Իսրայելը 2-րդ անգա՞մ խաչեց Հիսուսին

Վերջերս Իսրայելի հեռուստաալիքներից մեկով եթեր հեռարձակած մի զավեշտալի հաղորդման մասնակից կատակով ասել էր, թե «Մարիամը 15 տարեկանում հղիացել է իր համադասարանցուց, իսկ Հիսուսը չէր կարող ջրի վրայով քայլել՝ իր ավելորդ քաշի պատճառով»:

Աա մեծ արձագանք էր ստացել եւ հարուցել էր անգամ Վատիկանի բողոքը:

Իսրայելի վարչապետ Եհուդ Օլմերտը շտապել էր հայտարարել, թե դատապարտում է այդ հեռուստածրագրի ժամանակ հնչեցրած արտահայտությունները. «Ափսոսում եմ պատահածի համար, նամանավանդ, որ այդ արտահայտությունները վիրավորել են Իսրայելի քրիստոնյա փոքրամասնությանը»:

Իսրայելի կաթոլիկ եպիսկոպոսները այդ կատակներն անվանել են «նողկալի հարձակումներ Քրիստոսի եւ Աստվածամոր հասցեին»:

Վերոհիշյալ հաղորդման զավեշտաբան-վարող Լիոր Շլայնը նույնպես ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ, բայց հավելել է, որ այս խոսակցությունները «կարող են դաս դառնալ Հոլոքոսթը ժխտող քրիստոնյաների համար»: Նա հատկապես նկատի է ունեցել պահպանողական կաթոլիկ հոգեւորական Ռիչարդ Վիլյամսոնին, ով պնդում է, թե նացիստական համակենտրոնացման ճամբարներում սպանվել է ոչ թե 6 մլն. հրեա, այլ՝ 200-300 հազար: Այս հոգեւորականը բանադրվել էր նախկինում, սակայն Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ներեց նրան եւ վերականգնեց հոգեւոր աստիճանը:

Ժամանակին Դանիայի, Ֆրանսիայի եւ այլ եվրաերկրների որոշ մամուլի միջոցներ իսլամը վարկաբեկելու արշավ սկսեցին՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմամբ: Սա էլ հարուցեց մահմեդական աշխարհի զայրույթը:

Հետաքրքիր է, թե մեր հոգեւոր ոլորտի սպասավորներն ի՞նչ կարծիք ունեն այսպիսի միջադեպերի վերաբերյալ: Երբ տարիներ շարունակ ավերում էին Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները, որեւէ լուրջ արձագանք չէինք լսում Էջմիածնից կամ Անթիլիասից, միայն վերջերս տուրք տալով պետական արձագանքներին՝ ձայնակցեցին եւ հոգեւորականները… Միայն վերջերս սկսեցին արձագանքել նաեւ Երուսաղեմում պարբերաբար հրահրվող սադրանքներին, որի հետեւանքով հայ եւ հույն հոգեւորականները խուլիգանական կռիվներ էին սարքում քրիստոնեական ծեսերի ժամանակ:

Սակայն, հայ եկեղեցու որոշ սպասավորներ ամենեւին չեն խորշում արհամարհական արտահայտություններով վիրավորել Հայաստանի արիական-հեթանոսական հավատքի հետեւորդների հավատքային զգացումները, Հայ Աստվածների մասին վիրավորական արտահայտություններով փորձում են իբր ամրագրել իրենց Աստծո միակն ու ճշմարիտ լինելը: Հաճախ էլ հայ հոգեւորականի՝ հայոց հին հավատի մասին արտաբերած խոսքը չի տարբերվում հրեա զավեշտաբանի հաղորդման ընթացքում հնչած անհեթեթությունից, երբ լսում ենք, թե ինչքան հեռու են այդ հոգեւորականները տիեզերաճանաչողությունից ու աստվածայինի ընկալումից:

Ուստի, ավելի լավ է ամեն մեկն իր գործն անի ու կարծիք հայտնելուց գոնե իմանա՝ ինչի եւ ում մասին է խոսում…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 7(93), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։