30 տարի անց. Արցախյան շարժման առաջին օրերի տարեգրությունը – Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես Բնապահպանական ցույցեր…(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Երբ ազգը լսում է անկախության ձայնը՝ աշխարհի 1/6-րդ մասի բռնապետությունն էլ է անզոր – Եվ խորհրդային եղբայրության քաղաք հռչակված Աբովյանն առաջինը վերածվեց հեղափոխական Պիտերի…

Արցախյան փառահեղ ու հաղթական շարժման 30-ամյակի առիթով, որոշ լրացումներով հրապարակում ենք մեր արխիվ հանձնած «Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր» հուշագրությունը, որը պատկանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գրչին: Այն առավելապես պատմա-փաստագրական փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են Արցախյան շարժման  եւ ազատամարտի վերածման առաջին օրերը: Հայտնի է, որ Աբովյան քաղաքում սկսեցին առաջին հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, գործադուլներն ու բախումները անվտանգության եւ իրավապահ մարմինների հետ, որի ականատեսն ու անմիջական մասնակիցն է եղել է նաեւ Արմեն Ավետիսյանը:

1970-ական թթ. Աբովյանը նախ հռչակվել էր հայ-ռուսական բարեկամության քաղաք, որի վարչական կենտրոնում Խաչատուր Աբովյանի կիսանդրու հետ տեղադրվել է գրող-լուսավորչի «Վերք Հայաստանի» հայտնի գրվածքի հայ եւ ռուս զինվորների եղբայրության արձանը, բացվել էր նաեւ հայ եւ ռուս բարեկամության թանգարանը: Ապա քաղաքը հռչակվեց Խորհրդային 15 հանրապետությունների եղբայրությունը բնորոշող քաղաք, այսինք՝ «սովետական ինտերնացիոնալիզմի ցուցադրության հայաստանյան կենտրոն»…

Բայց դրանք լոկ բառեր էին, որ ամեն օր հնչում էին ապազգային խորհրդային բռնապետությունում, ինչը ապացուցվեց հենց մեր պայքրի առաջին իսկ վայրկյանից… Ինչպես պայքարի ընթացքում նշեց «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից առաջինն ի հայտ եկած Իգոր Մուրադյանը՝ «Աբովյանը հերոսաբար եւ աննահանջ կատարում է Հայաստանի Պիտերի պարտականությունը… Եվ այս հեղափոխությունը, որ նաեւ ազատագրական պայքար է, հաստատ կհասնի իր տրամաբանական հաղթանակին»…  

Այսօր քչերն են հիշում եւ հիշեցնում, որ մինչեւ 1988-ի փետրվարի 20-ը՝ բուն Ղարաբաղյան շարժման սկիզբը, Աբովյանում 2 օր թերեւս նախապատրաստական ցույցեր էին ընթանում, որոնք ամրագրվեցին որպես բնապահպանական ցույցեր… Երբ ամսի 20-ին ցուցարարների մի աշխատանքային խմբով հավաքվել ու գիշերով ցուցապաստառներն էինք վերանորոգում, նորերը պատրաստում, հայտնվեց Երեւանի խումբը եւ Աբովյանի կազմակերպիչներիս հետ առանձնազույց ունեցավ: Կարծես հեքիաթ էինք լսում, բայց դա այն էր, ինչ երազում էինք բոլորս… Առավոտյան բնապահպանական ցույցերից անցնում էինք պատմական մի առաքելության, ցուցապաստառները պահանջելու էին Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին… Սա էր գաղտնի զրույցի առանցքը: Շատերը մինչեւ հաջորդ օրը չէին հավատում նման փոփոխության…

Հաջորդ օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանային խորհուրդը հայտարարում է Հայաստանի հետ վերամիավորման մասին եւ մենք արդեն պատրաստի ցուցապաստառներով իջնում ենք Երեւան… Պատմության գիրկը անցան բնապահպանական ցույցերը եւ պատմական մի նոր էջ բացվեց մեր ազգի համար: Մարդիկ զարմացած նայում էին, թե ինչ է փոխվել, այս ի՞նչ նոր պահանջ է, մինչեւ Ստեփանակերտի որոշումը հայտարարվեց Երեւանում եւ աշխարհով մեկ:

Մի բան թերեւս լիովին հստակ չէ՝ Ղարաբաղի՞ց սկսվեց պայքարը, թե՞ Հայաստանից… կամ՝ գուցե զուգահե՞ռ…

http://www.hayary.org/wph/?p=6793#more-67932018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…

* * *

ԽՍՀՄ պայմաններում հնարավոր, թույլատրվող երիտասարդական երազանքներիս վերջը, տարիների հեռվից ու նաեւ առաջին հայացքից նախանձելի չի թվում, երբ քայլում ես արցախյան շարժման հետքերով…  Բայց հետո հասկանում ես, որ այդ վերջը եղավ արդեն բուռն ընթացքում հայտնված երիտասարդական կյանքիս մի զարմանահրաշ պոռթկման՝ մտքիս ու հոգուս ազգային զարթոնքի սկիզբը…

Այն երազանքները, որով ապրում էր քիչ, թե շատ հայ ազգային մտածողությամբ երիտասարդը, այլեւս միայն երազանք չէր թվում, եկել էր սեփական կամքով ու կյանքով դրանց հասնելու պահը:

Եվ բոլորն էին հասկանում, որ կամ՝ հիմա, կամ՝ երբեք այս սերնդի համար…

Լավ չեմ հիշում, թերեւս ֆրանսիական մեծերից մեկն է ասել՝ բախտավոր է նա, ով ապրում է իր ազգի համար ճակատագրական ժամանակաշրջանում: Այո՛, ճշմարիտ է ասված, այդժամ ազգիդ ճակատագիրը նաեւ քեզնից, քո գործունեությունից, քո նվիրվածությունից է կախված…

Բախտավորություն եմ համարում, որ ազգիս պատմության առանցքին այդքան մոտ եմ կանգնել… Ու, ինչ իմնայի, թե դեռ ինչքան եմ մոտենալու ազգիս վերակերտվող ճակատագրին… Ու դեռ գնում եմ այդ արահետով…

Հազվագյուտ մարմնական դող է առաջացնում այս գիտակցությունը, որ հոգիդ ձուլված է քո ինքնության ակունքին ու կարելի է նվիրվելով հասնել ու հզորացնել այն… Սույն ճշմարտությունն է երաշխիքն առաքելության իրականացման եւ միակ կայծը՝ ունակ հրդեհելու այս սին աշխարհը: Առաքելության բնազդն է ծնում անհատներ, ովքեր շրջում ու նպատակակետին են ուղղում պատմության թափանիվը, ինչպեսեւ օրեր-ժամանակներ, որոնք նոր սկիզբ են դառնում հարյուրամյակների, հազարամյակների համար:

* * *

Այս տեսանկյունից 1988թ. փետրվարի 18-ն իր նշանակությամբ եւ առանց չափազանցության բեկումնային կարող է դիտվել եւ՛ հայ ազգի, եւ՛ համայն մարդկության պատմության մեջ:

Իսկ ի՞նչ կատարվեց այդ պատմական օրը ու նրան հաջորդած օրերին:

…Սատանան անգամ երազում չէր տեսնում ԽՍՀՄ փլուզումն ու մասնատումը, աներեր-անսասան էին համարվում աշխարհի 1/6-րդ մասը գրաված կայսրության հիմքերն ու սահմանները:

Համայնավարական մսաղացն այնպիսի դաժանությամբ ու բավականությամբ էր աշխատում ու խժռում, որ դրա դեմ պայքարի մասին մտածելն անգամ թվում էր խելացնորություն:

Սակայն, պայքարող անհատներ, գաղտնի-ընդհատակյա կազմակերպություններ, այնուամենայնիվ, կային ԽՍՀՄ-ում (նաեւ՝ Խորհրդային Հայաստանում):

Բայց այդ անհավասար պայքարի մարտիկները լավագույն դեպքում դառնում էին քաղաքական բանտարկյալներ կամ «հոգեկան հիվանդներ», վերամշակվում էին կամ դանդաղ մահվան դատապարտվում խորհրդային համակենտրոնացման ճամբարներում ու հոգեբուժարաններում:

Նվիրյալների ու ազգայինների մի մասն էլ ոչնչացվում էր սարքովի «թխած» քրեական հանցագործություներ կատարելու պատրվակով…

Իսկ անհավասար պայքարը շարունակվում էր, փոխանցվում սերնդեսերունդ, ստանում տարաբնույթ այլակերպումներ:

Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ, 1988թ. փետրվարյան օրերին, խելացնորվեց ոչ թե անհատը, կազմակերպությունը, այլ մի ամբողջ հանրություն՝ ժողովուրդ՝ ազգ:

Սաղմնավորվում էր Ազգային Մեծ Զարթոնքը…

Սա արդեն գործելու ազդանշանն էր՝ ով քնած է, արթու՛ն կացեք, ով արթու՛ն է՝ շուտ վե՛ր կացեք, հետո չասե՛ք Դավիթն ելավ, գող-գող գնա՛ց…

* * *

..1988թ. փետրվարի 18, քաղաք Աբովյան, «Պոզիստոր» ա/մ «Սիրիուս» գործարան:

Համապետական նշանակության այս կիսառազմականացված գործարանում, որ շուրջ 10-հազարանոց աշխատանքային բանակ ուներ, անհասկանալի շշուկները հետզհետե ավելի պարզ ու լսելի էին դառնում, իսկ գործարանի բանվորներն՝ ավելի պիրկ ու անհանգիստ…

Շատերը սկսեցին շրջել արտադրամասին արտադրամաս, հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում, մի՞թե պիտի դուրս գանք իշխանությունների դեմ… Քանի որ լարված էին նաեւ արտադրամասերի, տեղամասերի կամ այս, թե այն բաժնի ղոկավարները, վարպետներն ու մնացյալը:

Աբովյանի տարածքում կառուցվում էին գազի կուտակման պահեստներ, որոնց վտանգավորությունը (հնարավոր ավերիչ պայթյուն՝ Աբովյանի եւ մոտակա տարածքների համար) աշխուժորեն հիմնավորում էին Երեւանից ժամանած մարդիկ: Խնդիրն առաջին հայացքից համայնքային էր կամ հանրապետական, եւ մեծ քաղաքականության հետ կարծես ամենեւին կապ չուներ, բայց հաջորդող լուրերը քաղաքական նրբերանգներ բացահայտեցին՝ ինչ-որ նախաձեռնող խումբ նախապատրաստվում էր Աբովյանում նշել նաեւ 1921թ. փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության 67-ամյակը: Հետաքրքրությունը հետզհետե մեծանում էր, լարվածությունը՝ նմանապես: Շուտով շրջանառության դրվեց հանրահավաքի գաղափարը: Հսկայական գործարանի արտադրամասից արտադրամաս գնացողները ակամա լրատվության աղբյուր էին ծառայում եւ հազարավոր բանվոր-ծառայողներ շատ արագ տեղեկանում էին հնարավոր հաջորդ քայլերին… «Նաչալնիկների» մի խումբ մեզ արդեն փորձում էր հետ ուղարկել մեր աշխատավայրեր, սակայն դա ավելի շատ նմանվեց «բռնոցի» հայտնի  խաղին, որտեղ պարտվում էին «բռնողները»… Այսպես մոտեցավ 1-ին հերթափոխի աշխատաժամի ավարտը, գործարանը 2 հերթափոխով էր աշխատում: Տեսնելով, որ բանվորները հավաքված հետեւում են ինչ-որ խմբի, 2-րդ հերթափոխից շատերը եւս միացան:

Եվ վերջապես, Աբովյանի մշակույթի պալատի մոտ, աշխատանքային օրվա առաջին մասի ավարտից հետո, տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում «Սիրիուս» եւ «Չափիչ» (հարեւանությամբ գտնվող, վերջինս էլ 4-5 հազարանոց աշխատանքային բանակ ուներ) գործարանների բանվոր-ծառայողները: Հանրահավաքը սակայն սակավաթիվ էր, հավաքվածներն էլ ցուցաբերում էին զգուշավորություն, քանզի շուրջ բոլորը ոստիկանության ու անվտանգության աշխատակիցներ էին պտտվում: Երեւանից ժամանածները չհուսահատվեցին եւ, շարադրելով իրենց նպատակները (դադարեցնել գազի կուտակման պահեստների շինարարությունը եւ այլն, հատկապես վտանգները նշելով), որոշեցին փետրվարի 19-ին կազմակերպել ավելի բազմամարդ հանրահավաք՝ խնդրելով ներկաներին կազմակերպչական հարցերում աջակցել իրենց: Տեղական իշխանության ներկայացուցիչները կասկածանքով վերաբերելով այս ամենին, այնուամենայնիվ, ցուցաբերեցին զսպվածություն եւ չմիջամտեցին միջոցառմանը:

Ա՜յլ բան էր փետրվարի 19-ին:

Առավոտյան, նախորդ օրվա հանրահավաքի կազմակերպիչները, մասնակիցների հետ միասին, գո՛ր-ծա՛-դու՛լ վանկարկելով սկսեցին շրջել «Սիրիուս» գործարանի արտադրամասերով: Մթնոլորտը գնալով շիկանում էր: Արտադրամասի պետերի, ապաեւ գործարանի ղեկավարության վախեցնող կոչերը եւ աշխատանքից զրկելու հայտարարությունները մի մասին միայն հետ պահեցին… Կեսօրին մոտ, հազարավոր բանվոր-ծառայողներ էին հավաքվել գործարանի գլխավոր դարպասների մոտ եւ պահանջում էին բացել այն: Նման մի փորձ էլ հարեւան «Չափիչ» գործարանում էր ծավալվել…

Տարերայնորեն կազմակերպված այս ցույցը մարդկանց համար անսովոր էր, եւ շատերը մասնակցում էին ընդամենը հետաքրքրությունից դրդված՝ ինչ է լինելու սրա վերջը: Գործարանի ղեկավարությունը, փակելով գործարանից դուրս եկող հնարավոր ուղիները, անցակետերը, սկսեց բանակցություններ վարել ցույցի ակամա կազմակերպիչների հետ: Շատ չանցած գործարանի մուտքերի մոտ եւ հարակից տարածքը ողողվեց տեղական իշխանության, կոմկուսի պատասխանատու ներկայացուցիչներով, ոստիկաններով (միլիցիա), ՊԱԿ-ի եւ հրշեջ ծառայության աշխատակիցներով, նրանց, ինչպեսեւ շտապօգնության ավտոմեքենաներով:

Գործարանի ղեկավարությունը սկսեց ավելի եռանդուն համոզել ժողովրդին վերադառնալու իրենց աշխատատեղերը՝ վախեցնելով նաեւ, որ անհնազանդները ոչ միայն կազատվեն աշխատանքից ու խստագույնս կպատժվեն, այլեւ կենթարկվեն քրեական պատասխանատվության: Սակայն, տեղի ունեցավ անսպասելին, մարդկային զանգվածը, այս ամենից հուզված ու գրգռված միանգամից պոռթկաց, տապալեց իր ճանապարհը փակող դարպասներն այնպես, որ հակառակ կողմում կանգնած իշխանավորները մի կերպ հասցրեցին փախչել այս ու այն կողմ՝ ցուցարարների ոտքերի տակ չճզմվելու վախից: Եվ ոգեւորված մարդկային լավան գոռում-գոչյուններով մխրճվեց ոստիկանական անկանոն շարքերի մեջ: Այս ամենն, իրոք, այնքան անսպասելի էր, որ ոստիկանների հոծ շարքերը երերացին, իսկ ներկա իշխանավորները չկողմնորոշվեցին իրենց հետագա գործողություններում: Մարդկային բազմահազարանոց զանգվածը տարածվեց ճանապարհի երկարությամբ: Սկսեցին փոխադարձ հրմշտոցներն ու բղավոցները: Կազմակերպիչներն ավելի համահավաք ու ճկուն գտնվեցին եւ զգալով այդ պահին հանրահավաք կազմակերպելու անհնարինությունը, բախման ու խուճապի առաջացման հավանականությունը, անմիջապես որոշեցին անցկացնել երթ դեպի գազի կուտակման պահեստներ, որն էլ սակայն, հետզհետե խմորվող համընդհանուր խառնաշփոթից խուսափելու պատճառով ընթացքում փոխարինվեց քիմիական պատրաստուկների գործարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքով: Երթին միացան նաեւ «Չափիչ» գործարանի փոքրաթիվ բանվոր-ծառայողներ: Ամեն ինչ թելադրում էր պահը, իշխում էին հուզմունքն ու կրքերը: Ոստիկանների անընդհատ կառուցվող պատ-շարքերը ցիր ու ցան էին լինում նրա մեջ մխրճվող մարդկային ալիքի հզոր ճնշումից…

Երթի ճանապարհին հավաքելով  նորանոր մարդկանց, վերջապես քիմիական պատրաստուկների գործարանի մոտ տեղի ունեցավ հանպատրաստից հանրահավաք, որտեղ բացատրվեցին կատարվող իրադարձությունների նպատակները, նշվեցին հետագա անհրաժեշտ քայլերը եւ որոշվեց կազմակերպել համաքաղաքային գործադուլ: Դադարեցնելով քիմիական պատրաստուկների գործարանի շինարարական աշխատանքները, բանվորները համընդհանուր պահանջի ներքո միացան գործադուլավոր-ցուցարարներին: Որոշ ժամանակ անց կրքերը կարծես սկսեցին հանդարտվել: Տեղական իշխանության, ոստիկանության, ՊԱԿ-ի ներկայացուցիչները սթափվելով անակնկալ շփոթից՝ արդեն հանրահավաքի ընթացքում «քաղպարապմունքներ» էին անցկացնում: Թվում էր՝ ամեն ինչ վերջանալու մոտ է, մանավանդ, որ կազմակերպիչների մեծ մասը նույնպես համոզում էր ժողովրդին տուն գնալ, չխախտել հայտարարված գործադուլը եւ հաջորդ օրը կրկին հավաքվել:

Սակայն, յուրաքանչյուր պայքար ծնում է իր զավակներին… Յուրաքանչյուր պայքար ծնում է նաեւ իր առաջնորդներին եւ այստեղ էր, որ հայտնվեցին մի խումբ անհողդողդներ, ովքեր այս դրվագի մեջ կատարեցին մի շրջադարձ, որը հանկարծակի բերեց նույնիսկ բուն երեւանյան կազմակերպիչներին: Նորելուկ կազմակերպիչները, որոնց խմբում նաեւ ես դիրքավորվեցի, չբավարարվելով իշխանավորների խոստումներով եւ օրվա ձեռք բերած արդյունքներով՝ կարճատեւ խորհրդակցությունից հետո մարդկային զանգվածն ուղղեցին դեպի Երեւան:

Այս քայլն ուղղակի պահի ծնունդ էր՝ պայքարի ալիքը չկորցնելու պահանջ: Իշխող աղմուկ-աղաղակների ներքո ժողովրդի մի մասն ընկրկեց, բայց մի մեծ խումբ հասկանալով պահի տատանողականությունը, համարձակ ու համառորեն սկսեց երթը: Ամեն ինչ կատարվեց անսպասելիորեն արագ, եւ գնալով մեծանում էր ցուցարարների մասնատված խմբերի կեսերի միջեւ տարածությունը: Մինչեւ Երեւան, իհարկե, դեռ բավականին ոտքով ճանապարհ կար, բայց մարդկանց հայացքները լի էին վճռականությամբ եւ անզիջողականությամբ: Աբովյանում մնացած ցուցարարների մի մասն էլ անգործ չմնաց՝ «Սիրիուս» գործարանի ժողովների մեծ դահլիճում հանդիպեց քաղաքի եւ գործարանի ղեկավարության հետ՝ գործադուլները ու բարձրացված հարցերը հիմնավորելու, իրավական տեսանկյունից օրինականացնելու նպատակով…

Երեւան տանող մայրուղու պետավտոտեսչության կենտրոնական հենակետի մոտ ոստիկանական խիտ շարքերն արդեն կազմ ու պատրաստ սպասում էին երթի մասնակիցներին: Այստեղ էր վճռվելու երթի ճակատագիրը: Եվ ի պատիվ երթի մասնակիցների, նրանք չնահանջեցին ու փոխադարձ հրմշտոցներից ու կոպտություններից հետո ոստիկանները ստիպված տեղի տալով ուժային ճնշմանը՝ բացեցին ճանապարհը դեպի քաղաքամայր Երեւան: Տեսարանն, իրոք, տպավորիչ էր: Մարդկային ալեկոծված զանգվածը ցնծում էր ու հաղթանակի բերկրանքով համակված, չկանգնեց նույնիսկ բանակցության համար Երեւանից ժամանած պետական եւ կոմկուսի բարձրաստիճան ղեկավարների ժամանումից հետո: Նրանք այդպես էլ նստած մնալով սեւ ապակիներով մեքենանների մեջ՝ արժանացան ընդհանուր սուլոցների եւ քիչ մը կոպիտ կշտամբանքների: Երթի մասնակիցների համար Երեւան հասնելը դարձել էր անկոտրում նպատակ, անբեկանելի պահանջ:

Երեւանում տեղյակ չէին այս ամենին, եւ աբովյանցիների բուռն երթը մայրաքաղաքի փողոցներում միայն զարմանքի ու տարակուսանքի հայացքներ էր առաջացնում: Երթն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով աբովյանցիները կանգնեցրին ավտոմեքենաների երթեւկությունը եւ քայլարշավի ընթացքում ծնվող բնապահպանական կոչերի եւ ազգային հարցերի ընդհանուր վանկարկումներով փորձեցին մայթերին հավաքված մարդկանց բացատրել մայրաքաղաք հասնելու պատճառը: Հետաքրքրությունից կամ համակարծիք լինելով, բազմաթիվ երեւանցիներ միացան երթին եւ ընթացքում որոշվեց այն ավարտել Թատերական հրապարակում՝ հանրահավաքով…

Հանրահավաքում հնչեցին գազի կուտակման պահեստներին վերաբերող եւ ընդհանրապես Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին ելույթներ («Նաիրիտ», ատոմակայան եւ այլն…), ինչպես նաեւ ընթերցվեց աբովյանցիների բողոքը՝ ուղղված Հանրապետության իշխանություններին: Դեռ ելույթները չէին ավարտվել, երբ ինչ-որ մարդիկ հայտնեցին, որ Արցախում շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում ու խնդրում են բոլորին, մասնավորապես՝ աբովյանցիներին, հաջորդ օրն ավելի կազմակերպված երթով ներկայանալ հանրահավաքի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պահանջով ու ավելի երկարատեւ պայքարի տրամադրվածությամբ: Աբովյանցիները հոգնած, բայց հպարտորեն, երթուղային ավտոբուսներով արագ վերադարձան Աբովյան, եւ աչքի ընկած կազմակերպիչներն իրենց առաջին լուրջ հավաքում հանգամանորեն որոշեցին ու մշակեցին գալիք օրվա կազմակերպվելիք գործադուլների ու երթերի անցկացման ժամն ու ձեւերը, չնայած շատ բան դեռեւս պարզ չէր, հատկապես Արցախի հարցում…

Հաջորդ առավոտյան, փետրվարի 20-ին աննկարագրելի պոռթկում էր, գործադուլներն ու երթերն ավելի բազմամարդ էին ու կազմակերպված: Իշխանավորները եւ ոստիկանները չնայած դիմադրում էին (կողքից բավականին տպավորիչ), սակայն երեւի թե մի քիչ էլ ձեւականորեն: Նույնիսկ Երեւան գնալու համար նրանցից մի քանիսն ավտոբուսներ առաջարկեցին, պատճառաբանելով, թե ծերեր ու կանայք կան, սակայն ցուցարարների նպատակը անպայմանորեն ոտքով գնալն էր: Որոշմանը կողմ էին բոլորը: Այս անգամ «Սիրուս» եւ «Չափիչ» գործարանների գործադուլավորներին միացան տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների բանվոր-ծառայողներ ու նախորդ ցույցից ոգեւորված աբովյանցիներ: Պտույտ գործելով Աբովյանի փողոցներով, համալրվելով զարմացած աբովյանցիներով, երթի մասնակիցները Հայաստանի ու Արցախի վերամիավորման բացականչություններով ու ցուցապաստառներով շարժվեցին մայրաքաղաք: Եվ այս անգամ էլ ոստիկանները նահանջեցին ու ցուցարարները հաղթահարելով Աբովյան-Երեւան 15-20 կմ տարածությունը, խրոխտ երթով, երեւանցիների ողջյունների ու ծափահարությունների ներքո մտան Թատերական հրապարակ…

Թատերական հրապարակի հանրահավաքից հետո աբովյանցիների պատվիրակությունը ՀԽՍՀ կառավարության շենքում հանդիպեց Նախարարների Խորհրդի ներկայացուցիչների հետ, շարադրեց ցուցարարների տեսակետները՝ բնապահպանական խնդիրների (մասնավորապես՝ գազի կուտակման պահեստների) եւ Հայաստանի ու Արցախի վերամիավորման հարցի շուրջ, եւ իհարկե պահանջեց ավտոբուսներ՝ հոգնած աբովյանցիներին Աբովյան տեղափոխելու համար: Ցուցարարները, որպես հաղթանակի արդյունք, օգտվեցին կառավարության տրամադրած ավտոբուսներից, սակայն նրանց դեռ 7 օր շարունակ սպասվում էր ծանր, բայց պատվաբեր երթեր՝ Աբովյան-Երեւան արդեն պատմական նշանակություն ձեռք բերող ճանապարհով…

Փետրվարի 20-ին բնապահպանական ցույցերն իրենց տեղը զիջեցին Արցախյան Շարժմանը, որը շուտով պետք է վերածվեր Արցախյան Ազատամարտի, Հայ Ազգային աԱզատագրական Պայքարի, Հայության Գոյամարտի… Վասն Վերակերտման:

…Այս պայքարում հերոսացան շատերը, իսկ լավագույններից շատերն անմահացան՝ ամփոփվելով հայրենի հողի մեջ…

Արցախյան շարժման ակունքներում         

1988թ. փետրվարյան բնապահպանական ցույցերն ու նրանց հաջորդած Արցախյան Շարժումը կարծես քննություն էին մեր պատմության եւ Աստծո-Աստվածների առջեւ. հայ ազգի կարողությունների, ողջախոհության, գենետիկ հիշողության եւ հետագա գոյատեւության, ապա հարատեւության առումով, որն ազգը հանձնեց գերազանց կերպով: Նիրհից արթնացավ նախնյաց գենը, պոռթկաց հայ-արիական ազատատենչ-ռազմագոչ ոգին ու խոսեց ազգային առաքելության բնազդը՝ հավերժության զորեղ ձայնը: Եվ այդ վայրկյանից այլեւս անկոտրում էր ազգի կամքը ու նրա վրա հենված ազգային ազատագրական՝ դեպ անկախության ու հայրենատիրության տանող պայքարը…

1988թ., փետրվարի 20: 2 օր տեւած բնապահպանական ցույցերն անմիջապես մի կողմ դրվեցին, որպեսզի հետագայում ազգային շարժման ամենաեռուն ժամանակահատվածում նորեն օգտագործվեն որպես քաղաքական ազդեցիկ լծակ: Իսկ այդժամ Ազգային Զարթոնքն էր երկունքի մեջ…

Փետրվարի 20-ին նախորդ ցույցերի կազմակերպիչները մի առանձին խանդավառությամբ էին պատրաստվում հաջորդ գործադուլին: Արցախից կցկտուր հասնող լուրերը ստիպում էին գործել արագ, որոշ դեպքերում առանց հանգամանորեն մտածելու, սրտի մղումով: Ժամանակը թանկ էր…

Այս անգամ էլ գործադուլի կազմակերպման շարժիչ ուժը «Սիրիուս» գործարանի բանվոր-ծառայողներն էին, որոնք ինչպես Արցախի շարժման, այնպես էլ ազատամարտի ամբողջ ընթացքում մնացին որպես առաջամարտիկներ: Նրանց անբաժան եւ վստահելի ընկերներն էին «Չափիչ» գործարանի բանվոր-ծառայողները: Բայց, շուտով քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, ամենատարբեր կազմակերպություններին վիճակված էր անխուսափելի ճակատագիր՝ միանալու պայքարի այս երկու հսկաների ձայնին, պատմական անջնջելի հիշողության նվիրական ու հարազատ կանչին…

Փետրվարի 20-26-ը ներառյալ աբովյանցիներն ամեն առավոտ երթով, Արցախը Հայաստանին վերամիավորելու կոչերով ու ցուցապաստառներով, ազգային-հայրենասիրական երգերի հուսադրող մեղեդիների ընկերակցությամբ քայլում էին Աբովյան-Երեւան «երթուղով» եւ ամեն անգամ երեւանցիների ոգեւորիչ բացականչությունների, ծափողջյունների ներքո մտնում Թատերական հրապարակ…

Այս քայլարշավն ընդօրինակեցին երկրի բազմաթիվ բնակավայրերի նվիրյալ հայորդիներ, Երեւան գալիս էին թե՛ Հայաստանի հյուսիսից ու հարավից, թե՛ արեւմուտքից ու արեւելքից (Չարենցավան, Հրազդան, Էջմիածին, Արմավիր, Գյումրի, Վանաձոր, Սեւան … եւ շատ ու շատ այլ քաղաքներ, գյուղեր), որոնց մուտքը Թատերական հրապարակ ժամանակ առ ժամանակ թնդացնում էր հարյուր հազարների հասնող ներկաներին, սակայն շուտով սումգայիթյան ոճիրն իր ազդու կնիքն էր դնելու հետագա գործողությունների ու մարտավարության վրա, իսկ Աբովյանը պայքարի այդ բովում կրկին նշվելու էր «Հայաստանի Պիտեր»… Իգոր Մուրադյանը դա նորից հայտարարեց, երբ հոծ զանգվածների առջեւ դեռ Վաչե Սարուխանյանն էր հռետորաբանում:

Հզոր նախնյաց մարտունակ, իմաստուն ու բազմափորձ ոգին էր խլրտում հայ նոր սերնդի սրտերում եւ ուղեղներում: Ամեն ինչ  նոր էր սկսվում… Առաջիկա 10 տարում հայությունը տեսնելու եւ հաղթահարելու էր աննկարագրելի արհավիրքներ, որից հետո աշխարհում տարածվելու էր հայի վերազարթոնքի ավետիսը…

«Լուսանցք» թիվ 6 (484), փետրվարի 16-22, 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) - Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5355Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5468Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոս – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5480Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դեռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

http://www.hayary.org/wph/?p=5479Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

http://www.hayary.org/wph/?p=3239ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքումՊատմում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը (Ճշմարտությունոր կփոխի նորօրյա պատմութան առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…)

http://www.hayary.org/wph/?p=4220Բավարար ուժ եւ կարողություններ կա՛ն արդենՄի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորման փորձին առնչվողԸստ ՀԱԲ-ի մարտիկների՝ արդեն 1990-ին (Արցախի հետ) Նախիջեւանը մերը կլիներ, եթե

http://www.hayary.org/wph/?p=6020Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան է…

http://www.hayary.org/wph/?p=3455 – Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) կալանավորեցին, մեղադրեցին, դատեցին ու բանտարկեցին ՀԱՄ առաջնորդին…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։