Ամեն ձրի բան մի՛ փաթաթեք մեր վզին

Երբ «Լուսանցք»-ն ահազանգում էր կարմրուկի եւ կարմրախտի դեմ համապետական եւ միջազգային նշանակության (նախաձեռնությունը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանն էր) «բարեգործական» պատվաստումների բնույթի կասկածելի լինելու առումով (զլմ-ները տեղեկատվություն տվեցին, որ դեղամիջոցները ժամկետանց են եւ անորակ), շատե՛րը մեզ մեղադրեցին ավելորդ անհանգստության եւ նույնիսկ բնակչության շրջանում լարվածություն ստեղծելու համար:

Շուրջ 1 տարի առաջ (2007թ. հոկտեմբերի 1-13-ը) այս «բարեգործության» թիրախներ դարձան ՀՀ բնակչության 6-27 տարեկանների ավելի քան 96%-ը: Սա՝ պաշտոնական տվյալներով: Հուսանք, որ մեր առողջապահական համակարգի փողասերների «ջանքերով» ավելի շատ մարդիկ ծանոթի միջոցով խուսափեցին այդ միջազգային հերթական միջոցառում-փորձարկումներից եւ… հեռու մնացին անորակ ու վտանգավոր պատվաստումներից: Դեռ պատվաստումներից անմիջապես հետո որոշ մարդկանց մոտ առաջացան առողջության հետ կապված խնդիրներ, եղան նաեւ հղի կանանց վիժելու դեպքեր: Չնայած ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր բուժհիմնարկների ղեկավարների լուրջ դեմքով հավաստիացումներին, «պետպլանը» կամ «միջազգային պլանը» կատարելու համար պատվաստվեցին նաեւ հղի կանայք եւ այնպիսի ծանր ու անբուժելի հիվանդներ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ուռուցքներ ունեցող եւ այլք), որոնց արգելված էր այդ պատվաստումները:

Անցած 1 տարվա ընթացքում զլմ-ներն արձանագրել են հղիության մի շարք ընդհատումներ (վիժումներ կամ դրան չհասնելու համար՝ հղիության արհեստական ընդատումներ):

Իսկ այն, թե դեռ այս ամենն ինչ հետեւանքներ կունենա 6-27 տարեկանների շրջանում տարիներ հետո, շուտ չի երեւա:

Իսկ հիմա ովքե՞ր են պատասխան տալու թեկուզ հղիության ընդհատման մեկ դեպքի համար, մեկ չծնված (իրականում սպանված) մանկան համար… Դա «բարեգործ» «Բժիշկներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կլինի՞, թե՞ հեռուստատեսությամբ ու թերթերով իրենց համապետական միջոցառումը գովազդող ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներն ու հեռուստաեթերներից «իրենց ճղող» մասնագիտական բուժհիմնարկների ղեկավարները: Գուցե պատվաստո՞ղ բուժաշխատողները:

Դիմում ենք ՀՀ նախագահին, վարչապետին ու գլխավոր դատախազին՝ ովքե՞ր են պատասխանատու չծնված՝ արդեն սպանված երեխաների համար…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։