Հուշեր, որ կյանքի փորձ դարձան ինձ համար… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Ազգային անվտանգությունն արիականացնելու փորձը փորձանք էր դառնալու…

Մեր ժամանակների վկայագրում (13)
Ազգային անվտանգությունն արիականացնելու փորձը փորձանք էր դառնալու…
Մի անգամ նշել եմ հին ծոցատետրիս մասին, որին դիմում եմ այն ժամանակ, երբ հիշողությանս հետ կապված վայրիվերումներ են լինում…. Այդ հուշատետրը 1988թ. փետրվարի 18-ից, բնապահպանական եւ արցախյան ցույցերի առաջին իսկ օրերից քայլում է հետս: Իհարկե արդեն «հատորներ» ունի ծոցատետրը, որոնք արձանագրել են բոլոր զգայարաններիս զգացումները եւ իրականությունը ավելի քան 30 տարի…
…Օրերս հայ արիականների ու համախմբված հայ ազգայնականների համատեղ նիստում կրկին քննարկվում էր Հայապահպանության նախարարության ստեղծման կարեւորությունը համահայկական եւ հավիտենարժեք երեւույթների պաշտպանության համար, երբ ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամներից մեկը հիշեց, որ «նման քննարկում եղել էր նաեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին, երբ ՀԱՄ առաջնորդի առաջարկով վարչապետն ի թիվս այլ քաղաքական ուժերի, որոշակի պարբերականությամբ (ամիսը մեկ անգամ՝ ընդհանուր ազգայնական, մեկ անգամ էլ՝ զուտ ՀԱՄ-ի հետ) հանդիպում էր նաեւ հայ ազգայնականության ներկայացուցիչների հետ (ազգայնական ուժերի եւ հեթանոսական հավատի ներկայացուցիչների ցանկը ներկայացնում էր ՀԱՄ-ը) »…
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ խոսվել էր հայապահպանության հարցերի շուրջ, սակայն որոշակի փաստաթուղթ չէր ձեւակերպվել: Ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրավիճակները նպաստավոր չէին ազգայնական թեմաների արծարծման համար, առավել եւս եթե դրանք պաշտպաներ նաեւ Հայաստանի վարչապետը…
Ճիշտ է Անդրանիկ Մարգարյանն իր մարդկային որակներով ընդունելի էր ինչպես իշխանության տարբեր թեւերի, այնպես էլ բազմաճյուղ ընդդիմության կողմից, նաեւ միմյանցից զատ գործող ազգայնականների համար, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո միեւնույնն է խաթարված էր փոխվստահության ու հավատի գործոնը…
Բայց Հայ Արիական Միաբանությունը փորձում էր իշխանության մեջ հասնել որոշակի խմբի ձեւավորմանը, ինչը թույլ կտար հետզհետե հայ ազգայնականներին ու նրանց գաղափարները հանուն պետականության զորացման ներառել պետական քաղաքականության մեջ:
Ցավոք, ոչ միայն իշխանության եւ ընդդիմության տարբեր թեւերից էին փորձում խոչնդոտել հայ ազգայնականների եւ վարչապետի քաղաքական մերձեցումը, այլեւ հենց այսպես կորված ազգայնական դաշտից կային քաղաքական առնետներ (սին ազգայնականներ եւ հայրենասերներ միշտ են հայտնվում, երբեմն էլ զուտ նախանձից են դավադրում)…  
Ուստի՝ վարչապետի հետ հերթական հանդիպումից հետո հայ արիները որոշում են մի փորձի դիմել, հասկանալու, թե որքան է մեծ ազգայնականներին (դիցուկ՝ հայ արիականներին) դիմակայելու մոլուցքը երկրում:
Վարչապետի մոտից դուրս գալուց հետո, երբ կրկին պարզ էր, որ Անդրանիկ Մարգարյանը էլի դեմ է լինելու այն մտքին, որ հայ ազգայնականներին, որպես երկրի քաղաքական դաշտի մի հատվածի, մի որոշակի նախարարություն վստահվի, անգամ փորձարարական համարվի ու խիստ հսկողություն սահմանվի: Եվ թող հայ ազգայնականները ապացուցեն, որ կկարողանան անկաշառ ծառայել ազգին ու հայրենիքին եւ օրինակ կդառնան…
Եվ քանի էր վարչապետը դեռ դեմ էր նման խոսակցության բարձրացմանը վերեւներում կամ հանրայնացմանը, ՀԱՄ-ը որոշեց նախաձեռնել սեփական փորձը… Որոշվեց, որ ես, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, անձամբ դիմեմ նամակ: Այդ օրը առավոտյան շուտ մի պաշտոնական նամակ ուղարկեցի կառավարություն, վարչապետին՝ ՀԱՄ անունից, որում առաջարկ կար Ազգային անվտանգության նախարարությունը վստահել ու տրամադրել հայ ազգայնականներին, դիցուկ՝ Հայ Արիական Միաբանությանը: Խոստանում էինք հնարավորինս կարճ ճամկետներում ազգի եւ պետության անվտանգությունն ապահովել առանց համակարգ խցկված այս ու այն երկրի համար աշխատողների…
Իհարկե, որոշակի ծրագրային դրույթներ կային նշված: Վերջում ասվում էր, որ հայ ազգայնականներն ազգային անվտանգություն ասելով հասկանում են ինչպես մեր երկրի բնակչության, այնպես էլ համազգային պաշտպանվածությունը… Տող կար նաեւ այն մասին, որ ընթացքում առաջ կքաշվի Հայապահպանության նախարարության ստեղծման հարցը, որն էլ կհոգա հայության ազգային արժեհամակարգին առնչվող բոլոր խնդիրները…
Դեռ ՀԱՄ գրասենյակ չէի մտել, առավոտյան ժամը 10-ի մոտերքն էր, դրսից լսեցի որ գրասենյակի հեռախոսն անդադար զանգահարում է: Արագ վերցրեցի լսափողը՝ վարչապետի ընդունարանից էր, արագ փոխանցեցին Անդրանիկ Մարգարյանին, ով մի նախադասություն ասեց միայն, «էս ինչ ես արել Արմեն, արագ արի մոտս»… Մտածեցի լավ է, երեւի հիմա, թեկուզ ինձ փնովելով, ստիպված կզեկուցի որ այսպիսի առաջարկ կա ու հնարավոր է հարցը քննարկվի վերեւներում ու միջազգային «բարեխոսություններից» հեռու մնանք:
Այսինքն՝ եղել է առաջարկ եւ տեղի է ունենում քննարկում: Այսքան բան:
Այս մտքերով էլ արդեն դուրս էի գալիս գրասենյակից, որ Հանրապետության հրապարակից հեռու չէր, բայց հերթապահը օրվա թերթերը բերելով, կանգնեցրեց ինձ, թե տեսե՞լ եք «Առավոտ»-ն ինչ է գրել, այն էլ 1-ին էջում: Վերնագրից հասկացա, որ լրիվ ուրիշ բան էի մտածում, ներքին քննարկման հասնել, բայց իրականում ռումբ էր պայթել…
Բայց որտեղի՞ց այս նյութը «Առավոտ»-ին, սա ինչպե՞ս կարող էր պատահել: Մեկ-երկու նախադասություն էր գրված ընդամենը, բայց այդ օրերի համար դա պայթուցիկ էր: Գրված էր, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնում նշանակել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին… Ոչ ավել, ոչ՝ պակաս:
Շատ արագ հասա վարչապետի նստավայր, մտա ներս, Անդրանիկ Մարգարյանն իսկապես շփոթված էր: Բայց ի պատիվ իրեն, ոչ մի ավելորդ բառ չասեց՝ չնայած այդ վիճակում հաստատ այդ իրավունքն ուներ: Նայեց ինձ մի քիչ երկար, ապա թե՝ նստի՛ր: Ուզեցի խոսել, բացատրել արվածի նպատակը, չթողեց,«գիտեմ ինչ ես ասելու, դիմակայության կամ վտանգի չափն էիր փորձում, բայց գոնե գիտե՞ս ինչ ես բերել գլխիս»…
Փաստորեն, առավոտյան զանգահարում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ զայրացած հարց ուղղում, թե այդ ինչպե՞ս է ինձ նշանակել Ազգային անվտանգության նախարար, ու՞մ հետ է խորհրդակցել եւ սա ի՞նչ ձեւ է… Ամենազարմանալին, այն է, որ վարչապետը ոչ մի բանից տեղյակ չի լինում, իմ նամակը դեռ նրան հանձնած չեն լինում, իսկ երկրի նախագահն էլ ասում, թե բաց արա «Առավոտ»-ը կարդա ու արի հանդիպման:
Բայց Անդրանիկ Մարգարյանը որոշում է ինձ հանդիպել, հետո գնալ: Ես զարմացած հարցեցի, թե ու՞ր է իմ նամակը, ինչու՞ է այս թերթից իմանում այդ մասին եւ ո՞վ է վերջապես նամակը տվել թերթին, իսկ վարչապետին դեռ չեն էլ զեկուցել…Նամակը բերեցին ուշացումով:
Անդրանիկ Մարգարյանը այն վերցրեց եւ գնաց նախագահի մոտ:
Հետո նա խոստովանեց, որ այդ նամակը իր շատ հարցերի պատասխանը տվեց, թե ովքեր են իր մոտ աշխատում որպես խոսք տանող-բերողներ, «տակը փորողներ», ովքեր են պատրաստ իրեն թիկունքից հարվածել եւ այսպես շարունակ:
Փաստորեն, երբ Անդրանիկ Մարգարյանը նամակը տարել էր Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ նախագահն այն կարդացել էր … հանկարծ սկսել է բարձրաձայն ծիծաղել, այնքան որ շունչը կտրվել է: Հետո հանդարտվել ու վարչապետին ասել է, թե հասկանում է, որ այստեղ նրա մեղավորությունը չկա, բայց շա՜տ ծիծաղելի է, որ այս նամակն այդքան զանգեր է առաջացրել դեսպանատներից ու այլ դիվանագիտական հիմնարկներից, էլ չասած՝ Հայաստանի քաղաքական ու պետական, հասարակական տարաբնույթ մարմիններից…
Հետո ամեն ինչ արվեց, որ վարչապետն այլեւս ոչ մի պաշտոնական հանդիպում չունենա ազգայնական ուժերի հետ… Բոլորի հետ կարելի էր, անգամ ԼԳԲՏ-ների կամ այս ու այն գրանտակեր ապազգայինի, բայց որ մեզ հետ…
Դե մենք էլ այլ ձեւերից էինք օգտվում:- www.hayary.org
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=138788593770133&id=100029169784366 – Անիշխանության (Անարխիզմ) ձեւակերպումները՝ Էդուարդ Հովհաննիսյանի «Պետություն եւ Իշխանություն» գրքում
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի – www.hayary.orgգլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։