Չներելը բարդույթը չէ, Ցավն է ու Նպատակը – Արմենուհի Մելքոնյան

24.04.2020թ. – Ամեն ապրիլքսանչորսից առաջ ինձ համար երկու բառ այլ իմաստ են ստանում՝ բարդույթ ու ներում։ Որովհետեւ ամեն ապրիլքսանչորսյան օրերին ուղեղումս ցավոտ հնչում են անիմաստ, շատերի համար ընդունելի արտահայտություններ՝ զոհի բարդույթ չունենալու, թշնամուն ներելու, սպիները մոռանալու մասին։

Ի՜նչ է նշանակում «զոհի բարդույթ»։ Ես զոհի ժառանգ եմ՝ հայրենիքի մեծ մասը կորցրած, ցեղասպանված, ջլատված, ստորացված, բռնաբարված ու խոշտանգված։ Չեմ մոռանա, չեմ ների, քանի դեռ վրեժս չեմ առել։ Այո, ես զոհ եմ, բայց սա զոհի բարդույթ չէ, ցավ է։ Ցավն է ու հիշողությունը։ Ցավն է ու հակընդդեմ քայլերի ծրագիրը։ Ցավն է ու նպատակը։
Բայց չէ՜, անունը դրել են բարդույթ, որ հոգեբանական դրոշմ դնեն վրան ու ներշնչեն, թե պետք է ազատվել հոգեբանական խնդրից։
Կամ՝ ի՜նչ է նշանակում՝ ներել թշնամուն։ Շատ հակիրճ, ամենամեղմ գծերով նկարեմ այդ թշնամու դեմքը, որ պատկերացնեմ՝ ում եմ ներելու։ Ներելու եմ մորը խոշտանգելով բռնաբարածի՞ն, հոր աչքի առջեւ զավակին ստորացրածի՞ն, հղի կնոջ որովայնից պտղին հանած ու մոր աչքի առջեւ սրախողխող արածի՞ն, տատ ու պապին թոնրում ողջ-ողջ խորովածի՞ն…

Ներելու համար երկու բան պետք է ունենամ՝ կամ հիշողության կորուստ, կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։  
Կա երրորդ տարբերակը։ Կարող եմ ներել պատժելուց հետո։ Բայց քանի որ համոզված եմ, որ դրան՝ այդ առավել քան թշնամուն համարժեք պատիժն անգամ բավարար չէ, ներելը բացառվում է։ Մանավանդ որ դեռ չեմ պատժել։
Վրեժ բառից սկսել ենք վախենա՞լ։ Որովհետեւ հասցրել են ներարկե՞լ բարդույթի գաղափարը, որ հավատանք, որ թշնամուն ատելը վատ բան է։ Մինչդեռ առանց այս ատելության վրեժի կամք չենք ունենա։ Տոկունություն չենք ունենա՝ կրելու անաստվածային այն ցավը, որ մեր նախնիք են կրել։ Կմոռանանք ցավը՝ անարժան ժառանգի պես։ Որովհետեւ նախնու ցավը անարժան ժառանգն է մոռանում։ Իսկ անարժանին ոչ վրեժ է պետք, ոչ հիշողություն, ոչ արդարության պահանջ։ Տունը կորցրե՞լ է, հոգ չէ, անտունի պես սրա—նրա դռանը վարձով կապրի։ Բայց կարեւորը՝ զոհի բարդույթ չի ունենա, թշնամուն ներած կլինի։
Այս ի՞նչ անառողջ ու սին մեծահոգություն է, որ թույլ ենք տվել ներարկել մեզ։
Հա՜, սպիները մոռանալուց էլ է խոսվում։ Բայց դրա համար նախ պետք է գոնե վերքին դարման անեմ։ Չեմ արել։ Դարմանի տեղը գիտեմ, դարման անելու ձեւն էլ՝ հետը, բայց ձեռքս կարճ է, դեռ չի հասնում։ Վերքն էլ դեռ բաց է մնացել, թաց ու տնքացող։ Տասնամյակների փոշին ու կեղտն ավելի է բորբոքում այն։ Աշխարհն էլ ձեռքը վերքից չի վերցնում՝ սեղմում է ու ցավեցնում, սեղմում է ու սեղմում։ Ասում է՝ մոռացիր, ձեռքս վերքիցդ կքաշեմ։
Ասում եմ՝ իմ հիշողությունը օրավուր մարդու հիշողության պես կարճ չէ։ Հաճախ եմ կրկնում՝ իմը ազգի՛ հիշողությունն է, որտեղ նախնիներս ինձ վրեժի են կոչում՝ հոգի առ հոգի։ Իմը ազգի՛ ողջախոհ հիշողություն է, որ ինձ հուշում է, թե ողորմելի է գազանի հետ բարոյականությունից խոսելը։ Իմը ազգի՛ ռազմի հիշողություն է, որ ինձ ստիպում է բռունցքի մկաններն ամրացնել՝ ճիշտ օրվան սպասելով։ Իմը ազգի՛ արդարադատ հիշողություն է, որ պատգամ ունի՝ դարձի երդմամբ։
Իմը բարդույթը չէ։ Ցավն է ու Նպատակը։

Արմենուհի Մելքոնյան

http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20200424_4&flag=am&fbclid=IwAR29yLoSHDjPyZkQozmEEWbn_q7ioAfF2A8W_Z01QEYKJjWGmMuw3V_tV7oՉներելը բարդույթը չէ, Ցավն է ու Նպատակը…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։