Արջն իր ահից է գոռում…

Ադրբեջանը հերթական անգամ փորձեց տեղեկատվական պատերազմում նախահարձակ լինել՝ այս անգամ Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ ռազմական «անօրինական» համագործակցության մեջ: Բաքուն մեծ աղմուկ էր բարձրացրել, թե իբր ՌԴ-ն շուրջ 800 մլն. դոլարի զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան:

Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը, սակայն դա բավարար չէր: Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ չբավարարեց ադրբեջանական կողմին: ՌԴ ԱԳՆ-ն՝ Գլխավոր շտաբի հետ, ուսումնասիրել են այդ լուրը եւ պարզել, որ 2008թ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան պաշտոնապես զենք-զինամթերք չի տեղափոխվել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նույն հարցը առավել համակողմանի քննել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարծենում էր, որ իր երկրի պետբյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի պետբյուջեն եւ միայն իրենց ռազմական ոլորտի ծախսերը՝ 2 մլրդ դոլար, հավասարազոր են Հայաստանի ամբողջ բյուջեին: Սա կարեւոր գործոն համարելով՝ նա սպառնացել էր, թե Արցախ-ԼՂՀ-ի հարցի չկարգավորման դեպքում (իհարկե իրենց հաճո ձեւով), Բաքուն պատերազմը կվերսկսի:

Հարց է ծագում, այդ դեպքում հիմա եթե նույնիսկ մի 800 մլն. դոլարի զենք-զինամթերք էլ եկած լինի Հայաստան, ի՜նչ է դա փոխելու «հզոր» Ադրբեջանի ծրագրերում, էս ի՜նչ աղմուկ են բարձրացրել «պատերազմող» ադրբեջանցիները…

Արման Դավթյան

Հ. Գ. – Ադրբեջանի մե՜ծ բյուջեի ազդեցությունը տնտեսությունում ակնառու է: Այստեղ 2008թ. սպառողական ապրանքների եւ ծառայությունների սակագները 21%-ով ավելացել են:

Լուսանցք» թիվ 2 (88), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։