Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որի ժամանակ էլ Հայաստանի մայրաքաղաքը կունենա նոր քաղաքապետ, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում այս ընտրություններին: Նա հուլիսին հայտարարեց իր հրաժարականի մասին, հիշեցնենք, նրա խոսքը շատ կարճ էր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։

Չնայած մի քանի ամիս է անցել հրաժարականից, բայց քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում է պահպանել իր կապերը Տարոն Մարգարյանի հետ, գործը ջանասիրաբար անել, բացառությամբ նրանց, ովքեր առնետավազքին սովոր էություն ունեն եւ պատրաստ են ցանկացած պահի լքել ցանկացած նավ…

Ցանկության դեպքում Տարոն Մարգարյանը վստահաբար կարող էր արժանիորեն մրցակցել ներկա թեկնածուների հետ, սակայն ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել այս ընտրությանը: Վերջերս պաշտոնաթող քաղաքապետին էր հանդիպել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Նա շատերի նման նշել է, որ «իրենց մարդկային հարաբերությունները չեն սառել, դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»։

Այս ընթացքում խնդիր էր առաջացել Երեւանի 2800-ամյակը նշելու առումով, քանզի սեպտեմբերի 29-30-ին, նախատեսված տոնը անցնելու էր առանց քաղաքապետի ներկայության: ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին, որից հետո պարզ կդառնար ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը»:  

Այդ նիստում էլ ընտրվելու է քաղաքապետը: Պարզ է, որ ԿԸՀ-ն ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաեւ մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները: Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չէր համընկնի սեպտեմբերի 29-30-ին, այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը:

Եվ կառավարությունը որոշեց Երեւանի 2800-ամյակը տոնել ոչ թե սեպտեմբերի 29-30-ին (ոչինչ, որ տուրգործակալությունները արդեն փաթեթներ են վաճառել), այլ հոկտեմբերի 20-21-ին: Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 30-ի նիստում: Այն պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաեւ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններով:

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եւ կազմակերպող հանձնաժողով, հաստատվել է դրա անհատական կազմը:

Դառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, նշենք, որ կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչեւ օգոստոսի 29-ն էր, իսկ ԿԸՀ գրանցման ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 3-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 10-ից, կավարտվի սեպտեմբերի 21-ին: Դիտորդները եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչեւ սեպտեմբերի 8-ը։ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ լիովին պատրաստ է արտահերթ ընտրությունների արդար անցկացմանը, հատկապես, որ ըստ հանձնաժողովի, այս ընտրությունները մրցակցային կլինեն, քանզի նոր քաղաքական իրավիճակ է առկա, եւ ամենակարեւորը՝ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը նույնպես այլ կլինի։

Օգոստոսի 30-ին ԿԸՀ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաեւ ներկայացրել են իրենց տեսակետները՝ տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության, ինչպեսեւ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող մեխանիզմների վերաբերյալ: Կողմերը հանդիպման ավարտին պատրաստակամություն են հայտնել նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:

Երեկ, սեպտեմբերի 6-ին կառավարությունը առաջարկել է ԱԺ-ին արտահերթ նստաշրջան հրավիրել։ Կառավարությունը հավանություն է տրվել ընտրական խախտումների ու հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու մասին օրենսդրական փաթեթին։ Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է հենց այս օրենսդրական փաթեթը, եւ եթե այն ընդունվի, ապա կկիրառվի նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում։

Ինչեւէ, ԿԸՀ-ից հայտնել են, որ սահմանված ժամկետում հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել 9 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք: Սակայն «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, որի ցուցակում 26 հոգի էր նշված եւ քաղաքապետի թեկնածուն էլ Գեւորգ Սանդալյանն էր, վերջին պահին հրաժարվեց մասնակցել ընտրություններին եւ վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր:

Ըստ ներկայացված ցուցակի՝

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկվել է 195 հոգի, քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է։ Առաջին եռյակում են նաեւ Պետրոս Ղազարյանը եւ Արման Աբովյանը:
  2. «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ցուցակում 47 հոգի է, թեկնածուն՝ Անահիտ Թարխանյանը։ Առաջին եռյակում են նաեւ Արամ Գրիգորյանը եւ Արմեն Հովհաննիսյանը:
  3. «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը 53 հոգանոց է, թեկնածուն՝ Արարատ Զուրաբյանը: Առաջին եռյակում են նաեւ Դավիթ Առաքելյանը եւ Գագիկ Գյանջյումյանը:
  4. «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում կա 56 հոգի, թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը։ Առաջին եռյակում են նաեւ Հենրիկ Քարիմյանը եւ Արա Փահլեւանյանը:
  5. «Ժառանգություն» կուսակցության ցուցակում 49 հոգի է, թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Առաջին եռյակում են նաեւ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:
  6. «Ժողովրդական ուղի» կուսակցություն ցուցակում 33 հոգի է, թեկնածուն՝ Մանուել Գասպարյանը։ Առաջին եռյակում են նաեւ Արտակ Լալայանը եւ Ելենա Դանիելյանը:
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում 170 հոգի է, թեկնածուն՝ Հայկ Մարությանը։ Առաջին եռյակում են նաեւ Սրբուհի Ղազարյանը եւ Սերգեյ Սարգսյանը:
  8. «Լույս» կուսակցությունների դաշինքի ցուցակում 112 հոգի է, թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը։ Առաջին եռյակում են նաեւ Դավիթ Խաժակյանը եւ Անի Խաչատրյանը:
  9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակում 77 հոգի է, թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը։ Առաջին եռյակում են նաեւ Դավիթ Հակոբյանը եւ Խաչատուր Ստեփանյանը:
  10. «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ցուցակում 59 հոգի է, թեկանծուն՝ Գեւորգ Հովսեփյանը։ Առաջին եռյակում են նաեւ Հրաչյա Սարգսյանը եւ Միքայել Քացախյանը:
  11. Ռեֆորմիստների կուսակցություն. ցուցակում՝ 29 հոգի, թեկնածուն՝ Արտակ Ավետյանը։ Առաջին եռյակում են նաեւ Լեւոն Սաֆարյանը եւ Կարեն Վարդանյանը:
  12. «Օրինաց Երկիր» կուսակցություն. ցուցակում՝ 115 հոգի, թեկնածուն՝ Մհեր Շահգելդյանը: Առաջին եռյակում են նաեւ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Վահե Թորոսյանը:

Իմիջայլոց, նախկինում խորհրդարանական ուժ եղած ՀԱԿ-ը եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հրաժարվել են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, երեւի թե Երեւանի քաղաքապետի համար պայքարը իրենց համար հրատապ չհամարելով, սակայն հայտարարել են, թե պատրաստվում են եւ կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ

Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես եւ բարոյահոգեբանորեն պատրա՞ստ է անցկացնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները»:

Ի պատասխան  տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ասաց, որ ԿԸՀ-ն տեխնիկապես պատրաստ է ընտրությունների անցկացմանը,  կարծում է նաեւ՝ պատրաստ է բարոյահոգեբանական առումով:

Վարչապետը նշեց, որ սա ներկայիս կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են եւ հույս հայտնեց, որ բոլորն են գիտակցում, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության ու արդարության առումով: Կառավարութան համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:

Հստակ  ձեւակերպվեց, որ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, ըստ կառավարության ղեկավարի՝ գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության, քանի որ ՀՀ քաղաքացիների կամքի վրա որեւէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի ու սա ապահովելը կառավարության պարտավորությունն է:

Միջազգային դիտորդներ են հրավիրվել

ԿԸՀ-ն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար հրավիրել է Եվրոպայի (ԵԽ) տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: ԿԸՀ-ն ունի նման իրավասություն միջազգային դիտորդներ հրավիրելու:

Միաժամանակ ԿԸՀ-ին էր դիմել նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը՝ մասնավորապես նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջինիս հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է վարչապետին:

Եվրոպական դիտորդների կարծիքը ինչպես միշտ կկարեւորվի՝ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման հարցը որոշելիս՝ այն միջազգային մակարդակով ճանաչելու համար:

Իսկ կխոսվի՞ այն մասին, թե ինչպես նոր իշխանությունները կոպտորեն միջամտեցին ՏԻՄ գործերին՝ ճնշում գործադրելով ՏԻՄ ղեկավարների վրա, ինչի իրավունքը չունեին (այս մասին «Լուսանցք»-ը խոսել է նախորդ համարներում՝ «սիրո հեղափոխությունից» անմիջապես հետո)…

Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:

«Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաեւ ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:

Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերը գրանցելու եւ հաշվառելու, հաղորդումների քննարկման ու դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթների մեջ են մտնում արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ուսումնասիրումը, դրանց ենթակայության հարցի լուծումը, ինչպես նաեւ այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազներին գործնական աջակցության ցուցաբերումը:

Հրամանով Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազներին հանձնարարվել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել ու դրանց ընթացք տալ սեղմ ժամկետում:

Գլխավոր դատախազը աշխատանքային խմբի առջեւ խնդիր է դրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, պատշաճ եւ օպերատիվ լուսաբանմամբ ապահովել իրականացվող աշխատանքների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու, ինչպես նաեւ ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով օգոստոսի 29-ից Երեւանի դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 51.16.03 հեռախոսահամարով:

Համոզված է Օսիպյանը

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են մեր երկրում նախադեպ չունեցող ընտրություններ: «Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովենք թափանցիկ ընտրություններ: Վստահեցնում եմ, որ Հայաստանում լինելու են նոր որակի ընտրություններ»,- ասել է ոստիկանապետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Ոստիկանապետի խոսքով՝ բացառվելու են ընտրակաշառքի դեպքերը, նման դրսեւորումներ լինելու դեպքում եւ՛ տվողը, եւ՛ վերցնողը, եւ՛ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության (իսկ եթե տեսադաշտում չլինի, պատասխանատվություն չի լինի, այս դեպքում կարո՞ղ ենք խոսել ընտրակաշառքի դեպքերի բացառման մասին…):

«Մենք տիրապետում ենք ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի, անգամ ոչ բացահայտ տեխնոլոգիաներին եւ խստորեն վերահսկելու ենք այդ ամենը: Թույլ տվեք չբացահայտեմ այդ ձեւերը: Ոստիկանությունը նորամուծություն ունի՝ այսուհետ մենք բարեխիղճ ենք ծառայելու»,- նշել է ոստիկանապետը եւ, անդրադառնալով նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքերին, ասաց, որ լրագրողների տեսանյութերն արձանագրել են որոշ դեպքեր եւ հույս հայտնեց, որ այս անգամ էլ լրատվամիջոցները կաջակցեն ոստիկանությանը:

Խորհրդակցում է Օսիպյանը

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական ապարատի եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Ի թիվս հանցավորության դեմ պայքարի եւ այլ ներքին խնդիրների, նա անդրադարձել է նաեւ համակարգում ծառայողական եւ կատարողական կարգապահության ամրապնդման, կադրային քաղաքականության կատարելագործման, կադրային առաջխաղացման օբյեկտիվության ապահովման, ստորաբաժանումների օպտիմալացման եւ մի շարք այլ խնդիրների, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների անցկացումն է:

Այդ ընթացքում միջոցառումներ են ձեռնարկվել ընտրացուցակների ճշգրտման, ընտրակեղծարարության ցանկացած դրսեւորում բացառելու, հասարակական կարգի ապահովման եւ այլ առաջնահերթությունների ուղղությամբ:

Ոստիկանության բոլոր կարեւոր որոշումներն ընդունվելու են հանրային քննարկումների արդյունքում. ստեղծվել է ոստիկանապետին կից հասարակական խորհուրդ: «Այսուհետ ոստիկանության գործունեության հիմնական եւ կոնցեպտուալ ուղղություններին առնչվող բոլոր կարեւորագույն որոշումերը մենք ընդունելու ենք միասին՝ հանրային քննարկումների, վերլուծությունների եւ մեր քննարկումների արդյունքում»,- ասել է ոստիկանապետը՝ դիմելով հասարակական խորհրդի անդամներին, ովքեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

Ոստիկանապետի խոսքով՝ նոր քաղաքական իրողության պայմաններում քաղաքացիներն այլեւս չեն խուսափում դիմել ոստիկանություն: Նա հավաստիացրեց, որ ոստիկանապետին կից ՀԽ-ն պահանջված է եւ ստեղծվել է ժամանակին: Ոստիկանության պետին կից այս խորհուրդը կազմալուծվել էր եւ կրկին ձեւավորվել է ավելի քան 7 տարի դադարից հետո: Որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը գերակա է համարվել հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով:

Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում

Քաղաքացիներից տեղեկատվություն էր ստացվել, որ ոստիկանները շրջում են տուն առ տուն՝  ցուցակներով՝ փորձելով  ճշտել ընտրացուցակներում քաղաքացիների մասին տեղեկությունների ճշգրտությունը:

Պարզվեց՝ սա արդյունավետ է ճշգրտումների համար, հյայտնի է, որ ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա։ Բայց բնակչության պետական ռեգիստրը, ինչպես ցանկացած համակարգ, կարող է ունենալ նաեւ խնդիրներ, որոնք առաջանում են աշխատանքի ընթացքում (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հասցեն սխալ նշել եւ այլն)։ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ անձը մահանում է այլ պետությունում եւ սահմանված կարգով նրա մահը չի գրանցվում ՀՀ իրավասու մարմնում։ Մահացած անձի տվյալի առկայությունը ընտրողների ցուցակում հանրության շրջանակում առաջացնում է անվստահության մթնոլորտ։ Թեեւ սահմանված կարգով պետական գրանցում չստացած մահվան դեպքում անձի տվյալի առկայությունը ընտրողների ցուցակներում չի համարվում անճշտություն, այնուամենայնիվ ոստիկանությունն այդ ուղղությամբ նույնպես իրականացնում է մեծ աշխատանք։

Հնարավոր են նաեւ դեպքեր, երբ անձի մահը օրենքով սահմանված կարգով գրանցվել է իրավասու մարմնում, սակայն տեխնիկական խնդրի պատճառով անձնագիրը կամ նույնականացման քարտը անվավեր չի ճանաչվել եւ վերջինիս տվյալները մնացել են բնակչության պետական ռեգիստրում, որը եւ փոխանցվում է ընտրողների ռեգիստր։

Վերը նշված եւ այլ կարգի անճշտությունները ընտրողների ցուցակներում բացառելու նպատակով, բացի սահմանված կարգով դրանք հրապարակելուց, ոստիկանությունը կատարում է այցելություններ նաեւ քաղաքացիների բնակության վայրեր։ Այցելություններն իրականացվում են տարբեր եղանակներով։

Հասցե առ հասցե, ինչքանով ընտրական գործընթացով սահմանված ժամանակահատվածը թույլ է տալիս կազմակերպելու լրիվ ծավալով։ Ինչպես նաեւ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով («Թեժ գծով» ստացված զանգեր, գրավոր դիմումներ, բողոքներ, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններ եւ այլն)։

Ձեզ գտեք ոստիկանության կայքում

ՀՀ ընտրական օրենսգրքով  սահմանված կարգով եւ ժամկետում ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ոստիկանությունից հայտնում են, որ ցուցակները տրամադրվել են նաեւ տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

«Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարելի է դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաեւ զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00»,- նշել են ոստիկանությունից։

Հեչ էլ չեն կաշկանդվի

«Չեմ կարծում, թե ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել»,- ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով  քաղաքական ուժերի այն հայտարարություններին, թե՝ ոստիկանությունը լինելով վարչապետին առընթեր մարմին կաշկանդված կարող է լինել առաջիկա ընտրություններին եւ աչք փակել իշխանական ուժի կողմից հնարավոր խախտումների վրա։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն 15 տարի առընթեր մարմին է. «Չեմ կարծում, թե ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել, անկեղծ ասած, տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ ոստիկանությունը ինչպես նախկին տարիներին, առավել եւս այսօր գործելու է ավելի թափանցիկ։ Մարդիկ ուղղակի նման հայտարարություններով փորձում են նախապես ստվեր գցել այս ամենին: Հավաստիացնում եմ, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել ու չի լինելու։ Առաջիկա ընտրություններին կհամոզվեք»:

Դե ինչ, մեկամսյա դադարից հետո փորձեցինք մեր ընթերցողներին հնարավորինս հանգամանալից ներկայացնել այն իրավիճակը, որն առկա է Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Այժմ մնում է սպասել, հավատալ, թե՞ չհավատալուն շատ չմնաց…

Ուղղակի երկու տասնամյակից ավելի ժամանակ է անընդհատ նույն ճռճռան բառերն ու բառակապակցություններն ենք լսել: Այս անգամ էլ կլսենք:

Կրկնում ենք՝ մենք կհավատայինք, որ լավ առումով իրավիճակ է փոխվել, եթե ամեն ինչ չլիներ իշխանության կողմից ուժի կիրառմամբ ՏԻՄ-երի նկատմամբ. խոսքը եւ՛ Երեւանի, եւ՛ Գյումրու եւ, ասենք, Արարատի մարզի տարբեր համայնքների մասին է: Հիմա էլ նույնն է. ժողովրդին մեկի դեմ ուղղորդելը, սեւ ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։