Հայաստանում քաղցկեղին վերջ կասե՞ն

Եթե, իհարկե, հիվանդի համար ծառայությունը մատչելի լինի

Միջուկային բժշկության մասին մեկ անգամ չէ որ խոսվել է: Բայց բերվել են տարբեր երկրների օրինակներ: Սակայն այսուհետ կարող ենք ասել, որ Հայաստանը կունենա միջուկային բժշկության եւ քաղցկեղի ախտորոշման ու բուժման կենտրոն: Գործադիր իշխանությունը երեկ քննարկեց այդ կենտրոնի ստեղծմանն առնչվող որոշ հարցեր:

Այդ կենտրոնը, ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կհիմնադրվի:

Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարեվերջին 2008թ. գործունեությունն ամփոփելիս, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, թե Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ-ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար: Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն:

Ավելին, ինչպես երեկ կառավարության նիստից հետո վստահեցրին մեր երկու՝ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարները, միջուկային բժշկության այդ կենտրոնը կլինի տարածաշրջանում միակը ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման եւ դրանց հիման վրա բժշկական ախտորոշման եւ բուժման բնագավառում: Կենտրոնի ստեղծման բիզնես ծրագիրը մշակվել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության հետ: Նախատեսված է, որ կենտրոնը պատրաստ կլինի 2011թ.:

Ըստ առողջապահության նախարարի բացատրության, այդ կենտրոնում կլինեն սարքավորումներ, որոնք կախտորոշեն ու կբուժեն քաղցկեղը (նախարարը հավաստիացրեց նաեւ, թե խոսքը արյան քաղցկեղին էլ է վերաբերում): «Այդ կենտրոնում հնարավոր կլինի վաղ ախտորոշել ամենափոքր չափի ուռուցքներն անգամ: Ախտորոշման ու բուժման առանձնահատկությունն էլ այն կլինի, որ բուժումը հարակից ազդեցություններ չի թողնելու»,-հայտնեց նախարարը:

Այսպիսի կենտրոնը Հայաստանի համար կարեւոր է, որովհետեւ քաղցկեղով հիվանդների թիվը մեր երկրում գնալով ավելանում է: Առողջապահության նախարարի տվյալների համաձայն, Հայաստանում եթե 2006թ. դիսպանսերային հաշվառման էին կանգնած 27 հազար հիվանդներ, ապա այժմ այդ ցուցանիշը 30 հազար է:

Հարց է ծագում՝ իսկ արդյո՞ք այդ կենտրոնի ծառայություններն այնքան մատչելի կլինեն, որ հիվանդը հնարավորություն ունենա դիմելու: Առայժմ պարզ չէ, բայց միանշանակ է, որ այդ ծառայությունները շատ որակյալ կլինեն: Համենայնդեպս, այսպես վստահեցնում է նախարարը:

Տեղեկացնենք նաեւ, որ միայն կլինիկայի կառուցումն ու որոշ սարքավորումների ձեռք բերումը 11 մլն դոլար կարժենա: Իսկ մի սարքավորում էլ, որ աքսելերատ է կոչվում, ձեռք բերելու համար 17 մլն եվրոյի վարկի երաշխիք է անհրաժեշտ, որ տալիս է բելգիական կառավարությունը:

Որ այսպիսի կենտրոն ենք ունենալու, լավ է: Բայց ավելի լավ կլինի, որ մեր քաղաքացիներն ընդհանրապես անհրաժեշտություն չունենան այդ կենտրոնի տեղն իմանալու:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ (92), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։