Ու՞ր է գնում Հայաստանը

Հայկական աշխարհ կառուցելու կառավարական հավակնոտ ծրագրերը հօդս են ցնդում

Թե ի՞նչ գնահատական կտա ԵԽԽՎ-ն իր կողմից Հայաստանին ներկայացված բանաձեւերի կատարմանը, կիմանանք միայն հաջորդ տարեսկզբին՝ հունվարյան նստաշրջանի ժամանակ: Օրերս ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում լսել է նաեւ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Իհարկե, մինչ նստաշրջանը Հայաստան այցի կգան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, ովքեր մեկ անգամ էլ կստուգեն իրենց որոշումների կատարման ընթացքը: Մի խոսքով՝ 2009-ը կսկսվի մեզ համար կարեւոր մի հանգամանքով, երբ եվրասահմանագծին կանգնած Հայաստանը պիտի վճռականորեն որոշի՝ վերջնականապես դառնու՞մ է եվրակառույցների կցորդ եւ կամակատար, թե՞ դրսեւորում է կամք ու վճռականություն՝ արժանապատվորեն պահելով անկախ երկրի եւ ազատ ազգ կերտելու «հավակնոտ» կարգավիճակը:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ եվրոպացիների աչքերը առ այսօր արցունքակալած չեն Երեւանում տեղի ունեցած մարտիմեկյան դեպքերի համար, այլապես՝ եւ՛ Թուրքիայում, եւ՛ Հունաստանում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Վրաստանում կամ այլուր միշտ էլ ճնշում եւ հալածում են ընդդիմադիրներին, սակայն, եվրոպացիները լռում են ու լռում (դեռ չեն որոշել կամ ժամանակը չէ իրենց շահը արծարծելու): Ուստի՝ Հայաստանի պարագայում էլ նրանց ամենեւին բուն հալածանքը չի հետաքրքրում: Դա պարզապես հրաշալի նվեր-առիթ է Երեւանին ճնշելու համար:

Իսկ ճնշելու լուրջ դրդապատճառներ ունի Եվրոպան: Անհրաժեշտ է Արցախի խնդրի կարգավորմամբ (իհարկե՝ իրենց հաճո) թուլացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան (Մերձավոր Արեւելք եւ Արեւելյան Ասիա) համագործակցության դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաեւ կարեւոր է հասնել Կովկասի կայունությանը (կապ չունի՝ ինչ գնով եւ թե որ երկրի շահը ինչպես կտուժի), որպեսզի տարածաշրջանային ենթակառուցվածքները անխափան, Վրաստանով, թե Հայաստանով անցնեն Թուրքիա եւ այնտեղից էլ Եվրոպա: Սա անհրաժեշտ է Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու եւ այլընտրանքային ճանապարհով վառելիքա-էներգետիկ պաշարներ ներկրելու համար:

Այդ առումով, մասնավորապես Երեւանը պիտի հնազանդվի, եւ հատկապես հեռու մնա Ռուսաստանից ու Իրանից՝ հրաժարվելով նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պարտք ու պահանջ ունենալուց: Սա նաեւ ԱՄՆ-ի ցանկությունն է: Եվ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը նման խնդիրներ փորձում է լուծել նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում՝ Արաբական թերակղզու եւ ղազախա-թուրքմենական նավթա-գազային պաշարները Թուրքիայով Արեւմուտք տեղափոխելու համար: Դե, Ռուսաստանն ու Իրանն էլ իրենց նպատակներն ունեն:

Ուստի՝ Թուրքիան վերստին դարձել է կարեւոր օղակ, ինչը նաեւ թուրքերն են գիտակցում եւ փորձում են Ռուսաստանի հետ Կովկասի կայունությունն ապահովողի դերակատարումը ստանձնել (իրականում՝ խաղալ Մոսկվայի հետ), որպեսզի Արեւմուտքի կտրուկ քայլերից չլարվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Այնպես որ, Անկարային մեծ հաշվով հետաքրքիր չէ Երեւանի հետ բարեկամանալը, քանզի տարածաշրջանային ենթակառուցվածքները հիմնականում Վրաստանով, Իրաքով կամ Իրանով են անցնում: Պարզապես ժողովրդավարական Թուրքիայի կերպարի համար կարիք կա մի քիչ լավը երեւալ, մի քիչ բարի թվալ: Իսկ դրա համար նախ ցեղասպանի անունից պիտի ազատվել: Ահա թե ինչու է Անկարային շտապ անհրաժեշտ հարաբերություններ հաստատել Երեւանի հետ:

Դե՜, մերոնք էլ հո չեն նեղացնի ռուսին, ամերիկացուն կամ եվրոպացուն, եւ ահա, բարեկամանում ենք մեր թիվ 1 թշնամու՝ թուրքի հետ: Բա ո՜նց չբարեկամանանք, մի 15-20 հազար թուրք արդեն ներողություն է խնդրել (մի էդքան էլ կխնդրե՜ն դեռ) ցեղասպանության համար, թուրքերը պատրաստ են առեւտուր անել մեզ հետ, գործարանիկներ կառուցել, գյուղատնտեսական ապրանքներ բերել Հայաստան եւ այլն եւ այլն (եթե իրականում այս ամենն անեն, ապա Հայաստանի տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը կքայքայվի), եւ սրա դիմաց միայն մի «ստից» բան են պահանջում թուրքերը: Այն է՝ հայերս պիտի ասենք, որ մեր հանդեպ ցեղասպանություն չի կատարվել 1915թ. կամ էլ երկուստեք են կոտորածներ եղել (դե պատերազմ էր էլի՜) եւ պահանջատեր չլինենք Արեւմտյան Հայաստանի նկատմամբ: Այսքա՛ն բան:

Հայկական աշխարհ կառուցող ՀՀ նախագահն ու վարչապետը միանգամից թուլացան այս մոտեցումներից (ֆուտբոլային, արաքսյան, երգուպարի ու այլ դիվանագիտություններից) եւ հիմա էլ պատրաստվում են հայ-թուրքական աշխարհ կառուցել: Ինչը, վստահաբար, վերածվելու է թուրքական աշխարհի: Խեղկատակությունը գոնե սահման պիտի ունենա: Հայ-թուրքական չեղած-չհաստատված, խորհրդային կարգերի սահմանը ճանաչում են
, իսկ ծախվելու եւ խաղալիք դառնալու սահմանը ո՞չ:

Այս ընթացքով զարգացումները Հայաստանին ոչ մի առավելություն չեն տալու, որպես «լակոտ» մի երկիր (որն իր բոլոր հիմնական քաղաքական եւ դիվանագիտական գործոններից հիմարաբար հրաժարվելու է) օգտագործվելու ենք թուրք-ռուսական եւ թուրք-արեւմտյան հերթական ծրագրերի իրականացման ճանապարհին:

Մեր երկիրը հայաթափվում է գործազրկությունից ու անարդարությունից, ուստի, պարբերաբար «վագրի» թռիչքով զարգացող ՀՀ տնտեսությունը շուտով կսպասարկի եվրաերեխաներին, պարսիկ, թուրք կամ չինացի իբր հայ երեխաներին, որոնցով էլ կկերտենք հայի ու Հայաստանի ազգային պայծառ ապագան…

Չկա՛ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երջանիկ ապագա: Մենք՝ հայերս, չենք կարող երկիր կառուցել եւ ազգ զորացնել թշնամիների հետ հարաբերություններ զարգացնելով, նրա՛նց մեր տնտեսության զարգացումը վստահելով: Եթե սա խաղ չէ նաեւ մեր իշխանությունների կողմից, ապա վաղուց նրանց թոշակի գնալու (թե չէ հետո այլ տեղ կգնան) ժամանակն է:

Հիմա նորից դառնանք եվրաեղբայրներին: Այս պարոնները պնդում են, որ քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն եւ մարտի 1-2-ի դեպքերի իրական մեղավորները (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կողմերից) պատժվեն: Իսկ արդյոք սա դժվար է՞ր սեփական ուղեղով հասկանալ: Վաղուց մենք էլ էինք ասում, որ հարկավոր է բոլորին ազատ արձակել ու այդ պայմաններում շարունակել դատավարությունները: Կլինեի՞ն մեղադրվողներ, այնժամ կձերբակալվեին ու կբանտարկվեին, չէի՞ն լինի, ուրեմն ոստիկանները կամ հատուկջոկատայինները կձերբակալվեին ու պատիժ կստանային:

Իսկ հիմա՞ ինչ է կատարվում: Շարունակվում են դատավարական նույն քաշքշուկ-գործընթացները: ԵԽԽՎ-ի հիմնական ուշադրության կենտրոնում հայտնված «7-ի» գործն ընթանում է անհարկի ձգձգումներով, ընդմիջումներով, դատախազության աշխատակիցները ահաբեկում են մեղադրյալների հարազատներին, ոստիկանները շատ կոպիտ են դատի ընթացքում, նրանք եւ ԱԱԾ-ականները գրավել են դատարանի դահլիճի նստատեղերը, դատարան բերելուց առաջ մեղադրյալներից ոմանց ծեծի են ենթարկում… Եթե սա՛ է լինելու լուծումը եւ իշխանության մնալու ձեւը, ապա Հայաստանը շուտով դառնալու է ոչ միայն գերուժերի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի ծառա, այլեւ՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի շահերի պաշտպան-կցորդ: Փոխանակ երկրի ներսում արդարությունը վերականգնելու եւ հուժկու ազգային հիմք ստեղծելու գործով զբաղվեն ՀՀ իշխանությունները, որպեսզի կարողանան դիմակայել ներքին եւ արտաքին հակահայ ճնշումներին, նրանք «արջի ծառայություններ» մատուցող պաշտոնյաների միջոցով շարունակում են «ջուր լցնել» թշնամու ջրաղացին… Փոխանակ հարցը կարգավորեն հիմնավորապես, սեփական ազգին եւ միջազգային հանրությանը ցույց տալով պետական կամք, կարծիքներ են հնչեցնում, թե կարելի է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել (երեւի Լ. Տեր-Պետրոսյանի թիմին ԱԺ-ում որոշակի քանակի տեղեր տրամադրելու համար), որպեսզի մարդիկ այլեւս փողոց դուրս չգան: Այս պահին իշխանություն-ընդդիմություն առեւտրի մասին չէ որ գրում ենք, ուստի, դա թողնենք հաջորդ անգամ: Նոր ԱԺ-ն նոր իրողություններ չի բերելու, քանզի, նորից նշենք, Երեւանի վրա ճնշումները մեր ներքին կյանքը կայունացնելուն եւ բարելավելուն չեն միտված, այլ՝ արտաքին գործոններով են պայմանավորված եւ այլոց շահերը սպասարկելու համար են արվում:

Իսկ մեր խոսքն ամփոփենք ամենամտահոգիչ թեմայով, որ մոսկովյան կամ հելսինկյան հռչակագրերով կամաց-կամաց մոտեցրել են արցախյան խնդրի պարտադրական կատարումը, եւ ՀՀ իշխանությունները կամ պիտի կատարեն եվրապահանջները ու միեւնույն ժամանակ չվնասեն երկրի անկախ կարգավիճակը (ձգձգելով Արցախ-ԼՂՀ-ի կարգավորման խնդիրը), կամ պիտի հրաժարվեն այդ պահանջները կատարելուց եւ դուրս գան եվրոպական համագործակցությունից ու այլ ռազմա-քաղաքական ուղղության հենվեն, կամ էլ՝ պիտի ոչ մի բան չանելով (այլոց նվագների տակ պարելը ինչ-որ բան անելուց էլ վատ է) կործանեն եւ՛ իրենց, եւ՛ մեզ բոլորիս…

Հայկ Թորգոմյան

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 47 (86)


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։