղի կանոնները», եւ ՀՀ իշխանությունները մեկ այլ հաշվարկ սկսեն, կամ էլ՝ ընդդիմության արմատական փոփոխությամբ մի նոր որակական հակազդեցություն առաջանա, ինչը նպաստավոր կլինի Հայաստանի ու հայության համար:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։