Թուրքական դիվանագիտական խայծ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում նրա պահվածքի համար՝ «Թուրքիայի կառավարության ղեկավարի արարքը արտահայտում է ամբողջ թուրք ժողովրդի, տարածաշրջանի ազգերի ու աշխարհի տեսակետը: Մենք գնահատում ենք դա: Նա իրեն պահեց այնպես, ինչպես պետք է պահեր նման իրավիճակում»: Հիշեցնենք, որ այդ ժամանակ միջադեպ էր ծագել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջեւ: Գազայի հատվածում ստեղծված վիճակին վերաբերող Պերեսի զգացմունքային ելույթից հետո, Էրդողանը մեղադրել էր Իսրայելին՝ Գազայի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների համար: Իսկ երբ կարգավարն ընդհատել էր նրան, Թուրքիայի վարչապետը ցուցադրաբար լքել էր ֆորումը՝ հայտարարելով, որ ինքն այլեւս չի գա Դավոս:

Իրանի նախագահը վերստին մեղադրել է Իսրայելի ղեկավարությանը՝ Գազայի հատվածում պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ: Մեր կարծիքով, այս միջադեպն առավելապես «շոու» էր, որը նախ բարձրացրեց Թուրքիայի վարչապետի կողմից ղեկավարվող կուսակցության հեղինակությունը, ինչի կարիքը կար ՏԻՄ ընտրություններից առաջ: Երկրորդ՝ Թուրքիան կրկին խաղում է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ՝ ի դեմս նախագահ Գյուլի Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման, եւ ի դեմս վարչապետ Էրդողանի՝ Արեւելքի, մասնավորապես իսլամական աշխարհի հետ հարաբերությունների լավացման առումով:

Եվ կարծում ենք՝ Իրանում ու իսլամական երկրներում շատ շուտով կհամոզվեն այս հարցում, հատկապես՝ երբ Իսրայելն էլ «պատահաբար» ուժգնացնի հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը…

Անի Մարության


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։