Ջավախքը կանկախանա՞, թե՞ ինքնավարություն կստանա Վրաստանի կազմում

Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները փորձեցին պաշտոնական Թբիլիսիին համոզել, թե Հայաստանն ու Վրաստանը բացի հարեւան լինելուց, նաեւ բարեկամ ու եղբայր պետություններ են: Տրվելով «Վրաստանը մեր միակ ճանապարհն է դեպի Արեւմուտք» տեսությանը՝ պաշտոնական Երեւանը սիրաշահումների տեսանկյունից առաջ անցավ Արեւելքի բոլոր երկրների բոլոր տիպի շողոքորթությունների կիրառման ձեւերից… Ինչն անակնկալ էր նաեւ վրացիների համար:

Սակայն, այս ամենից ամենաշատը տուժեց Ջավախքը: ՀՀ իշխանությունները եւ նրանց ջավախքյան խամաճիկները, հանուն այդ «փրկության ճանապարհի», զոհասեղանին դրեցին ջավախքահայությանը եւ մեր պապենական երկրամասի ապագան:

Այսպես վրացիները հերթական անգամ «ֆռռացրին» մեզ եւ Հայաստանի ու Վրաստանի հայազգի խամաճիկների (վանբայբուրդյան տեսակի) միջոցով ամրացան Ջավախքում: Հիմա երբ ուզեն՝ կփակեն մեր ճանապարհները եւ կթելադրեն իրենց կամքը, իսկ այն ժամանակ, երբ Ջավախքը ջավախքցիների ձեռքին էր (եւ Աջարիայի հետ միասնաբար անկախանալու տարբերակ էլ կար), Հայաստանն ավելի ապահովագրված էր ու ճանապարհներն ավելի պաշտպանված էին, ինչը չհասկացան ՀՀ ղեկավարները, երեկվա վրացասերներն ու այսօր արդեն վրացամերժները…

Վրաստանի իշխանությունները փորձում են «Միասնական Ջավախք»-ի ղեկավարներից մեկի՝ Վահագն Չախալյանի դատավարությամբ լռեցնել բոլոր հայրենասեր ջավախքահայերին: «Լուսանցք»-ի էջերում արդեն անդրադարձել ենք Ջավախքի տեղական եւ Թբիլիսիի պաշտոնական իշխանությունների հակահայ գործունեությանը, ինչն էլ պատմական հայկական այս երկրամասում վերստին սրել է իրավիճակը:

Այս ամենն, իհարկե, միայն ներքին խնդիր չէ, Ջավախքի տարածքով են անցնում տարածաշրջանային հիմնական շատ ենթակառուցվածքներ, եւ այստեղ են խաչվում նաեւ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը:

Աշխուժացել են նաեւ Ջավախքի հասարակական կազմակերպություններն ու այլ միավորումները: Մենք կանդրադառնանք որոշ հայտարարությունների, որոնք մի շարք պարզաբանումներ եւ հնարավոր ծավալումներ են առաջ քաշում Ջավախքի խնդրի առնչությամբ:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հկ-ների խորհրդի 2009թ. հունվարի 30-ին կայացած ընդլայնված նիստում որոշում է ընդունվել, որում մասնավորապես նշվում է. «Մենք, Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայկական հկ-ների խորhրդի անդամներս, բազմակողմանիորեն ուսումնասիրելով բոլոր հավաստի տեղեկությունները, քննության առնելով տարածաշրջանում ստեղծված պատմական ու ներկայի իրավիճակը, փաստում ենք, որ այստեղ առկա են կենտրոնական իշխանությունների կողմից հովանավորվող շովինիստական, ազգայնամոլական տարրեր պարունակող գործողություններ, որոնք ուղղված են հայ էթնոսի արհեստական դուրս մղելուն եւ այլազգիներով վերաբնակեցնելուն: Այլեւս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չեն, այլ վրացական իշխանությունների կողմից դեռեւս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակությունն են… Իրենց նպատակին հասնելու առկա գործողությունների քողարկման նպատակով վրացական իշխանությունները ուրիշ շատ ծրագրերի կողքին երկրի հայազգի քաղաքացիներին արհեստականորեն բաժանել են մի քանի շերտերի ու խմբերի: Ըստ նրանց հաշվարկների, այդ շերտերը կամ խմբերը պայքարելու են իրար դեմ ու իրար մեջ, ինչը մասնակիորեն նրանց հաջողվել է: Նրանք յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու նախօրոք հաստատված ծրագրեր ունեն: Փաստերն առկա են… Հունվարի 22-ին ձերպակալվեցին Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի պատասխանատու Գրիգոր Մինասյանը եւ «Շառլ Ազնավուր» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը: Բոլոր ախալցխացիները եւ նրանց ճանաչողները գիտեն, որ նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները ոտից գլուխ հնարովի են, սակայն փաստ է՝ մարդկանց իրավունքները ոտնահարվել են հեռահար, հակահայ, հայաթափման քաղաքականության ծրագրերի հիմքի վրա… Մեր ազգային արժեքների, մարդկային իրավունքների պահպանությունն ապահովելու նպատակով հայկական հկ-ների խորհուրդը բազում անգամներ, Վրաստանի իշխանությունների առաջ բարձրացրել ու բարձրացնում է հետեւյալ խնդիրները.

1. Պետականորեն վերացնել հակահայ շեշտված քաղաքականությունը, որի արդյունքում կիրականացվեն ու կապահովվեն ներքոթվարկյալ գործողությունները.

ա/ Տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների կազմակերպում:

- Տարածաշրջանային ծառայություններում բնակչության թվակազմին համապատասխան հայերի ներգրավվում:

- Ախալքալաքում եւ Նինոծմինդայում պետանվտանգության տարածաշրջանային ծառայության կողքին, այլ ծառայությունների տեղակայում:

բ/ Տեղում աշխատատեղեր ստեղծելու նպատակով.

- Պետության կողմից լուրջ ներդրումային քաղաքականության իրականացում, այն հաշվով, որ առաջիկա հնգամյակում տեղաբնիկների համար կբացվեն առնվազն 20 հզ. աշխատատեղեր:

- Բավարար պայմաններ կստեղծվեն արտաքին ներդրողների համար:

գ/ Կվերացվեն խոչընդոտները եւ կխրախուսվեն մասնավոր ներդրումներն ու բիզնեսը:

- Ներդրումներն ու բանկային փոխառությունները մարդկանց կտրվեն ոչ ըստ ազգային պատկանելության ու քաղաքական հայացքների:

դ/ Բնակչության էթնիկ կազմի արհեստական փոփոխմանն ուղղված եւ ըստ ազգային պատկանելության խտրական «վերաբնակեցման» գործընթացների դադարեցում:

2. Կրթական-մշակութային խնդիրներ.

ա/ Տարածաշրջանի բացարձակ մեծամասնության մայրենիին՝ հայոց լեզվին, պետական լեզվին՝ վրացերենին զուգահեռ կտրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:

- Տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարությունը տեղաբնիկների մեծամասնության մայրենի լեզվով վարում…

բ/ Բոլոր հայկական հանրային դպրոցներում դասավանդման լեզուն՝ հայերենը կպաշտպանվի օրենքով.

- Հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժներին եւ տնօրեններին չի պարտադրվի պետական լեզվի իմացությունը:

գ/ Մանկավարժական եւ տնտեսությանն անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու նպատակով առաջիկա տարում կկայացվի որոշում՝ Ախալքալաքում հայ-վրացական պետական համալսարան հիմնելու վերաբերյալ:

3. Քաղաքական խնդիրներ.

ա/ Կընդունվի անցումային օրենք երկքաղաքացիություն ունենալ ցանկացող Վրաստանի հայազգի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիությունից չզրկելու վերաբերյալ, այն կգործի, մինչեւ սահմանադրությունից կհանվի այն արգելող հոդվածը:

բ/ Վրաստանի կառուցաձեւի մասին օրենքի սահմաններում Ջավախքին կտրվի լայն լիազորություններով օժտված ինքնակառավարման միավորի կարգավիճակ:

4. Միջազգային եւ միջպետական խնդիրներ.

Վրաստանի եւ ՀՀ-ի միջեւ Ջավախքի վերաբերյալ կկնքվի միջազգային պայմանագիր ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ ԵԽ շրջանակային կոնվենցիայի ոգուն համահունչ, որի պահպանման ու հսկման պարտավորությունը կհանձնվի եվրոպական հեղինակավոր կառույցի:

Վերոնշյալ պահանջների, առաջարկների եւ խնդրանքների ներկայացման նպատակով մենք համապատասխան դիմումներ ենք հղելու Վրաստանի եւ ՀՀ-ի նախագահներին, խորհրդարաններին:

5. Անհետաձգելի խնդիրներ.

Որպես երկխոսության սկիզբ երկրի իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազա՛տ արձակել անհիմն ձերբակալված Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին, համապատասխան պատժամիջոց կիրառելով նրանց անօրինական ձերբակալման համար մեղավոր ծառայողների նկատմամբ, եւ պետության հաշվին հատուցել նրանց կրած նյութական ու բարոյական վնասները: Եթե մեր բնակչության սույն առաջարկներն ու պահանջները ուշադրության չարժանացվեն ու գործնական քայլեր չիրականացվեն, ստիպված կլինենք մեր տարածաշրջանների կարգավիճակը լուծել հանրաքվեի ճանապարհով: Կրկնում ենք՝ մենք ստիպված կլինենք դիմելու Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքների պաշտպանության սահմանադրական բոլո՛ր միջոցներին: Մեր դեմ ուղղված սադրանքների շարանը կենտրոնական իշխանությունների կողմից վաղուց գործողության մեջ են դրված, սակայն ամեն ինչ դեռեւս առջեւում է, եղե՛ք զգոն, եղե՛ք միասնական ազգապահպանությանն ուղղված առաջիկա գործողությունների հաջողությունն ապահովելու համար: Մեր գործն արդար է, մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»:

Մեկ այլ հայտարարությունում, որն ստորագրել են Ջավախքի հայրենասերներ ձեւակերպմամբ, ասվում է. «Պատմականորեն Ջավախք-Սամցխե տարածաշրջանը կամ, ինչպես այն անվանում են վրացիները՝ Սամցխե-Ջավախեթին, տարբեր ժամանակներում ընդգրկված էր հայկական, վրացական, պարսկական եւ վերջացրած բյուզանդական, արաբական, օսմանյան ու ռուսաստանյան պետությունների կազմում եւ եղել է դրանց միջեւ պատնեշ: 1921թ., ինչպես եւ ամբողջ Վրաստանը, այս տարածաշրջանն ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմում: 1980-ականների վերջում եւ 1990-ականների սկզբում, երբ ԽՍՀՄ տարածքում անձրեւից հետո սնկերի պես սկսեցին ստեղծվել ազգային շարժումներ ու ժողովրդական ճակատներ, այնժամ Ախալքալաքում 1989թ. տեղացի հայրենասերները, ազգայնականները եւ մտավորականները ստեղծեցին Ջավախքի ժողովրդական շարժումը: Չունենալով հստակ ծրագիր ու կանոնակարգ, գաղափարախոսություն եւ ուղղվածություն՝ ոմանք պահանջում էին քաղաքական-մշակութային ինքնավարություն Վրաստանի կազմում, իսկ մյուսները՝ Վրաստանից անջատում: Իբր զվիադականներից բնակչության ինքնապաշտպանության համար ստեղծելով ֆիդայական ջոկատներ՝ շատերն իրականում զբաղվում էին թալանով եւ զենքի վաճառքով, այդպիսի պարագլուխներ-առաջնորդներից մեկն Ախալքալաքի շրջանի ոստիկանության ներկայիս պետ Սամվել Պետրոսյանն էր եւ իր բանդան: Գնելով զենք ու զինամթերք պարզ չէ ումից՝ նա դրանք վաճառում էր զվիադականներին, մխիդրիոնականներին ու վրացական գվարդիականներին, որոնք պատերազմում էին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, իսկ ստացված գումարներով գնում էր տներ եւ անշարժ գույք Թբիլիսիում ու Երեւանում… 1996-1997թթ. Ս. Պետրոսյանը նորից սկսեց աղմկել, ինչից հետո նա միանգամից դարձավ Բոգդանովկա-Բորժոմի ճանապարհի պետը, եւ քաղաքական ակտիվությունը Ջավախքում լիովին դադարեց: 2001-2002թթ. Ախալքալաքում Դավիթ Ռստակյանը եւ նրա համախոհները ստեղծեցին «Վիրք» կուսակցությունը: 2003թ. նոյեմբերին՝ «Վարդերի հեղափոխության» ժամանակ Ս. Պետրոսյանը եղել է ֆաշիստ Մ. Սահակաշվիլու մոլի կողմնակիցը, քանի որ արդեն իսկ մի քանի տարի չէր աշխատում պետական համակարգում, այլ առեւտրով էր զբաղվում հայ-վրացական սահմանում… 2005թ. մարտին Ախալքալաքում տեղի էին ունենում բազմահազարանոց հանրահավաքներ եւ երթեր, որոնց նախաձեռնողները դարձան երիտասարդ հայրենասերներ Նաիրի Իրիցյանը, Մգո Մղդեսյանը, Վահագն Չախալյանը, Սամվել Մանուկյանը, Արթուր Պողոսյանը, Էդո Սահարյանը, Գուրգեն Շիրինյանը եւ այլոք, ովքեր ստեղծեցին «Միասնական Ջավախք» համազգային շարժումը… Մնալով անգործ՝ Ս. Պետրոսյանը սկսեց զբաղվել այն բանով, ինչով զբաղվում էր իր ամբողջ ապօրինի կյանքի ընթացքում՝ կեղտոտ աշխատանքով՝ ապատեղեկատվությամբ: Կարգավորելով հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի տարածարջանի ՊԱԿ-ի ղեկավարի՝ Ա. Մոսիդձեի հետ, նա առաջարկեց իր ծառայությունները՝ «Միասնական Ջավախք»-ը ջախջախելու համար եւ շատ շուտով զբաղեցրեց Սամցխե-Ջավախքի տարածարջանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը… Սկսվեցին սադրանքները, ահաբեկությունները, շարժման ակտիվիստներին առաջարկվող կաշառքները եւ նրանց հավաքագրումները: 2006թ. սեպտեմբերի 1-ին նա դարձավ Ախալքալաքի շրջանի ոստիկանության պետ եւ իր ձեռքը վերցրեց հայ-վրացական սահմանով իրականացվող զենքի, ծխախոտի, սուրճի, ոգելից խմիչքների եւ այլ ապրանքների ամբողջ մաքսանենգությունը եւ ապօրինի բեռնափոխադրումները… 1-ին խոշոր սադրանքը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 9-ին, երբ իշխանության տեղական մարմինների ընտրությունների զանգվածային կեղծումից հետո, որում Ս. Պետրոսյանը խաղաց գլխավոր դերը, «Միասնական Ջավախք»-ի անդամները հավաքվեցին շրջանի ընտրական հանձնաժողովի առջեւ ու պահանջեցին հրապարակել 2006թ. հոկտեմբերի 5-ի արդյունքները: Զենքը ձեռքին եկած ոստիկանապետի կրտսեր որդին՝ Գեորգին, սադրեց ժողովրդին, իսկ հետո սկսեց կրակել… Տեղի ունեցավ մեծ կռիվ, որի հետեւանքով եղան վիրավորներ ու տուժածներ: Նույն օրը Վ. Չախալյանն ընտանիքի հետ մեկնեց Հայաստան: Երեւան մուտք գործելու պահին նրանք բոլորն ուժեղ ծեծի ենթարկվեցին «անհայտ անձանց» մեծ խմբի կողմից… Այս խուլիգանական կռվի ժամանակ ծանր վիրավորվեց Գ. Շիրինյանը, որը հետագայում ենթարկվեց երիկամի վիրահատություն, իսկ Վ. Չախալյանը կալանավորվեց՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, եւ մոտ 1 ամիս անցկացրեց ՀՀ ԱԱ մեկուսարանում: Դատարանի դատավճիռը հետեւյալն էր՝ 1,5 տարի պայմանական ազատազրկում եւ արտաքսում… Հետո, հանկարծակի Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը եւ դատախազությունը քրեական գործ հարուցեց կազմակերպության այլ անդամի՝ գործարար Սամվել Մանուկյանի դեմ՝ առաջադրելով շինծու մեղադրանքներ՝ իբր նա չի վճարել հարկերը եւ թաքցրել է եկամուտները: Ի վերջո Վրաստանի ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի սարքած քրեական գործը Ս. Մանուկյանի վրա նստեց 100 հզ. դոլար: Ս. Պետրոսյանի եւ Վրաստանի ՊԱԿ-ի ցուցակում հաջորդը դարձավ կազմակերպության մեկ այլ անդամ՝ Արթուր Պողոսյանը:

1-ին անգամ նրան դատապարտեցին բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպման համար: Դատավճիռն էր՝ 2 տարի պայմանական ազատազրկում եւ 1500 դոլարի տուգանք: 2-րդ անգամ Ա. Պողոսյանը կալանավորվեց շինծու եւ կանխավ ծրագրված գործով 2007թ. ապրիլի 24-ին՝ Ախալքալաքից 62-րդ Ռուսական ռազմակայանի դուրսբերումից անմիջապես առաջ, եւ փոխադրվեց Թբիլիսիի բանտը, որտեղ անցկացրեց մի քանի ամիս մեկուսացման մեջ, իսկ նրա նկատմամբ դատը այդպես էլ չկայացավ… Ս. Պետրոսյանը կատարեց Վրաստանի ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի բոլոր հրամանները: Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ռազմական նվաճողական գործողություններից անմիջապես առաջ, Ս. Պետրոսյանին հրամայեցին իրականացնել նախօրոք ծրագրված սադրանք՝ վարչախմբի հավանական հակառակորդների նկատմամբ, ովքեր ընդունակ էին զենք վերցնել ու բացել երկրորդ ճակատ… Նրանք «Միասնական Ջավախք»-ի անդամներն էին: Կազմակերպելով ինքն իր դեմ մահափորձ՝ ոստիկանապետը 2008թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն իրականացրեց կազմակերպության անդամների զանգվածային ձերբակալություններ եւ միանգամից այս մահափորձում մեղադրեց Գուրգեն Շիրինյանին ու նրա ամենամոտ համախոհներին: Դրանից հետո սկսվեց «Միասնական Ջավախք»-ի անդամների նկատմամբ իսկական որսը: Մեկ օր անց՝ Գ. Շիրինյանի տունը խուզարկելու ժամանակ, տարօրինակ հանգամանքների պարագայում մահացավ երիտասարդ ոստիկան: Հաջորդ օրն անձնասպան եղավ նաեւ երկրորդ ոստիկանը: Ինչից հետո Ս. Պետրոսյանը հրամայեց իր ենթականերին եւ ՊԱԿ-ի աշխատակիցներին հայտնաբերելու պարագայում Գ. Շիրինյանին գերի չվերցնել, այլ ոչնչացնել տեղում, որպեսզի ազատվի գլխավոր վկայից: Մի քանի օր անց Ախալքալաք ժամանեց ոստիկանապետի կողմից հրավիրված Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատը: Առանց դատարանի որոշման ներխուժելով Վահագն Չախալյանի տուն, նրանք իրականացրեցին ծեծուջարդ եւ ապօրինի խուզարկություն, նրա տանը «հայտնաբերեցին» Ս. Պետրոսյանի ենթակաների կողմից բերված զենքն ու զինամթերքը: Կալանավորվեցին Վ. Չախալյանը, նրա հայրը եւ կրտսեր եղբայրը, նրանց տեղափոխեցին Թբիլիսիի բանտ, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս: Երեւանից տուն վերադառնալիս, ճանապարհի կեսին կալանավորեցին եւ 1 ամիս ոստիկանությունում պահեցին կազմակերպության եւս 2 անդամներին՝ Արա եւ Էդո Սահարյաններին: Կատարելով այս պատվերը ու դրանով ապահովելով կայուն թիկունք վրացական զորքերին՝ Ցխինվալիի դեմ բուն նվաճողական գործողություններից առաջ, Ս. Պետրոսյանն իր որդիներ Անդրոյի եւ Գեորգիի հետ Վրաստանի ՆԳՆ-ի հաշվին հանգստի մեկնեցին Փարիզ: Ստրուկը եւս պետք է հանգստանա… Ջախջախելով «Միասնական Ջավախք»-ը՝ նա կատարեց իր խոստումը: Կազմակերպության բոլոր առաջնորդները՝ Վ. Չախալյանը, Գ. Շիրինյանը, Ա. եւ Է. Սահարյանները, Ա. Պողոսյանը, Ս. Մանուկյանը կալանավորվեցին, դատապարտվեցին, փախուստի մեջ էին կամ նստած էին տնային կալանքի տակ, բացառությամբ երկուսի՝ Մ. Մղդեսյանի եւ Ն. Իրիցյանի, ովքեր արդեն վաղուց ստացան իրենց աթոռները, հանուն աթոռի ու աշխատավարձի ծախվելով ֆաշիստ Մ. Սահակաշվիլուն: Այս խաղի ողջ ժամանակահատվածում Մ. Մղդեսյանը գաղտնի կապ էր պահպանում Վրաստանի ԱԱ խորհրդի անդամների հետ եւ իրենցինց ստանում հրահանգներ: Ասում են, որ Ն. Իրիցյանը դեռեւս 2002թ. հավաքագրվել է Վրաստանի ՊԱԿ-ի ու ՆԳՆ-ի կողմից, իսկ «Միասնական Ջավախք»-ին ուրանալուց հետո ընկավ իր այժմյան շեֆ Ս. Պետրոսյանի գիրկը եւ իր հետ սկսեց հաճախ գնալ Թիֆլիս եւ ստանալ ամերիկացի, անգլիացի ու իսրայելացի «բարեկամներից» դրամաշնորհներ, իսկ հետո «հանկարծակի» դարձավ Ախալքալաքի շրջանի ղեկավար, իսկ 2008թ. սեպտեմբերի 1-ին բոլոր երեքն էլ միահամուռ հանրահավաքի ելան՝ ռուսաստանյան զավթիչների եւ Հարավային Օսիայի անկախության դեմ… 2008թ. սեպտեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանի դատարանը՝ Արարատ Եսոյանի գլխավորությամբ, «հանկարծակի» կալանավորեց եւ 3 տարի ժամկետով դատապարտեց «Միասնական Ջավախք»-ի հիմնադիրներից մեկին՝ Ա. Պողոսյանին՝ մեղադրելով նրան բողոքի զանգվածային ցույցեր եւ խուլիգանություն կազմակերպելու մեջ, եւ միանգամից տեղափոխեց Թբիլիսիի բանտ: Դեկտեմբերի 30-ին Ա. Պողոսյանն ազատվեց կալանքից՝ երկրից չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ, 100 հզ. լարի (62 հզ. դոլար) տուգանքի եւ 3 տարի պայմանական ազատազրկման պարագայում՝ պարտավորվելով վաճառել իր տունը, բնակարանը, ունեցվածքը եւ վճարել տուգանքը: Չունենալով նման հսկայական գումարը վճարելու հնարավորություն՝ ջավախքահայ հայրենասերը լքեց Վրաստանը… Այժմ վրացական հատուկ ծառայությունները եւ ՆԳՆ-ն Ախալքալաքից անցան Ախալցխա… Իբր լրտեսության ու ապստամբություն նախապատրաստելու մեջ մեղադրելով «Միասնական Ջավախք»-ի անդամներին՝ իբր դաշնակների հետ Ախալքալաքում տեղի ունեցած գաղտնի հանդիպման մեղադրանքով: Այսօր Արամ Պողոսյանի, Սամվել Պետրոսյանի եւ նրանց բանդաների օգնությամբ վրացական ՆԳՆ-ն ու ՊԱԿ-ը արդեն սկսեցին փնտրել զինված մարդկանց, խմբերի, զենք, գրոհայինների ճամբարներ, իսկ դրանց շարքին կարելի է դասել ցանկացած անընդունելի քաղաքացու կամ մարդկանց խմբի: Այնպես որ, նոր սադրանքները սարերի ետեւում չեն»:

Վերջում Ջավախքի հայրենասերները հայտնում են, որ այսպես շարունակվելու դեպքում «արհեստականորեն ստեղծված փխրուն հանդարտությունհը կփլվի՝ ամբողջ Վրաստանով մեկ համազգային ապստամբության առաջին իսկ հարվածների ժամանակ: Ներում չի լինի ոչ մեկին: Այնպիսի դավաճանների… ինչպիսիք են՝ Պետրոսյան Սամվելը, Պողոսով Արամը, Մղդեսյան Մգոն, Իրիցյան Նաիրին եւ նրանց նմանները, չպետք է տեղ լինի Ջավախք-Սամցխեում եւ ամբողջ Դաշնային Վրաստանում: Ջավախք -Սամցխեի ապագան Վրաստանի կազմում քաղաքական-մշակութային ինքնավարությունն է»:

Վահագն Նանյան

Արտակ Հայոցյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։