Սպառազինությունը՝ ո՛չ միայն զինական – Մեր պետության ու բնակչության անվտանգության հարցերը… Պետությունն ու ժողովուրդը պիտի պատրաստ լինեն անգամ ամենավատ ծավալումներին… Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում – Ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ… Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է…

Նախորդ տարավերջին կայացավ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Առիթը պատեհ էր՝ անդրադառնալու նաեւ մեր պետության ու բնակչության անվտանգությանը եւս:

Մեր ժամանակներում բացառված չեն ինչպես տեղային բախումներն ու պատերազմները, այնպես էլ տարածաշրջանային ու համաշխարհային: Ուստի՝ մեր պետությունը, մեր ժողովուրդը պիտի պատրաստ լինի անգամ ամենավատ ծավալումներին: Իսկ պատրաստ լինելը նշանակում է ոչ միայն դիմակայել վտանգներին, այլեւ հակադարձ հարվածներ հասցնել…

Այս համապատկերում ոչ միայն մեր հաղթանակած բանակն ունի անելիքներ, այլեւ ուժային բոլոր կառույցները, ազգային անվտանգությունն առավել եւս: Ժամանակակից սպառազինությունից զատ պիտի կյանքի կոչել ազգ-բանակ ծրագիրը, էլ ավելի ազգայնացնել անվտանգության եւ ոստիկանական համակարգերը՝ օտարների ներթափանցումը կանխելու եւ բացառապես ազգին ու հայրենիքին ծառայելու համար:

Ազգ-բանակը նաեւ հոգեբանություն է, ասում են հայ արիները, ինչի կիրառմամբ ազգը հենց ինքն է անպարտ զենքի վերածվում: Հենց այս կաղապարն էլ պիտի կիրառվի այլ ուժային կառույցներում, ինչը ցայսօր պնդում է Հայ Արիական Միաբանությունը՝ հավելելով, որ ազգային անվտանգության եւ պետական ու հասարակական կարգը պահպանող կառույցները պիտի ունենան նաեւ գիտա-թաքնագիտական խորհուրդներ, որոնք ո՛չ միայն մեկ քայլ առաջ պիտի մտածեն, թե ինչ անել, այլ՝ մեկ քայլ առաջ էլ պիտի իմանան, թե ի՛նչ է պատրաստվում անել հակառակորդը…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը համոզված է, որ հզոր երկրներում կան նման կենտրոններ եւ դրանք շատ բան են որոշում-կանխորոշում աշխարհում՝ կապված երկնային ու երկրային դրական եւ բացասական ազդեցությունների հետ, դրանից բխող հետեւանքների հետագա ծավալումներին դիմակայելու, նաեւ դրանք այս կամ այն կերպ մարդկության օգտին կամ դեմ կիրառելու առումով…

Իսկ մանկա-պատանեկան հաղոդդումների վերածվող էքստրասենսա-աստղաբանա-բախտագուշակության մակարդակի տանող հեռուստահաղորդումները (որ ռուսական եւ ամերիկյան օրինակների վատ պատճենն են) կարող են հակառակ ազդեցությունը թողնել: Մարդիկ հույսը ոչ թե կիսագիտական-կիսաֆանտաստիկ զազրախոսության վրա պիտի դնեն, այլ իրապես տիեզերագիտական խորիմաստ մտքի, այն էլ պետական մակարդակով կազմակերպված… Իմիջիայլոց, այս վերջինը կարող է համահայկական բնույթ ստանալ եւ գործել ոչ միայն Հայաստանում:

Ըստ հայ արիների՝ վերոնշյալին հասնելու համար մեր սպառազինությունը պիտի լինի եւ՛ զինական եւ՛ մտավոր եւ՛ հոգեւոր:  

Դառնալով անցյալ տարեվերջի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է ոչ միայն մասնագիտական բարձր կարողությունները, այլեւ նշել է, որ «այս ծառայությունը պետք է գործի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի պես՝ օրական 24 ժամ, շաբաթական 7 օր: Հենց այդ պատճառով այս գործն անողները պետք է իսկական նվիրյալներ լինեն»… Շատ կարեւոր դիտարկում է սա, ինչը պիտի խոսքից գործի վերածել: Պատերազմի դաշտում շատ բան մահապարտներն են վճռում, ազգի անվտանգության ասպարեզում այդ մահապարտների կարիքը եւս կա… Չորս կողմում թշնամիներ ունենք, որոնք ծպտվել են մեր ոչ թշնամի հարեւան երկրներում նույնպես:

Երկրի նախագահը նշել է, որ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ քաջ գիտակցում էին, որ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակաբար փոփոխվելու եւ ձեւափոխվելու են: «Անցել է ավելի քան 10 տարի, եւ այդ ընթացքում իրապես շատ բան է փոխվել: Անշուշտ, առկա վտանգներին դիմագրավելու մեր քայլերը եղել են համազոր եւ տվել են իրենց դրական արդյունքները: Սակայն մենք իրավունք չունենք բավարարվելու անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Ակնհայտ է, որ ներքին եւ արտաքին սպառնալիքները չեն պակասում: Ընդհակառակը՝ դրանք գնալով ստանում են առավել բազմաշերտ, երբեմն նաեւ քողարկված բնույթ»:

Ներկայիս միջազգային եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ ու լարված մնալ: Դրանով էլ կանխորոշվում են այն խնդիրները, որոնց լուծմամբ անհրաժեշտ է երաշխավորել ազգային անվտանգության հիմնարար արժեքների պահպանումը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայությունն դերը, որը կոչված է պաշտպանելու պետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, սահմանադրական կարգը եւ ամենագլխավորը՝ մեր բնակչության անվտանգությունը:

Այդ օրերին երկրի նախագահը, որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տարեվերջյան նիստին զգուշացրեց. «Յուրաքանչյուր խոսք շատ արագ դառնում է ադրբեջանցիների ու թուրքերի սեփականությունը», ուստի մտածված արտահայտվեք, դասախոսներ եւ գիտնականներ եւ դա հասցրեք նաեւ ուսանողներին… Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները պիտի կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները»:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=2916 – Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ – Թաքնագիտությունը անվտանգության երաշխիք… Արմեն Ավետիսյան – ՀԱՄ առաջնորդ…

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1576250202457192Հին հավատներում «աշխարհի վերջ» հասկացություն չի եղել, եւ այժմ դա շահարկում են այն համաշխարհային մութ ուժերը, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ

- Ուշադրությու՛ն, ցանցային նեյտրալիտետը վտանգված է

Անցյալ տարեվերջին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին մտահոգել է ցանցային նեյտրալիտետի վտանգված լինելը: Նրա կարծիքով, դա հանգեցնելու է վատ հետեւանքների: Համացանցում նա բացատրել է, թե ինչ է ցանցային նեյտրալիտետը. «Սա թեմա է, որի մասին Հայաստանում գրեթե ոչ ոք չի խոսում, կամ խոսում են նեղ շրջանակներում, բայց այն կարեւոր թեմա է, որը միշտ եղել է ինտերնետի հիմքում»:

Նա բացատրում է՝ նեյտրալությունը ենթադրում է, որ «բոլոր պրովայդերները դեպի բոլոր ծառայություններ, բոլոր կայքեր պետք է հավասար արագություն ու որակ ապահովեն… Մեր իրականության մեջ դա կարելի է բացատրել այսպես, մտնում ես գյուղ, գյուղապետի տուն տանող փողոցը լավ ասֆալտ է, մնացած ամբողջ գյուղը ցեխի մեջ կորած է: Սա այն պատճառով, որ ճանապարհային նեյտրալիտետը չի գործում: Ցանցն էլ կդառնա այդպիսին»:

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։