Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝

Տասը տարի առաջ, Իսրայելի նախագահ Ազար Վայցմանը անձնական այցով եղավ Թուրքիայում՝ մասնակցելու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի հանդիսություններին: Պատվիրակության կազմում էր Վայցմանի խոսնակ օրիորդ Բատյա Կայնանը (Batya Keinan), որը այցի նախօրյակին հանդիպում ունեցավ իսրայելացի լրագրողուհի Հիլել Հալկինի (Hillel Halkin) հետ եւ նրան փոխանցեց Վայցմանի այցի ամբողջական ծրագիրը, որն ընդգրկում էր Անկարայի օդանավակայանից անմիջապես այցելություն Աթաթուրքի դամբարան՝ ծաղկեպսակ զետեղելու համար:

Հալկինը հարցրեց.

- Քո կարծիքով՝ նախագահը գիտի՞, որ Աթաթուրքը սերում է հրեական արմատներից եւ հնարավորության դեպքում եբրայերեն աղոթքներ էր կրկնում:

- Անշո՛ւշտ, իհարկե, – պատասխանեց նրան խոսնակ Կայնանն ու հեռացավ:

Մեկ ժամ հետո Հալկինը կապվեց Բատյայի հետ եւ հարցրեց այցի մանրամասների մասին: Կայնանը ընդհատեց նրան եւ հարցրեց.

- Հիլել, Աթաթուրքի մասին քո տեղեկությունները հավաստի աղբյուրների՞ց են: Քեզ մոտ նյութեր կա՞ն այս տեղեկությունները հաստատող:

Հալկինը հայտնեց, թե հեռապատճենով Բատյային կուղարկի օրինակը, իր մոտ եղող հավաստի աղբյուր-հոդվածի:

Ահավասիկ այդ հոդվածը.

Աթաթուրքի՝ հրեականության մասին շշուկները շրջում էին դեռեւս նրա վաղ հասակից: Նա ժխտում էր դրանք՝ հայտարարելով, որ դրանք անհիմն տարաձայնություններ են: Այսուհանդերձ, նա ուշադիր հետեւում էր այս մասին գրվածներին եւ ասվածներին: Սակայն, հակառակ նրա այս ուշադրության, Աթաթուրքը հնարավորություն չուներ վերահսկելու Իսրայելական հանրագիտարանը, ուր նրա մասին գրված է.

Աթաթուրքը ծնվել է Սալոնիկայում եւ հորը կորցրել փոքր հասակում: Հստակ փաստեր չկան նրա կրոնական եւ ազգային պատկանելության մասին: Այդուհանդերձ, հրեաների եւ մուսուլմանների մոտ համոզմունք կա, որ նրա ընտանիքը սերում է դեոնմե համայնքից: Դեոնմեները սաբատայական հրեաների մի գաղտնի խումբ է, որոնք իրենք իրենց «թուրք հրեա» են անվանում եւ որոնք արտաքուստ իսլամ են ընդունում, բայց խորքում հավատում են 17-րդ դարի «սուր փրկիչ», ապօրինի Սաբատայ Զեւիին, որը հրեական ընդունված կարգից տարբերվող սեփական աղոթքներ է հորինել ու դրանք տարածել:

Այս մասին, Աթաթուրքը ասել է իր կենսագրականում. «Հայրս լիբերալ հայացքներ ուներ, դեմ էր ընդհանրապես կրոններին եւ արեւմտյան քաղաքականության համակիրներից էր: Հայրս աշխարհական դպրոցներն էր նախընտրում՝ ի տարբերություն մորս, որը պնդում էր ինձ մուսուլմանական կրոնական կրթություն տալը»:

Եբրայերեն արդի լեզվի ռահվիրա Էլիազար Բեն Յեհուդայի ավագ որդին՝ գրող եւ լրագրող Իթամար Բեն-Ավին (Itamar Ben-Avi) 1911-ի աշնանը Երուսաղեմ կատարած իր այցի մասին պատմելիս, գրում է մի հյուրանոցի տիրոջ հետ իր զրույցի մասին: Սեփականատերը հարցրել է նրան.

- Բեն-Ավի, տեսնո՞ւմ ես անկյունում, օղու բաժակը ձեռքին թուրք սպային:

- Այո՛, տեսնում եմ: Իսկ ի՞նչ կա:

- Նա թուրքական բանակի բարձրաստիճան սպա է եւ…

- Ի՞նչ է նրա անունը:

- Մուստաֆա Քեմալ:

Բեն-Ավին մոտենում է Քեմալին ու հակիրճ զրույց ունենում նրա հետ՝ օսմանյան քաղաքականության մասին: Զրույցի ընթացքում, առողջության եւ երջանկության փոխադարձ բարեմաղթանքների արանքում, Մուստաֆա Քեմալն ասաց.

- Սերում եմ Սաբատայ Զեւիից: Իսկապես, որ հրեա չեմ, սակայն հիացած եմ այս փրկիչ առաքյալով, եւ կուզենայի, որ ամեն հրեա նրան ընդուներ ինձ նման…

Նույն զրույցի ընթացքում,

Մուստաֆա Քեմալը հաստատում է իր ծագման մասին շշուկներն, ասելով.

- Տանս ունեմ Իտալիայի Վենետիկ քաղաքում տպված հրեական Թորան եւ առ այսօր հիշում եմ տողեր նրա աղոթքներից.

- Shema yisrael, Adonai Elohenu, Adonai Ehad!

- Սակայն, կապիտան, սա մեր ամենահիմնական աղոթքն է:

- Ձեզ համար ամենակարեւորն, ինձ համար գաղտնի է, հարգելի պարոն… Հասկացա՞ր:

Աթաթուրքը արդարացուցիչ պատճառներ ուներ ամբողջովին թաքցնելու իր դեոնմեական արմատները ոչ միայն այն պատճառով, որ այդ համայնքը անբաղձալի է եւ՛ հրեաների, եւ՛ մուսուլմանների կողմից (առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված դեոնմեների թիվը չի անցել 15.000-ից), այլեւ նրա համար, որ այդ համայնքը չի ընդունում եւ ապօրինի է ճանաչում համայնքից դուրս ամուսնություններն ու սեռական հարաբերությունները:

Այս հոդվածն առաքելուց հետո, լրագրողուհի Հիլալ Հալկինը կապվեց խոսնակ Կայնանի հետ՝ ստուգելու հոդվածի ստացումը: Կայնանը որոշեց հոդվածն ամբողջությամբ փոխանցել նախագահ Վայցմանին, որպեսզի նա կարդա Թուրքիա ուղեւորության ճանապարհին:

Թուրքիայի ներկա պետությունը մշտապես հպարտանում է Աթաթուրքով, որպես արդի պետության հիմնադրի եւ թուրքերի հոր: Նրան դուր չի գալու բացահայտումը այս հիմնադրի կյանքի թաքնված կողմերի, մասնավորաբար նրա հրեական պատկանելությունն ու պայքարը իսլամի դեմ:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղտնիքների այս թղթածրարը հաստ է, սակայն դեռ մնում է գաղտնիքների շարքում: Դրանք կբացահայտվեն, եթե միջազգային քաղաքականության շահերը պահանջեն, իհարկե՝ շահագրգիռ ուժերի հավանությամբ:

Jewish Post New York

(թարգմանվել է Բեյրութի հայերեն «Զարթոնք» օրաթերթի արաբերեն ամսական հավելվածի կողմից)

«Լուսանցք» թիվ 42 (81)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։