Ի վերջո ունեցանք Հանրային խորհուրդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում:

Շուրջ մեկ տարի տեւած խոսակցությունները Հանրային խորհուրդ ստեղծելու մասին, դարձան իրականություն: Այս խորհուրդը կարդարացնի մարդկանց սպասելիքները, թե՝ ոչ, կիմանանք մոտ ժամանակներս, երբ այս խորհրդակցական մարմինն ամբողջանա իր կազմով եւ սկսի գործել ու խորհուրդներ տալ երկրի նախագահին:

Ժամանակին Հանրային խորհրդի եռանդուն նախաձեռնողների՝ Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Սոս Սարգսյանի եւ այլոց անունները գուցե դեռ հայտնվեն Հանրային խորհրդի կազմում: Ամեն դեպքում սա մի նորույթ է Հայաստանի հանրային կյանքում եւ, որպես առաջին փորձ, արժանանալու է համակ ուշադրության, ինչն էլ խորհրդի անդամներին կանգնեցնելու է մեծ պարտավորության առջեւ, քանզի հանրային քննարկման նյութ են դառնալու ոչ միայն խորհրդի կատարած աշխատանքները, այլեւ՝ հենց Հանրային խորհրդի անդամները:

Ըստ պտտվող լուրերի, ամենայն հավանականությամբ, Հանրային խորհրդի ղեկավար կդառնա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով արդեն երկար ժամանակ է հեռու է մնում քաղաքական անցուդարձերից եւ փորձում է հավասարակշռողի դեր ստանձնել իշխանություն-ընդդիմություն առնչություններում: Սա վկայող հանգամանք է նաեւ այն փաստը, որ Հանրային խորհրդի անդրանիկ նիստը վարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺՄ նախագահին խնդրեց ղեկավարել խորհրդի աշխատանքները, մինչեւ այդ խորհրդակցական մարմնի վերջնական ձեւավորումը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 9 (95), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։