Ինչու են թեժացնում իրավիճակը – Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը… Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք՝ Բաքուն սադրում է ինչպես Արցախի կողմից, այնպես էլ՝ Նախիջեւանի, հարվածում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին…

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք են համարում ոչ միայն Սիրիայում, այլեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որոշակիորեն նաեւ Հայաստանում: Սա իրականում նոր քայլ է՝ ուղղված տարածաշրջանում նոր սրացումների առաջացմանը:

Ռուսաստանն ու Իրանը սա ագրեսիա են անվանել ոչ միայն Սիրիայի, այլեւ տարածաշրջանի երկրների դեմ:

Արեւմտյան 3 երկրներ ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ն դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել: Հրթիռակոծումը տեւել է մոտ 1 ժամ: Կան տուժածներ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է Սիրիայի ՀՕՊ համակարգերի կողմից: «Հարվածները ձեռնտու են միայն ահաբեկիչներին»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերմանիան ճիշտ է համարել հրթիռակոծությունը, բայց միակ բավարարված կողմը Թուրքիան է. որ հայտարարել է, թե բավարարված է հրթիռների արձակմամբ: Իհարկե սա ձեռնտու է Անկարային, որը փորձում է ամեն գնով տիրել Սիրիայի նավթաշատ ու գազաշատ տարածքներին:  

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը եւս գոհ է Սիրիայի հրթիռակոծության արդյունքից: «Առաքելությունն իրականացված է»,- ասել է նա հարվածներից հետո: Ավելի լավ արդյունք չէր կարող լինել, ասել է ԱՄՆ նախագահը։ Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, ինչպեսեւ Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող երկու վայրերում, հայտնել էր Պենտագոնը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: Սակայն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Սիրիային հասցված հարվածները դատապարտող Ռուսաստանի բանաձեւի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաեւ դադարեցնել ագրեսիան մերձավորարեւելյան պետության նկատմամբ: Փաստաթուղթը չի ունեցել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձեւի նախագիծը պաշտպանել է 3 երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան եւ Չինաստանը: 8 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, եւս 4 երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան եւ Եթովպիան ձեռնպահ են եղել:

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայում իրադարձությունների զարգացումը: Վերջին զարգացումների հետ կապված՝ համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել սերտ շփումները:

Իսկ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ: Սակայն սա չի խանգարի, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելի Ռուսաստան: Եվ այցի չեղարկման մասին խոսք չի գնում։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնաբանել էր Սիրիայի ուղղությամբ արեւմտյան դաշինքի ուժերի օդային հարվածները եւ հայտնել է, որ նման գործողությունները ավելի շատ կմիավորեն սիրիական ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում:

Չնայած այս լարվածությանը, ավելի է մեծանում այն տեսակետի հավանականությունը, որ հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական ոլորտներ: Նշվում է, թե տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ, սրանով, կարծես թե, լարվածության ռազմական փուլը կավարտվի, քանի որ հարվածող կողմը մեկ նպատակ է հետապնդել՝ պատժել կատարված քիմիական հարձակման համար:

Այս համապատկերում մենք պետք է կրկնակի զգույշ գործենք, քանզի Ադրբեջանը սկսել է լարել վիճակը ոչ միայն Արցախի սահմաններում, այլեւ՝ Հայաստանի: Այս կողմից լարման փորձեր եղան նաեւ Նախիջեւանի կողմից:

Հայաստանը պիտի պատրաստ լինի ոչ միայն պատասխան տալու, այլեւ առաջանալու, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ ծավալումներ կլինեն տարածաշրջանում եւ ինչ նպատակներ կդրվեն գերտերությունների կողմից…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։