Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

Արարիչը Տիեզերքն Արարելիս ամեն բանում առաքելությունների շղթա է դրել՝ վերից վար: Ամեն ազգի էլ մի առաքելություն է տվել: Խոսքը բնական ազգերի մասին է, որոնց թվարկելու համար ձեռքի երկու մատներն էլ շատ են (այս թեմային մի այլ առիթով կանդրադառնանք): Հայերիս էլ մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆՆ է տվել, մի անկրկնելի ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւն, ինչն ամփոփված է մեր լեզվում: ՀԱՅ ԼԵԶՈւՆ պարունակում է ԱՍՏԾՈ (ԱՍՏՎԱԾՆԵՐԻ) խոսքը, միտքը, մտածողությունը: ԱՍՏՎԱԾ մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատի իր ներկայությունը մարդու կյանքում: Եվ տիեզերքի ամենաբարձրագույն բանը՝ ԱՍՏԾՈ (ԱՍՏՎԱԾՆԵՐԻ) ԽՈՍՔԸ, վստահվել է մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ: Հայերենը ոչ միայն ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼԵԶՈւ է՝ տրված մարդկանց, այլեւ՝ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԼԵԶՈՒ է՝ տրված ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ու ՏԻԵԶԵՐՔԻՆ: ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼԵԶՈւ է (այս մասին էլ՝ մեկ ուրիշ անգամ)……

Հայոց Լեզվով կարելի է Աստվածային Մտածողությունն ըմբռնել, հասկանալ ու վերծանել, կարելի է Աստվածների հետ երկխոսել պարզապես՝ ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որն իհարկե, բոլորին չէ, որ տրվում է… կարելի է նաեւ ԱՐԱՐՉԻ ու Արարչական ամեն Գոյի հետ շփվել……

ԱՐԱՐԻՉ – Արարչագործության Խորհուրդ է, որ նշանակում է ԱՐԱՐՈՂ (ըստ «Արորդյաց Ուխտագրքի»):

Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐ – կրկնավոր արմատով եւ ԻՉ (մի բան անող) արմատով:

Ըստ այդմ, պետք է տարբերակել ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ խորհուրդները: ԱՍՏՎԱԾ-ը նշանակում է Գերագույն Խորհուրդն իր մեջ կրող: Եվ Աստվածը (Աստվածները) Արարիչ չէ: ԱՐԱՐԻՉ-ը Բնության Արարող Զորությունն է՝ Տիեզերքն ու Ամենայն Սկիզբը: Արարումից հետո է գործում Ստեղծելու խորհուրդը, որն հաջորդիվ է……

Անհրաժեշտ է տարբերակել ԱՐԱՐԻՉ եւ ՍՏԵՂԾՈՂ խորհուրդները: ՍՏԵՂԾՈՂ-ը ստեղծում է մի բան իրենից դուրս: Եվ Ստեղծողի ու Ստեղծվածի միջեւ չի կարող լինել որեւէ բնական արյունակցական ու հոգեւոր կապ: ԱՐԱՐՈՂ-ը արարում է իր միջից, եւ Արարողի ու Արարվածի միջեւ կա ժառանգական արյունակցական, որակական հոգե-ոգեղեն կապ:

Արարողը Հայրն է: Հայրն է արարում որդուն՝ նրան ժառանգաբար փոխանցելով իր բնական որակական հատկանիշները: Ըստ այդմ, մեր արարիչները մեր հայրերն են՝ իմ հայրը, նրա հայրը, նրա հոր հայրը… եւ այդպես խորանալով մինչեւ Աստվածայինը ու Բացարձակը-Արարիչը… Ըստ այդմ էլ՝ Արիներն իրենց ճանաչում են որպես Արեւորդի կամ Արորդի, որն էլ նշանակում է՝ Հայր Արայի (Աստվածահոր) որդի, արարչածին՝ բնության զավակ, տիեզերաբնակ……

Ի դեպ, վերջերս ձեռքս մի վեցտողյա բանաստեղծություն ընկավ (պարզվեց՝ մեր քաղաքական գործիչներից մեկի՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանինն է), որում Տիեզերակարգի շրջանակներում երեւակվում են տիեզերածին Հայր (Արարիչ), Մայր (Բնություն) եւ Տուն (Օջախ) հասկացությունները, որոնք ի վերջո մեկ ամբողջ են՝ ԵՐՐՈՐԴՈւԹՅԱՆ տեսքով՝…

Հա՛յր իմ Արարիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք,

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ ես Ձեզ……

Իսկ ինչ մնում է Տիտաններին, ապա նրանք ԱՐԱՐԻՉ խորհրդի զգացողությունը չունեն, նրանց զգացողությունը հասնում է մինչեւ ԱՍՏՎԱԾ (նույնիսկ՝ ոչ ԱՍՏՎԱԾՆԵՐ): Քանզի Տիտանների զգացողության մեջ Նախահայրերի հաջորդականությունը հասնում է մինչեւ հողածին Ադամը, որին հողից ստեղծել է Աստված Յահվան (Եհովան): Ըստ այդմ, Տիտանները որեւէ ժառանգական կապ չունեն տիեզերածնության բնարմատի հետ, ուստի եւ չեն կարող ունենալ Արեւորդի կամ Արորդի զգացողությունը, առավել եւս՝ ԱՐԱՐՉԻ հետ տիեզերակապը…

ԱՍՏՎԱԾ-Գերագույն Խորհուրդը իր մեջ կրող (ըստ «Արորդյաց Ուխտագրքի»):

ԱՍ-բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈւՐԴ իմաստ: Օրինակ՝ ասել, Ասողիկ, վասն, դաս…

ԱՍՏ(ՈւՍՏ)-Գերագույն Խորհուրդ, խորհրդի հաստատում:

Լեզվաբանորեն կազմված է ԱՍ-բառարմատով եւ Տ-հաստատում արտահայտող հունչարմատով: Օրինակ՝ իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

Երբ ԱՍ-ՏՎԱԾ (ԽՈՐՀՈւՐԴ ՏՎԱԾ) բառից օտարում ենք Տ հունչարմատը, ապա ԱՍ-ՎԱԾԸ դառնում է ի վերուստ աստվածայինը ճանաչելու բանալին, վայրն ու տիրույթը…

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍ(Տ) (Գերագույն Խորհուրդ) բառարմատով, Վ-կրավորական մասնիկով եւ ԱԾ (բերել, պահել) արմատով: Նույն օրինաչափությամբ՝ սերված, ծնված, արարված…

Ըստ այդմ, ինչպես վերը նշեցինք, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ եւ ԱՍՏՎԱԾ հասկացությունները: Արարիչը մեկն է՝ Արարող Զորություն, իսկ Աստվածները շատ են՝ տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Տիեզերական Արարածներ են (Խորիմաստ Խորհուրդներ)… Եվ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որեւէ Գերագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Պտղաբերումի, Իմաստության, Ողջախոհության, Արդարադատության, Հյուրընկալության եւ այլն:

Ուստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական Գերագույն Խորհուրդ է զգում, որը տրվել է ի վերուստ… Եվ Ազգի հոգեւոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից: Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգեւոր հարստության արտահայտություն է եւ միակ միջոցը Արարչին ու Արարչականին հասնելու համար, իսկ Միաստվածությունը՝ Ազգի հոգեւոր սնանկության արտահայտություն, ինչն արգելում է այդ Աստծուց այն կողմ տեսնելը եւ նպաստում է աստվածավախությանը (ավելին՝ սարսափին) ու արգելակում է Բացարձակին զգալն ու մերձենալը:

Իսկ Հայ Տեսակի Առաքելությունը Բացարձակին՝ Արարչին մերձենալն է…

Ըստ մի շարք օտար եւ հայրենի մասնագետների, լեզվագիտության տեսանկյունից հայոց լեզուն ունի լեզվային անսահման հնարավորություններ, մաքուր հնչյունների քանակ, մաքուր հնչյունակազմ, մեկ հնչյուն-մեկ տառ սկզբունքային կառուցվածք: Հայոց լեզուն միակ բնահունչ լեզուն է՝ խոսելու ժամանակ մարդը ոչ մի մկանային համակարգ չի լարում:

Ուսումնասիրվել են մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցող 12 այբուբեններ, դրանց ներքին տրամաբանությունը, օրինաչափությունները բնական, ճշգրիտ գիտությունների տեսանկյունից: Բացի ՀԱՅՈՑ այբուբենից, մնացյալը հիմնականում պայմանական են:

Հնչյունները ազգություն չունեն: Այսինքն՝ հնչյունների տիրույթում բոլոր ազգերը նույնն են: Այսինքն՝ հնչյունների հարթությունում «ազգություն» տարբերակում գոյություն չունի: Պատմական եւ ներկա լեզուներում գոյություն ունի մեկ լեզու, որով այդ երեւույթն արարչական բնութագրում ունի: Մենք այդ լեզվի կրողն ենք, հայ մարմնի մեջ ԱՍՏՎԱԾ պահում է իր գանձերը՝ ի վերուստ ԱՍՎԱԾԸ:

Հայոց լեզուն էությունների լեզու է: Բառերը ցուցանում են երեւույթի էությունը: Եթե հայոց լեզվով արտաբերված բառը ցուցանում է երեւույթի պայմանական կամ մասնակի հատկանիշ, ապա տվյալ բառը հայերեն չէ…

Երբ հայ մարդն իր լեզվային համակարգը անտեսում, կեղծում է, եւ այդ համակարգը խաթարվում է, աստվածիմացությունը, տիեզերաճանաչողությունը հետզհետե «անէանում» են…

Հայոց այբուբենի մեջ թաքնագրված են բոլոր գիտությունները՝ ֆիզիկան, քիմիան՝ Մենդելեեւի պարբերական աղյուսակը, գենետիկ ծածկագրերը, ամենայն ստեղծումի պատմությունը, այլ գիտություններ… որոնք մարդկությանը նույնիսկ հայտնի չեն…

Յուրաքանչյուր տառ ունի տառաձեւ, անուն, կարգաթիվ, որը չի փոխվել: Շուրջ 1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը վերհանեց հայոց այբուբենը (ինչը շատ խնամքով թաքցրել էին քրիստոնյաները, ինչպես հայոց սրբազան տոմարը եւ այլ աստվածատուր հարստություններ)՝ իր թվային արժեքային համակարգով: Նշված հատկանիշերը համադրելով անգամ Բիբլիա-Աստվածաշնչի խոսքի հետ՝ կարող ենք հասկանալ թաքնագրային (ծածկագրային) ամբողջ լեզուն: Այսինքն, մեր առօրյա լեզուն տիեզերագիր է, որում առկա է ծածկագրված գերգիտությունների համակարգ…

Մեր այբուբենը, գրային համակարգը, խոսքը… հին են այնքան, ինչքան մենք: Իսկ թե մենք ինչքան հին ազգ ենք, նույնիսկ ներկայիս շատ գերհզոր ուղեղներն անգամ դեռ չեն կարող պատկերացնել…

Երբ ակադեմիկոս Պարիս Հերունին (միջազգային փորձագետների հետ միասին) ասում էր, թե Քարահունջի (Քարահունչ-Հնչեղ քարերի (նաեւ՝ Զորաց քարերի)) աստղադիտարանը 7,5 հազար տարեկան է, ուրեմն նշանակում է առնվազն մի 2-3 այդքան տարի էլ պիտի մեր ազգը ծնված-ապրած-զարգացած լինի, որ հասնի այդ մակարդակին, շատերն էին տարակուսում այդ տրամաբանությունից… Թե ինչպե՞ս կարող են հայերը, ասենք, 20-25 հազար տարվա պատմություն ունենալ (3×7,5 =22,5): Սակայն, սա մի աննշմար թվիկ է, երբ խոսում ենք հայոց պատմության, հայերի ու նրանց բնօրրանի ծագումի կամ մեր մոլորակի ծննդի թվագրության մասին (տես «Լուսանցք» թիվ 39 (78), 2008թ., «Որտե՞ղ փնտրենք մեր ծագման վկայագիրը» հոդվածը):

Ըստ մի շարք մասնագետների, բնագիտությունում նույնպես կիրառելի է հայոց լեզուն: Օրինակ՝ գրում ենք՝ ոսկի: Այբուբենում «ո»-ն 24-րդ տառն է, «ս»-ն՝ 29-րդը, «կ»-ն՝ 15-րդը, «ի»-ն՝ 11-րդը, գումարը կազմում է 79: Մենդելեեւի պարբերական աղյուսակում ոսկին 79-րդ տարրն է: Հասկանալի է, որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներում պատկերացում չունեին Մենդելեեւի պարբերական աղյուսակի մասին: Հուլեի մասին ինչ-որ բան գիտեին եւ ոչ ավելին: Իսկ ահա, հազարամյակներ առաջ, տիեզերահաս մեր նախնիների համար դա 1+1 էր…

Ներկայիս բնական գիտությունների հստակ, անվիճահարույց իմացությամբ կարող ենք ստուգաբանել, վերաճշտել ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾԱՏՈւՐ ԼԵԶՈւՆ: Եվս մեկ օրինակ՝ սնդիկ բառի կարգաթվերի գումարը կազմում է 81: Իսկ սնդիկը 80-րդ տարրն է վերոնշյալ պարբերական շարքում: Երբ որ հնչյունափոխության օրենքներով դիտարկում ենք սնդիկ բառը, նկատում ենք, որ մեկ միավորով շեղվելու իրավունք, հնարավորություն ուներ միայն գ-ն: Հետեւաբար, 80-րդ տարրի անունը ոչ թե սնդիկ է, այլ՝ սնգիկ: Իհարկե, հակաճառողներ, նույնիսկ ծաղրողներ այս հարցում կգտնվեն, բայց ժամանակն ամեն բան իր տեղը կդնի…

Արճիճ բառի տառերի կարգաթվերն են համապատասխանաբար 1, 32, 19, 11, 19: Գումարում ենք եւ ստանում՝ 82: Մենդելեեւի պարբերական շարքում՝ կապարը 82-րդ տարրն է: Քաղաքակրթության մեծագույն դաժանություններից մեկն էլ այն է, որ պայմանական, ակադեմիական լեզուն կարող է մի քանի սերունդ հետո մոռացության մատնել Արմատական, Աստվածային Լեզուն (արճիճ-կապար):

Այսինքն՝ մենք գործ ունենք մի արտառոց երեւույթի հետ, ինչն այսօր հեքիաթի պես է հնչում, ինչպես ժամանակին՝ ոչ հեռու անցյալի արկածային գրականությունը… Այո՛, հայոց այբուբենը սոսկ տառերի հավաքածու չէ:

Դավիթ Անհաղթը հզոր աշխատություններ ունի հայոց այբուբենի վերաբերյալ, որպես թաքնագրություն (ծածկագրություն), այսինքն՝ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ իմացել են, որ ի վերուստ տրված այբուբենը սոսկ տառերի հավաքածու չէ, այլ՝ աստվածային ուղերձ է համայն մարդկությանը:

Կորյունն ասում է՝ «Մի աջ ձեռք գրեց հայոց տառերը եւ բացատրեց դրանց հանգամանքները»: Անանիա Շիրակացին բանաձեւում է՝ «Ու գանձ է ծածկյալ երկիրս հայոց…», որպես գանձ նկատի ունենալով հատկապես հայոց լեզուն, այբուբենը:

Գոյություն ունեն բառեր, բառակազմության օրենքներ, որոնց նկատմամբ ժամանակը իշխանություն չունի:

Երբ դիտարկում ենք հայոց այբուբենի ձայնավորների (ա, ե, է, ը, ի, ո, ու) տեղակայումը, նկատում ենք, որ դա համապատասխանում է երաժշտական ձայնաշարի՝ օկտավայի կառուցվածքին: Ձայնավորները համապատասխանում են ձայնաշարի հիմնական ձայներին, իսկ բաղաձայնները՝ կիսաձայներին:

Այբուբենի մեջ տրված է մարդաբանական կոդերը: Յուրաքանչյուրս (մարդը) նախասահմանված է, յուրաքանչյուրս ճանաչելի ենք:

Այդ իմաստով, ըստ որոշ ոչ այնքան հանրահայտ տեսակետների, 24090 տեսակ մարդ գոյություն ունի: Խմբային առումով ստացվում է որակական 100-124 տարատեսակ խումբ: Ըստ այդ տեսակետների, այբուբենով հնարավոր է ճանաչել մարդկանց: Լենինը՝ օրինակ, կոչվում է «հասարակությանը պատժող», Կոմիտասը՝ «Ոգեշունչ Յիսուս»… եւ այլն:

Հնչյունը կենդանի վիճակ է եւ ունի պատկերագիր խորհուրդ, իմաստ՝ բառի տեսքով, քանակային եւ թվային որակական հատկանիշերով: Արեւելքում ասում են. «Այն ինչ գոյություն ունի, երբեւիցե Միտք է եղել»: Բիբլիա-Աստվածաշունչն ասում է. «Ի սկզբանե Խոսքն էր եւ Խոսքը մարմին եղավ»: Հայ-արիական իմաստությունն ամրագրում է. «Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ, Միտքը սփռված է Տիեզերքով մեկ: Տիրապետի՛ր Մտքիդ»: Այսինքն՝ միտքը (խոսքը) ամեն ինչ է, միտքը գործողություն է: Այդ առումով ժողովուրդն ասում է. «Լացը լաց է բերում, ծիծաղը՝ ծիծաղ»…

Դանիացի ֆիզիկոս Նիլս Բորը պարբերական շարքը դասավորել է այլ կերպ՝ քան Դմիտրի Մենդելեեւը:

Նրա մատուցած պարբերական շարքը գծապատկերով իսկը մեր Զվարթնոցն է: Աներեւակայելի է թվում, բայց Զվարթնոցի հարկերի լուսամուտների քանակը պարբերական համակարգում կազմում է 118:

Արարչության արդյունքում ստեղծվել է 118 տարր եւ 118 տարրերը համադրելով ստացվել է ամեն ինչ՝ տիեզերք, ազգ, մարդ, պետություն, սեր, տառապանք, երազանք, երջանկություն… ամեն բան:

Վերջին դարում աստվածային այբուբենին հայերս ավելացրեցինք եւ-և, օ, ֆ՝ 37, 38, 39-րդ տառերը, խեղդեցինք ԱՍՏՎԱԾԱՅԻՆ լեզվամտածողության համակարգը, կորցրեցինք ՀԱՅԻ ՀՈԳՈւ հանգիստը եւ ազգային որակներն ու պետականությունը:

Գումարելով 37+38+39 թվերը, ստանում ենք՝ 114: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տարբեր կրոններում այս թիվը լուրջ հետեւանքներ է ունեցել (լավ կամ վատ)՝

Մուհամմեդի Ղոուրանն ունի 114 սուրահ:

ՀՀ Սահմանադրությունը ունի 114 հոդված (առանց անցումային դրույթների):

Եռագույն բառի տառերի կարգաթվերի գումարը 114 է:

Արմագեդոն – 1+32+20+1+3+ 7+4+24+22=114:

Յիսուս Քրիստոսին խաչեցին ցերեկվա տեւողության երկարման 114-րդ օրը եւ այլն…

Միակ մաքուր հնչյունը, որ երկրային ծագում ունի, 37-րդ մաքուր հնչյունն է՝ ֆ-ն: Կարծիք կա, որ արաբական-աֆրիկյան լեզուներից է բխում: Երբ գումարում ենք մահ բառի տառերի կարգաթվերը (մ-20, ա-1, հ-16)՝ ստացվում է 37: Ֆ տառը չի պատկանում Մեսրոպյան համարվող այբուբենի տառաձեւերի գաղափարագրային սկզբունքներին: Իսկ ֆ հնչյունը մեր կենցաղ է մտել ֆաբրիկա, կոնֆետ, ասֆալտ, ֆիլմ, տորֆ, կոֆե, ֆուտբոլ… բառերով:

Մինչեւ հիմա հայոց որոշ բարբառներում, դիցուկ՝ արցախցիները, բանավոր խոսքում ֆ հնչյուն չունեն:

Հայ-ռուսական հարաբերությունների գաղտնիքը

Այլ ազգերի լեզուները որոշակիորեն առնչվում են հայոց լեզվին, լեզվամտածողությանը: Հիմա, ցավոք, մեր աղճատված ու հալածված հայոց լեզուն օտար լեզուների ճնշման ներքո է եւ հաճախ ինքն է դառնում օտար մտածողության լեզվակրիչ…

Համեմատենք հայոց եւ ռուսաց լեզուները: Ռուսաց լեզուն կարծես հայոց լեզվի հայելային լեզուն լինի:

Երբ դիտարկենք սույն հանգամանքը, կպարզենք, որ այստեղ է թաքնված հայ-ռուսական հարաբերությունների գաղտնիքը: Հետաքրքիր է, որ ռուս ազգը բանավոր խոսքում մինչեւ XII դարը ֆ հնչյուն չի ունեցել:

Ռուսներն ունեն հայոց լեզվի բոլոր հնչյունները (ձելըմ, սնեգըմ, լետը-ուշեթշիիհ (յ), պրոշեթշիիհ-ծերպենիե, խվածիտ, կարծինա, հոպ, ձեծի, ձյաձյա, բող, իղրած, պոճկա, յոլկա, յուբկա, յաբլոկո, պրի, րեչկա, ոփշիրնիհ, ոփշիիհ, փչյոլկա, քստածի, տեքստ, տաքսի…), չնայած նման տառերը չունեն: Սակայն, ռուսաց լեզվում շարահյուսությունն է հակառակ: Ռուսերենում նախ մատուցվում է միջոցը, հետո նպատակը՝ «յա իդու դամոիհ(յ)»: Հայերենում նախ մատուցվում է նպատակը, հետո՝ միջոցը՝ «Ես տուն եմ գնում»:

Ռուսաց լեզվամտածողության դաշտը հնարավորություններով համարժեք եւ իմաստասիրորեն հակադիր է հայոց լեզվին: Ռուսերեն լեզվամտածողության դաշտը նպաստավոր է հայ մարդու դրսեւորվելու համար: Պատահական չէ, որ հատկապես ռուսաց լեզվային դաշտում հայ ազգը պտղել է համաշխարհային ճանաչում գտած անհատներ՝ կյանքի, գիտության, մշակույթի… բոլոր ոլորտներում:

Արեւելյան բնափիլիսոփայության, աշխարհընկալման հիմքը հանդիսանում է «ին»-չար եւ «յան»-բարի ուժերի հավասարակշռությունը: Այդ ուժերը չեն կարող միախառնվել եւ չեն կարող տարամիտվել՝ այլապես կխախտվի տիեզերքի հավասարակշռությունը: Երբ դիտարկում ենք ռուս եւ հայ ղեկավարների անվան վերջածանցները՝ Լեն-ին, Ստալ-ին, Ելց-ին, Պուտ-ին, Մեդվեդ-եւ (նույնն է թե՝ Մեդվեդ-ին) + Մյասնիկ -յան, Քոչին-յան, Դեմիրճ-յան, Տեր-Պետրոս-յան, Քոչար-յան, Սարգս-յան պարզվում է, որ ռուս-հայ՝ ին-յան, հարաբերությունից աշխարհում շատ բան է կախված… Ուստի՝ հայ ազգն իրավունք չունի միախառնվելու կամ տարամիտվելու ռուս ազգի հետ:

ՀԱՅՈՑ հրաշք ԱՅԲՈւԲԵՆԸ, ինչպեսեւ արեւելյան իմաստասիրությունը հուշում է՝ «առավելագույնս հեռու ռուսական պետականությունից, առավելագույնս մոտ ռուս ազգի հոգու անդաստանին»:

Բաբելոնի ու Լենինի նմանությունը

Թվային լեզվամտածողությամբ, երբ Բաբելոն բառի կարգաթվերը գումարում ենք, ստանում ենք՝ 68 (2+1+2+5+12+24+22): Մենք գիտենք՝ ինչ էր Բաբելոնը, միալեզու հատված էր, որտեղ մարդը մերժել էր Աստծուն, Նրա կարիքը չուներ: Լենին անվան բառի տառերի կարգաթվերի գումարը 72 է: 1917-1918թթ. գումարում ենք 68՝ ստանում ենք 1985-1986թթ.՝ «վերակառուցման» տարիները (լենինիզմի ավարտը), այն ժամանակները, երբ սկսվեց ԽՍՀՄ-ի տրոհման գործընթացը: Խորհրդային Միությունն անաստված պետություն էր եւ միալեզու էր՝ ի դեմս ռուսերեն լեզվի, այսինքն՝ Բաբելոն էր: ԱՍՏՎԱԾ խառնեց լեզուները: Չհասկացավ չեչենը՝ ռուսին, վրացին՝ հային, մոլդովացին՝ ուկրաինացուն եւ այլն: Մերօրյա «Բաբելոն» ենք ապրում նաեւ հիմա……

Նաեւ կրթական համակարգի կատարյալ ձեւը կա հայոց այբուբենում՝ բոլոր ազգերի համար: Հայոց այբուբենով ճանաչելի է յուրաքանչյուր մարդ, սերունդ: Ճանաչելով սերունդը, նրա գիտությունը, տվյալ ժամանակի մարդուն, համապատասխան լեզվամտածողությամբ մատուցվում է ասելիքը մյուս սերնդին՝ գուցե այլ լեզվամտածողությամբ, բայց նույն համակարգով……

Հայոց այբուբենում կարելի է մարդկության ապրած եւ ապրելիք բացարձակ պատմությունը տեսնել նաեւ… այսինքն՝ մարդով արվելիքը, թե ինչ պետք է արվի: Հիմա, երբ անցյալի դարերն ենք դիտարկում, տառային իմաստները եւ տվյալ ժամանակահատվածի մարդկության դրսեւորումը բացարձակապես նույնն են: Ըստ ներկա իրականության՝ քրիստոնեության հաստատումից հետո, նոր հաշվարկհայոց այբուբենում «յ»-ն է եւ ըստ մի արծարծված տեսակետի՝ դա նշանակում է Յիսուս (Փրկիչ): Ասել է, թե փրկչային դար ենք մտել: XX դարը կոչվում էր Մտաց՝ մտքային դար: Մարդկային միտքը համատարած պտղեց այս դարում: XIX դարը կոչվում էր Ճեմարան՝ ընտրյալ տարածք, մարմին: Մարդկության մեծերից շատերը ծնվեցին այս դարում, գործեցին՝ XX դարում: Ըստ այդ տեսակետի, ասենք՝ 1996թ. սեպտեմբերի 25-26-ը կոչվում է՝ «Չարյաց համայնի թագավոր չարյաց»: Այս չճանաչմամբ է, որ ասվում է. «Ապագա մարդը կկառավարի ժամանակը» (այս թեման շատ ծավալուն է)… Այսինքն, երբ դիտարկում ենք ամբողջ աշխարհի մարդկության պատմությունը, ապա դա առավելապես լեզուների պատմություն է երեւակվում, այլ ոչ թե ինչ-որ թագավորների կամ պետությունների:

Մեր այբուբենը՝ գանձարանի ծածկագիր

Հայոց այբուբենի գծաձեւերը Մեսրոպ Մաշտոցը վերակերտել է խաչի հիմքի վրա: Նախատիպը՝ հավասարաթեւ արիական խաչն է, հետո այն հարմարացվեց քրիստոնեական խաչին: Հանրահայտ է, որ քրիստոնեության մուտքից հետո հայոց հավատը, մշակույթը, գիրը եւ ամեն ինչ ոչնչացվել է (նաեւ՝ թաքցվել): Մեզ են հասել միայն քարեղեն մատյանները՝ ժայռապատկերները: Սակայն, մի բան մնաց հաստատուն, անջնջելի՝ հայոց լեզուն հնարավոր չեղավ ոչնչացնել, քանզի այն քար կամ թուղթ չէր… Երբ 301թ. քրիստոնեությունը Հայաստանում հաստատվեց որպես պետական կրոն (չնայած նման փաստաթուղթ չկա), եկեղեցիներում պատարագում էին հունարեն, որը հասկանալի չէր հայ բնակչությանը: Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու սեփական՝ խոսակցական լեզվին համահունչ գիր: Եվ եկեղեցին ստիպված էր հայոց թաքցրած գանձարանից հանել գրային համակարգը……

Ըստ որոշ տեսակետների, հայոց այբուբենի պատկերումը քրիստոնեական խաչի պատկերով ու պտույտով, թույլ է տալիս տեսնել ու հասկանալ մարդուն: Տառն այդ տեսքով նման է կանգնած մարդու՝ թեւերը բաց վիճակում: Առհասարակ, քրիստոնեական ուսմունքում տեսնում ենք մարդու ոսկրային կառուցվածքի օգտագործումը: Մարդու ողնաշարի ողերի քանակը 33-ն է, կողոսկրերի քանակը՝ 12-ը, հոդերինը՝ 365 -ը եւ այլն: Արիական հավասարաթեւ խաչի կամ կեռխաչի (արեւխաչի) պատկերով տառերի գծանկարները եւ պտույտը տիեզերական պարույրի (պարուրաձեւ շարժման) եւ երեւույթների առարկայական պատկերն ունեն: Կարելի է ասել, հավասարաթեւ խաչի պարագայում այբուբենով տրվում է երկնային երեւույթները հասկանալու բանալին, իսկ քրիստոնեական խաչի պարագայում տրվում է երկրային երեւույթները հասկանալու բանալին……

Այբուբենը դասավորված է 4 շարքով, որը խորհրդանշում է բնության 4 տարերքները՝ հող, ջուր, օդ, կրակ (հուր): Սյուներից յուրաքանչյուրում կա 9-ական տառ: 9-ը թիվը համարվում է կատարյալ, վերին ոլորտի նիշ: 4 սյուն, 9-ը նիշ թվերի պարզեցման եղանակով վերլուծումից ստանում ենք այդ կատարյալը: 4×9=36=3+6=99-ի: Խորհուրդն Արարչական է, դա մարդու սաղմնային շրջանից մինչեւ ծնունդն է՝ 9-ը ամիս, 9-ը օր, 9-ը ժամ, 9-ը րոպե: Ինչպես տեսնում ենք, մարդու ներարգանդային գոյի զարգացումը անցնում է 4 հատ 9-ների ժամանակային ընթացքով եւ հանդիսանում է նրա գենետիկ կոդը՝ ծածկագիրը: Այսպիսով, մարդու ծնունդը 4 սյուներով (քառասյուն) համահունչ է բնության 4 սյուներին՝ յուրաքանչյուր սյունում՝ 9-ական նիշ: Տառաթվային դասակարգման մեջ աջից ձախ (ք-9000, շ-900, ղ-90, թ-9) ստանում ենք 9999-10000 տարի: Սա կարող է լինել հայոց խոսքի, գրային համակարգի վերաձեւակերպման նոր սկիզբը… Սա համահունչ է նաեւ մերօրյա արորդիների հավատքում զորության Աստված Վահագնի մեծ վերածննդի թվագրությանը՝ 9592թ…. Եթե հաշվարկ կատարենք Արեգակնային համակարգի տարեպտույտով, ապա համակարգի ձմռան (1 եղանակի, երկրային չափանիշով՝ 3 ամիս) ժամանակաշրջանի տեւողությունը՝ 6480 երկրային տարի է, եւ ձմեռ-գարուն(կես-գարուն) ժամանակահատվածի այլաբանական «հալոցքը» նոր վերազարթոնքի նախապայման է դարձել (6480+3240 =9720 տարի)… Վստահ ենք, հայոց գանձարանի շատուշատ գանձեր վերաարժեւորվել են այս ժամանակներում:

Մեր այբուբենի ձայնավոր հնչյունների քանակը նույնպես կարեւոր է: Դրանք, ինչպես վերը նշեցինք, 7-ն են: Մարդու էներգակենտրոնները նույնպես 7-ն են, գունալուսային շերտերն էլ 7-ն են եւ երաժշտական հնչյուններն էլ են 7-ը: Սա ոչ պատահական ներդաշնակ ամբողջություն է: Ձայնավոր հնչյունների ռիթմերը բարերար ազդեցություն են ունենում մարդու նյարդային համակարգերի վրա, դրական ազդակ են ուղեղի համար, որից կախված է մարդու ինքնազգացողությունը եւ տրամադրությունը:

Շատ կարեւոր է տառաթվային դասակարգումը՝ 1-ա… 36-ք, «ա»-ն համարվում է սկիզբը, առաջին հազարամյա շրջանը, 36-ը՝ «ք»-ն, վերջինը: Շարունակելով թվաշարքը, դրանք համեմատելով հայոց լեռներում առկա բազմաթիվ ժայռապատկերների հետ, պարզ տեսնում ենք մարդու կյանքի ու զարգացման աստիճանները՝ ըստ հազարամյակների (այս թեմային կանդրադառնանք, երբ վերլուծենք ժայռապատկերները): Արդեն ասել ենք, որ տառային հավելումները՝ եւ-և, օ, ֆ նիշերը, շփոթ են առաջացնում բնականոն համակարգում, ժայռապատկերների վերծանման պարագայում նույնպես դա ակնհայտ է: Այս համակարգումները մեծ նշանակություն ունեն մեր գիտակցության եւ ինքնաճանաչման համար: Այն անհրաժեշտ է ուսմունքների թաքնագրված ծածկագրերը բացելու, հասկանալու առումով: Տեսանելի է, որ տառային համակարգը լրացնում է թվային համակարգին, իսկ թվայինը՝ տառայինին:

Երբ վերլուծում ենք թվաշարքը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 0), ապա 1-ից 9000-ի մեկնաբանությունների համապատկերում կարողանում ենք հասկանալ նաեւ հայոց այբուբենի՝ «ա»-ից «ք» պարբերությունում առկա տիեզերաիմաստ խորհուրդները: Ա-Արարիչ, Աստված, Արեւ, Բ-բնություն, բնույթ… բացատրություններից մինչեւ Ք-քաղաքակրթությունը……

«Ք»-ն աստվածայինի՝ 9-ի հազարապատիկ ձեւն է: 9-ը եւ 3 հատ ամբողջությունները (0,0,0) ցույց են տալիս (4 նիշ) ներկայիս՝ 4-րդ քաղաքակրթությունը (այս թեմային էլ կանդրադառնանք ժայռապատկերները վերլուծելիս):

Հայոց արտասանական թվային համակարգով 10000-ը համարվում է բյուր՝ անթիվ: 1-ը եւ 4 ամբողջությունները (0,0,0,0) միասին՝

I տարբերակ – 1 արեւային համակարգ եւ 4 քաղաքակրթություններ:

II տարբերակ – 1 Արարիչ եւ 4 տարերքներ (հող, ջուր, օդ, կրակ (հուր)): Իրար հետ դառնում են բյուր – բնությունը կամ բնույթը (էությունը) յուրացնող:

Ա -1 Բ-2 Գ-3, Դ-4, Ե-5, Զ-6, Է-7, Ը-8, Թ-9, Ժ-10, Ի-20, Լ-30, Խ-40, Ծ-50, Կ-60, Հ-70, Ձ-80, Ղ-90, Ճ-100, Մ-200, Յ-300, Ն-400, Շ-500, Ո-600, Չ-700, Պ-800, Ջ-900, Ռ-1000, Ս-2000, Վ-3000, Տ-4000, Ր-5000, Ց-6000, Ու-7000, Փ-8000, Ք-9000:

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։