Աշխարհի վերաբաժանու՞մ, թե՞ նոր աշխարհամարտ – Թեհրանը դիմել է Մոսկվային՝ հակաամերիկյան միության ստեղծման կոչով… Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ… Համահայկական գերնպատակները պիտի այլեւս միս ու արյուն ստանան միջազգային օրակարգում…

Արեւմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվում է, արտաքսման քաղաքականություն որդեգրել են երկու կողմերն էլ: Ռուսաստանն արտաքսել է ամերիկացի 60 դիվանագետների եւ փակել ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այդ մասին ասել է. «ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում եւ մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»:

Այդ ընթացքում 2 ինքնաթիռով Վնուկովո օդանավակայանում Նյու-Յորք-Մոսկվա չվերթով վայրէջք են կատարել ԱՄՆ-ից արտաքսված ռուս 60 դիվանագետների ինքնաթիռները: Ինքնաթիռներից մեկում՝, նախատեսված հատուկ չվերթների համար, գտնվել են Նյու-Յորքի գլխավոր հյուպատոսարանի 14 դիվանագետներն ու ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ իրենց ընտանիքներով: Հաջորդ ինքնաթիռում եղել են 46 դիվանագետներ, որոնք աշխատել են Վաշինգտոնի հյուպատոսարանում:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որոշում էր կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Հետաքրքիր է, որ օրերս Լոնդոնը պաշտոնական նոր հայտարարություն արեց, որտեղ արդեն հստակ չէր, որ հենց Ռուսաստանն է իրականցրել թունավորումը, չնայած թունավոր նյութը ռուսական արտադրության է: Բայց հետաքննությունը հստակ փաստեր չունի Ռուսաստանի դեմ: Ինչպես ասում են՝ արդեն բանը բանից անցել է եւ բրիտանացիները հասան իրենց նպատակին եւ այժմ կարող են հստակ չմեղադրել նաեւ, քանի որ փաստեր չունեն դեռ:…

Ռուսական կողմը կասեցրել է նաեւ Սիրիայում դեպքերի կանխման եւ թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մոսկվան դիմեց այդ քայլին՝ ի պատասխան Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածին:  

Մոսկվան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անցկացնել արտակարգ նիստ: Հուշագիրը կնքվել էր 2015թ. հոկտեմբերին Վաշինգտոնում եւ ստորագրվել ՌԴ պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների կողմից: Փաստաթուղթը ուղղված էր սիրիական երկնքում ռուսական եւ ամերիկյան ինքնաթիռների եւ անօդաչու սարքերի գործողությունների կարգավորմանը:Հիշեցնենք, որ  ԱՄՆ ռազմական ուժերն այս օրերին ավելի քան 5 տասնյակ հրթիռ են արձակել Սիրիայի ռազմաբազայի վրա: Հրթիռակոծումն ըստ ԱՄՆ-ի՝ պատասխան է Սիրիայում կառավարական ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի: Մոսկվան այս քայլն արդեն ագրեսիա է որակել ԱՄՆ-ի կողմից։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը արագ արձագանքելով Ռուսաստանից ամերիկացի 60 դիվանագետների արտաքսելու մասին Կրեմլի հայտարարությանը, այս քայլն արդարացված չի համարել եւ նշվել է, որ ԱՄՆ-ն այժմ ունի հակադիր քայլով հանդես գալու իրավունք: Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը ասել է, թե Մոսկվան «կրկնօրինակում է» ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու 25 այլ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու քայլը, սակայն Կրեմլի այս պատասխանը, արդարացված չէ: «Ռուսաստանը չպիտի հանդես գա որպես զոհ: Այս իրադրության մեջ միակ տուժածները ներկայումս հիվանդանոցում են»,- ասել է Հեդըր Նոուերթը:

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմենը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանից ամերիկացի ավելի քան 700 դիվանագետների զանգվածային արտաքսումը մեծապես վնասում է սովորական ռուս քաղաքացիներին, ինչպես նաեւ՝ երկկողմ հարաբերություններին: «Այդ փաստն իրոք մեծապես կրճատել է հյուպատոսական ծառայություններ մատուցելու մեր կարողությունները: Իսկ սա ամենակարեւոր բնագավառներից մեկն է, մարդկանց միջեւ շփումներ հաստատելու բնագավառը, որը շատ կարեւոր ոլորտ է երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը եւ հավելել, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի հետ կարեւոր հարցերում հարաբերությունները պահպանելու շուրջ հետաքրքրությունը, այնպիսի հարցերի, ինչիպիք են Հյուսիսային Կորեան, Սիրիան ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքը:

Մեծ Բրիտանիան մտադիր է դեռ համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին, ԵՄ անդամ երկրները արդեն համերաշխություն են հայտնել Լոնդոնին:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումն անցնել է առանց լրագրողների՝ Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում։ Սա ամերիկյան եւ ռուսական ղեկավարության բարձր մակարդակի առաջին հանդիպումն է՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահի պարտականություններն ստանձնելու պահից սկսած։ Իսկ Վլադիմիր Պուտինն օրերս Կրեմլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։

Սպիտակ տան հաղորդմամբ՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահների միջեւ «շատ լավ» հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ավելի վաղ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ռեքս Թիլերսոնի հանդիպումների միջոցով ակտիվացնել երկխոսությունը։ Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը պետք է բանակցություններ վարի ԱՄՆ Պետքարտուղարության հետ, որտեղ քննարկվելու են նաեւ Սիրիայում եւ Ուկրաինայում հակամարտությունները։

Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ  ավիահարվածներ հասցվեցին Սիրիական կառավարական զորքերի կողմից օգտագործված ռազմաբազային։ Ապրիլի սկզբին, ինչպես վերը նշվեց, ԱՄՆ-ն «Տոմագավկ» տեսակի 59 հրթիռ էր արձակել Իդլիբ նահանգում գտնվող սիրիական «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ։ Ռուսաստանը, որն աջակցում է Սիրիայի կառավարությանը, ԱՄՆ-ի հրթիռային հարվածը միջազգային իրավունքի խախտում էր որակել, որից հետո Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ վստահության մակարդակը իջել է նույնիսկ այն ժամանակվա համեմատ, երբ նախագահ էր Բարաք Օբաման. «Կարելի է ասել, որ վստահության մակարդակն աշխատանքային, առավել եւս՝ ռազմական առումով չի դարձել լավը, ամենայն հավանականությամբ՝ դեգրադացվել է»,- նշել է ՌԴ նախագահը։

Երբ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի նախագահ վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը բացահայտ շնորհավորեց նրան, շատերը զարմացան հենց Արեւմուտքում, քանի որ այսպես Վաշինգտոնն օրինականացնում է բոլոր այն քայլերը, որոնք կատարել է Մոսկվան ռուս նախագահի նախորդ կառավարման ժամանակ: Այդ թվում՝ Ղրիմի բռնակցումը եւ ռազմա-քաղաքական այլ քայլեր: Մոսկվայից արձագանքեցին, թե պատրաստ են Վաշինգտոնի երկխոսությանը…

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ այդ երկխոսությունը կարեւոր է գլոբալ աշխարհի համար:

Իսկ ամերիկյան մամուլն արձագանքեց, թե «Թրամփը պարզապես չի ցանկանում Պուտինի հետ անձնապես թշնամանալ»: Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահը որոշել զանգահարել իր ռուս գործընկերոջը: «Թրամփն այդպիսին է: Եթե նա ինչ-որ մեկի հետ գործ է ունենում, ինչ-որ կերպ աշխատում է նրա հետ, ապա նա կշնորհավորի այդ մարդուն»,- ասել է աղբյուրը: Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ «անհեթեթություն» է որակել երկրի նախագահի հասցեին հնչող մեղադրանքները՝ իբր նա շատ մեղմ է վարվում Մոսկվայի հետ: «Նա փակեց Սան-Ֆրանցիսկոյում հյուպատոսությունը, հաստատեց պատժամիջոցները… Պարզապես նա չի ցանկանում, որ իր անձնական հարաբերությունները թշնամական լինեն աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարի հետ»… Թրամփը անգամ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ոչ հեռու ապագայում: «Մենք շատ լավ զրույց ենք ունեցել, եւ ես կարծում եմ՝ մենք, հավանաբար, կհանդիպենք ոչ ամենահեռու ապագայում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա բացատրել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում կցանկանար քննարկել սպառազինությունների մրցավազքը, որն, իր գնահատմամբ, դուրս է գալիս վերահսկողությունից: Միեւնույն ժամանակ՝ շեշտել է՝ ԱՄՆ-ն ցանկացած պարագայում թույլ չի տա ոչ մեկին՝ ձեռք բերել ԱՄՆ սպառազինությանը անգամ մոտավոր նմանություն ունեցող զենքեր:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է ՌԴ ԶՈւ հաստիքային ցուցակի ավելացման մասին: ԶՈւ թվաքանակը, հրամանագրի համաձայն, կազմում է 1.902.758 միավոր, ներառյալ՝   1.013.628 զինծառայողները: Նույն փաստաթղթով ուժը կորցրած են ճանաչվել 2016թ. հուլիսի 8-ի եւ 2017թ. մարտի 28-ի հրամանագրերը: Համաձայն վերջին հրամանագրի՝ ՌԴ ԶՈւ կազմը 2005թ. ավելացել է՝ հասնելով 1.903.051-ի: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Եվ ԱՄՆ-ի նախագահը վերջերս Գերմանիայի կանցլերի, ապա Ֆրանսիայի նախագահի հետ ողջունել են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ: Անգելա Մերկելը եւս բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը:

Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է Մերձբալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ղեկավարների հետ՝ ՆԱՏՕ-ի ներկայությունը այդ երկրներում ավելացնելու համար: Մերձբալթյան երկրները իրենց առաջին ճակատ են համարում Ռուսաստանի դեմ կանգնած:

Մեկ տարածաշրջանում երկու հզոր միության գոյությունը՝ Եվրամիություն եւ Եվրասիամիություն, լուրջ մարտահրավերներ է պարունակում: 2014թ.-ից ի վեր Հարավային Կովկասում ստղծվեց նոր իրավիճակ: Վրաստանը դարձավ Եվրամիության ասոցացված անդամ՝ ընդգրկվելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մեջ, իսկ Հայաստանն ընտրեց Մաքսային միությանն ու նոր ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ճանապարհը: Ադրբեջանը դեռ զերծ է մնում այս միությունների որեւէ մեկի հետ սերտ համագործակցությունից: Երկու տնտեսական տարածքներն ունեն տարբեր մաքսային կանոնագրքեր, արտադրության եւ առեւտրի ոլորտում տարբեր կանոնակարգումներ, ինչը, անշուշտ, կարող է ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, որի կարգավորումը կարեւորվում է Արեւմուտքի կողմից:

Իրանը եւս, որպես տարածաշրջանային խաղացող, վերանայում է իր քաղաքականությունը, ինչպես Թուրքիան եւ արաբական մի շարք երկրներ: Եթե Անկարան փորձում է համաթուրանականությունը եւ համաիսլամականությունը համադրել եւ հասնել Օսմանյան կայսրության վերաստեղծմանը, միաժամանակ այդպես խույս տալով Թուրքիայի հնարավոր մասնատումից, ապա Իրանը Ռուսաստանին առաջարկում է հակաամերիկյան միություն ստեղծել: Այստեղ ակնկալում են, որ կմիանա նաեւ Չինաստանը, գուցե նաեւ Հյուսիսային Կորեան… Իհարկե տարածաշրջանի երկրներից եւս կմինանա, հատկապես՝ Սիրիան: Թեհրանը նույնիսկ  առաջարկել է այդ միությունում ընդգրկել Պակիստանին եւ Իրաքին։

Իզուր չէ, որ Թրամփը պատրաստ է Վաշինգտոնում Պուտինի հետ քննարկել նաեւ Սիրիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Կորեայի իրավիճակը:

Օրերս պաշտոնական Վաշինտոնը նաեւ հայտարարել է, թե Չինաստանին չի համարում տնտեսության ոլորտում իր հակառակորդ, փաստորեն ամերիկյան առողջ մրցակցության թեզն է ավելանում միջազգային ասպարեզում…

Սա լրջագույն փոփոխությունների կարող է հանգեցնել աշխարհը, ուստի Հայաստանը եւս պիտի ուշադիր հետեւի ծավալումներին, հնարավորինս մնալով փոխլրացնող արտաքին քաղաքականության շրջանակներում:

Աշխարհի վերաբաժանում կլինի անկախ այն բանից, թե կլինի 3-րդ Համաշխարհային պատերազմ, թե՝ ոչ…

Համահայկական գերնպատակները պիտի այլեւս միս ու արյուն ստանան:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։