Շնորհավորում ենք Հայ Ազգին . Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի Գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք… Գարեգին Նժդեհը՝ Ցեղակրոններին (1935թ., 14 հունիսի)…

Մեր ազգի արիադավան (հեթանոս)-ցեղակրոն հատվածին շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 132-ամյակի առթիվ, այժմ շնորհավորում ենք հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա 86-րդ ամյակի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, արդար աշխատանք եւ արդարադատ պետություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Համայն հայությանը մաղթում ենք անդադար հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին

Ամեն հայ Ցեղակրոն էՑեղի Գենը կրում է իր մեջինչը պարզապես գիտակցել է պետք

Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն  հայորդի – նշանակում է հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ  Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 3-4 տասնյակ միլիոն (նաեւ ծպտյալ, ազգափոխված կամ այլակրոն դարձած) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:  

Ցեղակրոն  հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փա՜ռք ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Հայ Արիական Միաբանություն

14.01.2018թ. – Երեւան

* * *

- Ցեղակրոններին -

Դու գիտես դասական պատմությունը, որը խոսելով Լիկուրգոսի մասին, ասում է —
Բարեկարգելով Սպարտան (ուր քաղաքացիները, մոռացած իրենց անձը, ապրում էին միայն հայրենիքի համար, ուր նորահաս սերունդը մարզվում էր հաղթանակելու արվեստի մեջ, ուր ամեն մարդ և բոլորը երգում էին` փառաբանելով հերոսներին ու պարսավելով երկչոտներին)`
Լիկուրգոսը ի մի հրավիրեց ժողովուրդին և ուզեց, որ նա երդվի, թե իր բացակայության ժամանակ չպիտի խախտի իր ստեղծած օրենքները:
Ժողովուրդը կատարեց մեծ օրենսդրի և հայրենասերի ցանկությունը -երդվեց, որից հետո Լիկուրգոսը թողեց իր հայրենիքն ու հեռացավ:
Եվ որպեսզի սպարտացիներին չազատի իրենց երդումից, նա վճռեց կամավոր մեռնել` Սպարտայից հեռու:

* * *
Ուխտակիցնե՛ր,
Ես ցեղի խոսքը, պաշտամունքը, օրենքը քարոզեցի ձեզ: Ու երբ դուք երդվեցիք` մնալ հավատարիմ ցեղակրոն անվանը և դավանանքին` ես հեռացա:
Այժմ աշխարհագրորեն շա՜տ հեռու եմ ձեզնից, բայց սպարտացի օրենսդրի վերջին քայլին դիմելու պատճառ չունեմ, որովհետև խորապես հավատում եմ ձեր ուխտի սրբությանն ու անխախտությանը: Չէ՞ որ դուք ուխտեցիք… հավատարիմ մնալ ձեր ցեղին: Իսկ ցեղակրոնի համար հավատարիմ մնալ` նշանակում է ամեն օր, ժա՛մ, վայրկեա՛ն հպարտանքով լսել այն սրբազան ձայնը, որ զրնգում է իր արյունի մէջ և ասում`
«Ես հա՛յ եմ և յոթնիցս հպարտ եմ, որ հա՛յ եմ: Ես ի՛մ ցեղի զավակն եմ, և ահա՛ օտարության մեջ իսկ, Ցեղակրոնության շնորհիվ, ի՛ր կաթը կծծեմ»:

* * *
Ցեղակրոննե՛ր,
Ասել` «ես մարդ եմ», առանց ասելու՝ «ես հայ եմ», նշանակում է մեղանչել և՛ հայության, և՛ մարդկության դեմ:
Սո՛ւտ է, չկա՛ և պիտի չլինի վերացական, ցեղորեն անկերպարանք մարդը:
Կա՛ և կմնա ցեղադեմ մարդը – ֆրանսացին, անգլիացին, ռուսը, լեհը, արաբը, հայը – կա՛ ցեղորոշ մարդը:
Չկա՛ անկերպարանք մարդկություն – կան մարդկային ցեղեր: Չկա՛ մարդկություն – կա նրա գաղափարը, անո՛ւնը միայն:
Եթե գոյություն ունենար մարդկությունը` լույսի և աշխատանքի մեր արդար ցեղի կեսը սպանող թուրքը՝ չէ՛ր մնա անպատիժ:
Եթե գոյություն ունենար մարդկայնությունը` տմարդ աշխարհը Լոզանում չէ՛ր սեղմի թուրք փաշաների հայ արյունո՛վ ներկված ձեռքերը, և եղբայրություն կեղծող Մոսկվան շնաբար չէ՛ր համբուրվի քեմալական Անկարայի հետ:
Մարդկությո՛ւն, մարդկայնությո՛ւն — դեռ սնամեջ բառեր են, հեգնանքը գայլ-ազգերի:
Եթե այդպէս չլիներ` հայության անհայրենիք մասը Հիսուսի նման չէր շարունակի նախանձել բույն ունեցող երկնքի թռչուններին:
Այդ այդպես լինելով հանդերձ, պե՛տք է ծառայել մարդկությանը, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով -ապրելով ու ստեղծագործելով որպէս հա՛յ մարդ:
Մարդ դառնալու համար, պետք է ցեղորեն մարդ մնալ, որովհետև`
Ամեն այլասերված դիմազրկվում, այլանդակվում է հոգեպես, դառնում անստեղծագործ, քանդիչ ուժ, թշնամի՛ մարդկությանը:
Ամե՛ն այլասերված դժբախտանում է` կորցնելով կյանքն ու աշխարհը թարմ և անմիջական կերպով զգալու և ընդունելու իր կարողությունը:
Ամե՛ն այլասերված բնազդաբար և արդարորեն արհամարհվում է, անկախ իր ընկերային դիրքից:
Այսպէս է պատժում ցեղի արյունը:

* * *
Ուխտակիցնե՛ր,
Եվ ո՛չ մի զիջում մեր ցեղային անհատականությունից և արժանապատվությունից:
Դա է պահանջում՝ դեռ չգոյ մարդկության և հայության շահը:
Բարձրի՛ց, բարձրի՛ց դիտեք – հեռուն` մեր ցեղի անցյալն ու ապագան տեսնելու համար, հայոց անցյալի խորհուրդը և ապագայի հրայրքը ապրելու համար:
Ապրե՛ք ցեղորեն, ցեղի՛ համար, ցեղակրոնաբա՛ր: Որպեսզի ձեր միջոցով հայ սփյուռքի նորահաս սերունդը խորապես գիտակցի թե -աններելի վատություն է` սեփական արժեքների ուրացուման գնով օտար ազգերի մեջ կեղծ իրավահավասարություն փնտրելը:
Հասկանա՛նք — ճշմարիտ իրավահավասարությունը հնարավոր է միայն և միմիայն սեփական արժեքների միջոցով:
Իսկ արժե՛քներ ստեղծում է նա՛, ով ստեղծագործ է:
Իսկ ստեղծագործ է նա՛, ով չի մեղանչում իր ցեղային նախաէության` իր ցեղի արյունի դեմ:
«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն,
1935
թ., 14 հունիսի

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։