Իսկ ներսում ջրբաժան են ստեղծում – Եվ հիմա էլ Ժողովրդին սեւերի ու սպիտակների են բաժանում – Թիկունքի թուլացումը նոր պատերազմի է բերելու – Դա՞ են ուզում… Երեւի պատերազմի վերսկսումը ուշքի կբերի ոմանց, որոնց ոչ միայն գույնը, այլեւ գենետիկ պատկանելությունը հայտնի կդառնա շատ արագ… / Պատերազմական իրավիճա՞կ…

Իսկ ներսում ջրբաժան են ստեղծում

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու քայլեր ցույց տալով: Բաղանիսի եւ Ոսկեպարի հատվածում հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ընթացքում կարողանա գրոհի ուղղությունը փոխել… ասենք Նախիջեւանի կողմ, ապա կրկին Արցախի ուղղությամբ:

Իսկ գուցե լայնածավալ հարձակու՞մ է նախատեսվում:

Արդյո՞ք դա հնարավոր է, երբ ՀԱՊԿ-ից հայտարարում են, թե դա թույլ չեն տա, իսկ ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Երկու կողմերն էլ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու կողմերի ջանքերին:

Բայց, միեւնույնն է՝ կա պատերազմի իրական վտանգը, իսկ Հայաստանում ամիսներ շարունակ բացառապես «կոռուպցիոն հրավառություն» է տեղի ունենում… Եվ հիմա էլ Ժողովրդին սեւերի ու սպիտակների են բաժանում:

Թիկունքի թուլացումը նոր պատերազմի է բերելու: Դա՞ են ուզում… Երեւի պատերազմի վերսկսումը ուշքի կբերի ոմանց, որոնց ոչ միայն գույնը, այլեւ գենետիկ պատկանելությունը հայտնի կդառնա շատ արագ…  

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի խնդրի մասին։ Ոչինչ նոր բան չասաց: Նա եւս կրկնեց նախորդների տեսակետները՝ անգամ փոխզիջումներին պատրաստ լինելու առումով:

Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ եւ մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձեւաչափով, ապա նախարարներն առանձնազրույց են ունեցել։ ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։ Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ‘առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Այս ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս տարի սա արդեն Ալիեւի ու Պուտինի 4-րդ հանդիպումն է։ Բաքվում հանդիպումներից հետո Պուտինը մեկնելու է Դուշանբե, որտեղ սկսվում է ԱՊՀ երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը։

ՌԴ նախագահի այցը Բաքու առանձնհատուկ է։ Պուտինի հետ հանդիպմանը նման գնահատական է հնչեցրել Ալիեւը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ տրանսպորտային, եւ էներգետիկ, եւ հումանիտար ոլորտներում, այս բոլոր ուղղություններով մեծ առաջընթաց ենք տեսնում»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ ավելացնելով, որ իր երկրի համար Ռուսաստանը շատ կարեւոր ու արժեքավոր գործընկեր է, ընկեր, հարեւան, ում հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են։

Նախագահներն ընդգծել են, ոչ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում ոչ միայն կսերտանան, այլեւ կստեղծվեն առավել լավ պայմաններ բիզնեսի ենթակառուցվածքների համար։ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հիմա շատ կարեւոր է այն խթանը, որը պետք է տրվի մեր փոխգործակցությանը»:

Իլհամ Ալիեւը փորձում է օգտվել հայաստանյան իրավիճակից եւ սրել առաջնագծում դրությունը, նա ամեն քայլի դիմում է, որպեսզի թուլացնի միջազգային ազդեցությունն ու պարտավորությունները:…

Հայկ Թորգոմյան

Պատերազմական իրավիճա՞կ

Հայաստանի վարչապետի կեցվածքը Արցախի հարցի կարգավորման այս փուլում, այն է՝ Արցախն է իր խնդիրների համար բանակցող կողմը, իսկ Հայաստանը միայն երաշխավոր կողմ է, ցայսօր բանակցություններից հեռու է պահում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներին: Կարող է թվալ,. թե սա այնքան էլ վատ չէ: Բանակցությունները ընդմիջում են վերցրել: Սակայն հստակ է մի բան, որ Բաքուն հետզհետե մոտեցնում է պատերազմի օրը, որը այդ երկրի Զինվորական զորավարժություններից հետո կպած է մեր երկրի սահմանին: Իմիջիայլոց, ոչ միայն Արցախի կողմից, այլեւ Տավուշի մարզի եւ նախիջեւանի ուղղություններով:

Բաքուն  հայտարարել է, որ Արցախը «երբեւէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որեւէ կարգավիճակ», ի պատասխան այն հայտարարության, որն արել է Նիկոլ Փաշինյանը, նաեւ օրերս ՄԱԿ-ում դա կրկնեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս: Իսկ նրանք, ովքեր դա ցանկանում են, նրանք հայերի նոր ցեղասպանության հարց են առաջ քաշում…

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է «լուրջ փոփոխություններ» մտցնեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց քաղաքականության մեջ։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը հիմնախնդրի հարցում չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, ավելին՝ Արցախը «երբեւէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որեւէ կարգավիճակ»։ Նա կրկին մեղադրել է Հայաստանին «օկուպացիոն» քաղաքականություն իրականացնելու համար ու հավելել է, որ Ադրբեջանի համար հիմնախնդրի լուծման միակ տարբերակը «տարածքային ամբողջականության ապահովումն է»…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։