Հայ-վրացական «եղբայրություն»

Վրաստանի իշխանությունները շարունակում են իրենց պետական ահաբեկչությունը հատկապես ջավախքահայ հայրենասեր գործիչների եւ նրանց բարեկամների նկատմամբ: Դա դրսեւորվում է վրացական դատա-իրավական համակարգի՝ քրեական գործ «թխելու» անօրինական վարվելակերպով եւ ներքին բանսարկություններով: Ըստ երեւույթին, հակահայ թուրք-ադրբեջանական գործելակերպը վրացիների քիմքին այլեւս հարիր է դարձել: Առաջներում էլ, իհարկե, հայերի հանդեպ վերաբերմունքը մի բան չէր, իսկ խորհրդային տարիներին վրացական շովինիզմը չէր զիջում նույնիսկ մերձբալթյան ժողովուրդների մեծապետական նկրտումներին…

Օր ու գիշեր եվրաարժեքներից ու արդարությունից բարբաջող Վրաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ ձգձգել Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների, Արթուր Պողոսյանի, Գուրգեն Շիրինյանի եւ նրա հարազատների նկատմամբ սկսած դատավարությունները: Այսպիսով՝ Թբիլիսիի վարչախումբը փորձում է ճնշում գործադրել ինչպես նշյալ հայ գործիչների ու նրանց համախոհների, այնպես էլ ամբողջ ջավախքահայության նկատմամբ:

Ախալցխայում ընթացող Վահագն Չախալյանի դատավարությունը ոչ միայն միտումնավոր ձգձգվում է, այլեւ՝ նորանոր մեղադրանքների առաջադրման փորձ է արվում: Արթուր Պողոսյանի դատավարությունն ամիսներով ձգձգվեց. նա ազատ արձակվեց, այնուհետեւ, կրկին ձերբակալվեց, իսկ հիմա ձգձգվում է բողոքարկման գործընթացը: Իսկ Գուրգեն Շիրինյանի դեպքում՝ հայ-վրացական իրավապահների ջերմ «եղբայրական» համագործակցությամբ փորձում են այնպիսի քրգործ եւ պայմաններ ստեղծել, որ պարտադրված փախուստում գտնվող Շիրինյանը զրկվի բողոքարկելու հույսի իսկ հնարավորությունից: Գործեր են հարուցվում նաեւ նրա հարազատների դեմ, ինչը, կարծես, դարձել է հայ եւ վրացի իրավապահների առօրյա գործելաոճը:

Ահա այսպես պառակտելով ու ահաբեկելով ջավախքահայությանը՝ Թբիլիսին փորձում է վերջնականապես վրացականացնել հայկական պատմական տարածքը, հոգեւոր-մշակութային արժեքները: Փորձեր են արվում Ջավախքը բնակեցնել վրացիներով, աջարներով ու սվաններով, թուրք մեսխեթներով:

Երեւանն ու Էջմիածինը արդարորեն բողոքում են Թբիլիսիի հայկական եկեղեցիների վրացականացման դեմ, բայց Ջավախքի վրացականացման հարցում չգիտես ինչու բերանները ջուր են առել…Հետո ուշ չլինի՜:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 46


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։