«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը… Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգի վրա վարդավառյան ջուր լցրեց հայ լրագրողների վրա… Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը… «Ոսկե ծիրան»-2018-ի մրցանակակիրները… Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը… Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով… Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում… Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին…

«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը

Երեւանում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ, եւ առաջին տարին չէ, որ այն համընկնում է Վարդավառ տոնի հետ:

Կինոփառատոնի բացումը պաշտոնապես կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս տարվա փառատոնի հատուկ հյուրն անվանի ռեժիսոր Դարեն Արոնովսկին է: Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում արդեն հասցրել են լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը:

Հանրության համար ելույթ կունենա «Գողթ» խումբը, իսկ երեկոն կվարեն ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» կարմիր գորգի վրա ջուր լցրեց հայ լրագրողների վրա

Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում եւ արդյո՞ք երկար է մնալու, ռեժիսորը պատասխանեց. «Ընդամենը երկու օրով եմ եկել: Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում»:  

Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երեւանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Այնուհետև վարչապետը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետեւել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:

Նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում  տրվեց «Ոսկե ծիրան» երեւանյան 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։ Հանդիսավոր արարողության սկզբում ցուցադրվեց փառատոնի 15 տարվա պատմությունն ամփոփող տեսանյութ, ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը եւ այլ արտիստներ: Ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահը նաեւ ընթրիքի է հրավիրել «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերին:

«Ոսկե ծիրան»-2018-ի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին Ա. Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հրաբուխ», ռեժ. Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Ֆորտունա», ռեժ.Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ. Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ. Այնարա Վերա (Իսպանիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Հստակ աշխարհ», ռեժ. Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական  համայնապատկեր»ծրագրի լավագույն ֆիլմին. «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին. «Քամու հետ», ռեժ. Արթուր Սահակյան (Հայաստան)

Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար. «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ. Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)

Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ  Հովհաննիսյանին. «Եվա», ռեժ. Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն  սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին. «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան)

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ. «Դեդե», ռեժ. Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)

ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հասմիկ Պապյան

«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ  ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի

«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ  ՀԱՄԱՐ Ասղար Ֆարհադի (Իրան)

«Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ կինոփառատոնըտեղի է ունեցել հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնը ստացել էր ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր 110 ֆիլմ: Կարելի է կարդալ նաեւ՝

«Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության կարևոր հարթակ. Ռալֆ Յիրիկյան

Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին

«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան

Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը

Ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կբացի Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը կայանալու է սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնը նվիրվում է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Փառատոնի բացման համերգին հնչելու է Բրամսի Ջութակի կոնցերտը եւ Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 9-ը։Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նշենք, որ փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը եւ Էդուարդ Թոփչյանը։

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985թ. Երեւանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993փ.-ից ընտանիքով բնակվում են Գերմանիայում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաեւ ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, եւ մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ եւ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիեւի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի եւ այլոց հետ։

Սերգեյ Խաչատրյանը 2013թ. ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:

Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով

Հուլիսի 20-ին Արցախում՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, կայանալու է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը։ Համերգին հնչելու է Կոմիտաս, հանրահայտ օպերային արիաներ։

Panorama.am-ը համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանից տեղեկացավ, որ Արցախում հանդես գալու ցանկությունը Հասմիկ Պապյանին էր։

«Հասմիկ Պապյանի ցանկությունը հետաքրքրորեն համընկավ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերով եւ զբոսաշրջության նախարարության հրավերի հետ։ Նախարարությունն էլ պատրաստվում էր հրավիրել երգչուհուն։ Ստացվում է, որ Հասմիկ Պապյանը նախարարության հրավերով է Արցախում»,- ասել է նա։

Գ. Դավթյանի խոսքով, «Այց Արցախ» ծրագիրը  ենթադրում է ոչ միայն համերգ, այլ բավականին հագեցած գրաֆիկով, հետաքրքիր հանդիպումներով է առանձնանալու 4-օրյա այցն Արցախ։

Հադրութի Տող գյուղի արվեստի դպրոցում Հ. Պապյանը հանդիպելու է դպրոցի երեխաներին, նաև երաժշտական դպրոցների երեխաներին, գնալու է զորամասեր, իսկ հուլիսի 20-ի համերգով կավարտվի այցը։

Գ. Դավթյանի խոսքով, Հ. Պապյանի կազմած համերգային  ծրագիրը պետք է հետաքրքիր հենց Արցախի հանրությանը։ Հասմիկ Պապյանին նվագակցելու է դաշնակահարուհի Էլլա Մելիք-Հուսյանը։

«Դաշնակահարուն ընտրել է Հասմիկ Պապյանը։ Հետաքրքիր համագործակցություն է Հասմիկի եւ նրա միջեւ։ Էլլա Մելիք-Հուսյանի համար էլ, ով աշխատում է Հայաստանից դուրս, կարեւոր այց է, մեծ ոգևորությամբ  պատրաստվում է համերգին: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում դասական երաժշտության սիրահար արցախցիների համար»,- ասաց համերգի կազմակերպիչը։

Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում

Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը կհամալրվի ևս մեկ նոր հեքիաթով: Թատրոնի կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 22-ին բեմ կբարձրանա Ստեփան Զորյանի «Փայտե մարդը»՝ Սուրեն Սաֆարյանի ռեժիսուրայով: Սուրեն Սաֆարյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս գործին։ Առաջին անգամ Ստ․ Զորյանի «Փայտե մարդը» ներկայացումը բեմադրել է 2009թ․-ին՝ Ուսումնական թատրոնում։

«Ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք իրենց մեջ ներառում են մեկ կամ երկու հիմնախնդիր, Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» հեքիաթը արծարծում է բազում հիմնախնդիրներ: Այդ հիմնախնդիրներից յուրաքանչյուրը կարող են դառնալ մի առանձին ստեղծագործության նյութ: Հեքիաթը շոշափում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընկերությունը, դավաճանությունը, սերը, հիասթափությունը, հարստությունը. այստեղ խոսվում է իրավունքի, գիտության, պատերազմի, մարդկային դաժանության, մի խոսքով, այն բոլոր երեւույթների եւ զգացմունքների մասին, որը հատուկ է մարդ էակին»,- պատմում է երիտասարդ բեմադրիչը:

Խոսելով ներկայացման մասին՝ Ս. Սաֆարյանն ասում է, որ այս հեքիաթը ներկայացման համար շահեկան է նաև նրանով, որ այստեղ բոլոր գործող անձիք մարդիկ են. «Հեքիաթը զարգանում է փուլերով, որը հնարավորություն է տալիս գլխավոր կերպարին` փայտե մարդուն (Փիլակ), հայտնվել տարբեր իրավիճակներում, մի քանի անգամ ապրել ոգևորություն եւ հիասթափություն, ծանոթանալ կյանքի կողմից առաջադրված իր համար նոր հանգամանքների ու երևույթների հետ: Ամբողջ հեքիաթի ընթացքում համեմատական է տարվում Փիլակի (որին կարելի է համեմատել մարդկության մանկության հետ) եւ միջավայրի (այսինքն` մարդկության ներկայի) միջեւ: Այստեղից էլ երեւում է, թե մարդկությունը ինչպիսի փոփոխություն է ապրել իր ծննդից մինչեւ այսօր:

Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են մյուս գործող անձանց կողմից, թվում են այնքան բնական ու ճիշտ, բայց բավական է այդ բոլորին նայել փայտե մարդու հայացքով եւ այդ բոլոր գործողությունները դառնում են հրաշալի եւ հաճելի կամ ահավոր եւ զարմանալի: Սա էլ մի ուրիշ հետաքրքրություն է տալիս ստեղծագործությանը: Հանդիսատեսին միանգամից երկու դիտանկյուն ունենալու հնարավորություն է տրվում»:

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի դերասանները:

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին

Ուկրաինան չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթին ֆինանսական միջոցների խիստ սղության պատճառով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ մրցույթին մասնակցելը զգալի ծախսեր է ենթադրում՝ նախընտրական փուլի անցկացում, մասնակցության համար մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը նախատեսված պարտադիր վճարի մուծում։

«Այս տարի Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանն առաջին անգամ չունի ֆինանսական հնարավորություն նախընտրական փուլի անցկացման, վճարի մուծման, վճարումների հետ կապված բոլոր արտավորությունները կատարելու  համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 2018-ին կազմակերպությունը ստացել է օրենքով երաշխավորված գումարից երկու անգամ պակաս։

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 25-ին։

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 2003թ.ից, մասնակցում են 10-15 տարեկանները։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։