Պետություն – եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ

Հայոց պետականության կործանումից ի վեր եկեղեցական այրերը դարեդար եւ պարբերաբար գովաբանում են եկեղեցու գործունեությունը հայապահպանության հարցում: Եկեղեցական պատմիչներն էլ այդ գովաբանումը վերածել են փառաբանման, ու հայոց բազմադարյա գոյաքարշությունը գրեթե հերոսացում է պատկերվել:

Այսպես եկեղեցու դերը հայապահպանման մեջ դարձրել են «բացառիկ ու բացարձակ»…

Հայոց պատմությանը հպանցիկ վերաբերվելու պարագայում, կարծես, այդպես էլ կա՝ պետականության բացակայությունը լրացրել է եկեղեցին:

Բայց, երբ հպանցիկությունից անցում է կատարվում դեպի մեր պատմության խորքային ուսումնասիրություն, միանգամայն հասկանալի է դառնում, որ հայ ազգի հզորության եւ հայոց պետականության կործանումը հենց եկեղեցու բռնի հզորացումից ու հոգեւորական դասի պետության գործառույթների հետ սերտաճումից է սկսել: Ավելին՝ հոգեւորական վերնախավը՝ կղերամաֆիոզ տարրը, հետզհետե եկեղեցու շահերն ավելի վերս դասեց պետական շահերից եւ մարդկանց գիտակցությունում նպատակայնորեն արժեզրկեց պետականության գաղափարն ու անհրաժեշտությունը, աշխարհիկ կանոնակարգն ու պետականաշեն գործառույթները: Հայոց երկրում տերուտնօրեն դարձան հոգեւորականները՝ տիրելով մեծամեծ կալվածքների ու անպատիժ իրավունքների…

Հայապահպանության հարցում գովաբանվող եկեղեցին դարեր շարունակ ոչ մի քայլ չարեց հայոց պետականության վերականգնման համար: Ընդհակառակը՝ մշտապես բարյացակամ եղավ իշխող օտարների ու բռնակալների նկատմամբ, ովքեր այդ հանգամանքը հաշվի առնելով, թույլատրում էին եկեղեցուն գոյատեւել ու զուտ անձնական եւ կրոնական խնդիրներ լուծել, որոնցից մեկն էլ սեփական հավատացյալ հոտին միշտ գառան մորթու մեջ պահելու եւ իշխող կարգերին հնազանդ լինելու քարոզն էր…

Շատ չխորանալով նշենք, որ երբ Վարդան Մամիկոնյանը մարտնչում էր հանուն կրոնական դասակարգի շահերի, 451թ. մարտավարական առումով շատ թույլ դիրքային ճակատամարտ վարելով, հայ հոգեւորականները մարտադաշտից բավականաչափ հեռու եւ հանգիստ սպասում էին, թե ինչ է լինելու (գոնե ոմանք զինվորների կողքին գտնվելով իրենց «ամենազոր» աղոթքներով օգնեին): Ամեն դեպքում նրանք գիտեին, որ ճակատամարտը շահելու դեպքում կամրանա կրոնի իշխանությունը, իսկ պարտության՝ պետականության անկման դեպքում էլ, եկեղեցին կշարունակի իր գործունեությունը եւ կհամագործակցի այլակրոն Պարսկաստանի հետ: Որեւէ դրվագ չկա պատմական այս իրադարձության ներկայացման մեջ, որտեղ հոգեւոր դասը իրապես մտահոգված լիներ հայոց զորքերի խայտառակ կործանմամբ: Բացակայում է այն սրտացավությունը, թե հայոց զորագունդը Ավարայրի անհեռանկարային ճակատամարտում ոչնչանալու է չարդարացված գետանցման ժամանակ եւ վերջնականապես տրորվելու է հակառակորդի փղերի ոտքերի տակ… Ավելին, այս ճակատամարտը այսօր որակվում է որպես հաղթանակ, բարոյական հաղթանակ եւ դարեր շարունակ այս «հաղթանակով» են դաստիարակում սերունդներին, թե ինչպես կարելի է ոչնչանալ հիմնովին ու դա հաղթանակ համարել… Հայոց պետականության շահերն անտեսած զորավարն այսօր եկեղեցական սրբերի շարքում է:

Հետագայում, երբ առանց պետականության, աշխարհասփյուռ հայերը գոյատեւում էին… եւ մի կերպ պահպանում հայկական ինքնությունը, եկեղեցական կամ եկեղեցասեր պատմաբանները դա վերագրում էին (եւ՝ են) Հայ առաքելական եկեղեցուն: Իբր՝ հային հայ պահողը եկեղեցին է եղել: Սակայն, երբ այստեղ էլ շատ թե քիչ խորամուխ ենք լինում պատմական անցքերի մեջ, հասկանում ենք, որ հայապահպանական խնդիրները լուծվել են որեւէ երկրի՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքով պայմանավորված, հայաձուլման քաղաքականության դեպքում հայերի թիվը պակասել է եւ՛ մահմեդական, եւ՛ քրիստոնեական երկրներում: Քրիստոնեական հորջորջվող (իրականում՝ սանձարձակ) երկրներում հայերն ավելի շատ ու ավելի արագ են ձուլվել, եւ Հայ առաքելական եկեղեցին ի վիճակի չի եղել նույնիսկ քույր-եկեղեցիների (կաթոլիկ, բողոքական, ավետարանչական եւ այլն) դեմն առնել… Այսօր Եվրոպայում հարյուր հազարավոր դավանափոխ ու ազգափոխ հայեր կան, մինչդեռ ավելի շատ խոսվում է մահմեդականացված (կամ այլ հավատափոխ) հայերի մասին:

Երբ 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին հայությունը փորձում էր ազգային-ազատագրական կռիվներով վերականգնել իր պետականությունը, եկեղեցին լինելով միակ փոքրիշատե կազմակերպված ուժը, վերստին որեւէ լուրջ քայլ չկատարեց հայության պայքարը կազմակերպելու ուղղությամբ: Իսկ թղթե շերեփների պատմություններ ինչքա՜ն ուզես… Աղիողորմ աղոթքներով եւ օտարի աստծուն ապավինելով հայությունը չխուսափեց 1915 թ.-ից, եւ դեպի անհայտություն ուղղված կանչերը բնական օրենքով խեղդվեցին արյան ծովում… Թույլին եւ կամք չունեցողին, ի
նքնապաշտպանությունն Աստծո վրա բարդողին, սուրը խաչով փոխողին միշտ էլ խժռում են ու խժռելու են…

Իսկ ահա, երբ աշխարհիկ մարդիկ հայրենատիրական գաղափարներով տոգորված ազատագրեցին հայոց հայրենիքի մի փոքր հատվածը, եկեղեցին շատ արագ ճշտեց իր տեղն ու դերը այդ պետականության մեջ, որը կոչվեց Հայաստանի 1-ին Հանրապետություն:

ՀԽՍՀ-ում էլ եկեղեցին իր տեղը եւ դերն ունեցավ: Ավելին, երբ խորհրդային կայսրության փլուզումը հանգեցրեց ցույցերի ու պարտադրված բախումների՝ եկեղեցին բացեիբաց դեմ դուրս եկավ ազատագրական պայքարին, եւ կաթողիկոսն անիծեց սեփական ժողովրդին՝ անաստված-աթեիստ իշխանավորներին հակադրվելու, չհնազանդվելու համար: Այո՛, պայքարը պարտադրված էր, բայց եթե հայությունը որպես հնազանդ գառ հանդես գար, ապա վստահաբար այսօրվա Արցախն ու ազատագրված մեր մյուս տարածքները չէինք ունենալու…

Եվ ահա, երբ մի կերպ վերականգնվեց հայոց պետականությունը, դեռ ազատագրված տարածքներ էլ ավելացան, եկեղեցին, որ պատերազմի տարիներին հատկապես ֆիդայիների ու կամավորականների թաղումների գործն էր լավ կազմակերպում (մասնակի բացառություններ եղան, երբ հոգեւորականները կանգնեցին ազատամարտիկների կողքին), վերստին աշխուժացավ ու փորձեց աշխարհիկ պետությանը հավասար դիրքերում կանգնել՝ իրեն չպատկանող ոլորտում: Սա էլ հետագայում հանգեցրեց եկեղեցու՝ հոգեւոր կյանքին զուգահեռ աշխարհիկ կյանքի՝ բիզնեսավայելքախառը գործունեությանը…

Եկեղեցի-պետություն նյութապաշտական դաշինքը բացեց երկրի «օրենսդրական դռները» ինչպես սեռամոլագարների, այնպես էլ ամենատարբեր աղանդավորականների ու մարդկանց համարակալողների առջեւ: Այսպես՝ եկեղեցին չի հակաճառում պետությանը (իմա՝ իշխանություններին), պետությունն էլ լա՜վ աչքով է նայում սահմանադրորեն իրենից տարանջատված եկեղեցու նյութապաշտական գործունեությանն աշխարհիկ կյանքում: Հանրահայտ բանաձեւ է՝ դու՝ ինձ, ես՝ քեզ: Իսկ հավատացյալ հոտն ու աշխարհիկ մարդկային հանրությունը՝ ծառա: Այսպես էլ մարդիկ սկսեցին մարմինն ու հոգին ծախել (հատկապես ընտրությունների ժամանակ):

Եվ ահա, հիմա էլ այս ամենը քիչ համարելով, աշխարհիկ այրերը փորձում են աստվածային օրենքներ գրել՝ փոփոխելով կրոնի, խղճի ու դավանանքի մասին օրենքը: Ոմանք պնդում են, թե ԱԺ-ում քննարկված եւ եվրոպացիների բարեհաճությանն ուղարկված (ինչպես նախկինում՝ Տիզբոն կամ Կրեմլ) օրինագիծը մի յուրօրինակ փորձ է քրիստոնեական դավանաբանությունը Հայաստանում ի մի բերելու առումով, ոմանք էլ պնդում են, թե օրինագիծը վտանգավոր քայլ է Հայաստանում կրոնապետության հիմքեր գցելու ճանապարհին…

Եթե առաջինն է, ապա զարմանալ կարելի է միայն, որ 1700 տարի շարունակ (301թ. բռնի միջոցները, ավերն ու ավարը չհաշված), եկեղեցին այդպես էլ չկարողացավ իր քրիստոնեական ուսմունքն ամրագրել հայության մեջ: Մարդիկ ասում են, թե «դե՜ մեր պապերից եկած կրոնն է, բա էլ ի՞նչ դավանենք», բայց երբեւէ ձեռքը չեն վերցրել Բիբլիա-Աստվածաշունչը, որ տեսնեն այդ գրքում որեւէ բան կա՞ գրած իրենց պապերի մասին, թե՞ այլազգիների պապերի պատմությունն է միայն շարադրված… եւ մեր՝ օտարի ընտրյալությանը հպատակվելու քարոզն է ամրագրված: Իսկ երբ ասում ենք, թե բա մեր պապերի, ապուպապերի հավատն էլ հենց հեթանոսությունն է ու դրանից առաջ եղած հայ-արիականությունը, բերանները ջուր են առնում: Դե՜, բա ինչ, հայը ազգ է «դարձել» քրիստոնեության օրոք. այսպես են մտածում քրիստոնեությամբ հիվանդացածները կամ տգետները: Դրա համար էլ ամեն նախաքրիստոնեական բանի վերաբերվում են այնպես, ինչպես թուրքը՝ հային… Դե՜, եթե պատգամավորներ ունենք, ովքեր ԱԺ-ն փորձում են եկեղեցու վերածել, Աստծո անունն ամեն օր պախարակելով Աստծո (հետաքրքիր է՝ Քրիստոսի հայր Աստված Եհովայի՞) մատուռ կառուցել (այս դեպքում՝ նաեւ եհովայի վկաների աչքը լույս), ապա զարմանալի չի լինի, եթե նման բան արդեն օրենքով անեն, այսինքն՝ օրենք սարքելով մեղքերից ազատվեն (դե՜, ոմանք դեռ այնքան փող չունեն, որ եկեղեցի կառուցեն ու գործած-գործելիք մեղքերին թողություն տան)…

Բայց պետք է հիշեցնենք, որ այն պահից, երբ եկեղեցին կսկսի ստանձնել պետության գործառույթները, դառնա աշխարհիկ իշխանությունների մի մասը, այդ օրվանից թող հայությունը թվագրի հայոց նոր պետականության կազմաքանդման սկիզբը: Նման ծավալումների դեպքում մենք դա կորակենք որպես մի նոր խաչակրաց արշավանք, մի նոր 301թ.՝ հայոց հոգեւոր-մշակութային ջարդ…

Եկեղեցին ուղղակի եւ անուղղակի ընդվզեց, որ Ազգային Ինքնության տոնի օր ճանաչվի օգոստոսի 11-ը՝ Հայկ նահապետի՝ տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի օրը՝ հասկացնելով, որ դա կարող է նպաստել հեթանոսության (Հայ Աստվածների) վերադարձին, քանզի գիտակցում է, որ շուրջ 2000-ամյա քրիստոնեական եւ կռապաշտական ժամանակաշրջաններն իրականում չեն սասանել հայի գենետիկ հի
շողությունն ու իրական-բնական հայ-արիական հավատը: Իսկ հիմա էլ եկեղեցին փորձում է օգտվել մեր աշ+խարհիկ իշխանավորների հոգեւոր տգիտությունից կամ սնանկությունից եւ ցանկանում է դառնալ հոգեւոր ու աշխարհիկ իշխանության միանձնյա տերը: Գուցե, անկախ մեր կամքից, Հայաստանում ականատես լինենք մի նոր «Գրիգոր լուսավորչի» եւ «Տրդատ մեծի» ծննդի… Եթե երկրի աշխարհիկ ղեկավարը՝ նախագահը, իր անելիքը եկեղեցական սրբերի շարքում դասվելու մեջ է տեսնում, ապա վա՜յ մեր երկրին ու ազգի ապագային… Սա դեռ շատերը չեն գիտակցում, քանզի ցայսօր անտեսանելի է: Շատերը չեն գիտակցում, որ եկեղեցին իր հպատակ օրենսդիրների եւ իրենց մտավորական համարողների միջոցով փորձում է ոչ թե աղանդների դեմն առնել, այլ հե՛նց հայոց հին հավատի վերազարթոնքը խափանել, ինչից էլ ինքը սարսափում է: Հայ առաքելական եկեղեցին երբեք աղանդներից ու աղանդավորականներից չի վախեցել, գիտակցել է, որ դրանք միեւնույնն է իրենն են, նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, վաղ թե ուշ եկեղեցու հոտի անդամներ են դառնալու:

Իսկ ահա, վտանգն այլ տեղից են զգում, վերջերս բարձրացրած հոգեւոր ու աշխարհիկ (նաեւ ԱԺ-ում արտահայտված) հակահեթանոսական վայնասունը հենց մեր նշածի վառ ապացույցն է: Մեր վերաբերմունքը մեկ նախադասությամբ կասենք: Հայության փառահեղ պատմությունից (հազարամյակներից) հրաժարվողները ազգադավներ են ու արտաքին թշնամուց էլ վտանգավոր:

Շուտով վերստին կքննարկվեն Ազգային Ինքնության օրվան եւ կրոնական ոլորտի փոփոխություններին վերաբերող օրինագծերը եւ առավել հստակ կերեւակվեն հայն ու չհայը, հայոց պատմությունը ընդունողներն ու մերժողները, հայ հավատի եւ օտար պաշտամունքի հետեւորդները, ազգի ու պետության շահերը ու հուդա-քրիստոնեական կրոնի դիրքերը պաշտպանողները…

Մարդը մարմին է եւ հոգի: Ուստի՝ պետք է թողնել, որ զուգահեռ գործեն այս ոլորտները սպասարկող պետական (մարմնական) եւ հավատքային (հոգեւոր) կառույցները: Իհարկե, մարմինն ու հոգին իրարից զատ չեն, շաղկապված են մեկ առաքելությամբ, սակայն տարբեր պահանջմունքներ ունեն եւ տարբեր բնախոսական եզրեր են…

Հայկ Թորգոմյան

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 8 (94), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։