Սեփական հակահերոսներին չե՛ն տեսնում.- Դաշնակից երկրի պատգամավորները՝ համամարդկային բարոյական սկզբունքների դեմ – Նժդեհի արձանը Երեւանում դեռ հանգիստ չի տալիս ռուսաստանյան բո;շեւիկախեղ մեծապետական խամաճիկներին… Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ – Այժմ հերթը ազգային հերոսներինն է, ովքեր կարողացել ու կարող են առաջնորդել իրենց ազգերին…

Նժդեհի արձանը հիմա էլ հանգիստ չի տալիս Ռուսաստանի Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Լյուդմիլա Կոզլովային: Նա «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակած «Նացիզմի վերածնունդը Մերձբալթիկայից մինչեւ Հայաստան» հոդվածում գրել է, թե հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը, դրանք տեղադրելը կամ հանելը ցանկացած պետության ինքնիշխան որոշումն է, բայց երկրի իշխանությունները պետք է հաշվի առնեն ոչ միայն հանրության կարծիքը, «այլեւ միջազգային հանրության դիրքորոշումը»:

Այսպիսի անհեթեթ միտք երեւի միայն Կոզլովան կասեր, փաստորեն, հերոսներն էլ պիտի համապատասխանեն միջազգային չափանիշներին…

Նժդեհի մասին խոսելուց հետո էլ հավելում է. «Սա է իմ կարծիքը ոչ միայն Նժդեհի, այլեւ մյուս դավաճանների մասին, ովքեր ֆաշիստական Գերմանիայի կողմից էին կռվում…»: Ինչեւէ, մենք մեր թերթի էջերը չենք գործածի սույն կնոջը պատմական, պատմաքաղաքական եւ էթիկայի դասեր տալու համար: Ինչքան էլ ռուսական, ավելի ստույգ՝ ռուսաստանյան կողմը խոսեց թեմայի շուրջ ու հերքեց, որ Նժդեհի արձանի տեղադրման մասին իրենց մամուլում հնչածը պաշտոնական տեսակետ չէ, չհերքվեց: Ականջները շատ էին երկար ու լավ էին երեւում:  

Բայց անկեղծորեն, մենք հասկանում ենք կոզլովաներին: Շա՜տ ենք հասկանում ու լա՜վ ենք հասկանում. ասում են՝  ռուսական արվեստ, ռուսական գիտություն, ռուսական քաղաքականություն…, բայց իրականում հասկանում են չէ՞, որ զուտ ռուսական չէ, ռուսաստանյան է՝ ռուսաստանյան գիտություն, մշակույթ, քաղաքականություն (մենք մի օր կմանրամասնենք սա): Ազգային հերոսների ու նկարագիրների հարցում գոնե բախտները բերեր… կամ՝ այդչափ բերեր: Դե, դրա համար էլ կպել են մեր Նժդեհին ու պոկ չեն գալիս…

Լուսանցք

http://www.hayary.org/wph/?p=6775Մեծն Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն – Այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ… Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը.- Արամը միայն անձ չէ, նա մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել…

* * *

Շարունակվում է անսանձ եւ անպատկառ արշավն ազգային արժեքների ու դեմքերի դեմ: Սա համակարգված ծրագիր է, որն այժմ իրականացվում է: Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ: Այժմ հերթը ազգային հերոսներինն է, ովքեր կարող են առաջնորդել ազգերին: Առաջնորդների էներգետիկան ի վիճակի է հրաշքներ գործել: Ոմանց, այդ թվում՝ ռուս «քաղաքական գործիչներին» ու «մասնագետներին» հանգիստ չի տալիս ռազմական,  քաղաքական, ազգային եւ պետական գործիչ, հրապարակախոս, գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) վիթխարի եւ լուսեղեն կերպարը: Եվ դա բնական է, քանի որ Նժդեհը հենց ազգային արժեքների լավագույն մարմնացումն է: 

Այժմ ՌԴ Պետական դումայի մի խումբ պատգամավորներ՝ Սերգեյ Մարկովը, Իլդար Բիկբաեւը, Դիոնիս Կապտարը, Ալեքսանդր Փերենջիեւը եւ այլ սինլքորներ, ադրբեջանական գումարներով սնված, վայրահաչում են՝ իբր թե Հայաստանում ֆաշիզմի վերածնման մասին: Փորձագետների կարծիքով՝ հակահայկական այս գործունեությունը ֆինանսավորում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Այսպիսի եղանակով հակահայկական ուժերը նաեւ նպատակ ունեն թշնամանք հարուցել հայերի եւ ռուսների միջեւ: Այս գործիչները մտադիր են դիմել ՄԱԿ եւ պահանջել պատժամիջոցներ կիրառել ազգային այդ դեմքերի նկատմամբ: Նրանք նկատի ունեն Գարեգին Նժդեհին, Դրաստամատ Կանայանին եւ այլ ազգայնականներին, ովքեր խելամտորեն ստեղծել էին Հայկական լեգեոնը համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայ գերիներին փրկելու նպատակով: Դա արվել էր նաեւ քաղաքական այն հաշվարկով, որ եթե Ստալինգրադում խորհրդային զորքերը պարտվեին, ապա հայերը կարողանային դիմագրավել թուրքերի ներխուժմանը:

Այս ստահակները չեն ուզում հասկանալ, որ Գարեգին Նժդեհը Ռուսաստանի կայսրության բանակի կադրային սպա էր եւ երդում էր տվել կատարել զինվորական իր պարտքը եւ պահպանել երկիրն ամեն տեսակ թշնամիներից: Եվ տաղանդավոր զորահրամանատարը հավատարիմ եղավ իր երդմանը, պայքարեց երկիրը կործանող իշխանության բռնազավթողների ու 1917թ. հեղաշրջումը իրագործած բոլշեւիկ հեղափոխականների դեմ: Ուշագրավ է, որ Նժդեհը հաջողությամբ կատարում էր միջազգային հանցագործներին պատժելու իր դերը: Դրա արդյունքում փրկվեց Սյունիքը եւ մտցվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ (այլապես՝ Ղարաբաղի եւ Նախիջեւանի օրինակով կհանձնվեր Ադրբեջանին):

Իսկ մարկովները եւ այլ թափթփուկներ հանդես են գալիս Ռուսաստանի, Հայաստանի ու համամարդկային բարոյական սկզբունքների դեմ: Ըստ նրանց կարծիքի՝ մենք իրավունք չունենք պաշտպանել մեր հայրենիքը եւ Հայոց քաղաքակրթությունը: Այսպիսի ստոր գործելակերպով նրանք միտումնավոր խարխլում են հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան: Նմանօրինակ վարքագիծը ձեռնտու չէ նաեւ բուն ռուսներին, քանի որ ստեղծում է ավելորդ խնդիրներ եւ թշնամական միջավայր իրենց դեմ:

Հակահայկական այս կատաղի հոգեգարության մեջ առկա է նաեւ աշխարհաքաղաքական գործոն: Երբ ՀՀ-ն 2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, ռուսաստանյան գաղափարական եւ քարոզչական թիմն սկսեց խանդել մեզ՝ դրսեւորելով կայսերական պղտոր հակումներ մեր երկրի նկատմամբ: Այս պահվածքի քաղաքական ենթատեքստը Ադրբեջանին ամեն կերպ ԵԱՏՄ անդամ դարձնելն է: Իսկ հայկական կողմը դրա դեմ հաջող հակաքայլ չի կարողանում մշակել: Սա նաեւ ցույց է տալիս, որ քաղաքական մեր վերնախավը մոռացել է նժդեհյան հայակենտրոնության եւ ազգային ուղենիշի մասին:

Խառնափնթոր այս վիճակից օգտվում է մեր տականքը, որը վարում է իր խաղը, այն է՝ ազգայնականության թեմայի միջոցով սրել հայ-ռուսական հարաբերությունները, կտրվել Ռուսաստանից եւ վերջնականապես անցնել եվրոպական կերակրատաշտին: Արեւմուտքը շռայլորեն կտա գումարներ իր այլանդակ բարքերը եւ նիստուկացը մեր երկրում արմատավորելու ու երկիրը խորհրդարանական մոդելի միջոցով Եվրոպայից լիակատար կախման մեջ գցելու համար: Ընդ որում, որպես կանոն, տականքի մեջ շատ ուժեղ է համերաշխիքը, ներդաշնակությունը, ի տարբերություն առողջ ուժերի, որոնք դժվարությամբ են համախմբվում:

Մենք քարոզչական եւ ռազմավարական մեր համալիր ջանքերով պետք է հանապազ ներկայացնենք Հայի հզոր տեսակը, մեր հաղթած երկիրը եւ քաղաքակրթական մեր արժեքները: Չմոռանանք, որ սա տեւական ու չընդհատվող գործունեություն է: Այդ դեպքում օտար եւ հայրենական ստամբակները կդադարեցնեն իրենց վայնասունը ու վախից կուչ կգան: Մենք պետք է լինենք նախաձեռնող, հարձակողական ու դրսեւորենք քաղաքական կամք: Չէ՞ որ ուժն է որոշում իրավունքը, եւ ազգերը միայն ուժով են վաստակում իրենց տեղը արեւի տակ:

Շատ կարեւոր է կատարել նաեւ պատմագիտական շտկումներ ու հստակեցումներ, որոնք անհրաժեշտ են մեր մտածողության ու հոգեբանության մաքրման համար: Այդ կեղծիքները բազմաթիվ են, բազմաբնույթ: Այս նենգափոխումները կարեւոր գործոն են դարձել ժամանակակից քաղաքական գործընթացներում:

Օրինակ՝ 1826-1828թթ. ռուս-պարսկական արյունահեղ պատերազմի հետեւանքով Ռուսաստանը, ոչ թե «մարդասիրական զգացումներից» ելնելով, իրեն միացրեց Արեւելյան Հայաստանը, այլ պարզապես զավթեց այն պարսիկներից: Պատմությունը չի կարող առաջնորդվել քաղաքական պատվերներով, իսկ ճշմարիտ պատմագիտությունը լրջմիտ գիտություն է: Հարկ ենք համարում նշել, որ պարսկական վերնախավը լայնորեն աջակցում էր 18-րդ դարի հերոս զորավար եւ պետական գործիչ Դավիթ Բեկին, պահպանում Արցախի մելիքներին, իսկ ռուսները անսովոր փութաջանությամբ վերացրին այդ մելիքությունները՝ մեր պետականության վերջին բեկորները:

Այնուհետեւ, 19-րդ դարի 10-20-ական թթ. ռուսները, քանի որ օսմանցիների/թուրքերի/ դաշնակիցներն էին, կործանեցին մեր պետականության վերականգնման փորձերը Վանում/1915թ. մայիս-հուլիս եւ 1917թ. սեպտեմբեր-1918թ. մարտ./ եւ ապա Հայաստանի առաջին հանրապետությունը: Սա է ռուսական քաղաքականության «իմաստասիրությունը»՝ կայսերական սեփական ձգտումները ուրիշի հաշվին: Նրանք օգտվեցին մեր ղեկավարների անձեռնհասությունից:

Հայերս ազնվաբարո, այլասեր ու մեծահոգի ազգ ենք եւ հարգանքով ենք վերաբերվում Ալեքսանդր Նեւսկուն, Դմիտրի Դոնսկոյին եւ այլ գործիչներին: Ավելին, մենք պահպանում ենք մեծ գրողներ Ա. Պուշկինի, Ա. Չեխովի, Լ. Տոլստոյի, Մ. Գորկու եւ այլոց հուշարձանները: Նրանց անուններով կան փողոցներ, դպրոցներ: Սա քաղաքակիրթ ազգի հատկանիշ է, որը շատերին բնորոշ չէ:

Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը: Անցել են խորհրդային ստրկության դաժան ու անմարդկային ժամանակները, երբ մենք անզոր էինք այդ ահավոր ուժի դեմ: Կարծում եմ, որ ձեզ այդպես գործելու իրավունք տվել է մեր տականքը, որը հանցավոր գործարքի մեջ է ձեզ հետ: 

Մի կարեւոր հանգամանք: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական գործակցությունը եւ բարեկամությունը, որոնք դարերի քննություն են բռնել: Ցանկացած պարագայում չի կարելի կորցնել իրականության զգացումը եւ ընկնել անպտուղ հույզերի ոլորտը:

Բայց մենք թույլ չենք տա ձեր տականքին որոշել մեր պետության եւ ազգի խնդիրները: Սա մեզ համար աքսիոմատիկ ճշմարտություն է; Կրկին հիշեցնենք, որ հայը ոչ միայն հաղթող, այլեւ պատժող տեսակ է:

Այս առումով տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. «Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար»:

Այնպես որ, պարոնայք, զգույշ եղեք: 

Ռ.Զուրիկյան

պատմաբան, հրապարակախոս

«Լուսանցք» թիվ 7 (485), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։