Ե ր կ ն ք ի ց կ ա խ վ ա ծ հ ա ց ի տ ա ր բ ե ր ա կ ո վ

Խուճապ, որ կարող էր եւ չլինել

Միջազգային կառույցներն իրենց փողերը չքնացնելու տեղ են գտել

Այն, ինչ կատարվեց մարտի 3-ին, հակիրճ կարող ենք բնութագրել՝ դոլարային խուճապ: Այլ կերպ՝ սա նշանակում է՝ համատարա՛ծ խուճապ բոլո՛ր ոլորտներում: Որովհետեւ թեեւ ազգային արժույթը դրամն է, բայց մեր պահուստները ոչ թե ոսկով, այլ դոլարով են: Խուճապ էր նաեւ բնակչության մեծ մասի մոտ, քանզի թանկացումները եղան ակնթարթային: Ես 15:45-ին «Երեւան սիթի»-ից գնեցի 1 շիշ բուսական յուղ եւ մինչեւ հասա դրամարկղին, ապրանքը թանկացավ՝ 540 դրամից դառնալով 720 դրամ: Չգնեցի, որոշեցի սպասել, թե ինչ կլինի խուճապից հետո: Իսկ խանութներում հայհոյախառն իրարանցում էր՝ ուղղված իշխանավորներին, որ լավ չեն իշխում եւ ընդդիմադիրներին, որ լավ չեն ընդդիմանում: Խուճապը կանցնի, հետեւանքը կմնա. հարուստը էլի կտռզի, աղքատը էլի կճկռի, միջին խավն էլ… միջին խավ չկա:

Ինչեւէ, ի՞նչ եղավ մարտի 3-ին: Նախ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ԿԲ խորհուրդը որոշել է սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Ըստ ԿԲ գնահատականների, 2009թ. միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը 1 դոլարի դիմաց ակնկալվում է 360-380 դրամի սահմաններում: Ասուլիսից անմիջապես հետո Համաշխարհային բանկը հաղորդեց, որ իր աջակցությունն է հայտնում Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպեսեւ՝ այն անհրաժեշտ միջոցառումներին, որոնք կարեւոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Փոխարժեքի ճշգրտումն անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: ՀԲ-ն հայտնել էր նաեւ, թե Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի: ՀԲ խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին‘Վերականգման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով:

Սրան հետեւեց մեկ այլ հայտարարություն. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը հայտնեց, թե ինքն առաջարկում է, որ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատի 540 մլն. դոլար գումարով 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի մասին դիմումը: Այսպիսով, վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի բեռն ավելացավ 1, 4 մլրդ դոլարով՝ ԱՄՀ-ի տված 540 մլն դոլարն ու, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ-ի 500 մլն դոլարը: Սրան էլ հավելած ՄԶԸ 525 մլն դոլարը առաջիկա 5 տարիների ընթացքում:

Հիմա՝ այն, որ ՀՀ ԿԲ-ն երկար չէր կարող պահել դրամի նկատմամբ փոխարժեքի ամրագրված կուրս, հայտնի է: Մի օր նա պետք է կրկին վերադառնար «լողացող կուրսի» քաղաքականությանը: Բայց ինչու՞ դա արեց հենց հիմա՝ մարտի 1-ից հետո եւ ինչու՞ դա արեց այդքան կտրուկ: Որ սա սպասելի էր եւ նախօրոք ծրագրված, ճշմարտություն է: Դեռ մեկ ամիս առաջ բանկերից մեկը, ում վարկառուն էր ծանոթս, փորձել էր կնքված բոլոր պայմանագրերը վերակնքել դոլարով: Պետությունները դիմում են այսօրինակ քայլերի. երբ տեսնում են ֆինանսական շուկայում կարող են որոշակի խնդիրներ ծագել, միջամտում են եւ փոխարժեքի հաստատուն կուրս սահմանում: Խնդրի լուծվելուց հետո անցնում են «լողացող կուրսին», բայդ դա անում են «լողալով», սահուն: Նախ տեղեկացնում են բնակչությանը, որ որոշակի ժամանակահատված անց փոխարժեքի շեմերը կփոխվեն եւ դա էլ անում են մի քանի դրամի տարբերությամբ (այլ ոչ այնպես ինչպես մեզ մոտ, երբ 1 դոլարի առքն ու վաճառքը 360-420 դրամի միջակայքում էր հենց «լողացող կուրսին» անցնելու հենց առաջին օրը): Այնպես, ինչպես դա արեց Ռուսաստանը՝ բնակչությանը զերծ պահելով խուճապից: ԿԲ-ն իհարկե հակափաստարկ ունի, այն է՝ Ռուսաստանը արտաքին լայնածավալ պահուստներ ունի: Չհամաձայնել չենք կարող, այսինքն՝ ոտքներս պետք է մեկնենք մեր վերմակի երկարությամբ: Այդ դեպքում հապա ինչու՞ չենք նույն այդ վերմակի երկարությամբ պարտք վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ուրեմն, եթե կառավարությունը այդքան քաջություն ունի եւ վստահ է, որ կարող է վերադարձնել պարտքեը, թող դրա կիսով չափ քաջություն էլ ունենա ճիշտ աշխատելու: Դրա համար էլ վստահաբար ասում եմ, որ վերջին օրերի խուճապի հիմնական պատճառը հենց կառավարության ու ԿԲ սխալ գործելաոճն է: Չնայած՝ կարող ենք ասել՝ միայն ԿԲ մեղքն ու սխալը: Որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը դեռ ԿԲ-ին հարազատ է մնում, եւ որովհետեւ նույն կառավարությունում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր դեմ են վարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի քաղաքականությանը: Վերջին երկուսը միջազգային կադրեր են, ուստի գործում են ըստ իրենց ստացած հարազատ կրթության: Մենք միջազգային շուկայում այնքան հաստատված չէինք, որ միջազգային ճգնաժամը մեզ վրա այդչափ հաստատուն ազդեր: Բայց ազդեց: Սա նշանակում է մի բան՝ կառավարությունը երկրի տնտեսությունը սխալ ուղով է տանում: Իսկ ի՞նչ են անում այս դեպքում: Հայտնի է: Տնտեսության գլխավոր վարողը՝ վարչապետը ներողություն է խնդրում եւ հրաժարական տալիս…

Իսկ միգուցե պետք չէ՞ այսչափ խիստ լինել: Ուրեմն՝ ի՞նչ են անում այս՝ մեղմ լինելու դեպքում: Ոչինչ: Այն պարզ պատճառով, որ մեղմ լինել պետք չէ…

Մի բան էլ: Մեր կարգի երկրները, փաստորեն, ճգնաժամից փրկում են միջազգային ֆինանսական կազմակերպություններին: Վերջիններս զարգացած երկրներին գումար չեն տալիս, որովհետեւ վերջիններս ճգնաժամի պայմաններում հիմնականում այն չեն վերցնում: Այդ կազմակերպություններին մնում է վարկեր տալ մեզ նման վարկառուներին: Եվ տալ հապճեպ ու ոչ առաջվա պես քաղաքակիրթ ձեւով պարտքի տակ գցելով. այն է՝ արա այս ծրագիրը, կստուգեմ եւ հետո կհատկացնեմ գումարի առաջին փուլի երկրորդ տարբերակը: Իսկ հիմա՝ խնդրե՜մ, 300 մլն, 500 մլն, խնդիր չկա: Հազիվ պարտապան են գտել, որ գումարներն իրացնեն:

Մի խոսքով, այս տարի կունենանք տնտեսական զրոյական աճ. այսպես կանխատեսել էր ՀԲ-ն. իր պահածն ենք, ինքը կիմանա…

Աստղինե Քարամյան


Ինչքա՜ն վատ է արդարանում ԿԲ-ն


Ինչու՞ ԿԲ-ն «լողացող կուրսի» քաղաքականությանն անցավ հիմա եւ ինչու՞ այդքան կտրուկ ու միանգամից: Ի պատասխան ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, թե ԿԲ-ն բազմիցս եւ մշտապես հայտարարել է, թե երկարաժամկետ առումով մենք քաղաքականության փոփոխություն չենք ունեցել: «Այսինքն՝ մակրոտնտեսական առումով երբեւէ ՀՀ կառավարությունը կամ ԿԲ-ն չի հայտարարել, որ անցնում են ամրագրված փոխարժեքի: «Սակայն ասել ենք, որ ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով ժամանակավորապես կայունացվել է փոխարժեքը: ԿԲ-ն չընտրեց փոխարժեքի աստիճանական թուլացման քաղաքականությունը: Այդ տարբերակը կիրառվում է Ռուսաստանում եւ մի շարք թերություններ ունի: Դրանցից մեկն այն է, որ թեեւ ծախսվում են մեծաքանակ ռեսուրսներ (ինչը ՌԴ-ն իրեն թույլ տալ կարող է, որովհետեւ արտաքին պահուստների մեծ ծավալ ունի), սակայն չի իրականացվում գնաճային սպասումների փոփոխություն, փոխարժեքի արժեզրկման փոփոխություն: Բոլոր այն երկրներում, որտեղ կա այս՝ աստիճական անցման փորձը, գնաճային եւ փոխարժեքի արժեզրկման սպասումները չեն վերանում: Իսկ այն երկրներում, որտեղ կտրուկ է այդ ամենն արվում, փոխարժեքի արժեզրկման սպասումները վերանում են շատ արագ: Այդպիսով, տնտեսության մեջ ճշգրտումները լինում են ավելի արդյունավետ, որն ընդհանուր առմամբ թե գնաճի տեսակետից եւ թե անորոշության առումով, որ կա տնտեսությունում, լինում է փոքր: Սրանով է բացատրվում մեր քաղաքականությունը»,-ասաց նա:

Ե՞րբ հնարավոր կլինի վերացնել գնաճային ճնշումները: «Դա ժամանակի խնդիր է»,-համառոտեց Վ. Գաբրիելյանը: Նա միաժամանակ հավելեց, թե 2008թ. տվյալներով Հայաստանը տարածաշրջանում ամենացածր գնաճն ունի. «Այս պահին մյուս երկրների համեմատ էլ Հայաստանը բավականին ցածր գնաճ ունի»:

Հատկապես տարածաշրջանային համեմատությունները լա՜վ դարման են հիվանդի հոգուն: Նկատենք, որ գնաճային ճնշումներն ընդհանրապես վերացնելը պահանջում է ժամանակ եւ մեր ԿԲ -ի այդ քաղաքականության արդյունավետությունը պայմանավորված կլինի ոչ միայն միջազգային շուկայի զարգացումներից, այլեւ՝ մեր երկրի ներքին շուկայական զարգացումներից: Այնպես որ, թե գնաճային ճնշումներն ինչքան կտեւեն, պարզ չէ: Ի դեպ, այս տարի դրամ-դոլար հարաբերակցությունը 360-380 դրամի միջակայքում կլինի. սա ԿԲ գնահատականն է 2009թ. միջին հավասարակշիռ փոխարժեքի մասով:

Անի Մարության


Ճգնաժամի 3-րդ ալիքը մե՞զ էլ կխփի


Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի 3-րդ ալիքի գալստյան մասին:

Դա ասվել է համապատասխան զեկույցում, ըստ որի ճգնաժամի առաջին ալիքը հարվածել է զարգացած երկրներին, երկրորդը՝ զարգացող, իսկ երրորդի ազդեցությունն զգալու են նվազ եկամուտներ ունեցող երկրները:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ԱՄՀ-ն հատկապես մտահոգություն է հայտնել թվով 26 երկրների հետ կապված, որոնք կարող են ճգնաժամի 3-րդ ալիքի հետեւանքով ծանր վիճակում հայտնվել:

Այդ երկրների շարքում, ի թիվս Նիգերիայի, Մոնղոլիայի, Սուդանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Վիետնամի, նշված է նաեւ Հայաստանը:

ԱՄՀ-ն նշում է, որ այս խմբում ընդգրկված երկրների գլխավոր խնդիրը հետեւյալն է. կտրուկ նվազել են զարգացած երկրների շուկաներ իրականացվող արտահանումները, լիովին բացակայում են արտերկրի ներդրումները, տնտեսության կառուցվածքում մեծ չափաբաժին ունեն արտերկրից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները, որոնք վերջին շրջանում էապես նվազել են:

Այս երկրներում հումանիտար աղետը կանխելու նպատակով ԱՄՀ-ն հորդորում է միջազգային դոնորներին առնվազն 25 մլրդ դոլար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել:

Մնում է հարցնել՝ ովքե՞ր եւ ինչպե՞ս են որոշում ճգնաժամի փուլերը, ալիքները: Պարզ է: Պարզ է եւ այն, որ ճգնաժամն էլ կավարտվի այն ժամանակ, երբ դա կուզեն փուլերն ու չգիտեմ ինչերը որոշողները…

Գոհար Վանեսյան


Կգնա՞ մինչեւ վերջ, թե՞…


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները՝ պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը մարտի 3-ին հրավիրած խորհրդակցությունում հանձնարարել է ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների դիտարկումը:

Ի դեպ, դիտարկման ենթակա ապրանքների ցանկը 25-ից հասցվել է 40-ի, հաճախականությունը ամենժամյա է:

Արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին՝ «հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնողներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից»: Սա հորդորել են հանձնաժողովից՝ վստահեցնելով, որ շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նպատակային արձագանքը չի ուշանա:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։