ՄԱԿ-ն էլի փրկեց Իսրայելին

Իսրայելական հերթական ռազմական ներխուժումը նոր արհավիրքներ բերեց առանց այն էլ հալածյալ ու տառապյալ Պաղեստինի ժողովրդի գլխին:

Օրեր շարունակ, աշխարհի գերտերերը «գցում-բռնում» էին, թե ո՜նց հանդարտեցնեն Իսրայելին, ո՜նց կասեցնեն սիոնիստական կառավարության դաժանությունները: Այդ համապատկերում շա՜տ ողորմելի էին երեւում գերհզոր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, Եվրոպական երկրներն ու… որքա՜ն էլ տարօրինակ է՝ արաբական մի շարք երկրները:

ՄԱԿ-ը հերթական անգամ ուշացումով «տեղ հասավ», երբ արդեն առաջադեմ մարդկության մի զգալի մասն իրենց երկրներում բողոքի հզոր ալիքներ էին ծավալել եւ արդեն Իսրայելին էր վտանգ սպառնում: Այսինքն՝ պետք էր կանգնեցնել առճակատումը, որովհետեւ հակաիսրայելական ու հակահրեական նո՛ր շարժում կարող էր ծավալվել: Դե՜, «ձեռքի հետ» էլ ՄԱԿ-ն իր մարդասիրական օգնությունը հասցրեց Պաղեստին ու կատարեց իր «հերթական առաքելությունը», երբ սիոնիստներն իրենց գործն արել-վերջացրել էին այլեւս……

Չնայած հայտարարված հրադադարին, Գազայի հատվածի հումանիտար իրադրությունը այժմ էլ մնում է աղետալի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի՝ պաղեստինյան բռնազավթված տարածքներում հումանիտար գործողությունների համակարգման բյուրոյի զեկույցում, որը օրերս տարածվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Ըստ զեկույցի, չնայած միջատարածքից իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ ստացված տեղեկատվությանը, Իսրայելի ռազմական ներկայությունը պահպանվում է Գազայի հատվածի հյուսիսում, արեւելյան սահմաններում, ինչպես նաեւ Եգիպտոսի հետ սահմանի Ռաֆահ հսկիչ անցակետի շրջանում: Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոխադարձ հրետակոծություններ:

ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների գործերի եւ զբաղվածության գործակալությունը շուրջ 50 ժամանակավոր կացարան է ստեղծել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լախիա պաղեստինյան ճամբարի շրջանում, որոնք կարողացել են տեղավորել ընդամենը 51 հզ. փախստականների, մարդկանց համար տեղերը չեն բավականացնում, իսկ փախստականների թիվը շարունակում է աճել: Պարենամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի մեծ պակաս է զգացվում:

Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով Գազայի հատվածին պատճառված նյութական վնասը ներկայումս կազմում է ավելի քան 476 մլն. ԱՄՆ դոլար: Ամբողջովին ավերվել են ավելի քան 4 հզ. բնակելի տներ, 48 վարչական ու կառավարական շենքեր, ոստիկանական 30 տեղամաս, 20 մզկիթ, 18 դպրոց, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ջրատարներ եւ կոյուղու համակարգը: Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների կենտրոնական պաղեստինյան բյուրոյի հաշվարկների, Գազայի հատվածում ամբողջովին կամ մասամբ ավերվել է կառույցների 14%-ը:

ՄԱԿ-ի աշխատակիցները միջատարածքում սննդամթերքի գների կտրուկ աճ են նկատել: Հավի մսի գինն աճել է 23%-ով, ալյուրը թանկացել է 45%-ով եւ այլն:

ՄԱԿ-ում ընդգծում են, որ միջատարածքի բնակչության ճգնաժամային վիճակը հետագայում էլ կպահպանվի, քանի որ ավիահարվածների եւ հրետակոծումների հետեւանքով մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսական ցանքատարածություններին, ձկնորսությանը, արտադրական եւ այլ շինությունների:

Հնարավոր ծավալվող մի նոր մերձավորարեւելյան պատերազմը կանխվեց ոչ թե ՄԱԿ-ի «պատկառելի» արձագանքի պատճառով, այլ՝ նախեւառաջ «Համաս»-ի եւ «Հեզբալլահ»-ի համառ գործողությունների հետեւանքով:

Եթե ռազմական գործողությունները մի քանի օր էլ շարունակվեին եւ «Համաս»-ի հետ միասին «Հեզբալլահ»-ն էլ Լիբանանի տարածքից ռմբահարեր կամ ներխուժեր Իսրայել, ապա հայտնի չէ, թե պատերազմն ինչպես կավարտվեր… Ազդեցիկ էր նաեւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (հատկապես՝ Իրանի) հնչեցրած ահազանգը: Իսրայելին վախեցրին նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների իսլամական բնակչության կազմակերպված ընդվզումները: Առավել հզոր էին ասիական եւ աֆրիկյան երկրների իսլամական ժողովուրդների բողոքի ցույցերը: Ահա այս գործոններով էլ պայմանավորված՝ ՄԱԿ-ը «կատարեց» իր գործը եւ հերթական անգամ փրկեց… Իսրայելին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (88), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։