Այսօր «Լուսանցք»-իս 500-րդ թողարկումն է:
Իմ «Լուսանցք»-ը 500 շաբաթական փոթորիկ է:
500 շաբաթական ամրագրում՝ գաղափարախոսության ու գործի: Որ հանուն մեր հայրենիքի է, մեր պետության, մեր Միացյալ երկրի: Հայկակա՛ն տերության:
Իմ «Լուսանցք»-ը նաեւ 500 շաբաթական փնտրտուք է՝ հավատարիմի, 500 շաբաթական զտում՝ բարեկամի ու դավաճանի:
Իմ «Լուսանցք»-ը 500 շաբաթական մաղ է՝ ջրքամում է ինձ ամեն օր՝ ֆինանսապես ու ֆիզիկապես, ամեն վայրկյան, հյուծում, ջլատում, շպրտում մի կողմ:
Բայց իմ «Լուսանցք»-ը նաեւ 500 շաբաթական արեւ է, որ ամեն աստծո օր հոգնած ոսկորներս անկողնուց քերելով ու ինձ տնից դուրս շպրտելով գործի է մղում՝ հոգուս կենսատուն դառնալով:
Եվ ամեն շաբաթ ու արդեն 500 անգամ ծնունդ է լինում:
Ես հաստատ երջանիկ խմբագիր եմ, որովհետեւ ընթերցողներ ունեմ, ովքեր այսօր ասում են՝ իմ «Լուսանցք»-ը: Եվ իմ, մեր «Լուսանցք»-ը դարձել է օղակ, որի շուրջ հավաքվում են հայերը՝ անկախ կուսակցական, քաղաքական ու կրոնական պատկանելությունից: Հավաքվում են հեթանոսներն ու քրիստոնյաները, ազգայնականներն ու լիբերալները, պահպանողականներն ու դեմոկրատները, ասելիք ունեցող գիտնականներն ու քաղաքական գործիչները: Նվիրյալները: Արդեն 500 անգամ:
Բայց ամենից զատ՝ «Լուսանցք»-ն իմ 500 շաբաթական մաքառումն է: Այս ամենը ստեղծելու, պահպանելու, առաջ տանելու մաքառումը:
Եվ վերջապես՝ 500 շաբաթական փոթորկին դիմանալու հաճույքը:
Շնորհավոր, ի՛մ, ի՛մ, ի՜մ-ս:
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր՝
Արմենուհի Մելքոնյան