Հետամանորյա. պարապ վախտի՞, թե՞ գիտական խաղալիք.- Լավագույն դիետան… Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում… Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են… Իսկ Հայաստանի երիտասարդական նվագախումբը աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան… Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում… Այցելեք եւ օգտվեք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Լավագույն դիետան

U.S. News and World Report-ի փորձագետները ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից ընտրել են լավագույնը: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում: DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցումներ) կոչվող դիետայի «էությունը» աղից, հագեցած ճարպեր եւ շաքար պարունակող սննդից հրաժարվելն է: Սննդաբանները հայտարարում են, որ DASH-ը ավելի լավ է աշխատում, քան հիպերտոնիայի դեմ շատ դեղամիջոցներ:

DASH-ն 1-ին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից: Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15%-ով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են հակված սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպեսեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:

Նշենք նաեւ, որ բժիշկներն արգելել են առանց ածխաջրածինների դիետա պահել երկար ժամանակ: Առաջ է եկել նաեւ Հոլիվուդյան նոր դիետա՝ մանկական կերի հիման վրա, ինչը դեռ ուսումնասիրվում է:

Տոնական կերուխումից հետո՝ հետտոնական բեռնաթափում

Օրգանիզմի բեռնաթափումը ոչ միայն առողջ ապրելակերպի, այլեւ գեղեցիկ կազմվածք ունենալու առաջին գրավականներից է: Ամանորին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի հետեւանքով շատերն ավելորդ քաշ են հավաքում։

Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքներից եւ իբր բնական հյութերից։ Ամանորից հետո շատ չգիրացողները հատուկ դիետաներ պահելու կարիք չունեն, բեռնաթափումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում վերադառնալ նախկին քաշին:

Շատերը կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Բայց դիետոլոգները դա ճիշտ չեն համարում: Պարզապես մի քանի օր պետք է հրաժարվել մսեղենից եւ ձկնեղենից, շատ քանակությամբ հեղուկներ ընդունել: Ցանկալի է օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն կեֆիրը, մածունը, խնձորը: Կարեւոր է նաեւ կանոնավոր քայլքը, որ օգնում է այրել ճարպերը: Սակայն, արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ սննդակարգից հանում են յուղոտ մթերքը, կիապատրաստուկները, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքը:  

Արյան խմբով դիետաները ուղղակի դիետաներ են

Տորոնտոյի համալսարանի մասնագետները, լայնածավալ հետազոտություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ տարածված կարծիքը, թե արյան խմբով պայմանավորված սննդակարգն ու դիետաները դրական են ազդում առողջության վրա, իրականության հետ ոչ մի աղերս չունի: Գիտնականները ոչ մի կապ չեն գտել փորձարկման մասնակիցների արյան խմբի եւ պահվող դիետայի արդյունավետության միջեւ. աշխատությունը հրապարակվել է PLoS One ամսագրում: Նշենք, որ արյան խմբով դիետան տարածում գտավ 1990-ականների վերջում «Eat Right for Your Type» գրքի շնորհիվ, որը թարգմանվել է աշխարհի 52 լեզուներով եւ վաճառվել է 7 մլն. օրինակից ավելի:

Եվ ահա, կանադացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր տեսակի դիետաները մասնակիցների առողջության վրա լավ ազդեցություն են ունեցել՝ կարգավորելով նրանց քաշը, արյան ճնշումը, խոլեսթերինի մակարդակը եւ այլն: Սակայն որեւէ վիճակագրական կապ արյան խմբով դիետա պահելու եւ առողջությունը բարելավելու միջեւ չի հաստատվել:

Քաղված համացանցից

Աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան

Դեկտեմբեր 25,2017թ. / Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որ այսուհետ ստացել է նոր անվանում՝ մեծ ծրագրեր և անելիքներ ունի։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով աշխարհում նվագախմբերը պակասում են, իսկ իրենք ստեղծելու են էլ ավելի պրոֆեսիոնալ, հզոր նվագախումբ եւ աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան։

«Ծրագրերն ու ցանկությունը մեծ են, ամբիցիաներն էլ ավելի մեծ»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։ Փետրվարին կմեկնարկի Պենդերեցկուն նվիրված փառատոնը, այնուհետեւ Եղիազարյան-ֆեստը իսկ մարտի 28-ին Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգ ունեն Համբուրգում, որի տոմսերը արդեն սպառվել են։

«Երիտասարդական էր կոչվում, սակայն ասեմ որ շատ պրոֆեսիոնալ նվագախումբ է եւ անվանումը նրանց դեպքում, կարծում եմ միայն կարգավիճակի համար է կարեւոր։ Անընդհատ զարգանում եւ կատարելագործվում են։ Ուղղակի հաճույք է նրանց հետ նվագել»,- ասում է  իտալացի բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ «Սիրում եմ ձեր երկիրը, ձեր երաժշտասեր ունկնդրին, այս նվագախումբը, եւ հուսով եմ, որ մեր համատեղ ելույթները շարունակական կլինեն»։

Գեղասահքի լեգենդը՝ Անահիտ Աստվածուհու դերում

«Վիրաբույժ էի երազում դառնալ, չդարձա։ Ինչո՞ւ՝ պատասխանեմ, որովհետեւ դարձա գեղասահորդ»,- ասում է գեղասահքի համաշխարհային լեգենդ, աշխարհի կրկնակի չեմպիոն, նաեւ Մոսկվայի շրջանային դումայի պատգամավոր Իրինա Սլուցկայան։ Երեւանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նա վարպետության դաս անցկացրեց։ «Արդեն երրորդ անգամն եմ ձեր քաղաքում, առաջին անգամ 2015-ին Պլյուշչենկոյի հետ սառցե շոուին եմ մասնակցել, հետո եկել եմ հենց այս մարզադպրոցի բացմանը»,- ասում է գեղասահորդուհին։

Հաջորդ տարի նոյեմբերին Երեւանում կկայանա «Ախթամար» սառցե շոուի պրեմիերան, որտեղ նա Անահիտ աստվածուհու դերում է հանդես գալու։

«Առաջին դեպքն է, որ լեգենդ է բեմադրվում,- ասում է Իրինա Սլուցկայան։- Կարծում եմ, որ այս պատմությունը դժվար թե որեւէ մեկին չհուզի։ Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում աշխարհով մեկ սփռված հայերի համար Վանա լիճը, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում, եւ «Ախթամարի» հուզիչ պատմությունը։ Մենք կպատմենք այս գեղեցիկ պատմությունը պարի, երաժշտության եւ մեր հոգու միջոցով»։

Ինչ հեռանկարներ ունեն հայ երեխաները, հարցին Իրինա Սլուցկայան պատասխանեց. «Պետք չէ մոռանալ, որ գեղասահքը միայն սպորտ չէ, նաեւ արվեստ է եւ ոչ միայն չեմպիոններ են պետք, այլեւ գեղեցիկ սառցե շոուների մասնակիցներ։ Կարևորը, որ նման մարզադպրոց կա, իսկ հաղթանակների համար տարիների աշխատանք է պետք»։

Համառություն, համբերություն, աշխատասիրություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ ամուր նյարդեր, սպորտային բաղադրատոմս՝ Իրինա Սլուցկայայից։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝    52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։