Պատերազմ, որ բնավ էլ պայմանական չէ.- Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը Հայաստանում… Իսկ Ադրբեջանի զորավարժությունների պայմանական նպատակը Արցախի գրավումն է, Արցախի Հանրապետության ոչնչացումը… եթե Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա, ապա մեր պայմանական ծրագրի ավարտն էլ պետք է Բաքվում կայանա…

Սեպտեմբերի կեսերին «Շանթ» զորավարժությունը ստուգեց եւ փորձարկեց բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները՝ պայմանականորեն պատերազմի վիճակ ստեղծելով ամբողջ երկրում. «Սցենարով նախատեսված եւ անակնկալ քայլերով ստուգվեց մեր մարտունակությունը»,- նշել են ՊՆ-ից:

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը  հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:

Նա ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետեւ լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տրվել համապատասխան գերատեսչություններին:  

Վարչապետն ընդգծել է «Շանթ -2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարեւորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում երկրի պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ եւ համակարգված աշխատելու համատեքստում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ կարեւորել է պաշտպանական եւ անվտանգային քաղաքականության գերազանց իրականացումը: Իսկ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ՊՆ Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցել են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։

Կոնֆերանսի մասնակիցները կարեւորել են կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու եւ մարտահրավերները չեզոքացնելու համար։

«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Աշխատակազմը ստանալով համապատասխան ազդանշանը, իրականացրել է պլանով նախատեսված միջոցառումները:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։ ՊՆ-ից հայտնել են, որ պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ:

Նախարարությունները գործել են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվել է, որ կան նաեւ տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաեւ փախստականների ներհոսքի վտանգ: Առկա է պայմանական սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաեւ ահաբեկիչներ:

Արտակարգ ռեժիմով  իր գործառույթներն է իրականացրել նաեւ ԱԳ նախարարությունը: Պայմանականորեն ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:

Ադրբեջանը փորձել է ուժ ցուցադրել՝ ի պատասխան «Շանթ 2018» զորավարժությունների: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ են անցկացրել։ Զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «խոցել են Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։ Զորավարժություններին մասնակցել է ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանն այս կերպ փորձում է ուժ ցուցադրել՝ ի պատասխան Հայաստանում անցկացված «Շանթ 2018» զորավարժությունների։

«Հակառակորդ կողմը փորձում է պատասխան տալ, որ եթե հայկական կողմը «Շանթ» զորավարժություն է անցկացնում, իրենք էլ իրենց մոտ կարող են զորավարժություններ անցկացնել։ Բայց ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանի պահվածքը չափազանց ագրեսիվ է։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ագրեսիա։

Ինչպես հայտնի է, նրանց զորավարժությունների պայմանական նպատակը Արցախի գրավումն է, Արցախի Հանրապետության ոչնչացումը»։

Այս ամենը վաղուց հայտնի է մեզ:

Եվ ոչ թե կրկին ու կրկին զարմանալ է պետք, այլ մեր զորավարժություններում պետք է կիրառել հակահարձակման մի ծրագիր:

Այն է՝ եթե Ադրբեջանը հարձակվում է Արցախի ու Հայաստանի վրա, ապա մեր ծրագրի ավարտն էլ պետք է Բաքվում կայանա:

Որպեսզի մեր հաջորդ պայմանական զորավարժությունը Թուրքիայի ուղղությամբ լինի՝ ինչ կանի հայությունը, ինչպես կանի… Իհարկե, սա արդիական ծրագիր չի թվում, սակայն կարող է կիրառվել մոտ ապագայում…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։