Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում – Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը…

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արեւելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արեւմտյան Ասիայից ու Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

- Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը - Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք  անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ»։  

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու եւ սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսեւս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ եւ Կապրիկորնիդներ ասուպները։ Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։ Այդ գիշերը 1 ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Առատ են նաեւ դրան նախորդող եւ հաջորդող գիշերները:
Սովորաբար ասուպային հոսքերը տեւում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար: Օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։ Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետեւյալ օրերին՝ 11/12, 12/13 եւ 13/14:

Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։