Կկայանա՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները – Խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը կարող է մտափոխվել… ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը… ՀՀԿ-ն կփոևձի՞ վերադառնալ իշխանության…

Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը՝ վարչապետը: Իհարկե, այդպիսի խոսակցություններ ավելի շուտ էլ էին լսվում, անգամ մարդկանց ականջին շշուկներ էին հասնում, թե մի քանի ամիս դիմացեք, եւ ՀՀԿ-ն կվերադառնա իշխանության…

Սակայն, այդ ամիսները անցան, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին նոր պայքարի չմղեց, ավելին՝ ասում են նախկին վարչապետը դեմ չի եղել, որ բոլորը պատասխան տան իրենց արածների համար, ինչը կթեթեւացնի երկրի ներքին կյանքի լարումը, որն էլ հնարավորություն կտա, գուցե մի նոր քաղաքական ուժով, ընդդիմադիր կարգավիճակից վերստին հասնել իշխանության՝ արդեն ինքնամաքրված տարբերակով: Ի վերջո, առավելապես Սերժ Սարգսյանի կամքով տեղի չունեցավ արյունահեղություն (ընդդիմությունը սադրելու նպատակ չուներ), իշխանությունը չօգտագործեց իր բոլոր լծակները՝ անօրինական ցույցերն ու հանրահավաքները, ապակայունացնող քայլերը կանխելու համար… Իհարկե, կար նաեւ պատճառ, իշխանության նկատմամբ ատելությունը համատարած էր, սակայն պետական ուժի կիրառմամբ կարելի էր կանխել հանրահավաքային ծավալումները…

Գուցե այս ամենը հաշվի առնելով չէր շտապում Սերժ Սարգսյանը, քանի որ իր բարի կամքով դրսեւորած հրաժարականը, հետագայում նոր իշխանություններին ՀՀԿ-ի կողմից քաղաքական եւ իրավական հարցերում սատարելը, նոր իշխանությունների՝ պատժիճ գործողություններին չխոչընդոտելը, ապաեւ նոր քաղաքական դեմքով արտահերթ ընտրություններին մասնակցելը կարող էր նպաստավոր դաշտ ստեղծել Սերժ Սարգսյանի նոր քաղաքական ուժի համար: Առավել եւս, որ նոր ուժին ԱԺ-ում բավարարելու էր անգամ 10-15 պատգամավոր ունենալը եւ կառուցողական ընդդիմությունից՝ իշխանության գալը՝ դասական օրինակով:  

Գուցե սա ձեռնտու տարբերակ լինի նաեւ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդպես էլ չի կարողանում լիարժեք թիմ հավաքել եւ լիովին ստանձնել իշխանությունը երկրում (նաեւ մարզերում): Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններն էլ հավաստում են, որ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թույլ է անգամ այն ժամանակ, երբ ուժային բոլոր կառույցները ազգային անվտանգության գլխավորությամբ ամեն բան անում են վարչապետին հլու-հնազանդ: Տարօրինակորեն տխուր է հատկապես ոստիկանության առումով, քանզի այն համատարած կարծիքն է, որ մեր երկրի կայացած ոստիկանական համակարգից միայն անունն է մնացել… Այն աստիճանի որակազրկված է, որ ԼԳԲՏ համայնքի «տղաները» հայհոյախառը մտնում են ոստիկանության բաժանմունք եւ ծեծում են ոստիկաններին…

Բայց ամեն բան խառնվեց այն պահից, երբ մեկ այլ նախկին նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց վերադառնալ մեծ քաղաքականություն: Սերժ Սարգսյանից նեղսրտած գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու իշխանությանը համակիր անձինէք այլեւս ուղղվեցին դեպի ՀՀ 2-րդ նախագահը: Եվ Սերժ Սարգսյանի այն թեզը, որը մեր կարծիքով իրական է, դարձավ գրեթե անիրագործելի, քանզի համակիրների բանակը շատ փոքրացավ, ավելին՝ իշխանության մեջ մնացած եւ նախկին իշխանությանը սպասող պաշտոնյաների մեծ մասը եւս անցավ Ռոբերտ Քոչարյանի կողմը:

Սա անցանկալի էր նաեւ մեկ այլ նախկին նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ով վաղուց ստեղծել է իր թիմը եւ հույս ունի այս անգամ առանց խոչընդոտների հաստատվել խորհրդարանում՝ փորձելով թեկուզ դաշնակցային տարբերակով դառնալ խորհրդարանական մեծամասնություն: Անգամ դա չհաջողելու դեպքում չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը մնալով վարչապետ, արտաքին քաղաքական գիծը կհանձնի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ այս անգամ էլ գահընկեց անելով գործող նախագահ Արմեն Սարգսյանին:

Իհարկե, ինչպես Սեժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը կցանկանային, որ Տարոն Մարգարյանը չհրաժարվեր քաղաքապետի պաշտոնից, ինչը հսկայական հնարավորություն կտար յուրաքանչյուրի պայքարին, ում հետ կգնար Տարոն Մարգարյանը… Սակայն, ըստ էության քաղաքապետը միայնակ մնաց իր պայքարի մեջ, ՀՀԿ-ն անորոշ վիճակում էր Սերժ Սարգսյանի բռնած դիրքի պատճառով, ով բոլորին մեղադրում էր իրեն ճշմարտությունը չասելու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ մարտիմեկյան հարցերով էր առաջնագծում:

Բայց հիմա մեկ այլ տարբերակ է առաջ քաշվում, ինչը, իհարկե դեռ զրույցների տեսքով է: ՀՀԿ-ի մեծամասնությունը չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարմանը եւ արտահերթ ընտրությունների: Սա կարող է երկրում լուրջ քաղաքական ճգնաժամի հանգեցնել (նաեւ արտաքին հարցերով պայմանավորված, թեկուզ Արցախի հարցի սրմամբ), ինչը թույլ կտա խորհրդարանական մեծամասնությանը իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը…

Հայտնի է, որ ցայսօր կառավարության ու խորհրդարանի միջեւ կա հակամարտություն, ինչը նաեւ շարունակվում է: ՀՀԿ-ն շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը՝ խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը:

Բացի այդ, մյուս խորհրդարանական ուժերը եւս հիասթափվել են Նիկոլ Փաշինյանի մենիշխանական գործելաոճից եւ ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ «Ելք» դաշինքի մյուս քաղաքական ուժերը կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել ու այս անգամ իշխանափոխության գնալ վերեւից, որը կրկին կկոչվի թավշյա եւ դարձյալ կլինի անարյուն…

Հիմա սա կնախաձեռնի Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, կորոշի ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը: Իսկ մեծամասնությունը, ինչպես վերը նշվեց, նեղսրտած է Սերժ Սարգսյանի բռնած դիրքից, որի պատճառով նոր իշխանությունները կարողացան նեղել շատ հանրապետականների:

Չնայած օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, նկատի առնելով, որ իր հապաղումն այլեւս

 հեռացնում է իրեն: Նա նորից 2-3 ամիս է պահանջել համբերել, ինչը սակայն այլեւս անվերապահորեն չի ընդունվում:

Այնուամենայնիվ, հիմա ՀՀԿ-ն այս լուրջ հարցում դաշնակիցներ է որոնում ԱԺ մյուս ուժերի մեջ, եւ կարծիք կա, որ մյուս խմբակցություններում արդեն գտել է համախոհների: Իմիջիայլոց, հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ականների մի մասը պաշտպանում են Երեւանի քաղաքապետի դաշնակցության թեկնածուին, մի մասին էլ «Ելք»-ի նախկին պատգամավոր եւ այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

Եվ ասում են, ԱԺ-ում կա մի այնպիսի պատգամավորական թվաքանակ, որը որոշել է, որ կողմ չեն քվեարկելու խորհրդարանի լուծարման տանող ցանկացած որոշման՝ որպես պատճառաբանություն բերելով այն հանգամանքը, որ ԱԺ-ն բնականոն աշխատում է, չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, նաեւ ընդունում նրանց առաջադրած օրենքները: Նկատելի է, որ կառավարության ներկայացրած նախագծերը ՀՀԿ-ականների քննադատություններին հանդիպելով, միեւնույնն է ԱԺ-ում ընդունվում են:

Ըստ որոշ լուրերի, ՀՀԿ-ականները մի հանդիպման ժամանակ, ինչպես ասում են, ըստ ընդունված կարգի՝ «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Իմիջիայլոց, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ ասել է, որ ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում: Վերջինս նաեւ հաճախակի է քննադատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ կառավարության այս կամ այն անհաջող քաղաքականությունը կամ նախաձեռնությունը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ է հաճախ նշում, թե ինքը կհեռանա իշխանությունից, միայն եթե դա ժողովուրդն ուզի: Նշում է նաեւ, որ դրա համար ինքը պետք է երաշխավորված լինի, որ ժողովուրդը մնում է իշխանության լիարժեք կրողը «…եւ որեւէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»:

Բայց այդ ժողովրդի համար այդպես էլ չգրվեց կառավարության այն ծրագիրը, որը պիտի ապահովեր տնտեսական թռիչքը կամ հեղափոխությունը, ինչպես հայտարարում են նոր իշխանությունները:

Եվ միայն կառավարության գործունեության 100-րդ օրը հանրահավաքով նշելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ «ուզում եմ արձանագրել հետեւյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը եւ տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»… Նրա  կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո թեւակոխում են մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումներն են՝ որեւէ կասկած չկա, որ կառավարությունն առկա խնդիրները լուծում է արդյունավետ՝ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա… Հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»…

Այսքան բան: Հա չմոռանանք ասել, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ «կառավարության ադապտացիոն շրջանը ավարտվեց»: Բայց ինչ-որ փոփոխություն դարձյալ չի նկատվում:

Իրականում անծրագիր կառավարության տնտեսական հրաշքի երեւակայությունը որեւէ կապ չունի իրականության հետ…

Իսկ վերլուծաբանները, նաեւ արտերկրի, արդեն բացահայտ են հայտարարում, որ միայն ձերբակալություններով հնարավոր չէ զարգացնել ու կառավարել երկիրը: Իսկ քաղաքական սայթաքումներն ու բաղցթողումները գնալով ավելանում են:

Դառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, նշենք, որ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ընտրակեղծարարներն ԱԺ ընտրություններում անելիք չունեն: Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը եւս կրճատվեց: «Այս ընտրությունները պիտի լինեն բացառիկ իրենց թափանցիկության առումով։ Ընտրակեղծարարների խմբերը տեղ չունեն այլեւս, այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցնի։ ՀՀ քաղաքացու որեւէ ապօրինի կամք պետք է բացառվի, եւ սա կառավարության պարտականությունն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դե ինչ, ԱԺ արտահերթ ընտրությունները դեռ առջեւում են, իսկ ընթացող Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները ցույց կտան մերօրյա իրականությունը եւ հետագա ծավալումների ընթացքը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։