Ինչու են ցանկանում թուլացնել ՏԻՄ-երը – Մարզպետների լիազորությունները սահմանափակվում են… Պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ, որպեսզի ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից…

Կարծիք կա, որ նոր Սահմանադրությամբ մարզպետների լիազորությունները սահմանափակվում են: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ սա վնասակար է, քանի որ հեղափոխությունից հետո մարզպետները մեծ գործ ունեն անելու եւ պետք է ավելի ազատ գործեն:

«Սա ստեղծում է իրավական վակուում: Մենք միշտ այս մասին բարձրաձայնել ենք, որ Սահմանադրության մեջ կա այդ բացը: Մարզպետներն այլեւս չեն կարող խառնվել համայնքային հարցերով, նրանց գործառույթները սահմանափակվում են միայն տարածքային հարցերի կառավարմամբ»,- ասել է Էմին Երիցյանը:

Իրավական խնդիրներից զատ՝ նա կարծում է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո պետք է փոխվեն ՏԻՄ – կառավարություն փոխհարաբերությունները:

«Այս քաղաքական փոփոխությունները մեծ ակնկալիքներ են ստեղծում եւ պետք է ունենանք նոր մշակույթ տեղական իշխանություններում եւ իշխանությունների հետ ՏԻՄ-երի հարաբերությունները չդիտարկվեն որպես չինովնիկ-գործադիր հարաբերություններ, որ գալիս են դեռ խորհրդային տարիներից:  

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը, ողջունել է ՀՀ-ի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մակարդակներում, որի վկայությունն է Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների հզորացման գործում։

Նախարարը պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելուն ուղղված վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին եւ հայտնել, որ Հայաստանի կառավարության համար խիստ կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես ինստիտուտների կայացումը։

«ՏԻՄ կայացումը, երկրի համաչափ զարգացումը եւ դրանում հասարակության լայն շերտերի ներգրավածությունը մենք դիտարկում ենք որպես մասնակցային ժողովրդավարության հիմնասյուն»,- ասել է նախարարը։

Դեսպան Ջոնաթան Լաքոտը նկատել է, որ ապակենտրոնացված համագործակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ-ֆրանսիական միջպետական հագեցած հարաբերություններում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների ապակենտրոնացված համագործակցության ներուժին։

Դեսպանը նաեւ դրական է համարել Հայաստանում համապետական փոփոխություններին զուգահեռ տեղական մակարդակում դրսեւորվող տեղաշարժերը՝ այն որակելով որպես ժողովրդավարության անժխտելի ցուցիչ։ Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը նախարարին է ներկայացրել գործակալության կողմից որդեգրած գործունեության առանցքային ուղղությունները եւ հավաստիացրել, որ կազմակերպությունը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ գյուղական միջավայրում մարդկանց կյանքի բարելավման, տեղական ենթակառուցվածքների հզորացման գործում։

Նախարարը եւս մեկ անգամ կարեւորել է տարածքային ու տեղական մակարդակներում տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման գործում Ֆրանսիայի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության ներդրած ջանքերը եւ համոզմունք հայտնել, որ Երեւանում կայանալիք գագաթնաժողովը մարզային եւ համայնքային համագործակցության հնարավորությունների նոր պատուհաններ կբացի։

ՏԻՄ համակարգը կկայանա միայն այն ժամանակ, երբ ՏԻՄ բյուջեներում գումար լինի: Բավականաչափ գումար: Այլապես տարբեր երկրների դրամաշնորհներով ՏԻՄ-երը չենք զարգացնում, որովհետեւ այդ դրամաշնորհների մեծ մասը գնում է խորհրդատվությանը: Ու ՏԻՄ-երը կզարգանան այն դեպքում, երբ ամեն եկող իշխանություն քաղաքապետերին կամ գյուղապետերին հրաժարականի չդրդի, այլ դա որոշի համայնքը: Իսկ մնացյալը հերթապահ պաշտոնական խոսքեր են…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։