Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում.- Երեւանում անցկացվել է «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը… Միջոցառումներ «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո եւ նվիրված են Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար… / Հետեւողական ու պահանջատեր – Ապօրինի շինարարության եւ ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության…

Երեւանում հունիսի 10-ին արդեն 4-րդ անգամ «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների փառատոնն էր:

Այս փառատոնի ընթացքում ներկայացվում են հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներն ըստ ազգային տոնացույցի, իսկ վերջին տարիներին Երեւանի մի շարք ռեստորաններ ներկայացնում են նաեւ մեր քաղաքի ժամանակակից խոհարարական մոտեցումները: Քանի որ բոլոր միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո եւ նվիրված են Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար՝ ռեստորանների, խոհարարական ուղղվածություն ունեցող արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի, «Մեգերյան կարպետ» թանգարանների մասնակցությամբ:

Փառատոնին ներկա բազմաթիվ համաքաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին ներկայացվել են այնպիսի տոներ (ազգային, ժողովրդական եւ եկեղեցական,-խմբ.)՝ իրենց ավանդական ուտեստներով, ինչպիսիք են՝ Նավասարդը, Բուն Բարեկենդանը, Սուրբ Սարգիսը, Համբարձման տոնը, Վարդավառը, Խաչվերացը, Սուրբ Ծնունդը, Ծաղկազարդը, Տյառնընդառաջը եւ այլն:  

Ուշագրավ էր, որ բոլոր մասնակիցները շատ լավ պատրաստվել էին. տաղավարները տոնին համահունչ տոնական ձեւավորում ունեին: Տեղում ի ցույց դնելով խոհարարական հմտությունները, ներկայացվում էին ուտեստներ՝ նվիրված Երեւանի ծննդյան 2800-ամյակին:

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնին ներկա Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ով համակարգում է զբոսաշրջության ոլորտը, շրջելով տաղավարներում եւ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին փառատոնին տարեցտարի ակտիվ մասնակցության համար, նշել է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը վերջին տարիներին որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, եւ «Համով-հոտով Երեւան»՝ հայկական խոհանոցին նվիրված փառատոնը քաղաքային զբոսաշրջային այն փառատոներից է, որը ներկայացնում է մայրաքաղաքի գաստրոնոմիկ ներուժը:

Թե՛ մեր համաքաղաքացիները եւ թե՛ քաղաքի հյուրերը փառատոնի շրջանակում հնարավորություն են ունենում տեղում ծանոթանալու ինչպես հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներին, այնպես էլ մեր տոներին եւ մշակույթին»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը իր հերթին նշել է, որ փառատոնը կազմակերպվում է արդեն 10 տարի, սակայն վերջին 4 տարիների ընթացում, ինչ այն ընդգրկվել է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում, դարձել է ավելի հետաքրքիր եւ զանգվածային. «Համագործակցելով քաղաքապետարանի տուրիզմի բաժնի հետ՝ մենք հասել ենք նրան, որ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում փառատոնով, ունենում են ավելի շատ մասնակիցներ: Հատուկ այս փառատոնի համար գալիս են Երեւան: Տարեցտարի մեծանում է նաեւ ռեստորանների, հասարակական եւ մասնագիտական կազմակերպությունների ներգրավվածությունը, ինչը շատ ոգեւորիչ է, քանի որ հայկական խոհանոցը շատ բազմաշերտ է եւ դեռ ամբողջովին չբացահայտված, այս փառատոնն էլ՝ դրա լավ առիթն ու հարթակն է ստեղծում: Մենք աշխարհին դեռ շատ ասելիք ունենք նաեւ հենց հայկական խոհանոցի միջոցով»:

Նախորդ տարվանից փառատոնի շրջանակում անցկացվում է նաեւ խոհարարական մրցույթ (անցած տարի ստեղծվել էր «Երեւան» աղցանը), իսկ այս տարի մասնակից խոհարարները պետք է պատրաստեին նոր ուտեստ՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին: Փառատոնի ժյուրին, որի կազմում էին Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը, «Երեւան Ռեստո» կայքի հիմնադիր Հարութ Կիրակոսյանը, ներկայացված 12 ուտեստներից լավագույնը ճանաչեցին «Vinograd wine» ռեստոբարի ներկայացրած ուտեստը:

Փառատոնի շրջանակում, ավանդույթի համաձայն, այցելուների շրջանում անցկացվում է նաեւ հարցում, որի արդյունքում որոշվում են այդ տարվա «Ամենագեղեցիկ», «Ամենահամեղ» եւ «Ամենահյուրընկալ» տաղավարները: «Համով հոտով Երեւան» 4-րդ փառատոնի «Ամենագեղեցիկ ձեւավորված» տաղավար ճանաչվեց «Հին տուն» ռեստորանի տաղավարը:

«Ամենահամեղ» տաղավար անվանակարգում այցելուների համակրանքը տրվեց «Dragon Garden» ռեստորանին, իսկ «Ամենահյուրընկալ» տաղավար, ըստ այցելուների, ճանաչվեց թիվ 9 արհեստագործական ուսումնարանի տաղավարը, ուր ներկայացվում էր Վարդավառի տոնը:

Փառատոնն ուղեկցվել է հայկական ազգային երգ ու պարով:

Փառատոնին մասնակից ընկերություններն ու կամավորներն արժանացել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին:

Հիշեցնենք, որ «Համով հոտով Երեւան»-ը կազմակերպվում է արդեն 4 տարի՝ Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Հետեւողական ու պահանջատեր

Երեւանի քաղաքապետարանում հունիսի 11-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարության եւ ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Քաղաքապետը պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողության տակ պահել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաեւ հետեւելով, որ արդեն իսկ արձանագրված ապօրինություններ նախաձեռնողները չփորձեն կրկնել իրենց անօրինական գործողությունները: Դրանց կրկնվելու դեպքում էլ, օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը կատարելուց հետո, տվյալ գործերին վերաբերող նյութերը փոխանցել ոստիկանությանն ու Երեւան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երեւան քաղաքի տարեկան ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, այդ թվում նաեւ փողոցների ու բակերի բարեկարգման, ասֆալտապատման, փոսային նորոգումների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ եւ թեք տանիքների վերանորոգման ու ներկման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել իրականացվող բոլոր աշխատանքների ընթացքը՝ խստորեն հետեւելով դրանց որակի ու սահմանված ժամկետների պահպանմանը:

«Տարեկան ծրագրերով իրականացվող բոլոր այդ աշխատանքների համար հայտարարվող բաց մրցույթներին զուգահեռ, իհարկե, հայտարարում ենք նաեւ տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ, ինչն, ըստ էության, հենց նրա համար է, որ մասնագիտորեն վերահսկվի այդ աշխատանքների թե՛ որակը եւ թե՛ ապահովվի պայմանագրերով պահանջվող ծավալները: Օրենքի տեսանկյունից, անշուշտ, աշխատանքի որակի եւ ծավալների ողջ պատասխանատվությունը կրում են տեխնիկական հսկողություն իրականացնող այդ կազմակերպությունները: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքների պատվիրատուն Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններն են կամ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: Եվ որպես պատվիրատու՝ մենք էլ մեր հերթին պետք է հետեւողական ու պահանջատեր լինենք, որ թե՛ շինարարական ընկերությունները եւ թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները պատշաճ իրականացնեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետը, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների եւ պատանիների լողալու հնարավոր դեպքերը կանխարգելելուն, աշխատակազմի առողջապահության վարչությանը եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ համատեղ խիստ հսկողության տակ առնել մայրաքաղաքում առկա ջրային ավազանների տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաեւ իրազեկել՝ արհեստական ջրավազաններում լողալու հնարավոր վտանգների մասին: Խորհրդակցության ավարտին, հաշվի առնելով, որ մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ֆուտբոլասեր երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի շրջանում, աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը:

«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։